ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Սովորում ենք կարդալ

11:11 / 26.05.2015

Ասում են` երեխաները կյանքի ծաղիկներն են, բայց մոռանում, որ այդ ծաղիկները չափազանց մեծ խնամք են պահանջում։ Նրանց մասին պետք է հոգ տանել եւ հաճախակի ջրել... գիտելիքներով, որպեսզի նրանք աճեն, մեծանան եւ արմատներով ամուր կառչեն իրենց հայրենի հողին։

Երեխաներին կրթելու կարեւոր պայմաններից մեկը դպրոցն է, որտեղ դրվում է նրանց հետագա զարգացման հիմքը։ Երբ փոքրիկը սովորի կարդալ, նա արդեն կկարողանա որոշ չափով ինքնուրույն առաջ գնալ կյանքի արահետներով։ Ինչպե՞ս երեխային բացատրել, որ համակարգչային խաղերից, ինտերնետից կամ ֆուտբոլից բացի գոյություն ունի նաեւ մի այլ աշխարհ, որի օգնությամբ մնացած ամեն ինչ ավելի հետաքրքիր, պարզ ու մատչելի է դառնում։ Խոսքը գրքերի մասին է։ Շատ հաճախ ծնողները դժգոհում են, որ իրենց երեխան գրքերի նկատմամբ բացարձակ անտարբեր է եւ նրան ուղղակի հնարավոր չէ բակից տուն բերել կամ պոկել հեռուստացույցի էկրանից։ Խորհուրդ է տալիս փորձառու հոգեբանը։

9-10 տարեկան երեխայի համար խաղերը շրջապատող աշխարհը ճանաչելու հիմնական միջոցներից են։ Դրանք նաեւ ձեւավորում են նրա սովորությունները, հետաքրքրությունները եւ բարոյական արժեքները։ Քանի որ երեխային ոչ ոք չի պարտադրում խաղալ, հետեւաբար խաղերի ընթացքում սովորածն ավելի լավ է ամրանում նրա գիտակցության մեջ։ Ահա մի քանի պարզ խաղ, որոնք կօգնեն երեխայի մեջ գրքի նկատմամաբ հետաքրքրություն առաջացնել։

Նախադպրոցական տարիքի երեխաների համար բարձրաձայն գիրք կարդացեք եւ առաջարկեք նրան հնչյունավորել որոշ հերոսների կամ կենդանիների։ Ցույց տվեք նրան, թե ինչպես պետք է դա անել։ Դա կզվարճացնի փոքրիկին։ Ամենակարեւորը արեք դա սրտանց, անկեղծորեն, այլապես ոչինչ չի ստացվի։ Փոքրիկները շատ շուտ զգում են ամենայն կեղծն ու անբնականը։ Նրանց դժվար է խաբել։

Երեխայի ուշադրությունը կենտրոնացնելու համար կարելի է պահմտոցի խաղալ գրքի էջերում։ Օրինակ` առաջարկեք նրան գրքի նկարներում փնտրել որեւէ հերոսի կամ կենդանու, որին նա, իհարկե, պետք է գտնի վերջին էջերից մեկում։ Ծնողները եւս պետք է աշխուժորեն մասնակցեն այդ գործընթացին` օգնելով ու հուշելով նրան, որ փնտրածը գտնելու համար անհրաժեշտ է գիրքն ամբողջությամբ կարդալ։ Նույնատիպ խաղ կարելի է կազմակերպել նաեւ տառերի հետ։ Օրինակ` կարելի է հաշվել, թե քանի Ա տառ կա մեկ էջում եւ այլն։

Հաջորդը մի փոքր նման է առաջին խաղին, միայն թե այս դեպքում պետք է ոչ թե հնչյունավորել հերոսներին, այլ` կերպարանավորել։ Այնպես արեք, որ նա հաճախ վերադառնա գրքին, նայի նկարներին. <<Ահա, մի տեսնենք, թե հետո էլ ինչ է անելու կախարդը>> եւ այլն։

Երբ փոքրիկի մեջ գրքերի նկատմամբ հետաքրքրություն կառաջանա, կարելի է քիչ-քիչ փորձել նրան կարդալ սովորեցնել։ Սա ավելի մեծ համբերություն եւ հետեւողականության պահանջող գործընթաց է։ Առաջին անհաջող փորձերը կարող են երեխայի մեջ իսպառ վերացնել կարդալ սովորելու ցանկությունը։ Ոչ մի դեպքում չի կարելի նրան ստիպել։ Նրա համար դա պետք է ոչ թե տհաճ պարտականություն լինի, այլ` խաղ։

Չէ՞ որ նա դեռ պետք է ճանաչի տառերը, հետո սովորի իրար միացնել վանկերը, բառեր կազմել եւ, վերջապես, հասկանալ կարդացածը։ Եթե սկզբնական շրջանում փոքրիկը դժվարանում է դա անել, ապա բոլորովին պետք չէ նրան բարձրաձայն համեմատել հարեւանի երեխայի հետ, որն արդեն կարողանում է ինքնուրույն կարդալ ու, առավել եւս, նախատել։

Փորձեք պատկերացնել, որ տառերը համերաշխ ընկերներ են, որոնք պետք է միասին հավաքվեն ու բառեր կազմեն։ Առանձին վանկեր արտասանելու համար կարելի է, օրինակ, ասել, որ համարյա բոլոր տառերը լավ ընկերություն են անում Ա տառի հետ եւ իրար միանալով բազմաթիվ վանկեր կազմում (սա, դա, նա եւ այլն)։ Այս փոքրիկ խաղը հնարավոր է անցկացնել գրեթե ամենուր` տանը, ճանապարհին տրանսպորտի մեջ, զբոսայգում` ավազի կամ ասֆալտի վրա տառերը պատկերելով։

Ասացեք երեխային, որ նա հետախույզ է եւ պետք է կարողանա վերծանել բառերն ըստ վանկերի, որպեսզի իմանա, թե ինչ հանձնարարություն պետք է կատարի։ Այսպիսով` սովորելու գործընթացը նրա համար ավելի հետաքրքիր կդառա։

Զինվեք համբերությամբ, որովհետեւ բավական ժամանակ կանցնի, մինչեւ ձեր փոքրիկը կսովորի սահուն կարդալ։ Բառերի դանդաղ արտաբերումից նա հաճախ կարող է նյարդայնանալ ու կամակորություն անել։ Պետք չէ ստիպելով գիրքը նրա ձեռքը խոթել։


Մի քիչ խորամանկ եղեք։ Խրախուսեք նրա փորձերը եւ շարունակեք նրա համար բարձրաձայն գրքեր կարդալ։ Հասեք ամենահետաքրքիր դրվագին եւ, անսպասելիորեն <<հիշելով>>, որ պետք է խանութ գնաք կամ լվացք անեք, կամացուկ հեռացեք սենյակից։ Երեխան ինքը կձգվի դեպի գիրքը։ Անկեղծորեն գովեք նրան եւ խնդրեք, որ պատմի, թե հետո ինչ եղավ։ Ամենակարեւորը, որ երեխան հասկանա, որ իրեն ոչ ոք չի ստիպում կարդալ։

Ընթերցանությունը ոչ միայն մարդու զարգացմանը նպաստող կարեւորագույն գործոններից է, այլեւ հաճույքի աղբյուր։ Եթե մեծահասակները դա գիտակցում են, ապա փոքրիկի գլխին երկար-բարակ խրատներ կարդալու կարիք չկա։ Ծնողների օրինակը երեխայի մեջ սովորելու ցանկությանը նպաստող ամենալավ միջոցն է։

← Վերադառնալ ցուցակին