ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Լողի առաջին դասերը

11:48 / 26.05.2015

Վերջին տարիներին ողջ աշխարհում լայն տարածում են գտել նորածին երեխաների հետ անցկացվող լողի պարապմունքները։ Դա հիվանդությունների կանխարգելման եւ փոքրիկի առողջությունն ամրացնող հրաշալի միջոց է։

Քանի որ դեռեւս չծնված երեխան զարգանում է հեղուկ միջավայրում, ապա ծնվելուց հետո կյանքի առաջին մի քանի ամիսներին լողալու բնածին բնազդային ընդունակությունները պահպանվում են։ Այդ ընթացքում ավելի հեշտ է նրան լողալ սովորեցնելը։ Երկու տարի անընդմեջ պարապմունքները շարունակելու դեպքում կարող եք վստահ լինել, որ այդ հատկությունները ձեր երեխայի մեջ կպահպանվեն արդեն ողջ կյանքի ընթացքում։

Փորձը ցույց է տալիս, որ վաղ հասակում սկսված լողի դասերն նպաստում են երեխայի համաչափ զարգացմանը եւ դրական ազդեցություն ունենում նրա օրգանիզմի բոլոր համակարգերի վրա։ Նման երեխաներն ավելի հազվադեպ են հիվանդանում, բնավորությամբ հանգիստ են լինում եւ ավելի լավ են քնում։

Մարզումները կարելի է սկսել 10-15 օրականից։ Նախապես անհրաժեշտ է խորհրդակցել փոքրիկի բժշկի հետ` պարզելու համար, թե արդյո՞ք երեխայի մաշկի, պորտի հետ կապված խնդիրներ չկան։ Եթե ամեն ինչ կարգին է, ապա պարապմունքները հետաձգելու կարիք չկա։ Որքան շուտ փոքրիկը սկսի մարզվել, այնքան ավելի լավ։

Լողի դասերը կարելի է սկսել տան լոգարանում։ Այդ նպատակի համար այն կարող է ծառայել մինչեւ երեխայի 6-7 տարին լրանալը։ Նախքան լոգարանը ջրով լցնելն այն անհրաժեշտ է լավ մաքրել որեւէ մաքրող նյութով եւ տաք ջրով ողողել։ Նորածին երեխային կարելի է մտցնել միայն կատարյալ մաքուր լոգարանի մեջ։ Առաջին օրերին ջրի ջերմաստիճանը չպետք է գերազանցի 36,5 0 C, իսկ ջրում գտնվելու ժամանակը` 10-15 րոպեն։ Եթե փոքրիկի հիվանդության կամ որեւէ այլ պատճառով պարապմունքները միառժամանակ դադարեցվել են, ապա դրանք պետք է վերսկսել վերը նշված պայմաններում։

Նորածինների պարապմունքներն ավելի լավ է անցկացնել կերակրելուց եւ գիշերը քնացնելուց առաջ, շաբաթը երեքից չորս անգամ։ Անհանգիստ երեխաներին ավելի է լավ է լողացնել ցերեկը։ Եթե լողի դասերը կանոնավոր բնույթ են կրում, ապա փոքրիկին օճառով պետք է լողացնել ամիսը մեկ-երկու անգամ (անմիջապես պարապմունքից հետո)։

Փոքրիկի լողի առաջին դասերը պետք է անցկացնել մանկական պոլիկլինիկայից հրավիրված բուժական ֆիզկուլտուրայի մասնագետի ներկայությամբ, որպեսզի երեխան հանկարծ չխեղդվի։ Ծնողները պետք է չափազանց ուշադիր եւ հավաք լինեն։

Քանի որ նորածին երեխայի գլուխն ավելի ծանր է, քան մարմնի մնացած մասերը, այն անհրաժեշտ է ձեռքով պահել։ Առաջին դասերի ժամանակ փոքրիկին զգույշ իջեցրեք ջրի մեջ` սկսելով ոտքերից ու նրան պահելով մեջքի վրա։ Այնուհետեւ շարժեք նրան տարբեր կողմեր` ձգտելով այնպես անել, որ նա բնազդաբար ոտքերով հետ հրի մարմինը լոգարանի պատերից։ Կրծքի վրա լողալիս ձեռքով պետք է պահել փոքրիկի կզակից եւ հետեւել, որ հանկարծ բերանը ջուր չլցվի։

