ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Մի հայտնագործության պատմություն

10:45 / 26.05.2015

Հեծանիվը. որպես տրանսպորտի համեմատաբար թեթեւ, մատչելի եւ էկոլոգիապես մաքուր միջոց, մեծ տարածում ունի Եվրոպայի շատ քաղաքներում։ Թե՛ մեծահասակները, թե՛ փոքրերը ծանր ու մեծ ավտոմեքենաների փոխարեն գերադասում են աշխատանքի կամ դասի գնալ տրանսպորտի այս տեսակով, որը կարելի է պահել նույնիսկ տան միջանցքում։

1817 թ. գերմանացի գյուտարար բարոն Կառլ Դրեյզը ստեղծում է առաջին հեծանիվը, որն անվանում են <<քայլելու մեքենա>>։ Այն ուներ ղեկ ու նստելու համար նախատեսված տեղ։ Հետագայում այն սկսում են կոչել <<դրեզինա>> բարոն Դրեյզի անունով, որը 1818 թ. պաշտոնապես արտոնագրում է իր գյուտը։

1839-40 թթ. շոտլանդացի դարբին Քիրքփաթրիք Մաքմիլանն այն կատարելագործում է եւ ոտնակներ ավելացնում։ Հեծանիվի հետեւի անիվն ամրացվում էր ոտնակին, հեծանվորդը նստում էր երկու անիվների արանքում, իսկ առջեւի անվին ղեկ էր ամրացվում։

Մի քանի տարի անց անգլիացի ինժեներ Թոմփսոնն արտոնագրման է ներկայացնում հեծանիվի ռետինե փչովի անվադողերը։ Սակայն այդ տարիներին նրա նորամուծությունը տեխնիկապես շատ թերություններ ուներ եւ լայն տարածում չի գտնում։

1867 թ. սկսվում է հեծանիվների զանգվածային արտադրությունը, իսկ Պիեռ Միշոն հորինում է <<հեծանիվ>> (ռուսերեն` ՉպսՏրՌտպՊ) անվանումը։

19-րդ դարի 70-ական թվականներին տարածվում են զվարճալի <<փեննի-ֆարթինգ>> անունով հեծանիվները։ Այդ անվանում նրանք ստացել էին տարբեր չափի անիվներ ունենալու պատճառով, քանի որ անգլիական ֆարթինգ մետաղադրամը շատ ավելի փոքր էր, քան փեննին։ Սակայն այս հեծանիվով երթեւեկելն այնքան էլ անվտանգ չէր, քանի որ նրա ծանրության կենտրոնը գտնվում էր մեջտեղում, ու հեծանվորդի համար հավասարակշռություն պահելը չափազանց դժվար էր։ Այդ պատճառով ստեղծվում է դրա այլընտրանքային, եռանիվ տարբերակը։

Տրանսպորտի այս թեթեւ ու մատչելի միջոցի զարգացման հաջորդ կարեւոր քայլը մետաղական ճաղերով անիվների գյուտն էր, որի հեղինակը Կաուպեր ազգանունով մի գյուտարար էր։ 70-ական թվականների վերջին անգլիացի Լոուսոնը գտնում է անվաշղթայով շարժումը փոխանցելու եղանակը։

1884 թ. կրկին անգլիացի գյուտարար Ջոն Քեմփ Սթարլին ստեղծում է արդեն ներկայիս հեծանիվներին շատ նման մի հեծանիվ։ Այն կոչվում էր <<Ռովեր>>, ուներ անվաշղթա, երկու նույն մեծության անիվ, իսկ նստատեղը գտնվում էր անիվների մեջտեղում։ <<Ռովերը>> դրվում է զանգվածային արտադրության եւ այնքան տարածվում Եվրոպայում, որ լեհերենում բոլոր հեծանիվները սկսում են կոչել ռովեր։ Իմիջիայլոց, սա նաեւ այժմ բոլորին լավ հայտնի <<Ռովեր>> մակնիշի ամենագնաց ավտոմեքենայի նախահայրն է, որն արտադրում է համանուն կոնցեռնը։

1888 թ. շոտլանդացի Բոյդ Դանլոփը ստեղծում է կաուչուկից աատրաստվող անվադողերը։ Դրանք, ի տարբերություն ռետինե անվադողերի, տեխնիկապես ավելի կատարյալ էին եւ հուսալի։ Այժմ հեծանիվ քշելն անհամեմատ ավելի հարմար էր ու անվտանգ։ 19-րդ դարի 90-ական թվականները համարում են <<հեծանիվների ոսկեդար>>։
 

Մեկ տարի անց գյուտարարները ստեղծում են արգելակման ոտնակը եւ հեծանիվի ազատ ընթացքի մեխանիզմը, որը հեծանվորդին հնարավորություն էր տալիս անընդհատ չպտտել ոտնակներն ու երբեմն հանգստանալ։ Գրեթե միաժամանակ ստեղծվում է նաեւ արգելակման ձեռքի մեխանիզմը։

1878 թ. պատրաստվում է առաջին ծալվի-փակովի, իսկ հետո` ալյումինե հեծանիվը։

1895 թ. պատրաստվում է առաջին ռիկամբենտը։ Այս հեծանիվը կարելի էր վարել համարյա պառկած վիճակում։ Ինը տարի անց ֆրանսիական հայտնի <<Պեժո>> ընկերությունը սկսում է հեծանիվների այս տեսակի զանգվածային արտադրությունը։

1915 թ. հատուկ իտալական բանակի համար արտադրվում են հեծանիվներ, որոնք առջեւից ու հետեւից զամբյուղներ ունեին։ 

Տարիների ընթացքում հեծանվի սիրահարները շարունակում են կատարելագործել տրանսպորտի այս տեսակը` ավելացնելով ոտքով արգելակման եւ արագությունը կարգավորող մեխանիզմները։ Փոխվում են նաեւ հեծանիվի պատրաստման նյութերը` պողպատ, տիտան, ավելանում է արագության փոփոխությունը վերահսկող համակարգիչ, որի հեղինակը 1950-ական թվականներին իտալացի հայտնի հեծանվորդ եւ գործարար Տուլիո Կամպանյոլոն էր։

Հեծանիվը համարում են նաեւ առողջ ապրելակերպի խորհրդանիշներից մեկը, քանի որ այն օգնում է մարզել մկանները ու չի աղտոտում շրջակա միջավայրը։

← Վերադառնալ ցուցակին