ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Զգուշացիր ավտոմեքենայից

15:13 / 05.05.2017

Կանոնները սովորաբար լինում են խիստ և պայմանական: Առաջինների կատարումը պարտադիր է, վերջիններինը` ցանկալի: Տարատեսակ հրահանգների առատության մեջ երեխաները շփոթվում են ու չեն իմանում, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն պարագայում: Նրանց համար այդ իրավիճակից դուրս գալու միակ ելքը հաճախ մեծահասակների օրինակին հետևելն է: Փոքրիկներն ամենայն մանրամասնությամբ կրկնօրինակում են ծնողների վարքագիծը` յուրացնելով ոչ միայն օգտակար փորձը, այլև` վնասակար: Իսկ եթե խոսքը երթևեկության կանոնների մասին է, ապա մեծահասակների սխալները կարող են չափազանց վտանգավոր լինել երեխաների համար:

Չնայած ծնողների բազմաթիվ զգուշացումներին, երեխաները չեն կարողանում գնահատել իրական վտանգի չափը և շարունակում են խաղալ ճանապարհի երթևեկելի հատվածի մոտակայքում, ուշադրություն չեն դարձնում լուսացույցին ու փողոցն անցնում որտեղ պատահի: Մյուս կողմից էլ` արդյոք փոքրիկի ուղեղում կարող են այդքան շատ տեղեկություններ «տեղավորվել»: Կհիշի արդյոք երեխան անվտանգության կանոնների մասին, երբ իր գնդակը կգլորվի ճանապարհի երթևեկելի հատվածը` ուղիղ այդ պահին այնտեղով անցնող բեռնատարի առաջ: Նա ավելի շուտ կմտածի, թե որքան ծնողները կբարկանան կորցրած գնդակի համար:

Իսկ հիմա, սիրելի ծնողներ, փորձեք հիշել, թե քանի անգամ եք շտապելիս վազելով անցել փողոցը` մի կերպ փրկվելով վրա հասնող ավտոմեքենային բախվելուց: Չէ՞ որ այդ ամենը տեսնող երեխան դա ընկալում է որպես նորմալ, թույլատրելի վարքագիծ և հետագայում անպայման կփորձի կրկնել դա:

Սովորենք խաղալով

Փողոցում ճիշտ պահելաձևին երեխաներին պետք է ծանոթացնել վաղ հասակից: Սակայն ինչպե՞ս անել, որ նրանք հեշտությամբ յուրացնեն բարդ կանոններն ու կարողանան դրանք ճիշտ օգտագործել: Մտածեք` որն է փոքրիկի ամենասիրելի զբաղմունքը: Իհարկե, խաղը: Ուրեմն` վաղ հասակում սովորելու գործընթացը պետք է վերածել խաղի:

Երեխայի հետ ավտոմեքենաներով խաղալիս աշխատեք խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները. «Այ, հիմա կարմիր լույսը վառվեց, բոլոր մեքենաները պետք է կանգնեն ու ճանապարհը զիջեն հետիոտներին: Ուրեմն` տիկնիկը կարող է անցնել փողոց» կամ «Քանի որ դու մոռացել էիր թեքվելիս միացնել թարթիչը ու խախտել ես երթևեկության կանոնները, պետք է տուգանվես մեկ կոնֆետի չափով»:

Կա ևս մեկ հետաքրքիր միջոց: Կարելի է օգտվել երեխայի… կամակորությունից: Ահա մի օրինակ: Դիցուք, փոքրիկը պահանջում է, որ իր համար գնեք խանութի ցուցափեղկում դրված խաղալիք ավտոմեքենան: Այս դեպքում երեխային կարելի է ասել. «Հասկանում եմ, որ այդ ավտոմեքենան քեզ շատ է դուր գալիս, բայց ես չեմ կարող այն գնել, քանի որ դու մինչև հիմա նույնիսկ չգիտես, թե ինչպես պետք է ճիշտ անցնել փողոցը: Յուրաքանչյուր վարորդ և յուրաքանչյուր հետիոտն պետք է շատ լավ իմանա և պահպանի ճանապարհային երթևեկության կանոնները, թե չէ փողոցներում սարսափելի խառնաշփոթ կլինի: Օրինակ` հայրիկը (պապիկը) սովորել է այդ բոլոր կանոնները, քննություն հանձնել և վարորդական իրավունք ձեռք բերել: Եթե ցանկանում ես լավ վարորդ լինել, դու նույնպես պետք է լավ իմանաս այդ կանոնները: Արի պայմանավորվենք, որ դու կսովորես ամենակարևոր կանոնները, և երբ ինձ փոքրիկ քննություն հանձնես, ես կգնեմ քո ուզած ավտոմեքենան»:

Այժմ փոքրիկը հաճույքով կլսի ծնողների բացատրությունները և հնարավորինս արագ դրանք կյուրացնի, որպեսզի որքան կարելի է շուտ ստանա երազած խաղալիքը:

Ուսուցման գործընթացը պետք է երեխայի համար աննկատ լինի: Հարկ չկա նրան ստիպել, որ որևէ գրքից կամ ծնողների խոսքից բառացի անգիր անի երթևեկության կանոնները: Դա կարող է արդյունավետ չլինել, քանի որ իրական կյանքում երեխան կարող է չկողմնորոշվել, թե երբ և ինչպե՞ս պետք է դրանք կիրառել: Անգիր անելու փոխարեն ծնողների հետ փողոցով քայլելիս փոքրիկին կարելի է բացատրել, որ «տես, այն անցորդը սխալ անցավ փողոցը, ու մեքենան կարող էր վնասել նրան, իսկ մենք կսպասենք մինչև լուսացույցի վրա կվառվի կարմիր լույսը, բոլոր ավտոմեքենաները կկանգնեն ու նոր միայն կանցնենք փողոցը»: Մի քանի օր անց, օրինակ երեխային դպրոց ուղեկցելիս, կարելի է զրույցի մեջ ստուգել արդո՞ք նա հիշում է «դասը» և հարցնել, թե որ լույսի դեպքում է պետք փողոցն անցնել:

Ի՞նչ չպետք է անել

Չի կարելի երեխային նախատել, եթե նա մոռացել է, թե որ կողմից պետք է շրջանցել ավտոբուսը կամ որ լույսի տակ պետք է անցնել փողոցը: Պարզապես ևս մեկ անգամ, հանգիստ և առանց նյարդայնանալու բացատրեք նրան, թե ինչպես պետք է դա անել: Ձեր բարկությունից երեխայի հիշողության մեջ տհաճ տպավորություններ կմնան, և նա դժկամությամբ կհիշի ձեր խոսքերը կամ ընդհանրապես կփորձի մոռանալ դրանք:

Չի կարելի փոքրիկի ներկայությամբ անփորձ կամ հարբած վարորդների մասին կատակներ անել, ծիծաղել անփույթ անցորդների վրա և գովասանքի խոսքեր ասել ավտոմեքենան չափազանց արագ վարող մարդկանց մասին: Հիշեք, որ երեխաներն ամեն ինչ բառացի են ընկալում և կարող են կատակը ճիշտ չհասկանալ: Շատ կարևոր է, որպեսզի փոքրիկը հստակ տարբերի որն է ճիշտ, որը` սխալ:

Աշխատեք երթևեկության և անվտանգության մասին երեխայի որևէ հարց անպատասխան չթողնել: Չէ՞ որ նա հարցնում է այն մասին, ինչն իր համար կարեւոր է, ինչն իրեն հուզում է կամ հետաքրքրում: Անպայման նրա հետ խոսելու համար ժամանակ գտեք և ամեն ինչ մանրամասն բացատրեք, այլապես նա կարող է իր հարցերի պատասխանները այլ տեղում փնտրել և ոչ միշտ հավաստի տեղեկություններ ստանալ, որոնք հերքելը հետո ավելի դժվար կլինի:

← Վերադառնալ ցուցակին