ԱԻՆ վետերանների խորհուրդ

Պատմություն

Հայաստանի հրշեջ պահպանության վարչության պատմության էջերից

16:00 / 24.07.2015

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության “ՀՓԾ վետերանների խորհուրդ” նորաստեղծ հասարակական կազմակերպությունը, հենվելով տարեց, բանիմաց և վաստակաշատ վետերանների աջակցության ու պատրաստակամության վրա, միաժամանակ ստանալով “Արտակարգ թերթ” շաբաթաթերթի խմբագրության ջերմ համաձայնությունը` իր առջև դրված առաջնահերթ խնդիրներից է համարում թերթի “Արտակարգ իրավիճակների հանրագիտարան” խորագրի էջերում զետեղել ականատեսների և պատմական փաստերին տիրապետողների հոդվածները, տեղեկությունները` նպատակ ունենալով հնարավորինս վերականգնել Հայաստանի Հանրապետության հրշեջ պահպանության վարչության պատմագրությունը։

Մեծ ցավով ու ափսոսանքով ենք փաստում, որ շատ քիչ տեղեկություններ ունենք հրշեջ ծառայության պատմության վերաբերյալ` մինչև անցյալ դարի 50-ական թվականները, իսկ մինչև 90-ական թվականների երկրորդ կեսը գործող հրշեջ պատմության թանգարանից անգամ հետք չի մնացել…

Մարդկային պատմությունից սկսած, կրակը հանդիսացել է մարդու գոյատևման ամենահիմնական պայմաններից մեկը, ջերմացրել նրան, դարձել պաշտամունքի առարկա։ Սակայն մարդու հսկողությունից դուրս մնացած, իսկ առանձին դեպքերում որպես չար միջոց ծառայած կրակը դարձել է իսկական չարիք, կործանել քաղաքներ ու գյուղեր, խլել միլիոնավոր մարդկանց կյանքեր, ամայացրել ու անապատի վերածել գեղատեսիլ բնությունը, անհետ ոչնչացրել դարերի ընթացքում մարդկային հանճարի կողմից ստեղծված անգնահատելի արժեքներ։ Հրդեհներից կործանվեցին Կարթագենն ու Հռոմը, Հայաստան աշխարհի բազմաթիվ քաղաքներ ու գյուղեր։

Դարեր շարունակ մարդը անզոր է եղել կրակի դեմ։ Հրդեհները համարվել են տարերային աղետներ, ահ ու սարսափ։ Դրանք կանխելու համար չի եղել պետական ծառայություն, կազմակերպված պայքար և համապատասխան տեխնիկա։ Հրշեջ ծառայության պատմության ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս արժանի գնահատական տալ այս ծառայության տեղին ու դերին պետական մյուս ծառայությունների համակարգում, կարևորել ու գնահատել դժվարին, անակնկալներով ու վտանգներով լի, իսկ առանձին դեպքերում` այն հերոսական աշխատանքը, որը կատարվել է ու կատարվում է այս ծառայությունների աշխատակիցների կողմից։

Ինչպես նախկին խորհրդային շատ երկրներում, առավելապես դարեր շարունակ իր պետականությունը կորցրած Հայաստանում, հրշեջ գործի ստեղծումն ու զարգացումը տեղի ունեցավ խորհրդային կարգերի հաստատումից հետո։

Անցած դարի 20-ական թվականների սկզբին Բաթումից Երևան է ժամանում հրշեջ-փրկարարական գործի մեծ նվիրյալ հայ երիտասարդ` Ցոլակ Մելյանը և կազմակերպում կամավորական հրշեջ խմբեր, որին անդամագրվում են փրկարարական գաղափարով տոգորված երիտասարդներ։

Եվ ահա 1925 թ. հոկտեմբերին Երևանում` այժմյան Սախարովի անունը կրող հրապարակին հարող շենքում ներքին գործերի համակարգում ստեղծվում է առաջին հրշեջ ջոկատը։ Ջոկատն աստիճանաբար իր շուրջն է համախմբում հրշեջ գործի առաջին նվիրյալներին` նպատակ ունենալով բնակչության շրջանում քարոզելու հրշեջ պահպանության ամենակարևոր խնդիրները, իսկ անհրաժեշտության դեպքում մասնակցում հրդեհաշիջման աշխատանքներին։

