ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Անվտանգությունը կենդանիների հետ շփվելիս

10:31 / 27.05.2015

Շներին, ինչպես նաեւ բոլոր կենդանիներին պետք է սիրել, սակայն այնուամենայնիվ պետք է հիշել, որ նույնիսկ տնային կենդանիները կարող են վտանգավոր լինել։

Գազազած շուն.

Շները երեք անգամ ավելի հաճախ հարձակվում են երեխաների, քան մեծահասակների վրա։
Պատճառն այն է, որ երեխաները չեն պահպանում կենդանիների հետ շփվելու անվտանգության ամենասովորական կանոնները։
• Շանը հանդիպելիս, եթե վախենում ես կամ հուզվում, երբեք ցույց մի տուր։ Շունը դա զգում է եւ կարող է հարձակվել քո վրա։
• Հիշի՛ր. պոչը շարժելը միշտ չէ, որ վկայում է շան ընկերասեր բնավորության մասին։
• Երբեք մի՛ փախիր շնից, նա կարող է քեզ որսի տեղ դնել եւ հետապնդել։ Փաստորեն դու շանը հրավիրում ես որսորդության, որից դժվար թե շունը հրաժարվի։
• Երբեք մի՛ ժպտա շանը՝ քո բարեկամական ժպիտը նա հասկանում է որպես <<ատամներ ցույց տալ>>, այսինքն <<ուժի ցուցադրում եւ կռվի պատրաստակամություն>>։
• Երբեք մի՛ կերակրիր անծանոթ շներին։
• Չի կարելի մոտենալ շանը, երբ նա ուտում է։
• Չի կարելի ձեռք տալ շանը, երբ նա քնած է։ Այդ առիթով դեռես XIV դարից կա անգլիական ասացվածք՝ <<Մի արթնացրեք քնած շանս>>։
• Չպետք է մոտենալ կապված շանը։ Հատկապես մի մոտեցիր պահապան ցեղատեսակի խոշոր շներին։ Նրանց հաճախ սովորեցնում են հարձակվել այն մարդկանց վրա, ովքեր շատ են իրենց մոտենում։
• Մի՛ փորձիր վերցնել այն առարկան, որով շունը խաղում է։
• Հատկապես զգուշացիր այն շներից, որոնք ձագեր ունեն, եւ մի փորձիր ձեռք տալ ձագերին։ Այդպիսի շները սովորականից ավելի ագրեսիվ են եւ կծան։
• Եթե ցանկանում ես շոյել շանը՝ թույլտվություն խնդրիր նրա տիրոջից։ Շոյիր զգուշությամբ, առանց կտրուկ շարժումների։
• Շներին շոյելուց հետո անպայման պետք է ձեռքերը լվալ օճառով։ Հիշի՛ր, որ շներից մարդկանց փոխանցվում են շատ հիվանդություններ՝ մկնատամ որքին, քոս, <<կատաղություն>> եւ այլն։ <<Կատաղությունը>> շատ վտանգավոր հիվանդություն է, որը կարող է առաջանալ շների կծելուց՝ քանի որ վարակը փոխանցվում է շան թքի միջոցով։ Դրանից նույնիսկ մահանում են։

Ինչ անել, երբ շունը պատրաստվում է հարձակվել.

• Կանգնիր եւ խիստ ձայնով հրամայիր՝ <<Ֆու՛, չի՛ կարելի, կանգնե՛լ, պառկե՛լ, տեղու՛մ>>, կամ այլ հրամաններ, որոնցից շունը կշփոթվի եւ կհրաժարվի հարձակվելու մտքից։
• Ժամանակ շահելու համար շան կողմը նետիր որեւէ իր՝ շոր, պայուսակ կամ փաթեթ։ Ընդ որում՝ նետելիս ձեռքդ շատ վերեւ մի՛ բարձրացրու։ Մինչեւ շունը մոտենա եւ հոտոտի գցված իրը, կարող ես թաքնվել անվտանգ տեղում։
• Կարող ես նաեւ պաշտպանվել փայտով կամ քարով։
• Հիշի՛ր՝ ամենավտանգավորը ծնկները ծալած շունն է, քանի որ սա պատրաստվում է ցատկի։ Եվ որպեսզի պաշտպանես կոկորդդ, պետք է կզակդ սեղմես կրծքավանդակիդ եւ պաշտպանվես ձեռքերով։

Ինչ անել, երբ շունը հարձակվում է.

