ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Ինչպես պահպանել երեխայի տեսողությունը

12:06 / 26.05.2015

Ժառանգականությունը, վատ էկոլոգիական պայմանները, բնածին կամ ձեռքբերովի հիվանդություններն այն հիմնական գործոններն են, որոնց ազդեցությամբ ձեր փոքրիկի տեսողությունը կարող է այնքան սուր չլինել։ Ցավոք, երբեմն ծնողները շատ քիչ ջանքեր են գործադրում դրանց ազդեցությունը չեզոքացնելու համար։ Մյուս կողմից՝ դրանց վնասակար ազդեցությունը հաճախ շատ են չափազանցնում։

Կան նաեւ փոքրիկի տեսողության վրա ազդող այլ պատճառներ՝ լիամետրաժ մուլտֆիլմերը, գրավիչ համակարգչային խաղալիքները, մայրիկների չափազանց եռանդուն ջանքերը՝ ուղղված երեխայի վաղ զարգացմանը, ծանրաբեռնվածությունը դպրոցում, ոչ մանկական գրքերի ընթերցանությունը, որոնց տպագիր տառատեսակը հարմար չէ երեխայի աչքերին եւ այլն։ Սրանց ազդեցությունը փոքրիկի աչքերի վրա շատ ավելի մեծ է, բայց բարեբախտաբար կարող է ծնողների օգնությամբ չեզոքացվել։
Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել եւ ինչի՞ մասին պետք է հիշել, որպեսզի հետագայում ակնաբույժին դիմելու կարիք չլինի։ Իսկ եթե պահն արդեն բաց եք թողել, եւ երեխայի տեսողությունն սկսել է վատանալ, ապա ինչպե՞ս կանգնեցնել կամ գոնե դանդաղեցնել այդ գործընթացը։
Այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների ամբողջությունն ակնաբույժներն անվանում են տեսողության հիգիենա։ Նրանց խորհուրդները կարելի է բաժանել որոշակի խմբերի՝ կախված վնասակար ազդեցության գործոններից։

Հեռուստացույց.
Մինչեւ յոթ տարեկան երեխաների համար հեռուստացույց դիտելու ժամանակը չպետք է գերազանցի օրական 30-40 րոպեն, ավելի մեծ տարիքի երեխաների համար՝ 1,5-3 ժամը։
Երեխայի եւ հեռուստացույցի միջեւ եղած հեռավորությունը պետք է հեռուստացույցի էկրանի անկյունագիծը գերազանցի հինգ անգամ։ Օրինակ՝ 72 սմ անկյունագծով էկրան ունեցող հեռուստացույցը փոքրիկը պետք է դիտի մոտ 3,5 մետր հեռավորությունից։ Եթե սենյակի չափերը թույլ չեն տալիս դա իրականացնել, ապա ընտրեք էկրանի ավելի փոքր տրամագիծ ունեցող հեռուստացույց։
Ի դեպ, ակնաբույժների կարծիքով հեռուստացույցի տեսակը (էլեկտրոնային-ճառագայթող, հեղուկ-բյուրեղային եւ այլն) որեւէ կերպ չի ազդում աչքերի ծանրաբեռնվածության վրա (ինչ էլ որ գովազդեն արտադրողները)։

Համակարգիչ.
Ակնաբույժները միաբերան պնդում են. <<Մինչեւ դպրոց հաճախելը ոչ մի համակարգիչ>>։ Բնական է, որ մեր ժամանակներում, երբ գրեթե յուրաքանչյուրի տանը համակարգիչ կա, դրա օգտագործումը լիովին արգելելը չափազանց դժվար է։ Սակայն կարելի է սահմանափակել։ Եթե ձեր ընտանիքում կան տեսողության հետ կապված ժառանգական խնդիրներ, ապա այս հարցում անհրաժեշտ է ավելի խիստ լինել։ Եթե ամեն ինչ նորմալ է, ապա ակնաբույժները խորհուրդ են տալիս 7-9 տարեկան երեխաներին համակարգչի առջեւ օրական անցկացնել 15 րոպեից ոչ ավելի։ Տասը տարեկանից մեծ երեխաների համար այդ ժամանակն աստիճանաբար կարելի է հասցնել մինչեւ օրական 1,5 ժամի, բայց անպայման ընդմիջումներով, որոնց ընթացքում պետք է աչքերի վարժություններ կատարել։ Դրանց մասին կպատմենք քիչ ավելի ուշ։

Ընթերցանություն.
Կարդալիս աչքերը պետք է գրքից 30-33 սմ հեռու լինեն։ Գրքի էջերը պետք է վերեւից եւ ձախ կողմից լավ լուսավորված լինեն։ Որքան երեխան փոքր է, այնքան խիստ են գրքի տպագրությանը ներկայացվող պահանջները։ Դրանք են՝ մշուշոտ ֆոնը, սպիտակ տառեր սեւ գունավոր ֆոնի վրա, մանր տառատեսակ, լայն լուսանցքներ։ Այս ամենից պետք է խուսափել։

