Նորություններ

Պատահարներ

Կորել է քաղաքացի (թարմացված)

16:57 / 28.01.2018

Հունվարի 28-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արայի լեռան վրա` Ծաղկեվանքի մոտ, ձնաբքի պատճառով քաղաքացի է կորել, կան վիրավորներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության և փրկարար ուժերի վարչության օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ 18 անձից բաղկացած արշավախումբը բարձրացել է Ծաղկեվանքից մոտ 500 մ դեպի հյուսիս-արևելք գտնվող Արայի լեռան հատված, որտեղ, ըստ նախնական տվյալների, ձյան շերտի փլված­քից արշավախմբի ղեկավար՝ 1980 թ. ծնված Է. Ն.-ը, արշավախմբի անդամներ՝ 1982 թ. ծնված Ն. Ս.-ը և 1996 թ. ծնված Հ. Հ.-ը գլորվել են դեպի ձորակը, ինչի հետևանքով Է. Ն.-ը և Հ. Հ.-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածք­ներ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը արշավախմբի անդամները հայտ­նաբերել են Ն. Ս.-ի դին: 

Փրկարարները տուժածներ՝ Հ. Հ.-ին և 1980 թ. ծնված Է. Ն.-ին լեռան վրայից իջեցրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային և հոսպիտալացվել «Արմենիա» ՀԲԿ, որտեղ Հ. Հ.-ը հրաժարվել է բժշկական օգնությունից և դուրս գրվել, իսկ Է. Ն.-ի առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր:

Փրկարարները Ն. Ս.-ի դին իջեցրել և փրկարարական ավտոմեքենայով տեղափոխել են Արագածոտնի մարզի Կարբի գյուղ, որտեղ հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

Դեպքի վայրում փրկարարական աշխատանքներին աջակցել են Ալպինիզմի հայկական ֆեդերացիայի 20 անդամ:

← Վերադառնալ ցուցակին