ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Առողջ ժպիտ

11:24 / 26.05.2015

Բոլոր ծնողներն էլ ուզում են իրենց փոքրիկների դեմքին հաճախ ժպիտ տեսնել, սակայն ոչ բոլորը գիտեն, թե ինչ պետք է անել երեխայի առողջ ժպիտը պահպանելու համար։ Մանկան օրգանիզմի նորմալ աճն ու զարգացումն առաջին հերթին կախված է որակյալ ու լիարժեք սննդից։ Օրգանիզմը սննդարար նյութերը յուրացնում է ծամող ապարատի օգնությամբ։

Ատամների միջոցով կերակուրը ենթարկվում է առաջնային մեխանիկական մշակման, այսինքն` լավ մանրացվում է։ Ծամող ապարատը բաղկացած է վերին ու ստորին ծնոտներից, ատամներից, լեզվից, շրթունքները, այտերը եւ ծամող մկանները։

Հետաքրքիր է նաեւ այն, որ շատ դեպքերում ատամներից է կախված, թե ինչպես կդասավորվեն երեխայի հարաբերությունները շրջապատի մարդկանց հետ։ Չէ՞ որ հնչյունները ձեւավորվում են ատամների միջոցով, իսկ, օրինակ, առջեւի ատամների կորուստը կարող է բացասաբար անդրադառնալ հնչյունների արտասանության վրա եւ երեխային ծաղրի առարկա դարձնել։ Էլ չենք խոսում փչացած ատամների վատ տեսքի եւ տհաճ բույրի մասին։ Հարկ է նաեւ հաշվի առնել ատամների էսթետիկական նշանակությունը։ Դրանք որոշում են նաեւ մարդու դիմագծերի ձեւը։ Բացակայող ատամները կարող են փոխել մարդու դեմքի կառուցվածքը։

Երեխայի առաջին ատամները հայտնվում են 6-8 ամսականում, իսկ այդ գործընթացն ավարտվում է 2-2,5 տարեկանում։ Փոքրիկի դեմքին <<կաթնային>> աժպիտը հայտնվելուց հետո անհրաժեշտ է նրան տանել ատամնաբույժի մոտ։ Մանկական բժիշկը կարող է ճիշտ գնահատել ատամների որակը եւ ծնողներին խորհուրդ տալ, թե ինչպես պետք է դրանք խնամել։

Առաջին կաթնային կամ ժամանակավոր ատամները քսանն են։ Տարածված կարծիքին հակառակ` փչանալու դեպքում դրանք նույնպես անհրաժեշտ է բուժել, այլապես կարիեսը կարող է ազդել նաեւ դրանցից հետո եկող հիմնական ատամների վրա։

Հինգից վեց տարեկանում կաթնային ատամները սկսում են շարժվել ու <<ընկնել>>։ Աստիճանաբար դրանք փոխարինվում են հիմնական ատամներով։ Այդ գործընթացը շարունակվում է մինչեւ երեխայի տասնչորս տարին լրանալը, մինչեւ ատամների թիվը հավասարվում է 32-ի։ <<Իմաստության>> ատամները հայտնվում են քսան տարեկանից հետո։

Հիմնական ատամների նկատմամբ անհրաժեշտ է շատ ուշադիր լինել, քանի որ դրանք երեխային ծառայելու են արդեն ողջ կյանքի ընթացքում։ Հարկավոր է ուշադրությամբ հետեւել նաեւ նոր ատամների դուրս գալու ժամկետներին։ Հիմնական ատամները դուրս են գալիս կաթնայինի ընկնելուց մեկ-երկու շաբաթ հետո։ Եթե դրանք մեկ ամսից ավելի ուշանում են, ապա անհրաժեշտ է անպայման պատճառը պարզել։ Հնարավոր է, որ ատամի համար ուղղակի <<տեղ չկա>>, եւ այն մնացել է ներսում` գրավելով կողքի ատամի տեղը կամ ծռմռվել է։ Ծուռ ատամները ժամանակին չուղղելու դեպքում դրանք հետագայում կարող են երեխային լուրջ տհաճություններ պատճառել եւ բազմաթիվ խնդիրների առաջ կանգնեցնել։

Եթե ատամը շարունակում է <<համառել>>, ապա բժիշկները, հիմնվելով ռենտգենյան ճառագայթներով կատարված նկարի վրա, կարող են օգնել, որ ատամը դուրս գա։

Երբեմն հիմնական ատամը դուրս գալուց հետո դրա վրա սեւ, մոխրագույն կամ թափանցիկ թաղանթ է լինում։ Դա ոչ վիտամինների պակսից է, ոչ էլ վատ ժառանգականության հետեւանք։ Այդ թաղանթն ամուր շերտ է, որը բնորոշվում է ընդունած սննդի գույնով։ Տնային պայմաններում այն հնարավոր չէ հեռացնել, սակայն բժիշկները կարող են հատուկ խոզանակի միջոցով առանց որեւէ ցավի եւ արագ վերացնել այն։

Ատամների խնամքի համար մեծ նշանակություն ունի նաեւ խոզանակը։ Որակյալ ատամի խոզանակները տարբերվում են ոչ միայն բարձր գնով։ Դրանք պատրաստվում են բարձրորակ նյութերից։ Խոզանակի մազիկները խնամքով կտրված են, չեն պոկվում, չեն շերտավորվում եւ արագ չեն ծռմռվում։ Դրանք նաեւ պետք է խոզանակի գլխիկի եզրին շատ մոտ լինեն։ Ուշադրություն դարձրեք, որ խոզանակի գլխիկը պոչից առանձնացված լինի գնդաձեւ կամ զիգզագաձեւ ռետինով։ Պոչի հատվածում գտնվող ռետինե շերտը թույլ չի տալիս, որ թաց մատները պլաստմասսայի վրա սահեն եւ վնասեն լնդերը։

Խոզանակի չափսերը պետք է համապատասխանեն բերանի խոռոչի չափին։ Գլխիկը նույնպես չպետք է շատ մեծ լինի։

Խոզանակները տարբերվում են նաեւ մազիկների կոշտությամբ։ Դրանք լինում են կոշտ (hard), միջին կոշտության (medium) եւ փափուկ (soft)։ Կոշտ խոզանակներ կարող են օգտագործել միայն ամուր լնդեր ունեցող մարդիկ։ Դրանք չափազանց ուժեղ են մերսում լնդերը։ Արնահոսող լնդերի դեպքում նախընտրելի են փափուկ մազիկներով խոզանակները։ Այդպիսիք պետք է գնել նաեւ մինչեւ յոթ տարեկան երեխաների համար։ Միջին կոշտության մազիկներով խոզանակները հարմար են բոլորի համար։

Խոզանակի ընտրության հիմնական չափանիշն ատամները մաքրելուց հետո ունեցած հարմարավետության զգացումն է։ Եթե ատամների փառը լավ չի մաքրվում, ուրեմն խոզանակը ձեզ հարմար չէ։ Համեմատեք, թե որքան արժե ատամի բուժումն եւ որակյալ խոզանակը եւ կտեսնեք, որ վերջինի դեպքում դուք զգալիորեն շահում եք։ Իսկ եթե նաեւ հիշեք, թե հաճախ ինչ բղավոցներ ու լացի ձայներ են գալիս ատամնաբույժի ենյակից, ապա չեք ծուլանա ատամները լվանալ օրը երկու անգամ՝ առավոտյան նախաճաշից հետո եւ երեկոյան՝ քնելուց առաջ։

← Վերադառնալ ցուցակին