Երբ երեխան սկսի թիավարելու նման շարժումներ անել, կարող եք նրան պահել միայն մեկ ձեռքով, իսկ հետո նաեւ բոլորովին հրաժարվել դրանից։ Որպեսզի նրա գլուխը ջրից բարձր լինի, անհրաժեշտ է փոքրիկի գլխարկից օդով լցված հատուկ բարձիկներ ամրացնել։

Եթե ամեն ինչ լավ է ընթանում, ապա մեկ ամսականից կարող եք սկսել շնչառական վարժությունները։ Երեխայի գլխից պահելով` աստիճանաբար, 4-10 վայրկյանով սուզեք նրան ջրի մեջ մինչեւ քթի մակարդակը։

Հաջորդ փուլում կարող եք փոքրիկին թույլ տալ արդեն լողալու ինքնուրույն փորձեր անել։ Երբ երեխան կարողանա քիթն ու բերանը ջրի տակ լինելու դեպքում շունչը պահել եւ ձեռքերով թիավարել, ապա կարող եք այլեւս նրան չպահել։ Նկարի մեջ դուք կարող եք տեսնել նորածին երեխային լողալ սովորեցնելու եւ նրան ջրի մեջ պահելու հիմնական ձեւերը։

Մարզումների գլխավոր սկզբունքն աստիճանականությունն է։

Լողի դասերը սկսելուց մեկ ամիս հետո ջրում երեխայի մնալու տեւողությունը կարելի է երկարացնել մոտ հինգ րոպեով։ Մեկ ամիս անց` եւս հինգ րոպեով եւ այդպես շարունակ։ Արդյունքում` մեկ տարեկան երեխան կարող է արդեն ջրում անցկացնել մեկ ժամից ավելի։ Ջրի ջերմաստիճանը պետք է աստիճանաբար նվազեցնել (մոտավորապես ամիսը մեկ աստիճանով)` հասցնելով այն 30,5 0 C-ի։ Փոքրիկի մեկ տարին լրանալուց հետո ջրի ջերմաստիճանը կարելի է մի քիչ էլ իջեցնել։

Սակայն մի մոռացեք, որ սրանք ընդհանուր խորհուրդներ են։ Ծնողների գլխավոր ուղենիշները պետք է լինեն փոքրիկի վիճակը, տրամադրությունն ու ջրում լինելու ցանկությունը։ Նրա դեմքի տեւական դժգոհ արտահայտությունը պետք է մարզումներն անհապաղ ավարտելու ազդանշան լինի։ Լողի դասերը պետք է դադարեցնել նաեւ երեխայի լացելու դեպքում։ Եթե զգում եք, որ նա հոգնել է, 1-2 րոպե երեխային թույլ տվեք հանգստանալ։ Եթե ընդմիջումից հետո փոքրիկը չի ցանկանում այլեւս ջրում մնալ, ապա դադարեցրեք մարզումները, նույնիսկ եթե սահմանված ժամանակը դեռ չի լրացել։ Փոքրիկը պետք է հաճույք ստանա ջրում գտնվելուց, այլապես որեւէ արդյունքի չեք հասնի։

Եւս մեկ նախազգուշացում երիտասարդ ծնողներին։ Երեխայի կյանքի առաջին տարում լողի մարզումներ անցկացնելուց հետո անհրաժեշտ է դրանք անպայման շարունակել, քանի որ փոքրիկն արդեն աշխույժ շարժումների կարիք ունի, եւ շատ էներգիա ծախսելու հետեւանքով նրա ախորժակը բավական լավացել է։ Լողի մարզադպրոցներում երեխաներին ընդունում են վեց տարեկանից, իսկ մինչ այդ անհրաժեշտ է երեխայի ֆիզիկական ծանրաբեռնվածության պահանջը լրացնել ուրիշ միջոցներով` լողը փոխարինելով որեւէ այլ շարժուն զբաղմունքով, այլապես նա կարող է գիրանալ, իսկ հետագայում ճարպակալման վտանգ կառաջանա։

← Վերադառնալ ցուցակին