ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Բակում խաղալիս

11:22 / 27.05.2015

Ամբողջ տարի երեխաներն անհամբերությամբ սպասում են ամռանը, որ կարողանան սրտի ուզածի չափ բակում խաղալ։ Սակայն արդյո՞ք բակն իսկապես ապահով վայր է երեխայի համար։ Եթե նույնիսկ բակում ստեղծված են փոքրիկների խաղի համար անհրաժեշտ բոլոր պայմանները (ֆուտբոլի կամ բասկետբոլի առանձին խաղահրապարակներ, ճոճանակներ, սահաբլրակներ եւ այլն), չի կարելի երեխային թողնել առանց հսկողության:

Վտանգը կարող է թաքնվել կանգնած մեքենայում, դիտահորի բաց կափարիչի տակ կամ շենքի նկուղում։ Երեխային բակ թողնելիս անպայման անհրաժեշտ է բացատրել, թե որոնք են խաղալու համար վտանգավոր եւ անվտանգ վայրերը։ Օրինակ՝ պահմտոցի խաղալիս յուրաքանչյուրն աշխատում է լավ թաքնվել, որպեսզի իրեն չգտնեն՝ հաճախ ընտրելով ամենաանսպասելի վայրեր։ Որպես թաքստոց կարող է ծառայել օրինակ՝ կանգնած մեքենան, որի վարորդը կարող է հանկարծակի տեղից շարժվել՝ չիմանալով, որ հետեւում երեխա կա, շենքի նկուղը, որտեղ կարող են անտուն թափառականներ կամ թմրամոլներ լինել։ Բացի այդ, պատահաբար կարող են նկուղի դուռը փակել` չիմանալով, որ ներսում երեխա կա։ Այդ ժամանակ նա պետք է ոչ թե լաց լինի, այլ դուռը թակի այնքան ժամանակ, մինչեւ նրան լսեն եւ գան օգնության։ Խաղալիս երեխան հաճախ մոռանում է անվտանգության կանոնների մասին, քանի որ այդ պահին նրա համար խաղն ավելի կարեւոր է, սակայն ծնողներն այդ մասին երբեք չպետք է մոռանան։

Եթե բակում խաղալու ժամանակ երեխային որեւէ անծանոթ, կողմնակի մարդ է մոտենում, ապա ծնողներից մեկն անպայման պետք է մոտենա եւ հետաքրքրվի, թե ինչ է նա ուզում երեխաներից։ Եթե ծնողները մոտակայքում չեն, իսկ անծանոթը համառորեն երեխային առաջարկում է նստել իր մեքենան կամ միասին ինչ-որ տեղ գնալ, փոքրիկը պետք է մերժի եւ, խաղահրապարակից հեռանալով, դիմի առաջին պատահած ծանոթին կամ երեխայի, որեւէ մեծահասակի օգնությանը։ Եթե անծանոթը ներկայանում է որպես ծնողներից մեկի գործընկեր, ապա երեխան պետք է կանչի հայրիկին կամ մայրիկին, որպեսզի նրանք խոսեն իրենց <<գործընկերոջ>> հետ։ Եթե մինչ ձեր գալն անծանոթն անհետանա (ինչը շատ հավանական է), ապա խնդրեք երեխային մանրամասն նկարագրել նրան` ի՞նչ էր հագել, ի՞նչ ասաց, ի՞նչ արտասովոր բան կար նրա արտաքինում եւ այլն։ Միայն թե պետք չէ հինգ տարեկան երեխային հարցնել, թե ի՞նչ տարիքի էր այդ “քեռին”, քանի որ փոքրիկի համար նորածիլ բեղիկներով դեռահասն էլ կարող է մեծահասակ համարվել։ Եթե երեխան ասում է, որ նրա մարմնին ինչ-որ նկար (դաջվածք) կար, ապա աշխատեք ստանալ դրա հնարավորինս մանրամասն նկարագրությունը։ Անծանոթի մասին կարող եք հարցնել նաեւ բակում խաղացող մյուս երեխաներից, որպեսզի կազմեք նրա ճիշտ դիմանկարը։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում աննկատ հետեւեք բակում խաղացող երեխային եւ կողմնակի մարդու նկատելիս անմիջապես մոտեցեք երեխաներին։ Վերը նշվածը վերաբերում է նաեւ հարեւաններին, քանի որ երբեմն փոքրիկների վստահությունից օգտվում են նաեւ ծանոթները։ Նրանք կարող են կարճ ժամանակով երեխային տանել որեւէ առանձնացված վայր եւ ենթարկել, օրինակ, սեռական գործողությունների։ Երեխան, գաղափար չունենալով այդ մասին եւ որեւէ վատ բան չգտնելով դրանց մեջ, հնարավոր է ծնողներին չպատմի այդ մասին, մինչեւ նրանք պատահաբար չիմանան, երբ արդեն չափազանց ուշ կլինի։

Երեխայի համար լավ պահապան կարող է լինել ձեր շունը, միայն թե չմոռանաք հագցնել նրա դնչկալը, որպեսզի շունը, նույնիսկ պատահաբար, չվնասի փոքրիկին։ Դժվար թե ոչ բարի մտադրություններով մարդը համարձակվի մոտենալ այն երեխային, որի կողքին շուն կա։ Սակայն պետք չէ մոռանալ, որ խոշորամարմին շանը հաճախ դժվարությամբ է պահում նույնիսկ մեծահասակը, իսկ երեխաներին շները կարող են եւ չհնազանդվել։ Այդ պատճառով շան հետ զբոսնելիս փոքրիկը չպետք է նրա հետեւից գնա անծանոթ կամ վտանգավոր վայրեր (օրինակ` նկուղ), իսկ եթե շունը վազի փողոցի երթեւեկելի հատված, անհրաժեշտ է բաց թողնել նրա վզափոկը։ Սովորեցրեք շանը փնտրել երեխային` տալով նրան հոտոտել փոքրիկի իրերից։

Հաճախ երեխայի հետ կրկնեք անվտանգության կանոնները։ Եթե նախկինում եղել է դեպք, երբ նա ընդունել է անծանոթների գայթակղիչ առաջարկությունները (տեսնել կենդանիների, խաղալ համակարգչով, խանութից քաղցրավենիք գնել կամ կարուսել նստել), ապա փորձեք պարզել, թե ինչու՞ է փոքրիկը համաձայնել։ Գտնելով պատճառը` աշխատեք վերացնել այն, որպեսզի հետագայում նման դեպքեր չկրկնվեն։ Կարելի է նաեւ ձեր իմացած օրինակներով կամ ֆիլմերի օգնությամբ երեխային բացատրել, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ այդ արարքը։ Երբ փոքրիկը բակից տուն է գալիս, խոսեք նրա հետ, փորձեք իմանալ, թե ինչով է նա զբաղվել այդ օրը, ինչ հետաքրքիր իրադարձություններ են եղել, ում է նա հանդիպել եւ այլն։ Որեւէ կասկածելի տեղեկություն ստանալուց հետո աշխատեք ավելի ուշադիր լինել երեխայի նկատմամբ։

Երեխան պետք է գիտակցի, որ իր անվտանգությունն առաջին հերթին կախված է իրենից` իր վարքագծից եւ ընդունած որոշումներից, իսկ դա նրան պետք է սովորեցնեն ծնողները։

← Վերադառնալ ցուցակին