ԱԻՆ վետերանների խորհուրդ

Պատմություն

«Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախագահ Ներսիկ Հեպոյանի ուղերձը

17:26 / 18.04.2019

Հարգարժա՛ն վետերաններ և մեր գործի արժանի շարունակողներ.

Դուք ընտրել և ձեր կյանքը նվիրաբերել եք վտանգներով, փորձություններով ու անակնկալներով լի, միաժամանակ մարդասիրական մի գործի, որը մշտապես պահանջում է ֆիզիկական ու մասնագիտական բարձր պատրաստականություն, անհրաժեշտ փորձի ձեռքբերում, հոգու արիություն և նվիրվածություն, քանի որ նույնիսկ խաղաղ պայմաններում դուք գտնվում եք մարտական գործողությունների մեջ:

Սա է հրշեջ-փրկարարի կոչումն ու գործը:

Կարևորում եմ այն հանգամանքը, որ արդեն երրորդ անգամ զբաղեցնելով <<Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհուրդ>> հասարակական կազմակերպության նախագահի պատվավոր, պատասխանատու և պարտավորեցնող պաշտոնը, ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեր վստահության համար և հավաստել, որ իմ հնարավորությունների սահմաններում պատրաստ եմ ծառայել ձեզ, հասնել նրան, որ կարողանամ փոքրիշատե թեթևացնել ձեր հոգսերը, տեղյակ լինել ձեզ հուզող հարցերին:

Ինձ համար նախագահի պաշտոնը լոկ պաշտոն չէ, այլ պատիվ ու մեծ պատասխանատվություն, որ ծառայելու եմ մեր հարգարժան վետերաններին ու բոլոր կենսաթոշակառուներին:

Այսօր, երբ ետադարձ հայացք եմ դարձնում վերջին 20-25 տարիների ընթացքում վետերանների նկատմամբ եղած ընդհանուր անտարբերությանն ու անտեսված լինելուն, ցավով պիտի նշեմ, որ մեր վետերանները իրոք եղել են անտեսված, իսկ կազմակերպության ջանքերը նրանց սոցիալ-կենցաղային հարցերին աջակցելու ուղղությամբ` օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով` անարդյունավետ:

Խոսելով անտարբերության մասին, արժե հիշատակել իմաստունի հետևյալ խոսքերը. «Դուք մի վախեցեք ատոմային ռումբից, այլ վախեցեք հասարակության մեջ տիրող անտարբերությունից»:

Ընդհանուր առմամբ անտարբերությունը չարիք է, նսեմացում, իսկ առանձին դեպքերում` հանցագործություն: Միթե նվաստացում չէ տասնամյակների աշխատանքային փորձ ունեցող և վաստակաշատ վետերաններին աննկատ և ոչ պատշաճ ձևով կենսաթոշակի ուղարկելը: Այն մարդկանց, ովքեր իրենց անբասիր աշխատանքով վաստակել են վետերան կոչվելու իրավունքը, ովքեր տարիներ շարունակ իրենց ուսերին են կրել անակնկալներով, փորձություններով ու մշտապես վտանգներով հղի մեր ծառայությունը, և անցնելով թեժ կրակների ու պայթյունների միջով, չխնայելով իրենց առողջությունն ու շատ դեպքերում նաև կյանքը, պատվով ու անմնացորդ կերպով կատարել են իրենց ծառայական պարտականությունները, փրկելով հազարավոր մարդկային կյանքեր ու մարդկային հանճարի կողմից ստեղծած բազում անգնահատոլի գլուխգործոցներ:

Անտեսել այս մարդկանց և չօգտվել նրանց մասնագիտական հարուստ գիտելիքներից ուղղակի խելամիտ չէ: Կազմակերպության նորընտիր վարչությունը ձերբազատվելով հասարակական կազմակերպություններում ընդունված մի շարք կարծրատիպերից, Կազմակերպության կայացման և նրա առջև դրված խնդիրների և նպատակների իրականացման համար մշակել է հետևյալ ծրագրային առաջարկները, որը հավանության արժանացավ ընտրական ժողովի պատվիրակների և հրավիրված վետերանների կողմից և որի աշխատանքներին մասնակցել են նաև ներկայումս ծառայության մեջ գտնվող ք. Մոսկվայի ԱԻՆ հրշեջ ինժեներական բարձրագույն դպրոցի մի շարք շրջանավարտներ.

1. Մեկամսյա ժամկետում կազմակերպել և անցկացնել <<Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության վետերանների խորհուրդ>> հասարակական կազմակերպության մարզային մասնաճյուղերի ընտրական ժողովներ:

2. Ավարտին հասցնել քարտադարանի հավաքագրումը, ստեղծել վետերանների էլեկտրոնային արխիվ և հուշամատյաններ: Ակտիվորեն մասնակցել թանգարանի համալրման աշխատանքներին:

3. Առաջարկությամբ դիմել ՀՀ ԱԻՆ ղեկավարությանը՝ բանիմաց և հմուտ վետերաններին ներգրավել.

