ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Անվտանգությունը ննջարանում

10:41 / 26.05.2015

Բնակարանի այս սենյակում փոքրիկները չափազանց շատ ժամանակ են անցկացնում՝ ուտում, քնում, խաղում եւ այլն։ Սենյակը պետք է լավ լուսավորվի եւ մշտապես օդափոխվի։ Այնտեղ երեխաների համար առկա վտանգներից խուսափելու համար հիշեք՝

• երեխայի մահճակալը պետք է կոշտ ներքնակ ունենա եւ ոչ այնքան փափուկ բարձ.
• սավանը պետք է եզրերից ժապավենների օգնությամբ ձգել-ամրացնել ներքնակի տակ.
• փոքրիկի մահճակալը շրջապատող ճաղերը պետք է առնվազն 60 սմ բարձրություն ունենան, իսկ ձեողերի միջեւ եղած հեռավորությունը չպետք է գերազանցի 7 սանտիմետրը.
• երեխայի մահճակալը տաքացնելու համար չի կարելի օգտվել էլեկտրական ծածկոցներից կամ ջեռուցիչներից.
• սենյակում դրված շարժական էլեկտրական վառարանների նկատմամբ պետք է չափազանց ուշադիր լինել.
• փոքրիկի վզից չի կարելի շղթաներ, թելեր կամ ժապավեններ կապել, հատկապես եթե պատրաստվում եք նրան քնացնել. դրանց պատճառով երեխան կարող է շնչահեղձ լինել.
• նորածին երեխաների նկատմամբ հատկապես ուշադիր պետք է լինել գիշերը, քանի որ փոքրիկը կարող է քնած ժամանակ խեղդվել.
• փոքր երեխային չի կարելի քնացնել ծնողների հետ նույն մահճակալին. մեծահասակները կարող են իրենք մարմնով ընկնել երեխայի վրա եւ վնասել նրան, բացի այդ՝ դա նաեւ հիգիենայի կանոնների խախտում է.
• սենյակում գտնվող բոլոր պահարանների դռներն ու դարակները պետք է բանալիով փակել, իսկ բանալին պահել երեխայի համար անհասանելի վայրում.
• զարդասեղանի վրայից պետք է հավաքել բոլոր գեղարարական պարագաները (օծանելիք, շրթներկ, դիմափոշի, կրեմներ, խարտոց, մկրատ, ունելի, հերակալներ եւ այլն) եւ զարդերը (հատկապես մանր ուլունքներով, որոնք երեխան կարող է տանել բերանը, ականջը կամ քիթը).
նույնը վերաբերում է նաեւ դեղամիջոցներին, որոնք երբեմն ծնողները թողնում են ցածր սեղանների վրա։

← Վերադառնալ ցուցակին