ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Մենք պայմանավորված ենք

10:39 / 26.05.2015

Երեխան ծննդյան տոնի կամ մեկ այլ միջոցառման է հրավիրված: Նա ուրախ-ուրախ պատրաստվում է, իսկ մայրիկը ծանր հոգոց է հանում՝ կանխազգալով սպասումի երկար ժամեր, հերթապահություն պատուհանի մոտ եւ ժամացույցին նետված անհանգիստ հայացքներ, հատկապես, եթե արդեն մթնում է: Չէ՞ որ այդ ժամանակ երեխան մտածում է միայն որքան հնարավոր է արագ տուն հասնելու մասին: Նրա համար արդեն այդքան էլ էական չէ նա հարեւան շենքում է, թե քաղաքի մյուս ծայրում: Արագ տուն հասնելու համար երեխան կարող է ընտրել առավել կարճ, բայց ոչ այնքան անվտանգ ճանապարհը:

Ձեզ եւ ձեր փոքրիկին տհաճ իրավիճակներից զերծ պահելու համար կարող եք նախապես պայմանավորվել, որպեսզի ճանապարհին հանդիպեք եւ ուղեկցեք նրան տուն: Բնականաբար, երբ երեխան դեռեւս փոքր է դա ինքնստինքյան այդպես է լինելու, սակայն ի՞նչ անել, եթե նա արդեն ոչ թե յոթ կամ ինը, այլ 15-16 տարեկան է: Այդ դեպքում, ամենայն հավանականությամբ, նա ձեր առաջարկությունը սվիններով կդիմավորի՝ ասելով, որ ինքն արդեն փոքր չէ: Այստեղ նրան համոզելու ամենակարեւոր փաստարկներից մեկը կարող է լինել այն, որ դուք միշտ ուղեկցում եւ դիմավորում եք ձեր տիկնոջը կամ մայրիկին՝ չցանկանալով նրանց ենթարկել ավելորդ վտանգի: Վստահեցրեք նրան, որ իր ընկերները չեն իմանա, որ ծնողները եկել են նրա հետեւից: Օրինակ, եթե երեխան գտնվում է ընկերներից կամ ընկերուհիներից մեկի տանը, եւ մութն արդեն ընկել է, ապա նա պետք է զանգահարի տուն եւ ասի, որ 15-20 րոպեից պատրաստվում է դուրս գալ: Դա ծնողների համար ազդանշան կլինի, որ ժամանակն է գնալ նրան դիմավորելու: Սակայն դա պետք է անել ոչ թե ձեր, այլ ընկերոջ (ընկերուհու) տան շենքի մուտքի, իսկ ավելի լավ է բնակարանի մոտ: Կարիք չկա նրան ընկերների մոտ անհարմար դրության մեջ դնել: Անհրաժեշտ է այնպես կանգնել, որ նրանք ձեզ չնկատեն, բայց ձեր տեսադաշտն ազատ լինի: Սպասեք, որ բնակարանի դուռը փակվի, եւ նոր միայն մոտեցեք երեխային: Եթե դուք նրա ընկերոջ ընտանիքի հետ մտերիմ հարաբերություններ ունեք, ապա կարող եք ներս մտնել եւ երեխայի հետ դուրս գալ: Եթե այդ տունը հեռու է գտնվում, ապա երեխան ձեզ պետք է հայտնի այնտեղից դուրս գալու ստույգ ժամը, որպեսզի դուք հանդիպումից չուշանաք, եւ նա ստիպված չլինի ձեզ սպասել: Եթե նա զանգելու հնարավորություն չունի, ապա հանդիպման տեղն ու ժամը նախապես որոշեք: Դա պետք է լինի լավ լուսավորված վայր: Չմոռանաք, որ դեպի հանդիպման վայրը տանող ճանապարհը նույնպես պետք է մարդաշատ եւ լավ լուսավորված լինի: Խորհուրդ չի տրվում հանդիպում նշանակել զբոսայգիների, քաղաքի անտառային հատվածների, կամրջի կամ կամարի տակ եւ, ընդհանրապես, այնպիսի վայրերում, որտեղ կարող են հավաքվել զանազան արկածախնդիրներ: Աշխատեք բաց տարածք ընտրել, օրինակ՝ ավտոբուսի կանգառը կամ մետրոյի սպասասրահը, որտեղ շատ մարդիկ կան, եւ որտեղ երեխան կարող է վտանգի դեպքում տեղի հերթապահներից կամ ոստիկաններից օգնություն խնդրել: Լավ կլինի, որ դուք նշանակված ժամից 10-15 րոպե շուտ գաք:

Եթե երեխան պետք է գա էլեկտրագնացքով կամ մետրոյով, ապա պայմանավորվեք հանդիպել գնացքի կառամատույցին, օրինակ՝ առաջին վագոնի մոտ: Բացատրեք նրան, որ ավելի լավ է տեղ գրավել որեւէ ընտանեկան զույգի կամ երեխա ունեցող կնոջ կողքին, քան թե երիտասարդների աղմկոտ ընկերախմբի: Եթե երեխան շփվող է եւ հնարավոր է, որ ճանապարհին զրույցի բռնվի ուղեւորներից որեւէ մեկի հետ, ապա նա ոչ մի դեպքում չպետք է հայտնի իր ուղեւորության վերջնական կետը: Չի կարելի օգտվել գնացքում առաջարկվող հյուրասիրությունից, քանի որ հաճելի եւ զրուցասեր ուղեւորը (ավելի հաճախ՝ ուղեւորուհին) կարող է պարզապես հանցագործների կողմից լարված թակարդի խայծը լինել, որը փնտրում է նրանց հերթական զոհին: Դուրս գալով գնացքից՝ երեխան պետք է ձեզ ձեռքով անի եւ բարձր բղավի. «Հայրի՛կ (մայրիկ), ես այստեղ եմ», որից հետո դուք կարող եք ընդառաջ գնալ նրան:

Երեխան կարող է հանդիպման մասին պայմանավորվել նաեւ իր ընկերների հետ: Այս պարագայում եւս ժամադրության վայրի ընտրությունը պետք է կատարվի վերը նշված չափանիշներով: Եթե որոշ ժամանակ անց երեխան վերադառնում է եւ ասում, որ հանդիպումը չի կայացել, ապա անհրաժեշտ է զանգահարել ընկերոջ (ընկերուհու) ծնողներին: Այդպիսով նա կարող է պարզել ընկերոջ ուշացման կամ չգալու պատճառը, ինչպես նաեւ հնարավոր վտանգի մասին ժամանակին զգուշացնել նրա ծնողներին:

Եթե երեխան ցանկանում է աշխատանքից հետո ձեզ հանդիպել, ապա մանրամասն բացատրեք նրան, թե ինչպես, որ համարի տրանսպորտով նա կարող է գալ ձեր աշխատավայր: Ասացեք նաեւ, թե դուք, սովորաբար, որ ճանապարհով եք տուն վերադառնում, եւ ինչպես ինքը կարող է գնալ տուն: Եթե ճանապարհն անվտանգ չէ (աշխույժ երթեւեկություն, հետիոտների համար նախատեսված անցումներ չկան, շենքը գտնվում է փակուղու մոտ եւ այլն), ապա կարող եք հանդիպել կանգառում, որտեղ կանգնում է այն տրանսպորտը, որով գալու է երեխան: Խնդրեք նրան տանից դուրս գալուց առաջ անպայման զանգահարել ձեզ:

Ուզում ենք հավատալ, որ ինչ էլ որ պատահի, դուք եւ ձեր երեխան երբեք չեք կորցնի միմյանց:

← Վերադառնալ ցուցակին