Երիտասարդ հանրապետության նորաստեղծ հրշեջ ծառայությունն իր գործունեությունը կազմակերպում է համաձայն 1918 թվականի ապրիլի 17-ի խորհրդային կառավարության կողմից հրապարակված “Ժողովրդական տնտեսությունում հակահրդեհային միջոցառումները և պայքարը կրակի դեմ” հայտնի դեկրետի պահանջների։ Հենց այդ օրն էլ` ապրիլի 17-ը, նախկին Խորհրդային միության հրշեջները նշում էին որպես մասնագիտական տոն։

Առաջին անհրաժեշտ ձեռնարկումներին զուգահեռ, քայլեր են արվում նաև անձնակազմի մարտական պատրաստակամությունը բարձրացնելու ուղղությամբ։

Հայաստանի կառավարությունը, չնայած իր սուղ հնարավորություններին, ձեռնամուխ է լինում մի քանի երիտասարդների գործուղել ուսանելու 1924 թվականից Լենինգրադ քաղաքում նորաբաց հրշեջ տեխնիկումում։ Հետագա տարիների ընթացքում հարյուրավոր հայ երիտասարդներ հրշեջի կատարելագործված մասնագիտություն ձեռք բերելու համար ուսանում են նախկին ԽՍՀՄ 7 քաղաքներում բացված հրշեջ-տեխնիկական ուսումնարաններում, Մոսկվա և Ալմա-Աթա քաղաքների ՆԳՆ բարձրագույն հրշեջ տեխնիկական դպրոցներում։

Արդեն 20-ական թվականների վերջում Մկրտիչ Ավագյանի գլխավորությամբ հրշեջ պահպանության գործունեության մեջ նկատվում է արհեստավարժության լուրջ առաջընթաց։

Տասնյակ տարիների ընթացքում, հայ հրշեջները, անկախ քաղաքական իրավիճակից, ծառայեցին մեր ժողովրդին, մեր հայրենիքին և ամենածանր ու բարդ մարտական իրադրության պայմաններում չընկրկեցին, չնահանջեցին և պարտքի կատարումը համարեցին առաջնակարգ և անհետաձգելի, շատ դեպքերում քաջ գիտակցելով, որ կանգնած են եղել կյանքի և մահվան երկընտրանքի առջև։

Հայաստանի հրշեջներն անձնուրաց աշխատանքի վառ օրինակներ են ցույց տվել մեր երկրի զարգացման բոլոր փուլերում։ Իսկ երբ երկրի վրա կախվել էր Ֆաշիստական Գերմանիայի ու թուրքական վտանգը, նրանցից շատերը զինվորագրվեցին հայրենիքի պաշտպանությանը ու շատերի երիտասարդ կյանքի թելը կտրվեց դաժան հերոսամարտերում։ Հաղթանակով վերադարձածները, հավատարիմ իրենց մասնագիտությանը, հետպատերազմյան տարիներին, առանց փոխելու զինվորական համազգեստը, շարունակեցին սիրած գործը հանրապետության հրշեջ պահպանության տարբեր ստորաբաժանումներում։

Այսօր էլ տասնամյակների հեռավորությունից չի մոռացվում այն վաստակը, որ թողել են հրշեջ գործի այնպիսի նվիրյալներ ու երախտավորներ, ինչպիսիք են` Հայկազ Մարտիրոսյանը, Ռաֆայել Մուրադյանը, Ալեքսանդր Ղարիբյանը, Գուրգեն Բալայանը, Փայլակ Հակոբյանը, Ռոբերտ Թադևոսյանը և շատ ուրիշներ։ “Հրդեհի ժամանակ ցուցաբերած խիզախության համար” մեդալով, որը սահմանվել էր դեռևս 1958 թվականին, հանրապետությունում պարգևատրվել է 240 մարդ։ Երևանի նախկին Լենինյան շրջանի պահպանության հրշեջ մասի պետի տեղակալ Ազատ Սահակյանը պարգևատրվել է “Կարմիր աստղ” շքանշանով։

