ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Եթե ոտքերը սառել են

11:26 / 27.05.2015

Ռուս մեծ զորավար, գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովն իր զինվորներին հաճախ էր խորհուրդ տալիս. <<Ոտքերը տաք, իսկ գլուխը սառը պահեք>>։ Հիշեցնենք, որ Սուվորովը ոչ մի ճակատամարտում պարտություն չի կրել։

Շատ հաճախ պատահում է այնպես, որ նորաձեւ ու գեղեցիկ երեւալու ցանկությունը հաղթում է առողջ մտքին, եւ դեռահասները ցուրտ եղանակին փողոց են դուրս գալիս նեղ կոշիկներով կամ բարակ գուլպաներով:

Այդ ժամանակ ոտքերն այնպես են սառչում, որ բոլոր մտքերն ուղղվում են միայն որեւէ տաք վայր գտնելուն եւ ոտքերը ջերմացնելուն։
Վերջապես հասնում եք տուն եւ փորձում հիշել, թե ինչ պետք է անել ոտքերն արագ տաքացնելու համար։ Ահա, թեինչ խորհուրդ են տալիս մասնագետները։

• Ոտքերը դնել տաք, թույլ աղաջրի մեջ։
• Ոտնաթաթերին մերսման համար նախատեսված որեըէ կրեմ քսել եւ դրանք լավ տրորել։
• Հագնել հաստ, բրդե գուլպաներ եւ ոտքերը ծածկոցով փաթաթել։
• Ոտնաթաթերը մերսել չոր կամ տաք ջրով թրջված սրբիչով՝ լավ տրորելով բոլոր մատները։ Այնուհետեւ վերցնել բարակ գուլպաներ, դրանց ներքեւամասը լավ թրջել սպիրտի կամ օղու մեջ եւ հագնել։ Դրանց վրայից հագնելով հաստ բրդե գուլպաներ՝ անմիջապես կզգաք, թե ինչպես են ոտքերը տաքանում։
• Եթե ցանկանում եք ոտքերն ավելի արագ տաքացնել, ապա գնում եք խոհանոց, պահարանից վերցնում կարմիր աղացած կծու պղպեղ եւ, այն ցանելով գուլպաների մեջ, հագնում։

Եթե ձեր ոտքերը սառչում են ոչ միայն սառը եղանակին, այլեւ տարվա մյուս եղանակներին, ապա անհրաժեշտ է ուշադիր լինել եւ հետեւել, թե դրա հետ միաժամանակ ուրիշ ինչ ախտանշաններ են լինում։
Եթե դուք սառնություն եք զգում ուտելուց հետո, ապա անհրաժեշտ է ստուգել լեղուղիների անցողունակությունը։
Եթե զարկերակն սկսում է դանդաղել կամ անհամաչափ խփել, մազերը ճարպոտ են, իսկ եղունգները կոտրատվում են, ապա պետք է ստուգել վահանաձեւ գեղձի աշխատանքը։
Եթե աստիճաններով բարձրանալիս ձեր շունչը կտրվում է, ապա ոտքերը կարող են սառչել նաեւ սրտի ոչ այնքան լավ աշխատանքի պատճառով։
Սակայն պետք չէ ժամանակից շուտ եւ շատ վախենալ։ Հնարավոր է, որ սառը ոտքերը պարզապես ձեր օրգանիզմի յուրահատուկ կառուցվածքի հետեւանք են։
Լավ կլինի, որ փորձեք կոփել օրգանիզմը։ Կարելի է սկսել սառը ջրցողումներից։

Անհրաժեշտ է ամեն օր, առավոտյան եւ երեկոյան սառը ցնցուղ ընդունել՝ գլխին լցնելով անմիջապես ծորակից լցրած երկու դույլ սառը ջուր։ Դա կարող եք անել լոգարանում կամ, եթե հնարավորությունները ներում են, դրսում, ոտաբոբիկ կանգնած ձյան կամ խոտերի վրա։ Ջրցողումները պետք է արվեն անպայման սառը ջրով եւ հենց առաջին անգամից սկսած։ <<Գոնե մի քիչ ջուրը տաքացնեմ>> կամ <<Ախր, շատ սառն է>> տիպի որեւէ պատճառաբանություն մասնագետները չեն ընդունում։ Ընդ որում՝ անհրաժեշտ է ջուրը գլխին լցնելու պահին մտածել որեւէ լավ բանի մասին (շուտով Նոր տարի է, լիքը նվերներ կստանամ, ընկերներով կգնանք ձնագնդիկ խաղալու եւ այլն)։ Ասում են, որ այդ պահին մտքով անցած բոլոր ցանկությունները կատարվում են։

Դադարեք մտածել ցրտի մասին։ Շատերն սկսում են ատամները կափկափել ու ավելի հաստ վերարկու ընտրել ոչ թե ցրտից, այլ՝ մրսելու վախից։ հավատացնում ենք, որ իրար վրա հագած տասներկու բրդե բլուզները նույնպես որեւէ օգուտ չեն կարող տալ։ Որքան շատ վախենաք մրսել-հիվանդանալուց, այնքան ավելի շատ կսկսեք սառչել։ Չէ՞ որ միտքը նյութական է։ Պարզապես հրամայեք ձեզ չհիվանդանալ։ Դադարեք անընդհատ նայել պատից կախված ջերմաչափին եւ կզգաք, որ քիչ-քիչ տաքանում եք։

← Վերադառնալ ցուցակին