ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Քաղցր մատիկը

12:00 / 26.05.2015

Շատ ծնողների անհանգստացնում է իրենց փոքրիկի մատը ծծելու սովորությունը։ Ի՞նչ է դա։ Վատ սովորությու՞ն, հիվանդությու՞ն, թե՞ չարաճճիություն։ Փորձենք պարզել։

Ամենից հաճախ երեխաները ծծում են բութ մատը։ Դա նրանց ծծելու չիրացված բնազդն է, որը չեզոքացնում է միայնակության զգացումը, հանգստացնում, քնացնելիս օրոր ասում, լրացնում քնքշության պակասը եւ կարճ ժամանակով մեղմում ֆիզիկական ցավը։ Դեռեւս հղիության ընթացքում երեխան մատը ծծելով արձագանքում է մոր անհանգիստ վիճակին։ Միեւնույն ժամանակ դա պտղի ձեւավորման կարեւոր ցուցանիշ է եւ նշանակում է, որ նա արդեն կարողանում է բարդ շարժումներ կատարել։ Երեք ամսական փոքրիկը կարողանում է ձեռքը հասցնել բերանին։ Իսկ դա այնքան էլ հեշտ բան չէ եւ շարժումների լավ համակարգում է պահանջում։ Շատ մայրիկներ սկսում են անհանգստանալ, որ դա կարող է վերածվել վատ սովորության։ Անհանգստանալու կարիք չկա։ Եթե մանկիկը մինչեւ մեկ տարեկանը բռունցքը կամ մատը տանում է բերանը, ապա դա նշանակում է, որ
- նա քաղցած է,
- ծծելու նրա բնազդը բավարարված չէ (եթե փոքրիկին կերակրում եք արհեստական սնունդով, ապա ծծակի անցքը չափազանց մեծ է կամ ընդհակառակը` նա չի կշտանում),
- փոքրիկին ինչ-որ բան է անհանգստացնում կամ նա ձանձրանում է (մայրիկը նրա տեսադաշտում չէ կամ երկար ժամանակ նրան ոչ ոք չի գրկում, նրա հետ չեն խաղում)։

Մեկ տարի անց շատ փոքրիկներ մոռանում են իրենց մատիկի մասին, սակայն պատահում է եւ այնպես, որ երեխան հաճախ է ձեռքը բերանը տանում կամ օգտվում է ծծակից մինչեւ երեք տարեկանը։ Պատճառներից են` անհանգստությունը, ծնողական սիրո նկատմամբ անվստահությունը, ուժեղ վախը կամ քնքշանքի պակասը։ Շատ երեխաներ մատը բերանն են տանում, երբ հոգնում են կամ փորձում ինչ-որ հարցի շուրջ կենտրոնանալ։ Այդ հասակում մատը ծծելը հաճախ ուղեկցվում է գլուխը կամ փորը շոյելով, մազերից կամ թարթիչներից քաշելով։ Երեխան կարող է բերանը տանել եւ այլ առարկաներ` ծածկոցի ծայրը, սիրելի խաղալիքը եւ այլն։ Սեղանատամների դուրս գալու ժամանակ մատը բերանում ծծելու սովորությունը կարող է խանգարել բերանի խոռոչի բնականոն զարգացմանը եւ ձեւախախտումների պատճառ դառնալ։ Եթե այս սովորությունը շարունակվում է նաեւ երեք տարին լրանալուց հետո, ուրեմն այն արդեն վերածվել է վատ սովորության։ Երեխան կարող է սկսել կրծել նաեւ եղունգները։

Սովորույթի նախադրյալները.

