ԱԻ հանրագիտարան

Առաջին օգնություն

Այրվածքներ

14:32 / 22.05.2015

Մարդու ամենօրյա գործունեության ընթացքում հաճախ են հանդիպում տարբեր տեսակի ու աստիճանի այրվածքներ: Դրանք շատ ցավոտ են, հաճախ հաշմող ու այլանդակող եւ կարող են վարակի, շոկի պատճառ դառնալ: Այրվածքի դեպքում, իմանալով առաջին օգնության ճիշտ քայլերը, դուք զգալիորեն կթեթեւացնեք տուժածի վիճակը եւ կկանխեք բարդությունները:
Ըստ առաջացման պատճառի այրվածքները լինում են ջերմային, քիմիական, էլեկտրական եւ ճառագայթային:
Ջերմային այրվածքների առաջացման պատճառը բարձր ջերմաստիճանն է, օրինակ՝ տաք հեղուկները կամ առարկաները, գոլորշիները կամ բոցը:
Քիմիական այրվածքները սովորաբար առաջանում են թթուներից կամ հիմքերից: Այս նյութերն արագ քայքայում են հյուսվածքները եւ առաջացնում այրվածքներ:
Էլեկտրական այրվածքներն առաջանում են, երբ էլեկտրական հոսանքն անցնում է մարդու մարմնով: Նման այրվածքները հիմնականում խորն են եւ տուժածի մարմնի վրա տեղակայված են լինում հոսանքի մուտքի եւ ելքի տեղերում: Այս կարգի վնասվածքները շատ վտանգավոր են, քանի որ կարող են դառնալ ներքին օրգանների վնասվելու եւ նույնիսկ սրտի կանգի պատճառ:
Ճառագայթային այրվածքներն ավելի հաճախ առաջանում են արեւի ճառագայթներից եւ նման են ջերմային այրվածքներին: Սովորաբար դրանք մակերեսային են, տարածուն եւ ցավոտ:
Այրվածքները կարող են լինել տարբեր խորության:
Մակերեսային այրվածքը մաշկի վերին շերտը ընդգրկող այրվածքն է: Վնասված մասի մաշկը կարմրած է, չոր, այտուցված:
Մասամբ թափանցող այրվածքը ընդգրկում է մաշկի երկու շերտերը: Այս դեպքում մաշկը կարմրում է, առաջանում են հեղուկով լցված բշտեր:
Խորը թափանցող այրվածքը վնասում է մաշկը եւ խորանիստ հյուսվածքները: Այրվածքի մակերեսը լինում է շագանակագույն կամ գորշ: Խորը թափանցող այրվածքների ապաքինումից հետո առաջանում են կոպիտ սպիներ:


Այրվածքների ծանրության գնահատում

Ծանր այրվածքները վտանգավոր են վարակի անցման, ջրազրկման ու շոկի զարգացման տեսակետից եւ պահանջում են անհապաղ մասնագիտական բուժօգնություն: Դրա համար շատ կարեւոր է ժամանակին ճանաչել ծանր այրվածքները:
Այրվածքի ծանրությունը պայմանավորված է դրա խորությամբ, մակերեսով, տուժածի տարիքով, առողջական վիճակով, մարմնի վրա այրվածքի տեղակայմամբ:
Բնականաբար որքան խորն է այրվածքը, այնքան այն վտանգավոր է:
Շատ կարեւոր է ճիշտ գնահատել այրվածքի մակերեսը, քանի որ ինչքան մեծ է այն, այնքան մեծ է շոկի զարգացման վտանգը:
Այրվածքի մակերեսը կարելի է որոշել, գիտենալով, որ ձեռքի ափը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 1 տոկոսը:
Չափահաս մարդու գլխի եւ պարանոցի մակերեսը կազմում է մարմնի ընդհանուր մակերեսի 9%-ը, յուրաքանչյուր ձեռքը՝ 9%, յուրաքանչյուր ոտքը՝ 18%, իրանի առջեւի կամ հետեւի մասը՝ 18% եւ շեքի շրջանը՝ 1%: Եթե վնասվել է մարմնի մակերեսի 1%-ից ավելին, ապա պետք է դիմել բժշկի:
Իսկ եթե վնասվել է չափահաս մարդու մարմնի մակերեսի 10%-ից ավելին, ապա պետք է անհապաղ ահազանգել կամ տուժածին հասցնել հիվանդանոց, քանի որ այս չափերի այրվածքները կյանքին անմիջական վտանգ են սպառնում:
Փոքր երեխաների եւ տարեց մարդկանց կյանքի համար վտանգավոր են մարմնի մակերեսի 5-7 %-ից ավելին ընդգրկող այրվածքները:
Շատ վտանգավոր են նաեւ այն այրվածքները, որոնք տեղակայված են տուժածի գլխի եւ պարանոցի շրջանում, քանի որ դրանք կարող են դժվարացնել շնչառությունը: Վտանգավոր են նաեւ ձեռքի ափի, սեռական օրգանների շրջանում տեղակայված այրվածքները, քանզի շատ ցավոտ են եւ կարող են շոկի պատճառ դառնալ:

Ինչ անել

Այրվածքների դեպքում ճիշտ առաջին օգնություն ցուցաբերելով՝ կկարողանաք զգալիորեն թեթեւացնել տուժածի վիճակը: Քիչ չեն այն դեպքերը, երբ այրվածքների ժամանակ սխալ օգնության հետեւանքով տուժածի վիճակն ավելի է ծանրացել:
Այրվածք ստանալու դեպքում առաջին հերթին դադարեցրեք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը:
Եթե բռնկվել է ձեր հագուստը, ապա կիրառեք □կանգնիր, ընկիր եւ գլորվիր□ սկզբունքը: Ընկեք գետին եւ գլորվեք այնքան, մինչեւ կրակը մարի:
Եթե բռնկվել է մեկ ուրիշի հագուստը, ապա թույլ մի՛ տվեք նրան խուճապի մատնվել եւ վազել: Անմիջապես գցեք նրան գետին եւ որեւէ հաստ գործվածքով հանգցրեք կրակը:
Արձակեք եւ այրվածքի մակերեսից հեռացրեք տաք հեղուկով ներծծված հագուստը: Որոշ սինթետիկ գործվածքներ ջերմությունից հալվում են եւ կպչում մաշկին: Մի’ պոկեք մաշկին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասեք, այլ մկրատով զգուշությամբ կտրելով հեռացրեք հագուստի ազատ մասերը:
Եթե վնասված է վերջույթը, ապա հնարավորին չափ արագ հեռացրեք մատանիները, ժամացույցը, այլ զարդերը եւ բոլոր ճնշող իրերը:
Քիմիական նյութերով այրվածքի դեպքում պետք է շտապ հեռացնել այն մաշկի վրայից՝ լվանալով հոսող ջրի տակ, որովհետեւ քանի դեռ քիմիական նյութը մաշկի վրա է, նրա ազդեցությունը շարունակվում է: Որոշ նյութեր, օրինակ՝ չհանգած կիրը, նաեւ որոշ թթուներ, ջրի հետ փոխազդելով,՝ ջերմություն են արտադրում, այդ պատճառով մինչեւ ջրով լվանալը աշխատեք հնարավորին չափ արագ հեռացնել քիմիական նյութը չոր գործվածքով կամ փափուկ խոզանակով:
Եթե քիմիական նյութը վնասել է աչքը, ապա առնվազն 15 րոպե լվացեք այն հոսող ջրի տակ: Վնասված աչքը պահեք առողջ աչքից ներքեւ: Աշխատեք, որ ջուրը մուտք գործի կոպերի տակ:
Նույնիսկ այրվածք առաջացնող գործոնը հեռացնելուց հետո հյուսվածքները շարունակում են ենթարկվել ջերմային վնասման: Հետեւաբար պետք է սառեցնել այրված մակերեսը: Դեմքին կամ մարմնի այն մասերին, որոնք հնարավոր չէ սառեցնել հոսող ջրով, տեղադրեք սառը թաց սրբիչ, սավան կամ այլ գործվածք: Այրվածքի մակերեսը պետք է սառեցնել առնվազն 15-20 րոպե: Եթե այրված մասը ջրից հանելիս տուժածը շարունակում է ցավ զգալ կամ այրված մակերեսը դեռ տաք է, ապա շարունակեք սառեցումը: Տարածուն այրվածքները երկար ժամանակ ջրի տակ մի՛ պահեք՝ մարմնի գերսառեցումից խուսափելու համար:
Վարակի ներթափանցումը նվազեցնելու համար ծածկեք այրված մակերեսը մանրէազերծ անձեռոցիկով կամ մաքուր գործվածքով եւ թույլ վիրակապեք:
Եթե այրվածքը ընդգրկում է մեծ մակերես, ապա այն ծածկեք մաքուր չոր սավանով կամ մազախավ չունեցող այլ մաքուր գործվածքով:
Ինչպես արդեն նշեցինք, այրվածքները վտանգավոր են շոկի զարգացման տեսակետից: Շոկի զարգացումը կանխելու համար, եթե տուժածի շնչառությունը դժվարացած չէ, պառկեցրեք նրան, ոտքերը բարձրացրեք 20-30 սմ: Բարձր պահեք նաեւ տուժածի վնասված հատվածը: Եթե տուժածը գիտակից է, տվեք նրան հեղուկներ՝ հյութեր, հանքային ջրեր: 
Անհրաժեշտության դեպքում ահազանգեք շտապօգնություն կամ տուժածին հասցրեք հիվանդանոց: Հիշեք, որ բուժօգնության ուշացումը կարող է նույնիսկ մասամբ թափանցող, բայց տարածուն այրվածքների դեպքում մահվան պատճառ դառնալ: Ժամանակին ցուցաբերված ճիշտ մասնագիտական օգնությունը կարող է ոչ միայն կյանք փրկել, այլեւ նվազեցնել տառապանքները եւ այրվածքների անցանկալի հետեւանքները: Այս ամենն առավել կարեւոր է, եթե տուժածը փոքր երեխա է կամ տարեց մարդ:

Ինչ չի կարելի անել

Մենք հատուկ ուզում ենք անդրադառնալ այն բանին, թե ինչ չի կարելի անել այրվածքների ժամանակ, քանի որ այս դեպքում սխալ օգնությունը հաճախ է դառնում բարդությունների եւ լրացուցիչ տառապանքների պատճառ:
Երբեք մի’ փորձեք այրվածքի վրա քսել ձեթ, յուղ կամ նման այլ միջոցներ: Դրանք, պատելով այրված մակերեսը, խանգարում են ջերմատվությանը: Արդյունքում այրվածքը ծանրանում է: Այս միջոցները կարող են նաեւ վարակի աղբյուր հանդիսանալ: Բացի այդ, պատելով այրված մակերեսը, դրանք փոխում են այրվածքի տեսքը, դժվարացնում ախտորոշումը եւ բուժումը:
Երբեք մի’ բացեք եւ մի’ վնասեք բշտերը, այլապես շատ կմեծանա վարակի ներթափանցման վտանգը: Մի’ դիպեք այրվածքին եւ մի՛ շնչեք նրա վրա:
Մի՛ պոկեք մարմնին կպած հագուստը:

Կանխարգելում

Շատ հաճախ այրվածքներն առաջանում են անզգուշության պատճառով: Հետեւելով պարզ նախազգուշական քայլերի՝ կարելի է կանխել այրվածքները:
Էլեկտրական սարքավորումների լարերը ծալեք կամ փաթաթեք:
Մի՛ թողեք երեխաներին առանց հսկողության լոգարանում, խոհանոցում կամ այն տեղերում, ուր միացրած ջեռուցիչներ, սալօջախներ կան:
Տնային ջեռուցիչներն օգտագործեք նվազեցրած ռեժիմով, ջուրը շատ մի՛ տաքացրեք:
Սալօջախի վրա կաթսաների բռնակները դարձրեք այնպես, որ երեխաները չկարողանան դրանց հասնել:
Քայքայիչ նյութերի սրվակների վրա ունեցեք նախազգուշական պիտակներ եւ դրանք պահեք երեխաներին անհասանելի տեղերում:
Զգույշ եղեք կրակի հետ: Մի՛ թողեք երեխաներին խաղալ լուցկու, գազայրիչների եւ կրակի այլ աղբյուրների հետ: Մի՛ ծխեք անկողնում:
Զգույշ եղեք արեւային լոգանքներ ընդունելիս, հատկապես երբ գտնվում եք բարձադիր գոտիներում, Սեւանա լճի ափին, որտեղ արեւի ճառագայթների ինտենսիվությունը բարձր է: Օգտագործեք հատուկ պաշտպանիչ քսուքներ: Արեւային լոգանքի չարաշահումը կարող է հանգեցնել ոչ միայն արեւային այրվածքների, այլեւ կարող է նպաստել այնպիսի ծանր հիվանդությունների զարգացմանը, ինչպիսին է օրինակ մաշկի քաղցկեղը: Իսկ այն մարդիկ, ովքեր բազմաթիվ խալեր ունեն մարմնի վրա, պետք է հնարավորին չափ խուսափեն արեւի ուղղակի ազդեցությունից:

← Վերադառնալ ցուցակին