Երևանի զինվորական հոսպիտալներից մեկում վիրավոր ռազմիկների կյանքը հրդեհի ճիրաններից փրկելու ժամանակ զոհվեց 2-րդ հրշեջ մասի պահակապետ Արտյուշա Քոչարյանը։ Հրդեհի մեջ մնացած քաղաքացիների կյանքը փրկելու ժամանակ զոհվեց 1-ին հրշեջ մասի ջոկի հրամանատար Գևորգ Խաչատրյանը։

Հայ հրշեջների 1980-ական թվականների սերունդը պրոֆեսիոնալ բարձր պատրաստվածության ու անձնազոհության վառ օրինակներ ցույց տվեց հանրապետությունում արձանագրված մի շարք խոշոր և առավել վտանգավոր հրդեհների հրդեհաշիջման ժամանակ`

- 1980 թվական, հրդեհ Երևանի ֆիզիկայի ինստիտուտում։ Հրդեհ, որն առաջացել էր ռեակտորի տակ գտնվող թունելում, մալուխների կարճ միացումից, տարածվում էր վերև, որտեղ ռադիոակտիվ նյութեր կային։ Հրշեջների խիզախության գնով հնարավոր դարձավ մեկուսացնել կրակը, փակել նրա ճանապարհը դեպի ռեակտոր.

- հրդեհ ԱԷԿ-ում, 1982 թ. հոկտեմբերի 15-ը որպես մեծ ողբերգության օր կարող էր արձանագրվել ոչ միայն Հայաստանի, այլև` տարածաշրջանի պատմության մեջ։ Հրշեջ պահպանության վարչության ղեկավարության և ստորաբաժանումների անձնակազմի, ոստիկանության, քաղպաշտպանության, շտապ բուժօգնության և ՀԱԷԿ-ի ղեկավարության, ինժեներատեխնիկական, օպերատիվ անձնակազմի փայլուն համագործության, մեծ արհեստավարժության և խիզախության շնորհիվ խուսափեցինք մեր կենցաղ “Մեծամորյան աղետ” արտահայտության մուտք գործելուց։

- 1985 թ. փետրվարի 15-ի առավոտը մեզնից շատերի հիշողության մեջ մնացել է իր բոթով` համալիրը այրվում է։ Մարզական ու համերգային մասերն իրարից բաժանող երկաթյա վարագույրը բաց էր եղել և մարզականում բռնկված հրդեհն աղետալի արագությամբ անցնելով համերգային մասը` ոչնչացնում-հրդեհի ճարակ էր դարձնում ճարտարապետական հիասքանչ կոթողը։ Դյուրավառ նյութերի` /վարագույներ, նստարաններ, պատերին հրդեհավտանգ նյութերով պաստառապատում/ առկայությունը մեծ խթան էր հանդիսանում հրդեհի վայրկենապես, աննկարագրելի արագությամբ տարածմանը։ Հրշեջները մոլեգնող ահեղ կրակի դեմ ընդամենը մի ելք ունեին, փակելով հրդեհի տարածման ճանապարհը, հրդեհը մեկուսացնել և հանգցնել։

- մեծ ու վտանգավոր չափեր էր ընդունել Հրազդանի ՊՇԷԿ-ի մազութային տնտեսությունում բռնկված հրդեհը։ Կրակը “լիզում էր” վառելանյութով լի ցիստեռները։ Ահագնացող կրակի դեմ 2-3 ժամ տևացող պայքարում հրշեջները հաղթող դուրս եկան։

Առանձին հոդվածներում անհրաժեշտ է անդրադառնալ Իրանի Ջուլֆա սահմանամերձ քաղաքի միջազգային խոշոր առևտրական կենտրոնում, Պտղնի գյուղի մերձագայքում գտնվող գազի պահեստներում, բազմաթիվ բնակելի տներում, մշակույթային և առևտրի օջախներում, պետական հիմնարկ-ձեռնարկություններում և այլ վայրերում բռնկված հրդեհների փայլուն հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելու փաստին։

