ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Կենդանիները տանը

10:34 / 26.05.2015

Բոլորդ էլ գիտեք «Կառլսոնը եւ Մանչուկը» հայտնի վիպակի հերոսներին ու հավանաբար հիշում եք, թե ինչպես էր Մանչուկը ծնողներին խնդրում, որ համար շնիկ գնեն. «Եթե ես իսկապես արժեմ հարյուր հազար միլիոն, կարո՞ղ եք ինձ մի քիչ փող տալ, որ ես կարողանամ ինձ համար շուն գնել»:
Եթե դուք էլ տանը փոքր երեխա ունեք, ապա վաղ, թե ուշ նույնպես նման խնդրանք կլսեք: Հնարավոր է նաեւ ինքներդ սկսեք մտածել այդ մասին, որպեսզի կենդանիների հետ շփումն օգնի երեխայի մեջ զարգացնել այնպիսի հատկություններ, ինչպիսիք են բարությունը, պատասխանատվությունն ու հոգատարությունը:

Ինչի մասին պետք է մտածել

Նախ եւ առաջ անհրաժեշտ է հիշել, որ կենդանին պատկանելու է ոչ միայն երեխային, այլեւ ձեզ, եւ եթե երեխան դեռ փոքր է, ապա նրա խնամքի հետ կապված հոգսերը մեծամասամբ ընկնելու են ձեզ վրա: Նույնիսկ եթե փոքրիկը փորձի պնդել հակառակը: Այդ պատճառով հառաջին հերթին հարցրեք ինքներդ ձեզ՝ արդյոք պատրա՞ստ եք տանը կենդանի պահել, բավականաչափ ժամանակ, ուշադրություն եւ ֆինանսական միջոցներ հատկացնել նրան: Անհրաժեշտ է նախապես մտածել նաեւ, թե ով պետք է հոգ տանի նրա մասին, երբ տնից երկարատեւ բացակայելու անհրաժեշտություն առաջանա:
Այս պարագայում կարեւոր դեր են խաղում նաեւ ձեր բնակարանային պայմանները: Եթե ապրում եք սեփական տանը, ապա կարող եք ձեռք բերել համարյա ցանկացած կենդանուն (եթե, իհարկե, արդեն դրանցից բավականաչափ չունեք): Բարձրահարկերում չարժե մեծ չափերի կենդանիներ պահել (օրինակ՝ խոշոր ցեղատեսակներին պատկանող շներ), իսկ եթե բնակարանը չափազանց փոքր է, ապա նույնիսկ ծովախոզուկը կամ համստերը (хомяк) կարող է ավելորդ լինել:
Եթե դուք վստահ չեք, որ պատրաստ եք նման պատասխանատվություն ստանձնել, ապա ավելի լավ է միառժամանակ հետաձգեք որեւէ կենդանի կամ թռչուն ձեռք բերելու որոշումը, քանի որ հետո կարող է չափազանց ուշ լինել: Չէ՞ ու մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք:

Կենդանիների ազդեցությունը երեխայի վրա

Տանը մեկ այլ կենդանի էակի հայտնվելուց հետո երեխայի համար բացվում է բոլորովին նոր աշխարհ: Նա ավելի ինքնուրույն է դառնում, մեծանում ավելի առողջ՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Փոքրիկը սովորում է պատասխանատվություն կրել ուրիշ կենդանի էակի համար եւ ինչպես վարվել կենդանիների հետ: Երեխայի համար կենդանու հետ շփումը եւ՛ հաճելի է, եւ՛ ուրախալի: Կենդանին իր հերթին կարող է լավ ընկեր ու պաշտպան դառնալ քույր, եղբայր չունեցող կամ ներամփոփ ու ամաչկոտ երեխայի համար: Սակայն կենդանիները կարող են նաեւ որոշակի վտանգ ներկայացնել փոքրիկի համար: Խոսքն ալերգիայի մասին է: Եթե դուք կամ ձեր փոքրիկն ալեգիկ եք, ապա ընդհանրապես չարժե տանը որեւէ կենդանի պահել: Բացի այդ, շները, կատուներն ու կրծողները զանազան վարակների հիմնական կրողներն ու փոխանցողներն են, իսկ փոքրիկի օրգանիզմը դեռեւս թույլ է ու կարող է հեշտությամբ որեւէ հիվանդությամբ վարակվել: Չմոռանաք զանազան քերծվածքների, մազաթափության եւ տհաճ բույրերի մասին:
Վտանգավոր է նաեւ, եթե տանը հայտնվի որեւէ խոշոր եւ ագրեսիվ ցեղատեսակի շուն: Կենդանու ճիշտ ընտրության, խնամքի եւ դաստիարակության դեպքում այս բոլոր վտանգները կարելի է հասցնել նվազագույնի:

