ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Վանդակի երկու կողմում

11:32 / 26.05.2015

Ամառային արձակուրդների ժամանակ կենդանաբանական այգին երեխաների ամենասիրելի ու հետաքրքիր զբոսավայրերից է։ Ու որպեսզի կենդանիների հետ մեր շփումը ոչ մի բանով չմռայլվի, անհրաժեշտ է կենդանաբանական այգի այցելելիս եւս պահպանել անվտանգության կանոնները։ Հարկ չկա նաեւ <<առանց նրանց համաձայնության>> փորձել փաղաքշել կամ խաղալ կենդանիների հետ։

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի կենդանաբանական այգում սատկած գետաձիուն հերձելիս նրա ստամոքսում երեք տասնյակից ավելի տարբեր մետաղե առարկաներ են հայտնաբերել` մեխեր, մետաղադրամներ, գրպանի ծալովի դանակներ, պտուտակներ, եղունգների խարտոցներ, ակնոցի շրջանակ, թեյի գդալ եւ այլն։

Աշխարհի գրեթե բոլոր կենդանաբական այգիներում վանդակների վրա մեծ-մեծ տառերով գրված է <<ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻՆ ՉԿԵՐԱԿՐԵ՛Լ>>, բայց այնուամենայնիվ այգի ուղեւորվելիս թե՛ մեծահասակները, թե՛ երեխաները քաղցրավենիքի ու մրգեղենի մեծ պաշար են հավաքում` հատուկ գազաններին կերակրելու համար։ Առավել <<հնարամիտները>> հաջողացնում են վառվող ծխախոտը տալ կապիկների ձեռքը կամ ճաղերի արանքից կենդանուն գարեջուր խմեցնել։ Իսկ թե ինչ կլինի խեղճ կենդանու հետ դրանից հետո, նման <<կենդանասերներին>> չի հետաքրքրում։

Երբեմն գազանները վրեժ են լուծում մարդկանցից` իրենց ծաղրելու համար։ Դժբախտ պատահարներ տեղի են ունենում նաեւ կենդանաբանական այգիներում։ Օրինակ` Քեյփթաունի կենդանաբանական այգում ջայլամը կտցահարում է իրեն նյարդայնացնող զբոսաշրջիկի աչքը, իսկ կենգուրուն հարձակվում է լուսանկարչի վրա ու այնպիսի աքացի տալիս, որ վերջինս տապալվում է գետնին, իսկ տեսախցիկը գնդակի պես թռչում է հեռու։

Մայրական բնազդ

Չիկագոյի կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքը կարող էր շատ ավելի լուրջ հետեւանքներ ունենալ, եթե բնությունն ինքը չհասներ օգնության։ Երեխային այգի բերած մայրը մի պահ թուլացնում է զգոնությունը, եւ չարաճճի փոքրիկը, օգտվելով առիթից, բարձրանում է գորիլաների ազատավանդակի եղեգնյա ցանկապատի վրա։ Եւս մի քանի ակնթարթ, ու փոքրիկն ընկնում է հսկա կապիկների վանդակի մեջ։ Բարեբախտաբար, երեխան ընկնում է էգ կապիկի կողքին, որն այդ ժամանակ իր ձագին էր խնամում։ Մայրիկ-գորիլան անմիջապես իր հովանավորության տակ է առնում <<երկնքից ընկած>> երեխային։ Նա ոչ միայն ինքը չի վնասում փոքրիկին, այլեւ` մյուս գորիլաներին թույլ չի տալիս նրան մոտենալ։ Այգու արագ վրա հասած աշխատակիցները կարողանում են երեխային զգուշորեն վերցնել էգ գորիլայի ձեռքից եւ հանձնել սեփական մայրիկին, իսկ Բիթի անունով գորիլան դառնում է կենդանաբանական այգու <<աստղը>>։

***
Մի քանի տարի առաջ Եկատերինբուրգի այգում ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մի խումբ երիտասարդներ հավաքվել էին արջերի վանդակի մոտ։ Հանկարծ աղջիկներից մեկը որոշում է խմորեղեն հյուրասիրել։ Նա բարձրանում է մետաղե ցանկապատի ճաղերի վրա եւ թխվածքի կտորը մեկնում գազանին։ Վերջինս ընդունում է հյուրասիրությունը` խմորեղենի հետ կծելով նաեւ աղջկա մատները։
***
Շվեդիայի կենդանաբանական այգիներից մեկում, որտեղ ինչպես հայտնի է վանդակները շատ քիչ են, առյուծը հարձակվում է մի զբոսաշրջիկի վրա, որն անխելքություն էր ունեցել դուրս գալ ավտոմեքենայից` <<գազանին շոյելու համար>>։