Հայաստանի հրշեջների ողջ անձնակազմն իր բարոյա-հոգեբանական բարձր հատկանիշներով, անձնազոհությամբ ու խիզախությամբ հատկապես աչքի ընկավ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի ժամանակ։
Հիմնովին կործանվել էր Սպիտակ քաղաքը, ավերակների վերածվել Լենինականը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրավոր գյուղեր ու ավաններ։

Ամեն ուր մահ էր ու ավեր։ Մոլեգնում էին հարյուրավոր հրդեհներ։ Աղետի մասշտաբների համեմատ աղետալի կերպով չէին բավարարում հրշեջ անձնակազմ, տեխնիկա և զինվածություն։ Ահա այս դժվարին պայմաններում հրշեջներն արեցին անհնարինը։ Նրանք ամենուր էին. փրկարարական աշխատանքներ, փլատակներից վիրավորների և զոհվածների դուրս բերում, անհրաժեշտության դեպքում իրենց արյունը տվեցին վիրավորներին… Ըստ պաշտոնական տվյալների` հանրապետության հրշեջները երկրաշարժի ժամանակ փրկել են 275 մարդու կյանք, ինչպես նաև նյութական ու հոգևոր մեծ արժեքներ…

Ընդամենը հինգ տարի առաջ, տողերիս հեղինակը հոդվածում, որը նկարագրում էր ՀԱԷԿ-ի 1982 թ. հրդեհի մանրամասերը, զուգահեռներ էր անցկացրել այդ երկու ժամանակահատվածում հանրապետության հրշեջ ծառայության ապահովվածության վերաբերյալ։ Սակայն մինչ հոդվածը խմբագրություն ներկայացնելը հրաժարվեցի այդ մտքից` ցավոք զուգահեռներ անցկացնելու դրական եզրեր քիչ կային։ Իսկ այսօր, ականատեսը լինելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության օր օրի հզորացմանը, վերանորոգվող և նորակառույց հրշեջ-փրկարարական ջոկատները, համալրվածությունը ժամանակակից հրշեջ-փրկարարական տեխնիկայով, տեխնիկական զինվածությամբ, կապի արդի միջոցներով, անձնակազմի արտաքին հագուկապով և հաշվի առնելով այն, որ հանրապետության հրշեջ ծառայությունը նախարարության հիմնական մասն է կազմում, արդեն կարելի է անցկացնել այդ զուգահեռները և նշել ընդամենը մեկ բառ` պաշտպանված ենք։

Մեջբերում եմ 1985-92 թվականներին ՀՀ ՆԳՆ հրշեջ պահպանության վարչության պետ, “ՀՓԾ վետերանների խորհուրդ” հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, պահեստի գնդապետ Ռոբերտ Թադևոսյանի խոսքերը. “Գիտե՞ք, հրշեջը կրակի դեմ կռվելիս հույզերին տրվելու իրավունք չունի։ Զգացմունքների ժամանակը հետո է, երբ սիրտդ մղկտում է մարդկային զոհերի համար, հատկապես, երբ երեխա է զոհվում, ու դու անզոր ես լինում խեղդել արցունքներդ… Հրշեջի աշխատանքի բնույթն է այդպիսին. ինչպես մարտական պոստում սպասում է հրդեհի, իսկ երբ աղետն առկա է` մեկ կամ մի քանի ժամում կարող է այնպիսի սխրանք գործել, ինչպիսին մարդկային կյանքերի կամ հազարների, միլիոնների հասնող հարստության, արժեքների փրկությունն է։ Հրշեջ լինելը կոչում է… “։

Ներսիկ Հեպոյան
պահեստազորի գնդապետ,
ՀՀ ԱԻՆ “ՀՓԾ վետերանների խորհուրդ” հ/կ նախագահ

← Վերադառնալ ցուցակին