Տնային եւ փողոցային շները հարձակվում են ցատկելով եւ առջեւի թաթերով հարված հասցնելով։ Այդ պատճառով պետք է.
• Դեմքով շրջվել հարձակվող շանը եւ, եթե վստահ ես քո ինքնատիրապետմանը, նրան ընդառաջ նետվել այսինքն դու ես հարձակվում¤։ Քանի որ բոլոր շները վարժեցված են փախչողի վրա հարձակվելուն, ապա այս դեպքում շունը անակնկալի կգա եւ մի կողմ կնետվի։
• Եթե որոշել ես չհարձակվել շան վրա, ապա պետք է կանգնես կողքով, ձեռքերդ գոտկատեղի մակարդակին։ Եթե ժամանակ ունես, որեւէ շոր կամ հագուստ փաթաթիր ձախ ձեռքիդ նախաբազկին եւ շանը դրդիր, որ կծի։ Այդ ձեռքը միաժամանակ կպաշտպանի քո պարանոցը եւ դեմքը։ Կծելու ժամանակ ձեռքդ հետ մի՛ քաշիր, այլ խոր խցկիր շան երախը։ Միաժամանակ աջ ձեռքի ափի հիմով կամ բռունցքով կտրուկ եւ ուժեղ հարված հասցրու շան վերին ծնոտին կամ քթին։

Հիշիր՝ շան ամենացավոտ կետերն են քիթը, լեզուն եւ փորի ետեւի մասը։

• Ընկած շանը անպայման պետք է տրորել ոտքերով կրծքավանդակը, գավակը կամ ետեւի ոտքերը։
• Եթե փայտով ես հարվածում շանը, ապա պետք է խփես դնչին՝ աչքերի մակարդակից քիչ ներքեւ, կամ թիակներին, սրբանին պոչի միացման տեղին, հետեւի ոտքերին։
• Պաշտպանվել կարելի է նաեւ ձեռքի տակ եղած միջոցներով հովանոց, փայտ, իսկ նահանջել միայն մեջքով։
• Եթե շունը քեզ վայր է գցել, ապա պետք է պառկել փորի վրա եւ ձեռքերով ծածկել վիզը։

Ինչ անել, եթե այնուամենայնիվ շունը կծել է.

• Կծելուց անմիջապես հետո պետք է 5-10 րոպե վերքը լվանալ ջրով եւ օճառով, որպեսզի այն ամբողջովին մաքրվի շան թքից։ Այնուհետեւ վերքի շուրջը յոդ քսել եւ վիրակապել։
• Անմիջապես այդ մասին հայտնիր ծնողներիդ, որպեսզի նրանք անհապաղ քեզ տանեն բժշկի։

Որոնք են ամենավտանգավոր շները.

1) Բուլտերյերի խումբ ստաֆֆորդյան տերյեր, պիտբուլտերյեր
Այս <<շուն-մարդասպանները>> չարացած չեն մարդկանց վրա, բայց հարձակվելիս շատ վտանգավոր են։
Չի կարելի սրանց բերանը մտցնել շորով փաթաթված ձեռքը, քանի որ նրանց ծնոտները այնքան ուժեղ են, որ կծելով կծակեն ցանկացած շոր։ Ուստի պետք Է փաթաթած շորը շանը ներկայացնել որպես <<ձեռքի շարունակություն>> եւ այդ շորը գցել շան բերանը։
<<Պրոֆեսիոնալ գայլախեղդ շներ>> Կովկասյան եւ միջինասիական հովվապահ
Այս խոշոր շներին կարելի Է նմանեցնել խոշոր վայրի գիշատիչ կենդանու, ուստի անիմաստ Է նրանց դիմադրել։
Միակ խորհուրդն է՝ պառկել փորի վրա եւ չշարժվել՝ շունը ամենայն հավանականությամբ քեզ չի քրքրի, այլ կհսկի։

Հետաքրքրաշարժ պատմություն

1991 թվականին Կանադայի քաղաքներից մեկում թափառող շների ոհմակը հարձակվել է փոստատարի վրա։ Փոստատարն անմիջապես ընդունել է չորեքթաթ դիրք եւ ատամները ցույց տալով, բարձր գռմռալով հարձակվել խմբի ամենամեծ շան վրա։
Շունը հանկարծակիի գալով փախել Է՝ ոհմակը նրա հետեւից, իսկ փոստատարը՝ փրկվել իր հնարամտության շնորհիվ։
Այնուամենայնիվ, <<շունը մարդու բարեկամն է>>, եթե գիտես նրա հետ վարվելու անվտանգության կանոնները։

← Վերադառնալ ցուցակին