•Բնավորության առանձնահատկություններ։
• Չբավարարված ծծելու բնազդ։
• Հոգեբանական անբարենպաստ գործոններ (անհանգստության հաճախակի զգացում, մոր գիտակցված կամ չգիտակցված երեխա չունենալու ցանկությունը, փոքրիկի տարիքին անհամապատասխան ծնողների չափազանց շատ պահանջկոտությունը եւ այլն)։
• Ընտանեկան խնդիրներ (ծնողների վեճեր, ամուսնալուծություն, ալկոհոլիզմ, փոքրիկի չափից դուրս մեծ ինքնուրույնություն, նորածին քույր կամ եղբայր եւ այլն)։
• Երեխայի հոգեբանական առանձնահատկություններ (վնասվածքների հետեւանքով արագորեն հոգնելու հատկություն, գրգռվողականություն, քնի խանգարում, հուզական բարձր զգայունություն եւ այլն)։
• Թույլ առողջություն, հաճախակի հիվանդություններ։

Ինչ պետք է անեն ծնողները.

• Փոքրիկի վատ սովորությունների դեմ պայքարելիս ծնողները շատ հաճախ բազմաթիվ անուղղելի սխալներ են թույլ տալիս։ Նրանք ջանում են ճնշել այդ տհաճ սովորությունը, պատժում են երեխային կամ փորձում բացատրել, որ դա շատ վատ ու ամոթալի երեւույթ է։ Սակայն այս միջոցները փոքրիկի մեջ միայն ամրացնում են վատ սովորությունը։
• Պետք է ոչ թե պայքարել դրա դեմ, այլ պարզել առաջացման պատճառները եւ վերացնել դրանք։
• Երեխայի հետ անհրաժեշտ է փոխադարձաբար վստահելի հարաբերություններ ստեղծել։ Շատ կարեւոր է ժամանակին նկատել նրա տագնապը, վախը եւ օգնել հանգստանալու (խոսել նրա հետ, փաղաքշել կամ որեւէ կերպ շեղել ուշադրությունը)։ Մինչեւ մեկ տարեկան փոքրիկին կարելի է օրորել ձեռքերի վրա կամ մահճակալի մեջ։
• Սահմանեք թույլատրելիի հստակ շրջանակներ։ Արգելքները պետք է ոչ թե շատ լինեն, այլ` անփոփոխ (օրինակ` երբեք չի կարելի բարձրանալ պատուհանագոգի վրա, սալօջախի վրայից կաթսա վերցնել կամ բացել դեղատուփը)։
• Երեխայի կյանքը պետք է բազամազան լինի, հագեցած հետաքրքիր տպավորություններով ու խաղերով, սակայն ոչ գերբեռնված։ Աշխույժ գործունեությունն ու առավել հանգիստ զբաղմունքները պետք է հերթագայեն միմյանց։
• Մի վախեցեք ավելորդ անգամ գովել նրան` վատ, տխուր մտքերը ցրելու համար։
• Խրախուսեք շփումներն այլ երեխաների հետ։
• Եթե երեխան կրծում է եղունգները, ապա անհրաժեշտ է նվազեցնել մտավոր ծանրաբեռնվածությունը, քանի որ այդ սովորությունը ցույց է տալիս մտավոր եւ հուզական մեծ լարվածություն, ինչպես նաեւ տագնապի բարձր աստիճան։
• Վերահսկեք երեխայի հեռուստացույց նայելու գործընթացը։ Մասնագետները խորհուրդ են տալիս քիչ նայել կամ ընդհանրապես հեռու պահել մինչեւ յոթ տարեկան երեխաներին մարտաֆիլմերից, սարսափ ֆիլմերից, նորությունների թողարկումներից եւ, նույնիսկ, դաժան տեսարաններ պարունակող մուլտֆիլմերից։ Նույնը վերաբերում է նաեւ համակարգչային խաղերին` ավելի քիչ կրակոցներ ու ծեծկռտուք, ավելի շատ` տրամաբանությունն ու մտավոր ունակությունները զարգացնող խաղեր։ Չի կարելի փոքրիկների համար կարդալ նաեւ սարսափելի պատմություններով եւ նկարներով գրքեր։

← Վերադառնալ ցուցակին