ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Կարողանու՞մ եք ճիշտ ընկնել

12:14 / 26.05.2015

Այս ձմեռ եղանակը բավական ձյունառատ է, ինչի պատճառով փողոցները պատված են սառույցի այնպիսի հաստ շերտով, որը դեռ հայտնի չէ, թե երբ կհալչի։ Մայթերի մեծ մասը վերածվել է սահադաշտի, իսկ կոշիկների համարյա բոլոր տեսակները՝ չմուշկների, եւ մարդիկ տեղաշարժվելու համար ակամայից ստիպված են դիմել ակրոբատիկ հնարքների օգնությանը։

Ի՞նչ պետք է անել ընկնելու եւ վնասվածքներ ստանալու վտանգը նվազեցնելու համար։
• Հնարավորինս շրջանցել ճանապարհի սայթաքուն հատվածները։
• Սայթաքելիս աշխատեք ընկնել որովայնի վրա՝ ձեռքերն առաջ պարզած եւ արմունկները մի փոքր ծալած, որպեսզի կոտրվածքներ չստանաք։ Հիշեք, որ ընկնելիս ձեռքի ափերը մեղմացնում են հարվածը։
• Ընկնելու դեպքում գլուխն անհրաժեշտ է մի փոքր վեր պահել, որ դեմքը չվնասվի։
• Աշխատեք չընկնել ծնկների վրա։ Ավելի լավ է հագուստը կեղտոտվի, քան լուրջ վնասվածքներ ստանաք։
• Եթե մեջքի վրա ընկնեք, ապա փորձեք արագ կլորացնել մեջքն ու ոտքերը սեղմել որովայնին, որպեսզի ողնաշարը չվնասեք։
• Թեքության վրա ավելի անվտանգ է ընկնել կողքին՝ մի ձեռքն առաջ ու վեր մեկնած, որպեսզի գլուխը գետնին չխփեք։
Եվս մեկ կարեւոր կանոն, որն անհրաժեշտ է հիշել։ Առանձնահատուկ կերպով պետք է ուշադիր լինել փողոցն անցնելու ժամանակ եւ պահպանել անվտանգության կանոնները։ Հնարավոր է, որ վարորդը չկարողանա մերկասառույցի վրա կառավարել մեքենան։ Սառույցի վրա ավելի երկար է նաեւ արգելակումից հետո ավտոմեքենայի անցած ճանապարհը։
Իսկ ի՞նչ կարելի է անել կոշիկների հարթ եւ սայթաքուն ներբանների հետ։ Մաքուր եւ չոր ներբանի վրա կարելի է գործվածքից կպչուն ժապավենի կտոր ամրացնել կամ ուռուցիկ գլխիկներով մի քանի կոճգամ։

Սովորում ենք ընկնել.
Ակրոբատները պնդում են, որ ընկնելիս պետք չէ հենվել ո՛չ ձեռքի, ո՛չ ուսի, ո՛չ էլ առավել եւս գլխի վրա։ Նրանք խորհուրդ են տալիս ընկնելիս <<խմբվել>> ու լարել մկանները, որպեսզի մարմինը հնարավորինս մեծ մակերեսով դիպչի գետնին, եւ անպայման գլորվել։ Օրինակ՝ երբ հետ ընկելիս հարվածի ուժն իր վրա է վերցնում նստատեղը, աշխատեք մի փոքր կորանալ եւ գլորվել մեջքի վրա։ Կողքի ընկնելիս պետք է ձեռքը հեռացնել եւ գլորվել ուսի վրա։ Ինչպես յուրաքանչյուր հմտություն ձեռք բերելու համար մարզվում են ու փորձեր անում, այնպես էլ ճիշտ վայր ընկնելու ձեւը յուրացնելու համար անհրաժեշտ է մի փոքր <<պարապել>>։ Ահա մի քանի վարժություն, որոնք կարող եք կատարել տանը՝ փափուկ գորգի վրա։

Անկում հետ.
Նստելով գետնին ու ձեռքերն առաջ մեկնելով` արագ հետ թեքվեք ու գլորվեք մի փոքր կորացրած մեջքի վրա։ Դունչը պետք է սեղմել կրծքին։ Ձեռքերն ուղիղ դնել գետնին, որպեսզի ծոծրակի վրա չգլորվեք։
Կքանստելով՝ նույն վարժությունը կրկնել։
Կանգնելով՝ արագ նստեք եւ կատարեք հաջորդ վարժությունը։ Գետնին պետք է մեղմ դիպչել։ Չմոռանաք կրկին դունչը սեղմել կրծքին։ Աստիճանաբար արագությունը մեծացրեք այնպես, որ շարժումները դառնան սահուն եւ հիշեցնեն իսկական անկում։

Կողքի անկում.
Նստելով գետնին՝ աջ ձեռքն ու ոտքը մեկնեք առաջ։ Ձախ ձեռքը ծալված է ու դրված աջ ուսին։ Դունչը սեղմված կրծին։ Փափկորեն ընկեք ձախ կողքի վրա՝ գլորվելով նստատեղի ձախ հատվածից դեպի ձախ ուսը։
Կքանստեք, ապա արագ իջեք գետնին եւ կրկնեք առաջին վարժությունը։
Կրկին կանգնելով՝ արագ նստեք ու կատարեք երկրորդ վարժությունը։ Արագությունն աստիճանաբար պետք է մեծացնել։

Անկում առաջ.
Կանգնելով ծնկների վրա՝ ձեռքի ափերը բարձրացրեք ուսերի մակարդակին եւ դրանք առաջ ուղղեք։ Առաջ թեքվելով, փափուկ ընկեք գետնին, ձեռքի ափերով զսպանակների նման հենվելով գետնին։ Ափերը չցավեցնելու համար մատները լարեք։
Կքանստեք եւ ափերը կրկին բարձրացրեք մինչեւ ուսերի մակարդակ։ Զգուշորեն ընկեք դեպի առաջ, ինչպես առաջին վարժության ժամանակ։
Մի փոքր թեքվելով առաջ՝ վարժությունը կրկնեք կանգնած դիրքից։
Առավել արդյունավետ լինելու համար յուրաքանչյուր վարժություն պետք է կատարել 10-15 անգամ։

← Վերադառնալ ցուցակին