ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Մանկական զարդասեղան

10:58 / 27.05.2015

Մաշկի խնամքի համար նախատեսված գեղարարական միջոցներ արտադրող ընկերությունները մշակում են նաեւ նույն ապրանքատեսականու մանկական տարբերակը՝ շամպուններ, օճառներ, զանազան քսուքներ, յուղեր, անձեռոցիկներ եւ այլն։ Փոքրիկի մաշկը չափազանց նուրբ է տարբեր քիմիական նյութերի ազդեցությանը ենթարկելու համար։

Այդ պատճառով գնումներ անելուց առաջ ուշադրություն դարձրեք հիգիենիկ խնամքի միջոցների բաղադրությանը եւ նպատակահարմարությանը։ Երեխաների խնամքի համար ոչ մի դեպքում չի կարելի օգտագործել մեծահասակների համար նախատեսված գեղարարական միջոցներ։ Առավել հարմար են բուսական հիմքով եւ հնարավորինս քիչ քիմիական նյութեր պարունակող միջոցները։

Շամպուն.

Այն գնելիս անպայման ուշադրություն դարձրեք, թե ինչ տարիքի երեխաների համար է տվյալ շամպունը նախատեսված։ Երկուսից երեք տարեկան փոքրիկների համար նախատեսված շամպունները բոլորովին հարմար չեն նորածին երեխայի համար։ Մանկան նուրբ մաշկին առավել հարմար են փափուկ, բուսական հիմքով լվացող միջոցները, ինչպիսիք են երիցուկի, կատվալեզվիկի (փպՐպՊՈ), կալենդուլայի շամպունները։ Ի դեպ, բաղադրության մեջ նարդոս պարունակող շամպունները նպաստում են երեխայի հանգիստ քնելուն։

Շատ մանկական շամպունների պիտակների վրա գրված է՝ առանց արցունքների։ Մի կարծեք, թե դա նշանակում է, որ դրանք ընդհանրապես չեն գրգռում փոքրիկների աչքերը։ <<Առանց արցունքների>> արտահայտությունն արտոնագրված է որպես շամպունի մեջ օճառի եւ ներկանյութերի բացակայության նշան։

Կրեմ.

Փոքրիկի գեղարարական հավաքածուի մեջ սա առաջին անհրաժեշտության իրերից է, որը միշտ պետք է լինի մայրիկի ձեռքի տակ։ Այն կարելի է օգտագործել մաշկը խոնավացնելու, փափկացնելու, կարմրությունն ու բորբոքվածությունը հանելու համար։ Որպես կանոն մանկական կրեմի բաղադրության մեջ լինում են հակաօքսիդանտներ (վիտամին E), հակաբորբոքիչ եւ վերքերը լավացնող նյութեր ու խոնավացնող հավելումներ։

Քանի որ շատ գեղարարական նյութեր կարող են երեխայի մեջ ալերգիա առաջացնել, ապա մասնագետները խորհուրդ են տալիս ընտրել առավել պարզ բաղադրություն ունեցող միջոցներ։

Ի դեպ, պետք չէ փոքրիկի համար արեւից պաշտպանող կրեմ գնել։ Երեխաների մաշկն ամբողջությամբ ձեւավորվում է մինչեւ երեք տարեկանը։ Մինչ այդ արեւային ճառագայթները փոքրիկին հակացուցված են։

Օճառ.

Ավելի լավ է խուսափել օճառի ամուր տեսակներից, քանի որ դրանք պատրաստվում են հիմնային հիմքով։ Մանրէների դեմ պայքարող օճառները <<բթացնում>> են մաշկի դրանց դեմ պայքարելու բնական մեխանիզմները։

Նախապատվությունը պետք է տալ գլիցերինային կամ հեղուկ մանկական օճառներին։ Չնայած շատ ծնողներ այս լվացող միջոցն օգտագործում են փոքրիկին լողացնելու համար, այն պետք չէ չարաշահել։ Օճառը հիմնականում պետք է օգտագործել զբոսանքից հետո ձեռքերը լվանալու համար։

Յուղեր.

Ինչպես արդեն նշեցինք, մանկաբույժները խորհուրդ չեն տալիս շատ տարվել օճառով։ Որպես մաքրող միջոց՝ ավելի լավ է օգտվել գեղարարական յուղերից։ Տակդիրները փոխելիս դրա միջոցով կարելի է խնամել փոքրիկի չորացած եւ թեփոտված մաշկը։ Մանկական յուղով կարելի է զգուշորեն մաքրել նաեւ երեխայի գլխի թեփոտված հատվածը, ականջները եւ մերսումներ անել։

Խոնավ ու յողոտ անձեռոցիկներ.

Խրանք ուղղակի անփոխարինելի են տնից դուրս գտնվող փոքրիկի համար։ Խոնավ, այսինքն՝ լոսյոնով ներծծված անձեռոցիկները հարմար են երեխայի ձեռքերը կեղտից, փոշուց ու ավազից մաքրելու, իսկ յուղով ներծծվածները՝ տակդիրը փոխելիս փոքրիկի մաշկը սրբելու համար։

Ցանափոշի.

Ներկայումս շատ մանկաբույժներ գտնում են, որ ծնողները միանգամայն կարող են հրաժարվել մանկական ցանափոշի օգտագործելուց։ Վաճառքում կա նաեւ դրա առավել ժամանակակից տարբերակը՝ հեղուկ տալկը, որը նման է կրեմի եւ մաշկին քսելիս վերածվում է փոշու։ Ցանափոշի օգտագործելու փոխարեն մանկաբույժները խորհուրդ են տալիս պարզապես միառժամանակ խուսափել տակդիրներ օգտագործելուց եւ թույլ տալ, որ երեխայի մաշկը <<շնչի>>։

← Վերադառնալ ցուցակին