ա) մարդկանց և գույքի փրկության, հրդեհների մարման, վթարների հետևանքների վերացման ուղղությամբ մարտական գործողությունների վարման, հիմնական և հատուկ տեխնիկայի, տեխ.զինվածության շահագործման և տեխնիկական սպասարկման կարգը կանոնակարգող ղեկավար փաստաթղթերի վերամշակման աշխատանքներին:
բ) խոշոր և առանձնահատուկ հրդեհների և վթարափրկարարական աշխատանքների վերլուծության քննարկումներին:

4. Նախաձեռնությամբ հանդես գալ հմուտ և բանիմաց վետերանների կողմից կարևորագույն օբյեկտներում հրշեջ և հատուկ մարտավարական զորավարժություններ կազմակերպելու և անցկացնելու համար:

5. Երևան քաղաքի և մարզային խորհուրդների հետ համատեղ կազմել հետևյալ ցուցակները.

ա) խիստ կարիքավոր և միայնակ վետերանների.
բ) խրախուսանքի արժանի վետերանների, ԱԻ նախարարի կողմից պահեստազորի պատվավոր կոչումների արժանիների, դրամական ու նյութական կարիքներ ունեցողների.
գ) հրշեջ-փրկարարական ջոկատների անձնակազմի հետ փորձի փոխանակման համար պարբերաբար հանդիպումների և դասախոսությունների պատրաստ արհեստավարժ վետերանների:

6. Փորձի փոխանակման նպատակով կապեր հաստատել արտերկրյա վետերանների հետխորհուրդների հետ, անցկացնել ինտելեկտուալ խաղերի, նարդու և շախմատի մրցումներ ուժային կառույցների վետերանների հետ:

7. Կազմակերպել և անցկացնել վաստակաշատ վետերանների մեծարման երեկոներ:

8. Կատարված աշխատանքները պարբերաբար լուսաբանել նախարարության կայքի <<Վետերանների խորհուրդ>> սյունակում և <<Արտակարգ ալիք>> էլեկտրոնային թերթում: Փորձի փոխանակման նպատակով բացել <<Վետերան մասնագետի անկյուն>> նոր էջ:

9. Նախարարության ղեկավարության համաձայնությամբ և աջակցությամբ լուծել վետերանների և նրանց ընտանիքի անդամների բուժ.սպասարկումը նախարարության պոլիկլինինիկայում և պետ.պատվերով բուժ.սպասարկում իրականացնող Հանրապետության բուժ.հաստատություններում:

10. Ակտիվորեն մասնակցել նախարարությունում անցկացվող բոլոր տեսակի միջոցառումներին:

11. Կազմակերպության աշխատանքները համակարգող ԱԻ նախարարի խորհրդական Անդրանիկ Հակոբյանի և շահագրգիռ ստորաբաժանումների ղեկավարնեի հետ համատեղ անցկացնել խորհրդակցություն նվիրված կենսաթոշակի անցնող վետերաններին պատշաճ ճանապարհելու միջոցառումներ կազմակերպելու համար:

2018 թվականի նոյեմբերին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հետ ունեցած ջերմ և կառուցողական հանդիպումը Կազմակերպության վարչության անդամներին մեծ լիցք և հույս հայտնեց հետագա գործունեությունը էլ ավելի արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու:

2019 թվականի փետրվար ամսից, Երևան քաղաքի փրկարար ծառայության ղեկավարության աջակցությամբ, հմուտ և արհեստավարժ վետերան Ավագ Սիմոնյանի կողմից սկսվել է պարապմունքները հրամ.կազմի հետ և միաժամանակ աշխատանքներ է տարվում փրկարար ծառայության տնօրենին կից նորաստեղծ հանձնաժողովում անձնակազմի մարտական պատրաստակամության թեմատիկ պլանների մշակմանը:

Մենք` վետերաններս, մեր պատրաստակամությունն ենք հայտնում անհրաժեշտության դեպքում լինել ձեր կողքին, տարիների մեր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելու ձեզ:

Բազում փորձությունների միջով անցած, հսկայական ձորձ ու հմտություն ձեռք բերած վետերաններիս միակ անշահախնդիր նպատակը այսօրվա սերնդին օգնելն է, նրանց մարտունակությունն ու մեզ համար հարազատ օջախ դարձած նախարարության հեղինակությունն էլ ավելի բարձրացնելն է:

← Վերադառնալ ցուցակին