Հայտարարություններ

Կազմավորվում է ՀՀ ԱԻ նախարարին կից հասարակական խորհուրդ

16:24 / 20.02.2019

Ղեկավարվելով ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1552-Լ որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջով և ի կատարումն ՀՀ կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի թիվ 52 արձանագրային որոշմամբ հաստատված Խորհրդի աշխատակարգի՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը նախաձեռնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմավորման գործընթաց: Հասարակական խորհրդի կազմավորման նպատակներից է խթանել հանրային մասնակցությունը և բարձրացնել ԱԻ նախարարության գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կից հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու նպատակով մինչև սույն թվականի մարտի 15-ը կազմակերպությունները և անձինք (ստորև ներկայացված պահանջներին համապատասխանող) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին ներկայացնում են դիմում` Խորհրդի կազմում ընդգրկվելու վերաբերյալ: Դիմումին կցվում են ներկայացված պահանջներին համապատասխանությունը հիմնավորող տեղեկատվություն և փաստաթղթեր:

Խորհրդի կազմում կարող են ընդգրկվել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնություններ ներկայացնող կազմակերպություններ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) գործունեության հիմնական ուղղություններին, համապատասխան ոլորտում ունեն առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են Նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն) և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի առջև դրված խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը: Խորհրդի կազմում չեն կարող ընդգրկվել այն անձինք կամ կազմակերպությունները, ովքեր տվյալ պահին ֆինանսավորում են ստանում Նախարարությունից (դրամաշնորհի կամ ծառայությունների մատուցման միջոցով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն):

Ելնելով Նախարարության գործունեության առանձնահատկություններից, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարը կարող է Նախարարության կողմից ֆինանսավորվող կազմակերպություններին կամ անձանց ընդգրկել Խորհրդի կազմում պատճառաբանված որոշման հիման վրա:

Հայտերն ուղարկել mes@mes.am էլ. փոստով, փոստով՝ ք. Երևան,Դավիթաշեն 4-րդ թաղ. Ա. Միկոյան 109/8:

Տեղեկությունների համար զանգահարել 012-31-77-20 հեռախոսահամարով:

Օրինակելի աշխատակարգ

← Վերադառնալ ցուցակին