ԱԻՆ վետերանների խորհուրդ

Պատմություն

Վետերանի հուշերը 30 տարիների հեռվից

16:03 / 24.07.2015

1982 թվականի հոկտեմբերի 15…


Հրշեջ պահպանության վարչության “01” ծառայության կապի կենտրոնական կայանի հերթապահ դիսպետչերի` մեզ համար սովորական դարձած ձայնի մեջ այս անգամ մեծ տագնապ կար. “Ընդունեք հրդեհի կանչ, հասցեն` Մեծամոր, Հայաստանի ատոմային էլեկտրակայան…”

Վայրկյաններ անց ռազմականացված ինքնուրույն թիվ 2 հրշեջ մասի “Ուրալ” և “Զիլ” մակնիշի երկու հրշեջ ավտոմեքենաները, իրենց մարտական հաշվարկներով, արդեն ընթացքի մեջ էին։ Հանրապետության մայրաքաղաքի ծանրաբեռնված արդյունաբերական շրջանը սպասարկող և գրեթե ամեն օր խոշոր ու վտանգավոր հրդեհներ հանգցրած հրշեջների ներքին լարվածությունն ու տագնապը հուշում էին, որ հրդեհը սովորական չէ, և կրակի դեմ պայքարը լինելու է դժվարին։

Հրդեհ ատոմակայանում… Ի՞նչ է այրվում, հրդեհն ի՞նչ չափեր է ընդունել, արդյոք զոհեր կան՞… Հարցեր, հարցեր և ոչ մի ստույգ պատասխան։

Դեռևս կանչի վայր չհասած` ճանապարհից արդեն երևում էր հրդեհի թանձր ծխի երկինք բարձրացող սյունն ու հսկածավալ սև ամպը։ Մտատանջ լռության մեջ միայն լսվում էր հրշեջ մեքենաների շարժիչների հռնդյունը, մերթ ընդ մերթ հնչող շչակների զիլ ձայնն ու հրշեջ կապի կենտրոնական կայանի դիսպետչերի օգնության շտապեցնող հաղորդումները։

Վերջապես եթերային հաղորդումներից պարզ դարձավ, որ հրդեհը առաջացել է ատոմակայանի մալուխային հորանում և ստացել է մեծ չափեր։ Հրշեջ մասի պետ Էդուարդ Քոթանջյանի կարգադրությամբ` փորձառու վարորդներ Վոլոդյա Ղազարյանն ու Միսաք Հակոբյանը էլ ավելի արագացրին մեքենաների ընթացքը։ Հասնելով կանչի վայր, արդեն գործող հրդեհաշիջման շտաբի կարգադրությամբ, հրշեջ մեքենաներն անմիջապես տեղակայվեցին ստորգետնյա ջրամբարի և հրշեջ հիդրանտի վրա, իսկ անձնակազմը համապատասխան ցուցումներ ստանալով` ներգրավվեց հրդեհաշիջման աշխատանքներին։ Ժամերն անցնում էին, սակայն մեծ թվով հրշեջ տեխնիկայի առկայությունը, հարյուրավոր հրշեջների ու ատոմակայանի աշխատակիցների համարձակ ու նպատակաուղղված գործողությունները դեռևս ցանկալի արդյունք չէր տալիս և կրակը շարունակում էր տարածվել հորանի խորքերը։

Պայթյուն հիշեցնող ճարճատյուններով կրակով բռնկվում, շարքից դուրս էին գալիս տուրբինային արտադրամասին կից գտնվող բաց բաշխիչ տեղամասերի մեծ հզորություններ ունեցող հոսանքափոխարկիչները (տրանսֆորմատորները)։ Թվում էր, թե աղետն անխուսափելի է։ Առաջացել էր բարդ ու անկանխատեսելի իրավիճակ։ Կային լուրեր, որ շրջակա բնակավայրերի բնակչությունը խուճապի մեջ է, ծայրահեղ անհանգստացած էին Հայաստանի և ԽՍՀՄ ղեկավարությունը։ Վերահաս աղետի դեմն առնելու համար պահանջվում էր կտրուկ և վճռական գործողությունների դիմել թեկուզ` կյանքի գնով։ Ծխի ու կրակի մեջ աշխատող հակածխային ջոկատները փոխարինում էին մեկը մյուսին, սակայն հորանում առաջացած բարձր ջերմությունը, թանձր ծուխն ու հորանի կառուցվածքային բարդությունները ծայրահեղ դժվարացնում էին հրդեհաշիջման աշխատանքների կատարումը։ Այս պայմաններում հապաղելը հավասար էր պարտության։ Համախմբելով բոլոր ուժերն ու միջոցները, հրդեհի օջախի վրա ուղղվեց հուժկու փրփրային գրոհ, որից հետո հրդեհը մեկուսացվեց ու հանգցվեց և որի համար պահանջվեց 7 ժամ 30 րոպե։ Հրդեհի հանգցնելուն մեծապես նպաստեց ատոմակայանի բազմաթիվ աշխատակիցների և հատկապես` ղեկավարության և ինժեներատեխնիկական անձնակազմի ակտիվ մասնակցությունը, օբյեկտի առանձնահատկություններին քաջատեղյակ լինելը, որը հրշեջներին օգնեց հրդեհի օջախում ճիշտ կողմնորոշվել և հրդեհաշիջումը արդյունավետ կազմակերպել։

