ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Հավատարիմ իմ ընկեր

10:23 / 27.05.2015

Ինչպես կանխել շան ագրեսիվությունը

Հիմնական եղանակը շանն ընտանիքում (ըստ կենդանու՝ ոհմակում) կարեւոր դիրք գրավելու հնարավորություն տալն է։ Երբ վերջինս կզգա, որ ինքը բոլորի համար մեծ նշանակություն ունի, բայց, միաժամանակ, չի կարող հակառակվել մարդու կամքին, ապա, ամենայն հավանականությամբ, կդառնա ընտանիքի սիրված անդամը։

Կենդանու հետ կապված խնդիրներ չունենալու կարեւոր պայման է նաեւ ձեր հնարավորություններին ու խառնվածքին համապատասխան ցեղատեսակի շուն ընտրելը։ Այլ կերպ ասած, ռոտվեյլերը չի կարող հարմար ընկեր լինել <<փափուկ>> եւ անվճռական բնավորությամբ մարդու համար։ Այս ցեղատեսակի շներն ագրեսիվ են եւ օժտված մեծ ուժով։ Դալմաթինն ու հարթամազ ռետրիվերը համապատասխան չեն նստակյաց կենսակերպ ունեցող մարդկանց։ Շելթին եւ չիհուահուան չեն սիրում աղմկարար եւ հանդուգն երեխաների։ Անհրաժեշտ է նաեւ հաշվի առնել տանը բազմաթիվ փոքրիկ շնիկների հայտնվելու հավանականությունը, քանի որ նրանք շատ ավելի մեծ ուշադրություն եւ խնամք են պահանջում, իսկ աշխույժ գործունեությամբ զբաղված տերերը չեն կարող նրանց բավարար ժամանակ հատկացնել։
Կենդանու դաստիարակությամբ նույնպես պետք է զբաղվել վաղ հասակից։ Շան ձագերի հետ անհրաժեշտ է շատ զգույշ վարվել, հատկապես՝ մինչեւ 3-4 ամսականը։ Նրանց թույլ տվեք ուտել մեծահասակների եւ երեխաների ձեռքից։ Սովորեցրեք, որ չի կարելի ուտելիքը ձեռքից <<փախցնել>> ու միանգամից կուլ տալ, այլ պետք է ուտել հանգիստ, առանց վախենալու կամ անհանգստանալու։ Շնիկին թույլ մի տվեք հաչել փոքր երեխաների կամ փողոցի անցորդների վրա, տրորել մարդկանց ոտքերը կամ ցատկել նրանց վրա, ինչպես նաեւ գռմռալ (անկախ որեւէ պատճառից)։ Կենդանիների հետ չի կարելի ագրեսիվ կամ կոպիտ խաղեր խաղալ, կռվել կամ խլել նրանց պատկանող իրերը (խաղալիքը, գնդակը, ոսկորը, քնելու բարձը եւ այլն)։ Երբեք շան հետ մի խաղացեք այնպիսի խաղեր, որտեղ դուք կարող եք պարտվել։ Դա կթուլացնի ձեր դիրքը ընտանիք-ոհմակում։ Ագրեսիվ պահվածքի համար չի կարելի շան ձագերին ենթարկել ֆիզիկական պատժի։
Եթե շան ձագը ցատկում է երեխայի վրա կամ փորձում կծել նրան, ապա երեխան պետք է յուրացնի եւ կիրառի <<Բաց թող>>, <<Հանգիստ>> կամ նմանատիպ հրամաններից մեկը։ Պաշտպանվելու համար անհրաժեշտ է ձեռքերը խաչել կրծքին եւ շրջվել մեջքով։ Կենդանիները սիրում են խաղալ տան փոքրիկների հետ, սակայն նրանք պետք է սովորեն դա անել առանց չափին անցնելու։ Համատեղ զբոսանքներն ու խաղերը երկուստեք օգտակար են թե՛ երեխաների, թե՛ շների համար։
Քանի որ շունը համարվում է ընտանիքի անդամ, դեռեւս վաղ տարիքից պետք է ընտելանա, որ տանը, ընտանիքի անդամներից բացի, կարող են լինել նաեւ հյուրեր եւ անծանոթ, օտար մարդիկ՝ փոստատարը, էլցանցի, ջրմուղի կամ գազի ծառայության աշխատակիցը եւ այլն։

Կանխարգելիչ ներարկումներից հետո ձեր շանը կարող եք թույլ տալ, որ սկսի շփվել այլ, ավելի մեծ շների հետ։

Ինչպես վարվել շան ներկայությամբ.