***
Վերջերս էլ Մոսկվայի կենդանաբանական այգում փիղը պատահաբար ոտնատակ է արել այնտեղ աշխատող մի կնոջ։ Էգ փղին պատրաստվում էին Իսպանիա ուղարկել եւ բեռնատարը բարձրանալու ժամանակ կենդանին անզգուշաբար ոտքը դնում է իր կողքին կռացած 40-ամյա կնոջ վրա։

Անհրաժեշտ է հիշել, որ այգու բնակիչները վայրի գազաններ են, որոնք անկախ մարդկանց խնամքից ու վանդակների առկայությունից, շարունակում են վտանգավոր մնալ։
Վանդակների կողքին չի՛ կարելի բարձր խոսել, բղավել, գոռգոռալ։

Չի՛ կարելի ծաղրել կենդանիներին կամ ծամածռություններ անել, քանի որ դա կարող է գազաններին նյարդայնացնել (ինչպես մարդկանց), իսկ կողքից նայողի գլխում կարող է հարց առաջանալ, թե արդյոք ճաղերի ո՞ր կողմում է գտնվում մարդը, որտեղ` կենդանին։

Չի՛ կարելի դիպչել վանդակների ճաղերին կամ մատները, ձեռքերը մտցնել վանդակից ներս։

Արգելվում է նաեւ բարձրանալ վանդակների շուրջ եղած ցանկապատերի վրա կամ կախվել դրանցից, որոնք կարող են չդիմանալ մարմնի ծանրությանը եւ փլվել։ Դրա հետեւանքով երեխան կարող է հայտնվել ազատավանակի մեջ կամ դրան մոտիկ վտանգավոր գոտում։

Չի կարելի վանդակների մեջ օտաչ առարկաներ նետել (ապակե շշեր, ծխախոտի տուփեր, պոլիէթիլենի տոպրակներ, սննդի մնացորդներ եւ այլն), ինչպես նաեւ կենդանիներին <<հյուրասիրել>> կոնֆետներով (մանավանդ, եթե դրանք փաթաթված են թղթով), հյութերի մետաղե բանկաներով, անձեռոցիկների կտորներով եւ այլ առարկաներով։

Ճիշտ է` կենդանաբանական այգում արգելվում է կերակրել գազաններին, սակայն երբեմն թույլատրվում է որոշ կենդանիների կամ թռչունների մի փոքր հյուրասիրել, որովհետեւ երեխայի համար դա մի մեծ իրադարձություն կարող է լինել, եթե, օրիակ, կապիկն ուտի հատկապես իր տված խնձորը։ Կապիկներին խորհուրդ տրվում կերակրել քիչ քանակությամբ եւ անպայման թարմ (ոչ թե նեխած կամ թթված) մրգերով ու բանջարեղենով (բանան, խնձոր, նարինջ, գազար)։ Նույնը վերաբերում է նաեւ գորշ արջերին։

Սմբակավորներին եւ կրիաներին կարելի է գազար, կաղամբ կամ սալաթի տերեւներ հյուրասիրել, թութակներին` արեւածաղկի սերմ կամ ընկուզեղեն։

Սկզբում անհրաժեշտ է հարցնել այգու աշխատակցին արդյոք կարելի՞ է տվյալ մրգով կերակրել այդ կենդանուն, եւ դրական պատասխան ստանալուց հետո միայն դուք ինքներդ կամ երեխան զգուշորեն փորձեք կերակրել կենդանուն։ Փոքրիկները դա պետք է անեն միայն մեծահասակների ներկայությամբ։

Քաղցրավենիք կամ թխվածքաբլիթներ տալ արգելվում է, որովհետեւ դրանց պատճառով կենդանիների ատամները կարող են փչանալ։ Եթե մարդը կարող է օգտվել ատամնաբույժի ծառայությունից, ապա արջին կամ եղջերուին հաստատ հնարավոր չէ նստեցնել ատամնաբույժի աթոռին։ Մարդկային սնունդը` հացաբուլկեղենը, չիպսերը եւ եգիպտացորենի փաթիլները եւս վնասակար են գազանների առողջության համար։

← Վերադառնալ ցուցակին