ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Եթե հայտնվել եք ամբոխի մեջ

15:32 / 05.05.2017

Երևի ոմանք լսել են, այսպես ասած, <<ամբոխի երևույթի>> մասին, որը բնորոշվում է մեծաքանակ խմբում գտնվող մարդկանց մտքերի և զգացմունքների <<միաձուլմամբ>>: Այնտեղ յուրաքանչյուր մարդ դադարում է անհատ լինելուց և սկսում է գործել իրեն շրջապատողների ոգով: Նրան ավելի հեշտ է որևէ բան թելադրել կամ ներշնչել: Նա դադարում է կառավարել իր հույզերն ու իր գործողությունները: Այսպես, ուրեմն, հիշեք, որ փոքրիկ երեխան ամբոխի մեջ անելու ոչ մի գործ չունի: Եթե երեխան ձեզ հետ է, ապա աշխատեք շրջանցել փողոցի այդ հատվածը (եթե նույնիսկ ձեզ չափազանց հետաքրքիր է, թե ինչու է այդտեղ այդքան մարդ հավաքվել):

Եթե մարդիկ կուտակվել են հենց ձեր ճանապարհին, ապա աշխատեք շրջանցել ամբոխը եզրերից, որտեղ ավելի քիչ մարդ կա:

Եթե այնուամենայնիվ, հայտնվում եք ամբոխի մեջ, ապա փորձեք հետևել այս խորհուրդներին.

-մի վրդովվեք և ագրեսիվություն մի ցուցաբերեք. չէ՞ որ դուք այդտեղ պատահաբար եք հայտնվել և բոլորովին կարիք չկա ձեզ անծանոթ խնդրի շուրջ կարծիքն արտահայտելու: Այն կարող է ամբոխի մեծամասնության կարծիքին հակադրվել, ինչ բոլորովին էլ ձեռնտու չէ ձեզ: Ընդհակառակը` ավելի լավ կլինի ձևացնել, որ դուք համամիտ եք նրանց: Անհրաժեշտության դեպքում կարող եք նույնիսկ որոշ լոզունգներ կամ դրոշներ վերցնել ձեր ձեռքը, բայց ամենակարևորը՝ այդ ամբողջ ընթացքում փորձեք հանգիստ և անշտապ կերպով դուրս գալ ամբոխի միջից.

-եթե ամբոխը շարժվում է, ապա դուք ևս ստիպված պետք է շարժվեք նրա հետ՝ անպայման պահպանելով հավասարակշռությունը, քանի որ ընկնելու դեպքում ձեզ կարող են լուրջ վնասվածքներ պատճառել: Կարգի բերեք հագուստը, կոճկեք բոլոր կոճակներն ու շղթաները, որպեսզի պատահաբար որևէ տեղից չկառչեք: Ձեզ մոտ գտնվող բոլոր իրերն (պայուսակ, գրքեր և այլն) ամուր սեղմեք իրանին: Եթե շարժվելը դժվարանում է, ավելի լավ է դրանցից ազատվեք, քանի որ դրանց համար պայքարելիս կարող եք լուրջ վտանգի ենթարկվել: Լարեք ուսագլուխները և ձեռքերը բռունքցներ արած սեղմեք մարմնին: Դա կօգնի ոչ միայն պաշտպանվել հրմշտոցներից, այլև կնվազեցնի կողոսկրերը կոտրելու հավանականությունը:

- եթե ամբոխն անշարժ է, ապա աշխատեք ձեր երկու հարևանների հետ այնպես կանգնել, որ ուսերն իրար միացնելով եռանկյունի կազմեք: Այդպիսով շնչելու համար կրծքավանդակն ավելի ազատ կլինի.

- եթե հանկարծ ընկնեք, ապա պետք չէ խուճապի մատնվել: Բղավելն ու օգնություն խնդրելը նույնպես անիմաստ է ու անօգուտ: Փորձեք կտրուկ ցատկով բարձրանալ տեղից: Եթե չստացվի, աշխատեք շրջվել ու ոտքը մեկնել առաջ, ամբոխի շարժման ուղղությամբ, և ամբոխն ինքը ձեզ ոտքի կկանգնեցնի: Եթե դա էլ չօգնի, ուրեմն կծկվեք, ծնկները սեղմեք փորին, իսկ ձեռքերով պահեք գլուխը:

- եթե ամբոխը ցրելու համար արցունքաբեր գազ է օգտագործվել, ապա քիթն ու բերանը թաշկինակով փակեք և շնչեք դրա միջով: Դեմքն ու աչքերը մի տրորեք:

- ամբոխից դուրս գալուց հետո դեմքը լվացեք սառը ջրով.

- եթե մարդիկ սկսում են վազել, աշխատեք դուրս գալ նրանց ճանապարհից և սեղմվել պատին: Պետք չէ կտրուկ շարժումներ անել:

← Վերադառնալ ցուցակին