Որ կենդանին է հարմար ձեր երեխային

Եթե ցանկանում եք, որ տնային կենդանին չդառնա փոքրիկի հերթական խաղալիքներից մեկը, եւ նա լիարժեք մասնակցի կենդանու դաստիարակության ու խնամքի հետ կապված հոգսերին, ապա պետք է համբերել մինչեւ երեխայի 5-6 տարին լրանալը: Այս տարիքի երեխաներին ամենից հարմար են ծովախոզուկներն ու համստերները: Նրանց կարելի է պահել ձեռքի մեջ, շոյել, ինչը չափազանց կարեւոր է փոքրիկի համար: Այս կենդանիները դիմացկուն են եւ խնամքի հատուկ պայմաններ չեն պահանջում:
8-9 տարեկան հասակում երեխան արդեն կարող է ինքնուրույն հոգ տանել գորտերի, ճագարների, սպիտակ մկների ու առնետների, փոքր ցեղատեսակի շների եւ կարճամազ կատուների մասին:
9-10 տարեկան երեխաների համար կարող եք ակվարիումային ձկներ, խխունջներ, ջրային եւ ցամաքային կրիաներ գնել, որոնց համար անհրաժեշտ է անպայման համապատասխան բնական միջավայր ու պայմաններ ապահովել:
10-12 տարեկանում արդեն կարելի է մտածել երկարամազ կատուների, դեղձանիկների եւ ալիքավոր թութակների մասին: Ավելի խոշոր թութակներ խորհուրդ է տրվում պահել, երբ երեխան ավելի մեծ կլինի:
14-15 տարեկան դեռահասներին կարելի վստահել համարյա ցանկացած տնային կենդանու խնամք՝ ներառյալ խոշոր շները:

Կոկորդիլոս եմ ուզում

Կենդանաբանները խորհուրդ չեն տալիս տանը սողուններ, կապիկ, կրիա, ոզնի, աղվես կամ սկյուռ պահել:
Բնակարանում կրիա պահելն ամենատարածված սխալներից է: Շատերը կրիա են գնում՝ կարծելով, որ նա երեխայի համար հարմար խաղալիք է (չի կծում, դանդաղաշարժ է եւ երկար է ապրում): Իրականում, դուք կենդանուն դատապարտում եք երկարատեւ մահվան: Բնակարանը կրիայի համար շատ անհարմար վայր է, չափազանց չոր եւ ցուրտ: Բացի այդ, եթե կենդանուն տանն ազատ թողնեք, ապա նա անպայման որեւէ փորձանք կբերի գլխին (օրինակ՝ խցկվել որեւէ նեղ ու դժվարամատչելի արանք): Եթե, այնուամենայնիվ, որոշել եք տանը կրիա պահել, ապա նրա համար անհրաժեշտ է մշտապես միացրած պահել որեւէ ջեռուցիչ սարք, որպեսզի նա կարողանա տաքանալ, եւ գետնին խոնավ լաթի կտոր փռել, որպեսզի կրիան մարմինը խոնավեցնի:
Սկյուռերին շատ դժվար է ձեռնասուն դարձնել, բացի այդ՝ նրանք շատ ցավոտ են կծում: Նա կարող է կրծել պատից կախված հայելու պարանը, էլեկտրական լարերը, գրքերը կամ բույն դնել պահարանի մաքուր սպիտակեղենի մեջ:
Անտառից ոզնուն տուն բերելով՝ դուք նրան զրկում եք ձմռան ցրտին քուն մտնելու համար բնական միջավայրում անհրաժեշտ քանակությամբ ճարպ կուտակելու հնարավորությունից: Տանը ոզնին չի կարող այդքան սնվել: Հիմնականում կարճ ժամանակ անց կենդանուն բաց են թողնում բնության գիրկը՝ դատապարտելով նրան մահվան:
Կապիկները չափազանց անկանխատեսելի են ու շարժուն: Նրանց ազատություն եւ ավելի մեծ տարածք է պետք, քան ձեր բնակարանը կամ նեղլիկ վանդակը: Կապիկները կարող են շատ մեծ վնաս պատճառել ձեր բնակարանին: Ապա պատկերացրեք լուսամփոփի վրա ճոճվող կամ վարագույրներից կախված կենդանուն, եւ ամեն ինչ պարզ կլինի: Էլ չենք խոսում այն մասին, որ նա, ապրելով հիմնականում ծառերի վրա, սովոր է իր բնական կարիքները հոգալ որտեղ պատահի:
Որոշ մարդիկ ձգտում են ձեռք բերել արեւադարձային գոտում ապրող հազվագյուտ կենդանիներ, թռչուններ կամ սողուններ (կոկորդիլոսներ, օձեր, մողեսներ եւ այլն): Դրանք շատ ավելի բարդ խնամք ու հատուկ պայմաններ են պահանջում, ինչպես նաեւ իրենց հետ ձեր տուն բերել որեւէ արեւադարձային հազվագյուտ հիվանդություն:
Կատուն փոքրիկ տնային խուլիգան է (հազվադեպ բացառություններով): Նրա սուր աչքից ոչինչ հնարավոր չէ թաքցնել: Նույնիսկ եթե կատուն չափազանց շատ է սիրում տանտերերին, միեւնույն է՝ նա անարգել շրջում է ողջ բնակարանով մեկ եւ անում, ինչ ուզում է: Հիշեք, որ կատուները չեն կարող միայնակ ապրել: Նրանց անպայման զույգ է պետք:
Շունը լուրջ կենդանի է: Նրանց հետ շփումը բոլորովին այլ մակարդակի վրա է՝ անկախ չափերից ու ցեղատեսակից: Նրա ողջ կյանքի հետագա վարքագիծը որոշվում է շնիկի կյանքի առաջին տարում: Եթե նրան երես տաք, ապա հետո հասուն կենդանուն շատ դժվար կլինի սովորեցնել, թե ինչպես պետք է պահի իրեն բնակարանում: Շները ոհմակային կենդանիներ են, այդ պատճառով նրանք միշտ ձգտում են լինել ձեր կողքին: Նրանց համար այլ կերպ լինել չի կարող: Շունը ձեր ընտանիքը համարում է իրենը, սակայն պետք է հենց սկզբից նրան հասկացնել, թե ով է ընտանիքի առաջնորդը:
Կրծողներին պետք է պահել վանդակի կամ ակվարիումի մեջ, այլապես պետք է հրաժեշտ տաք կենցաղային տեխնիկայի բոլոր կոճակներին ու էլեկտրական լարերին: Նրանք կայուն, ուժեղ բույր ունեն եւ զույգերով պահելու դեպքում լավ բազմանում են: Կրծողները հիմնականում գիշերային կյանք են վարում, այնպես որ գիշերը տան մի անկյունից լվող անդադար կրթկրթոցը կարող է ձեզ բավական անհարմարություն պատճառել:
Կա տարածված սխալ կարծիք, որ ակվարիումային ձկներից հնարավոր չէ ալերգիա ունենալ: Ալերգիան կարող է լինել ինչպես հատուկ ձկների համար նախատեսված չոր կերերից, այնպես էլ ակվարիումի ջրից: Ձկները շատ մեծ խնամք են պահանջում՝ որոշակի չափի ակվարիում, ջրի կայուն ջերմաստիճան, լուսավորություն, ավազ, ջրային բույսեր եւ այլն: Այստեղ հնարավոր չէ միայնակ գլուխ հանել: Անհրաժեշտ է կարդալ ակվարիումային ձկների խնամքի վերաբերյալ գրականություն եւ հաճախ խորհրդակցել մասնագետի հետ:

Որտեղից գնել եւ ինչպես խնամել

Տնային կենդանիներն ու թռչուները պետք է գնել մասնագիտացված կենդանաբանական խանութներից կան կենդանասերների ակումբներից, այլ ոչ թե բացօթյա «թռչնաշուկաներից»: Շատ հավանական է, որ շուրջ մեկ տասնյակ կատվի ձագեր վաճառող բարի մորաքույրը դրանց հավաքել է որեւէ կեղտոտ նկուղից: Թռչնաշուկայում կենդանիները կարող են միմյանցից տարբեր հիվանդություններով վարակվել: Արդյունքում՝ դուք ստիպված կլինեք զգալի գումար եւ ժամանակ վատնել անասնաբույժի այցելությունների համար: Լավ է, եթե դուք ճանաչում եք կենդանու նախկին տերերին կամ ծնողներին: Այս դեպքում կարող եք հետաքրքրվել նրա ժառանգականության, բնավորության ու խնամքի առանձնահատկությունների մասին եւ ժամանակ առ ժամանակ խորհրդակցել նախկին տերերի հետ:
Որպեսզի ձեր սիրելին հնարավորիս առողջ լինի եւ երկար ապրի ձեր կողքին, անհրաժեշտ է նրան պարբերաբար տանել անասնաբույժի մոտ՝ ստուգման եւ կատարել համապատասխան սրսկումները:
Իմիջայլոց, կենդանիներին ու թռչուններին չի կարելի կերակրել ինչով պատահի: Նրանցից յուրաքանչյուրն ունի իր «ճաշակն» ու սննդակարգը, որոնք նույնպես պետք է խստորեն պահպանել:
Հիշեք նաեւ, որ կենդանի ձեռք բերելիս պետք է գնել նաեւ նրա խնամքի համար անհրաժեշտ բազմաթիվ պարագաներ՝ կերաման, ջրաման, վանդակ, ակվարիում, ձու դնելու համար առանձին բներ, հատուկ սանրեր, դնչկալ, վզկապ, զանազան կերեր, վիտամիններ եւ այլն:
Այնպես որ, փոքրիկի համար տնային կենդանի ընտրելիս աշխատեք հաշվի առնել ոչ միայն երեխայի ցանկությունը, բնակարանային հարմարություները կամ ձեր ճաշակն ու գրպանի հնարավորությունները, այլեւ տարբեր կենդանիների ու թռչունների կենսաբանական առանձնահատկությունները:

← Վերադառնալ ցուցակին