Ծանրաբեռնվածություն.
Յուրաքանչյուր ծնող ուզում է, որ իր երեխաները լինեն ամենա-ամենալավը։ Դա բնական է, սակայան պետք չէ մոռանալ չափի մասին։ Փոքր տարիքում ընթերցանությամբ, նկարչությամբ եւ քիչ շարժունակություն պահանջող զբաղմունքները պետք է անպայման հաջորդել մաքուր օդում աշխույժ վարժություններով։ Նույնը վերաբերում է նաեւ կրտսեր դպրոցի աշակերտներին։ առաջին դասարանում, երբ աչքերին բաժին ընկնող ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծանում է, դրան ավելացրած չոր ու անհարմար կահույքին երկար նույն դիրքով նստելը, դասասենյակի վատ լուսավորությունը երեխային մշտական սթրեսի են ենթարկում։
Այս պարագայում ի՞նչ կարող են անել ծնողները։ Առաջին հերթին, պետք չէ երեխային կշտամբել վատ գնահատականների համար եւ դրանով ավելի խորացնել սթեսային վիճակը։ Յուրաքանչյուր քառորդի վերջում ակնաբույժի մոտ ստուգեք երեխայի տեսողությունը։ Աշխատեք տեսողության հիգիենան պահպանել նաեւ տանը։
Ուսուցիչներն ու մայրիկները հարկ է իմանան, որ երեխան ծնվում է ոչ այնքան սուր տեսողությամբ։ Այն կարգավորվում է մոտավորապես յոթ տարեկանում։ Դա է այն պատճառներից մեկը, որ յոթ տարեկանից դպրոց գնալն ավելի նախընտրելի է։

Օրվա ոչ ճիշտ ռեժիմ.

Սա առաջին հերթին վերաբերում է գործունեության նստակյաց տեսակների չափազանց մեծ քանակությանը։ Ուշադրություն դարձրեք նրան, որ օրվա ընթացքում երեխան պետք է անպայման գնա զբոսնելու (7-9 տարեկան երեխան 2-3 ժամից ոչ պակաս), լավ քնի (նույն տարիքի համար 10 ժամից ոչ պակաս), ինչպես նաեւ շատ ցանկալի են մարզական պարապմունքները (այս պարագայում առավել նախընտրելի է լողը, ոչ թե շախմատը)։

Աչքերը եւ սնունդը.

Աչքի այն մկանները, որոնք հերթականությամբ են աշխատում, երբ երեխան մե՛կ հեռու է նայում, մե՛կ մոտիկ, չափազանց թույլ են։ Դրանք պետք է հատուկ վարժություններով եւ օգտակար նյութերով հարուստ սննդի միջոցով ամրացնել։ Այս առումով ակնաբույժների սիրելին գազարն է։ Անհրաժեշտ է միայն հիշել, որ առանց ճարպերի օգնության կարոտինը լավ չի յուրացվում։ Սա նշանակում է, որ գազարը պետք է շոգեխաշել կամ թթվասերով ու բուսական յուղով աղցաններ պատրաստել։ Գազարից բացի, բժիշկները խորհուրդ են տալիս տեսողությունը լավացնելու համար նաեւ շատ ուտել ծիրանաչիր, խուրմա, պոմիդոր, հաղարջ, չիչխան, հապալաս, կիտրոն եւ այլն։

Աչքերն ու դպրոցը.

Սպիտակ ժապավեններ, մեծ ծաղկեփունջ, վառ ժպիտներ... Սովորաբար սեպտեմբերի 1-ից ավելի շատ սա է տպավորվում: Դա, իհարկե, շատ լավ է, սակայն հաճախ ծնողները մոռանում են, որ դեռ երեկ բակում անհոգ վազվզող երեխայի փոքրիկ, թույլ ուսերին այդ օրվանից շատ մեծ ծանրաբեռնվածություն է ընկնում։ Մաքուր օդին անցկացվող աշխույժ խաղերը փոխարինվում են հաճախ անհարմար հագուստով, նեղլիկ դասասենյակում ժամերով անշարժ նստելով։ Սենյակի լուսավորությունը լավը չէ, գրատախտակը փայլում է դրա վրա ընկնող արեւի ճառագայթներից, եւ իր լրումն դրան՝ փոքրիկը պետք է ինչ-որ բան գրի տետրի նեղ ու հաճախ լավ չերեւացող տողերի վրա։ Որոշ ծնողներ երեխային ստիպում տնային աշխատանքները կատարելիս նախ մի քանի անգամ սեւագրություն անել, ապա արտագրել այն տետրի մեջ, որն աչքերի համար կրկնակի լարվածության պատճառ է։
Զարմանալի չէ, որ շատ փոքրիկների տեսողությունը դպրոց գնալուց հետո աստիճանաբար սկսում է թուլանալ։ Առավել զարմանալի է այն, որ նրանցից ոմանք կարողանում են պահպանել սուր աչքը։
Այսպիսով, կրտսեր դպրոցի երեխաների աչքերը ենթարկվում են լուրջ ծանրաբեռնվածության, որին նրանք բոլորովին պատրաստ չեն։ Պատկերացնելու համար, թե դա ինչի կարող է հանգեցնել, եկեք ծանոթանանք աչքի կառուցվածքին ու որոշ հատկություններին։

