ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Մանկահասակ երեխաների անվտանգությունը տանը

10:38 / 27.04.2017

Մանկահասակ երեխայի համար խաղալիք ընտրելիս հետևեք արտադրողի խորհուրդներին: Երեխային չի կարելի մանր մասերով խաղալիքներ կամ կոնստրուկտորներ տալ: Նրանք կարող են դրանք կուլ տալ, մտցնել ականջների կամ քթի մեջ: Փխրուն կամ սուր առարկաները, այն ամենը, ինչը կարող է վնասել երեխային կամ կարող է տեղավորվել նրա բերանում, պետք է պահել անհասանելի վայրում՝ երեխայի անվտանգության ապահովման համար:

Հետևեք, որպեսզի երեխան միայնակ չմնա գազօջախի, հոսանքին միացված արդուկի կամ էլեկտրական տաքացուցիչի մոտ, չխաղա մոմերի հետ: Պահեք լուցկիները և կրակայրիչները երեխաների համար անհասանելի տեղում:

Փոքր երեխաները սիրում են բարձրանալ մահճակալի, աթոռների, սեղանների, պատուհանագոգերի վրա: Այդ պատճառով պետք է նրանց պաշտպանել սուր անկյուններից՝ դրանց վրա ամրացվող հատուկ բարձիկների օգնությամբ: Սենյակում կահույքը պետք է դասավորել այնպես, որ երեխան ընկնելիս չվնասվի կամ չկոտրի ապակե դռներն ու հայելիները: Պատուհանների վրա պետք է հատուկ ֆիքսատորներ ամրացնել, որպեսզի փոքրիկը չկարողանա հեշտությամբ դրանք բացել: Վարդակների համար ձեռք բերեք հատուկ պաշտպանիչներ կամ փականներ: Հոսանքալարերը, համակարգիչը, հեռուստացույցը և մյուս կենցաղային տեխնիկան պետք է երեխայի համար անհասանելի լինեն:

Չի կարելի մանկահասակ երեխային լոգարանում թողնել առանց հսկողության: Թույլ մի տվեք երեխաներին բացել ջրի ծորակները կամ ջուր թափել գետնին: Լոգարանի հատակին պետք է ռետինե գորգ լինի, որ երեխան չսայթաքի: Ատամի մածուկը, քսուքները, շամպունները և անհատական հիգիենայի այլ միջոցները պետք է պահել փոքրիկի համար անհասանելի վայրում:

Կենցաղային քիմիան, առաջին օգնության դեղատուփը և ալերգիկ այլ նյութերը նույնպես պետք է լինեն փոքր երեխայի համար անհասանելի: Պոլիէթիլենային տոպրակները ևս վտանգավոր են: Թույլ մի տվեք երեխային դրանք իր գլխին հագցնել:

← Վերադառնալ ցուցակին