Տեղին է նշել, որ կաբելային հորանները, որտեղ հրդեհ էր բռնկվել, ապահովված էին հրդեհի ահազանգման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերով, սակայն դրանք չաշխատեցին, չմիացան նաև մեխանիկական տարբերակով։ Չկար աշխարհում գոյություն ունեցող գոնե մեկ հրահանգ, որը նախատեսեր հրշեջների մուտքը նմանատիպ օջախներում հրդեհաշիջում կազմակերպելու համար։ Սակայն մեր հրշեջները գործեցին “չգրված օրենքներով”, քաջ գիտակցելով, որ կանգնած են կյանքի և մահվան երկընտրանքի առջև, չվախեցան և չնահանջեցին։

Եթե հրդեհից հետո հրշեջ ավտոմեքենաների շուրջը խմբված, ամբողջովին թրջված, քրտինքի ու մրի մեջ կորած հրշեջների մտքով անգամ չէր անցնում, որ իրենց կատարածն իսկական սխրանք է, ապա միանշանակ վստահ էին, որ հերթական անգամ ծառայողական պարտականությունները կատարել են բարեխղճորեն և հրշեջ մասեր էին պատրաստվում վերադառնալ հաղթողի զգացողությամբ։ Ահա այս նվիրյալներից հրդեհի հանգեցման ու հրդեհաշիջման աշխատանքները հմտորեն կազմակերպելու համար առավել աչքի ընկած բազմաթիվ աշխատակիցներ ԽՍՀՄ և Հայաստանի կառավարությունների կողմից արժանացան բարձր պարգևների։ “Հրդեհի մեջ ցուցաբերած խիզախության համար” մեդալով պարգևատրվեցին Ռոբերտ Թադևոսյանը, Գրիգորի Գասպարյանը, Վանիկ Դիլոյանը, Գևորգ Թադևոսյանը, Վաչագան Սրապյանը, Ռուդիկ Զուբյանը, Ֆուրման Շահնազարյանը, Անուշ Բրուտյանը, Վլադիմիր Ուսովը, Արամայիս Մանուչարյանը, Ռազմիկ Մուրադյանը, Ռուբիկ Խալաթյանը, Վաչիկ Խաչատրյանը, Վոլոդյա Առաքելյանը։ Կառավարական տարբեր պարգևների արժանացան Արմեն Աշչյանը, Ներսիկ Հեպոյանը, Ավետ Տոնոյանը, Ռոբերտ Ամիրխանյանը։

Հայոց աշխարհի վրա այդ օրը կախված վտանգի լրջությունը, հրշեջների և ատոմակայանի աշխատակիցների կողմից կատարված հերոսական աշխատանքի կարևորությունն ու արժեքն ավելի պարզ, գնահատելի դարձավ 1986 թվականի ապրիլի 26-ին Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած սարսափելի աղետից հետո, որը իր ավերվածությամբ ցնցեց ողջ եվրոպական մայրցամաքը` խլեց ու շարունակում է խլել մարդկային բազում կյանքեր, Ուկրաինայի, Բելոռուսի և Ռուսաստանի անծայրածիր տարածքներ դարձան անմարդաբնակ, դարերի համար անօգտագործելի։ Նախադեպը չունեցող այս աղետի կործանարար լինելու, ինչպես նաև միլիոնավոր մարդկանց տառապանքների մասին տողերիս հեղինակի համար ավելի պատկերավոր դարձավ արհավիրքից մեկ տարի անց, Չեռնոբիլում հերոսացած և 20 տարին նոր բոլորած Խորհրդային Միության հերոս Վլադիմիր Պրավիկի հուշարձանի բացման և հետագա մի քանի օրերին Ուկրաինայի Իրպեն քաղաքում, որտեղ վերաբնակեցվել էին չեռնոբիլցիները, նրանց և հատկապես Խորհրդային Միության հերոս Վլադիմիր Տելյատնիկովի հետ հանդիպումներից ու զրույցներից հետո։ Մարդկային մեծ տառապանք, բազմաթիվ հարազատների, տուն ու տեղի անվերադարձ կորուստ, համատարած անգույն դեմքեր, տարաբնույթ հիվանդություններ…

Հատկապես վերջին տասնամյակներում աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցած բնական և տեխնածին աղետները հուշում, պարտադրում են, որ մարդկությունն էլ ավելի մեծ ուշադրություն դարձնի դրանք հնարավորինս կանխելու, իսկ առաջանալու դեպքերում պատրաստ լինի արդյունավետ պայքար կազմակերպելու և լիկվիդացնելու համար։

Համեմատաբար կարճ ժամանակում կազմավորված, օրեցօր զորացող և իր ամենօրյա դժվարին ու մարդասիրական գործունեությամբ արդեն մեր ժողովրդի վստահությանն ու համակրանքին արժանացած Արտակարգ իրավիճակների նախարարության առաջ դրված խնդիրներն այսուհետ նույնպես հաջողությամբ լուծելու համար նախարարության մեծ թվով վետերաններ պատրաստ են իրենց հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցել մեր և այլ երկրներում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում իրենց համարձակ գործողություններով և պրոֆեսիոնալ բարձր պատրաստվածությամբ աչքի ընկած երիտասարդ փրկարարներին, իսկ հարկ եղած դեպքերում` թև ու թիկունք կանգնել նրանց։

Վաչագան Սրապյան
ն/ծ պահեստազորի փոխգնդապետ
ՀՀ ԱԻՆ “ՀՓԾ վետերանների խորհուրդ” հ/կ նախագահի տեղակալ

← Վերադառնալ ցուցակին