ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Տու՛ր թաթդ, հավատարիմ իմ ընկեր

10:19 / 27.05.2015

Մարդկանց եւ կենդանիների միջեւ եղած կապը դարերի պատմություն ունի։ Երբեմն մարդիկ կենդանիներին մարդկային հատկություններ կամ բնավորություն են վերագրում, եւ շատ հաճախ նրանք դառնում են ընտանիքի հավատարիմ բարեկամն ու օգնականը։ Իսկ որպեսզի այդ բարեկամությունը ոչինչ չխաթարի, մենք շարունակում ենք ձեզ ծանոթացնել կենդանիների հետ շփման վարքականոններին։

Ագրեսի՞վ է արդյոք ձեր շունը.

Դուք կենդանիների մեծ սիրահար եք, կարծում եք, որ ձեր շունն աշխարհի ամենաբարի արարածն է, որն ընդունակ չէ որեւէ մեկին վնաս պատճառել, եւ օրերից մի օր նա առանց որեւէ պատճառի հարձակվում է հարեւանի փոքրիկ երեխայի վրա։ Ինչպես որոշել՝ ագրեսի՞վ ձեր շունը, թե՞ ոչ։ Համաձայն անասնաբույժների դիտարկումների՝ ագրեսիվ շներին բնորոշ են.
- անընդհատ հաչոցը,
- շանը մոտենալիս դժգոհության նշանների արտահայտումը, հատկապես, եթե վերջինս ուտում է ( կերակրի արագ կուլ տալը, գռմռոցը, մռթմռթոցը եւ այլն),
- իր սեփականության չափազանց խիստ պահպանումը (խաղալիքներ, քնելու բարձ եւ այլն),
- նոր իրավիճակում կամ անծանոթ մարդկանց ներկայությամբ վախի արտահայտումը,
- այլ կենդանիների, օրինակ՝ կատուների կամ թռչունների, նկատմամբ ագրեսիվության դրսեւորումը,
- մարդկանց վրա <<ոտքը բարձրացնելու>> փորձերը,
- խնամելու, սանրելու, բուրդը խուզելու, շոյելու կամ գրկելու ժամանակ գռմռոցը, կծելու փորձերը,
- շարժվող առարկաների վրա հաչելու հաճախակի փորձերը (հեծանիվ, ավտոմեքենա, սայլակ եւ այլն),
- տանից փախչելու փորձերը կամ երկարատեւ բացակայությունները։
Այս նախանշաններից ոչ մեկը չի կարելի անտեսել, քանի որ սրանցից յուրաքանչյուրը կարող է շան ագրեսիվ վարքի ցուցանիշ լինել։ Եթե ի վիճակի չեք այս խնդիրներից ինքնուրույն գլուխ հանել, ապա անհրաժեշտ է դիմել մասնագետների օգնությանը։

Վարքականոններ շների տերերի համար.

Ժողովրդական խոսքն ասում է. <<Շունը տիրոջն է քաշել>>։ Այս խոսքերի մեջ մեծ ճշմարտություն կա, քանի որ շան պահվածքը մեծապես կախված է տիրոջ դաստիարակությունից։ Քիչ չեն այն դեպքերը, երբ երեխաները շների հարձակման զոհ են դառնում մեծահասակների անուշադրության կամ անփութության պատճառով։ Ահա մի քանի խորհուրդ նրանց համար, ովքեր պատրաստվում են տանը շուն պահել.
- դաստիարակեք ձեր շանը, սովորեցրեք նրան աներկբայորեն ենթարկվել ձեր հրամաններին,
- ոչ մի դեպքում բազմամարդ վայրերում շանն առանց վզկապի մի տարեք զբոսնելու,
- կենդանուն թույլ մի տվեք <<կպչել>> շրջապատի մարդկանց, նույնիսկ նրանց, ում նա ճանաչում եւ սիրում է. շունը կարող է իր պահվածքով վախեցնել նրանց,
- ոչ մի դեպքում շանը զբոսնելու մի տարեք մանկական խաղահրապարակներ. բացի վախենալը, երեխաները չպետք է խաղան կենդանիների արտաթորանքների հարեւանությամբ,
- պետք չէ մոռանալ նաեւ ձեր բնակավայրի մաքրության մասին. չի կարելի շանը հանել զբոսնելու որտեղ պատահի,
- շան համար, համենայն դեպս, դնչկալ ձեռք բերեք,
- աշխատեք ինքներդ չներքաշվել կռիվների մեջ, քանի որ կենդանին շատ լավ զգում է տիրոջ նյարդայնությունը, եւ իր անհանգիստ պահվածքով կարող է իրավիճակն ավելի բարդացնել,
- եթե շանը կապում եք, օրինակ, խանութի աստիճանների բազրիքից, փողոցի էլեկտրական լապտերի սյունից կամ այգու նստարանից, ապա այնպես արեք, որ մյուս անցորդները կարողանան հանգիստ եւ ազատ տեղաշարժվել,
- եթե ձեր շունը փոքրիկ է, բայց շատ քաջ, ապա թույլ մի տվեք նրան այլ, ավելի մեծ շների հետ կռվի մեջ ներքաշվել. նույնիսկ ամենահամբերատար ու հասկացող շունը կարող է կորցնել <<ինքնատիրապետումն>> ու ատամների մեջ առնել ձեր շնիկին, իսկ նրա տերն այդ ժամանակ դժվար թե կարողանա հետ պահել բարկացած կենդանուն,
- եթե ձեր շունն էգ է, ապա աշխատեք նրան հեռու պահել հակառակ սեռի բրդոտ ներկայացուցիչներից՝ ավելորդ կռիվներից եւ այլ մեծ ու փոքր գլխացավանքներից խուսափելու համար,
- երբեք մի հրահրեք ձեր շանը հարձակվել այլ կենդանու վրա. միշտ կարող է գտնվել նրանից ավելի ուժեղ հակառակորդ, որը կարող է օրերից մի օր լուրջ կերպով վնասվածքներ պատճառել ձեր սիրելիին։

Հաջորդ համարում մենք կշարունակենք ձեզ պատմել, թե ինչպես պետք է վարվել կենդանիների հետ եւ ինչպես կարելի է կանխել շների ագրեսիվությունը։

← Վերադառնալ ցուցակին