ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Եթե սիրում եք հեծանիվ քշել

10:42 / 26.05.2015

Դասերն ու դասագրքերը վաղուց արդեն մնացել են հետեւում եւ արձակուրդներին կարելի է մի կուշտ խաղալ բակում, ինչու չէ` նաեւ հեծանիվ քշել։ Սակայն շատերին հաճախ թվում է, թե իրենք կարող են կայծակնային արագությամբ արձագանքել ցանկացած իրադարձության եւ խուսափել դժբախտ պատահարներից, ինչը, ցավոք, ոչ միշտ է այդպես։

Երեխայի համար հեծանիվ գնելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ նա գիտի երթեւեկության կանոնները եւ սովորեցնել նրան, թե ինչպես պետք է խնամել հեծանիվը, ստուգել արգելակների, ձայնային ազդանշանի, անիվների շղթայի եւ լուսարձակների սարքին լինելը։ Դեռահասները պետք է իմանան, որ հեծանիվների ու մոտոցիկլետների վրա տարածվում են տրանսպորտային բոլոր միջոցների համար նախատեսված երթեւեկության կանոնները։

Հեծանիվ քշելիս պետք է հիշել.
- չի կարելի այն վարել երթեւեկության հակառակ ուղղությամբ,
- խստորեն պահպանել աջ կողմում մնալու կանոնը,
- ձեր մտադրությունների մասին (թեքվել, կանգնել, առաջ անցնել եւ այլն) պետք է նախապես զգուշացնել մյուս վարորդներին,
- չսահելու համար կտրուկ չարգելակել,
- ուշադիր լինել հետիոտների նկատմամբ, որոնք հաճախ ցանկանում են փողոցն անցնել ամենաանսպասելի ու վտանգավոր վայրերում,
- ուշադիր լինել ավտոմեքենանների վարորդների նկատմամբ, քանի որ վազանց կատարելիս մեքենան կարող է ուժեղ օդային ալիք բարձրացնել, որի հետեւանքով դուք կարող եք կորցնել հավասարակշռությունն ու ընկնել,
- եթե մի քանի հոգով եք, ապա պետք է շարժվել մեկը մյուսի հետեւից,
- երեկոյան ժամերին պետք է հագնել վառ գույնի հագուստ եւ հետեւել, որ հեծանիվի լույսն անդրադարձնող դետալները կատարյալ մաքուր լինեն,
- պայուսակներն ու փաթեթները տեղադրել միայն բեռների համար նախատեսված տեղում,
- կատարել ճանապարհային նշանների պահանջները,
- ուրիշներին բուքսիրի չվերցնել, ոչ էլ խնդրել, որ ուրիշները ձեզ վերցնեն,
- արագության մրցարշավներ չկազմակերպել,
- շփվող դետալները մշտապես պատել յուղով,
- փողոցում տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսանքի մեջ մյուսներից անվտանգ հեռավորություն պահպանել,
- ավազով, սառույցով, ձյունով պատված կամ զառիվայր ճանապարհներին արագությունը նվազեցնել։

← Վերադառնալ ցուցակին