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամենից հաճախ մարդկանց կծում են ոչ թե բուլտերյերները կամ պիտբուլները, այլ՝ դոբերմանները, ռոտվեյլերներն ու հովվաշները, իսկ առաջին տեղում սպանիելներն են։ Սակայն կենդանիները շատ հազվադեպ են հենց այնպես հարձակվում մարդկանց վրա։ Եթե փորձենք վերականգնել յուրաքանչյուր նման դեպքում կատարված իրադարձությունների հերթականությունը, ապա պարզ կդառնա, որ հիմնականում մարդիկ իրենց ճիշտ չեն պահել (իհարկե, շան կարծիքով)։ Օրինակ՝ հայտնի է, որ նույնիսկ ամենաթույլ եւ փոքրիկ գազանն իր ձագերին պաշտպանելու համար պատրաստ է ամեն ինչի։ Էլ ինչ կարող ենք ասել հաճախ երեխային իր չափերով գերազանցող շների մասին։ Հարկ է հաճախ հիշել, որ երկիր մոլորակի վրա, մարդկանցից բացի, ապրում են բազմաթիվ այլ կենդանի էակներ, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Երեխաները պետք է սովորեն նրանց հարգել եւ պահպանել կենդանիների հետ շփվելու կանոններն այնպես, ինչպես սովորում են, օրինակ, երթեւեկության անվտանգության կանոնները։
Լինում են նաեւ դեպքեր, երբ շունն ագրեսիվություն է ցուցաբերում առանց որեւէ պատճառի։ Դա կարող է պայմանավորված լինել կենդանու ժառանգականությամբ, սխալ դաստիարակությամբ, վատ վարժեցմամբ կամ փոքր հասակում տարած սթրեսով։ Նշենք, որ ավելի հաճախ շների հարձակման զոհ են դառնում վախկոտ եւ նյարդային մարդիկ։ Նրանք, ովքեր գիտեն, թե ինչպես պետք է վարվել կենդանիների հետ ու չեն վախենում շներից, ավելի հազվադեպ են ենթակա այդ վտանգին։ Ինչպե՞ս կարելի է նվազեցնել վտանգը։

1. Շների ներկայությամբ չի կարելի բղավել ու վազել։ Նա կարող է մտածել, որ դուք որեւէ վատ բան եք արել, օրինակ՝ վերցրել եք ուրիշի խաղալիքը ու ուզում եք փախչել։ Նման դեպքերում հետապնդումը շան բնազդային գործողություն է։

2. Մոր ներկայությամբ չի կարելի դիպչել ձագերին կամ կտրուկ շարժումներ անել։
3. Մի շոյեք քնած կամ ուտող շանը։ Պետք չէ դիպչել, նույնիսկ, ձեզ լավ ծանոթ կենդանուն։ Եթե նա ձեզ չի տեսնում, ապա անսպասելիությունից կարող է հաչել եւ, նույնիսկ, կծել։
4. Երբեմն շներն ագրեսիվություն են ցուցաբերում ի պատասխան իրենց վախեցնող որեւէ առարկայի (օրինակ՝ անվավոր ճամպրուկի ճռճռոցը)։ Հանգիստ կանգ առեք եւ խնդրեք տիրոջը սաստել շանը։
5. Եթե հեծանիվ եք քշում, ապա մի փորձեք այդ կերպ փախչել։ Պարզապես կանգ առեք, եւ շունն այլեւս հետապնդելու առիթ չի ունենա ու ձեզ հանգիստ կթողնի։
6. Հայտնի է, որ շները տանել չեն կարողանում հարբած մարդկանց, քանի որ նրանք սովորականի պես չեն քայլում, այլ՝ ճոճվելով։ Աշխատեք դուք եւս խուսափել նման ընկերակցությունից։
7. Եթե զգում եք, որ շունը ձեզ մոտ է վազում ոչ այնքան բարի մտադրություններով, ապա անշարժ կանգնեք։ Կարող եք փորձել ձեռքերը դանդաղ բարձրացնել եւ միացնել ծոծրակի մոտ՝ ձեզ ծառ ձեւացնելով։ Այս միջոցի արդյունավետությունը փորձված է։
8. Շանը հնարավորություն տվեք մի լավ հոտոտել ձեզ։ ճիշտ է դա տհաճ է, սակայն նրա հարձակումը կարող է ավելի տհաճ լինել։
9. Ցույց մի տվեք, որ վախենում եք։ Պետք չէ գոռալ կամ ղժղժալ։ Պարզապես հանգիստ եւ վստահ ձայնով խնդրեք տիրոջը պահել շանը։ Կարող եք նաեւ ինքներդ հրամայել <<Նստի՛ր>> կամ <<Հանգի՛ստ>>։ Եթե շունը ծանոթ լինի այդ հրամաններին, դա էլ կարող է օգնել։
10. Երբեք հաչող շանը մեջքով մի շրջվեք եւ մի փորձեք նստարանին կամ ծառը բարձրանալ։
11. Եթե, այնուամենայնիվ, շունը հարձակվում է ձեզ վրա, ապա փորձեք նրա վրա որեւէ իր շպրտել (ձեռքի պայուսակը, գիրքը, բաճկոնը)։ Դա կարող է շփոթեցնել կենդանուն, եւ դուք հեռանալու հնարավորություն կունենաք։ Իսկ եթե նա ձեզ վայր է գցել, ապա կուչ եկեք ու ձեռքերով ծածկեք դեմքը։

← Վերադառնալ ցուցակին