Մարդկային աչքն օպտիկական համակարգ է, որը պատկերը հստակեցնելու համար դրվում է շարժման մեջ։ Այդ առումով այն կարելի է համեմատել հեռադիտակի հետ։ Այն ունի պատկերի հստակությունը կարգավորող <<պտուտակ>>, որի միջոցով մարդը կարողանում է լավացնել պատկերի որակը։ Աչքի համար այդպիսի <<պտուտակի>> դեր են կատարում մկանները, որոնք հետ ու առաջ են շարժում աչքի բյուրեղիկը։ Սակայն ինչպես եւ յուրաքանչյուր մկան, դրանք նույնպես կարող են երկարատեւ լարված աշխատանքի ու ծանրաբեռնվածության հետեւանքով <<հոգնել>>։ Այդ ժամանակ աչքը կորցնում է պատկերի շարժմանը կամ փոփոխություններին արձագանքելու ընդունակությունը։ Եթե մկաններին թուլանալու եւ հոգնածությունը թոթափելու հնարավորություն չտրվի, ապա երեխայի տեսողությունը կվատանա։
Շատ հաճախ բժիշկները դա անվանում են <<սուտ կարճատեսություն>> կամ հոգնած աչքերի ախտանիշ։ Այս ախտորոշման միակ մխիթարական հանգամանքն այն է, որ սա դեռ անդառնալի գործընթաց չէ եւ հնարավոր է կանխել։ Սակայն եթե ժամանակին բժշկի չդիմել, այն կարող է վերածվել իսկական կարճատեսության։

Ինչպե՞ս օգնել հոգնած աչքերին։ Հաճախ բժիշկներն աչքի բիբը լայնացնող կաթիլներ են նշանակում։ Մկանների վրա դրանք թուլացնող, հանգստացնող ազդեցություն են ունենում։ Իսկապես, 7-10 օր տեւող այդպիսի բուժումից հետո զգալի դրական արդյունք է լինում, եւ երեխայի տեսողությունը լավանում է։ Սակայն արդյոք այդ արդյունքը կայու՞ն է։ Ակնաբույժների դիտարկումներով դրանից հետո նույն խնդիրները վերսկսվում են, եւ երեխայի տեսողությունն սկսում է ավելի արագ վատանալ։ Դա լինում է այն պատճառով, որ աչքի մկաններն արհեստականորեն հանգստացնելը դրանք մարզելու փոխարեն ավելի է թուլացնում։ Ներկայումս բժիշկները խորհուրդ են տալիս հույսը չդնել միայն աչքի հանգստացնող կաթիլների վրա եւ օգտվել բուժման ավելի երկարատեւ ու կայուն արդյունք տվող եղանակներից։ Դրանցից են.

- տեսողության հիգիենայի պահպանումը.
- երեխայի ֆիզիկական աշխուժության ապահովումը՝ օրգանիզմի ընդհանուր թուլացման եւ կոփման համար (այդ նպատակի համար օգտակար է լողով զբաղվելը).
- լիարժեք ամառային հանգիստ քաղաքից դուրս՝ բնության գրկում.
- մերսումները, քանի որ տեսողության վատացման պատճառներից մեկն էլ կարող է լինել սկոլիոզը.
- կարոտինով (գազար, խուրմա, ծիրանաչիր) եւ C վիտամինով (կիտրոն, հապալաս, հաղարջ եւ այլն) հարուստ սնունդը։

Ճիշտ է՝ այս ամենի արդյունքը շատ ավելի դանդաղ կերեւա, բայց դրա փոխարեն ավելի կայուն ու երկարաժամկետ կլինի եւ առանց երեխայի առողջությանը որեւէ վնաս պատճառելու։ Եւս մեկ կարեւոր հանգամանք։ Այս խորհուրդներն ուղղված են օրգանիզմի ընդհանուր կոփմանը, այլ ոչ թե միայն աչքերին կամ տեսողության լավացմանը։
Ուշադիր եղեք ձեր փոքրիկի նկատմամբ, որպեսզի կարողանաք ժամանակին կանխել տեսողության եւ ոչ միայն դրա հետ կապված բոլոր խնդիրների առաջացումը։

← Վերադառնալ ցուցակին