ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Եթե մեղուն խայթել է

09:58 / 06.05.2017

Ամառը փոքրիկ արտակարգ իրավիճակների ժամանակաշրջան է, ինչպիսիք, օրինակ, զանազան միջատների խայթոցներն են: Երեխաները ձգտում են ավելի շատ լինել բակում, գնալ տատիկ-պապիկների մոտ` գյուղ, իսկ այս պարագայում նման վտանգն ավելի մեծ է:

Լավ կլինի, որ խայթոցի պահին ծնողները մոտ լինեն, որպեսզի կարողանան կանխել վտանգը կամ անմիջապես օգնություն ցույց տալ:

Մեղուն խայթը թողնում է մաշկի մեջ, իսկ կրետը` ոչ: Դրանից կախված` առաջացած փոքրիկ վերքը մշակելու ձևերը տարբեր են: Ցանկացած դեպքում, առաջին հերթին, անհրաժեշտ է հանգստացնել ցավը և մեղմել քորը: Առաջին միջոցը մառլյայից պատրաստված սոդայի լուծույթով հագեցած սառը թրջոցն է: Չէ՞ որ սոդան գրեթե միշտ ձեռքի տակ է: Իսկ եթե ոչ, ապա սառույցի կտորը փաթաթեք փափուկ գործվածքի կամ սրբիչի մեջ և դրանով թեթև մերսեք խայթոցի տեղը: Անուշադրի սպրիտը կարող է ավելի արագ ազդել, եթե թրջեք բամբակը դրանով և զգուշորեն (որպեսզի խայթը դուրս չգա) թրջեք խայթոցի հատվածը: Արդյունավետ միջոց է նաև նովոկայինի թույլ լուծույթը, որը հաշված վայկյանների ընթացքում ցավը կմեղմի, երեխան կհանգստանա, իսկ մեծահասակներն ազատ գործելու հնարվորություն կստանան:

Եթե խայթը մնացել է մաշկի մեջ, ապա անհրաժեշտ է որքան հնարավոր է արագ և զգույշ հեռացնել այն, քանի որ դրա ծայրին գտնվող թույնով լի փոքրիկ պարկը շատ նուրբ է ու, հեշտությամբ պայթելով, կարող է անցնել երեխայի արյան մեջ, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ, հատկապես, եթե փոքրիկն ալերգիկ է կամ դեռ չի լրացել նրա մեկ տարին:

Խայթը փշի նման ունելիով հանելը համարյա անօգուտ է, քանի որ մեղվի թույնով լի պարկը հեշտորեն կարող է պայթել: Ավելի լավ է սեղանի դանակի կլոր ծայրով սեղմել մաշկը և նախապես ախտահանված ասեղի ծայրով դուրս հանել խայթը: Աշխատեք գործել արագ և վճռական: Խայթը հանելուց հետո վերքը մաքրեք սպիրտով, մանրէասպան օճառով և մի քիչ «զելյոնկա» քսեք:

Եթե, նույնիսկ, երեխային մեղուն առաջին անգամ չի խայթել, միևնույն է մի քանի ժամ հետևեք նրան: Թույնը կարող է լուրջ ալերգիկ ռեակցիա առաջացնել, ընդհուպ մինչև շոկ: Տագնապալի ախտանշաններն են` շնչառության դժվարացում, սպազմեր, գլխապտույտ, տենդ, սրտխառնոց, թուլություն, ուշաթափություն: Խայթոցի հատվածում ցավը և այտուցվածությունը կարող են պահպանվել մինչև 72 ժամ: Բոլոր այս ախտանշանների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի: Հատկապես վտանգավոր է, եթե մեղուն խայթել է փոքրիկի քթի կամ բերանի հատվածում:

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարելի է խուսափել մեղվի խայթոցից:

  •  Սովորաբար երեխաները միջատների զոհ են դառնում ելակ կամ մորի հավաքելիս: Կրետ կամ մեղու տեսնելիս աշխատեք անշարժ մնալ: Պետք չէ թափահարել ձեռքերը կամ գոռալ: Գիտնականները պնդում են, որ մեղուն և կրետը խայթում են միայն վտանգի դեպքում:
  •  Պայծառ, վառվռուն գույնի ծաղկավոր հագուստը շատ լավ խայծ է զանազան մեղուների համար, քանի որ այդպիսով կռացած մորի հավաքող փոքրիկը նմանվում է ծաղկաթմբի: Բնության գրկում աշխատեք միագույն կամ ոչ այնքան վառ գույնի զգեստ հագնել:
  • Անտառ կամ պարտեզ գնալիս մարմնի բաց մասերին պաշտպանիչ քսուք քսեք:
  •  Ձեռնպահ մնացեք քաղցրավենիք ուտելուց (կոնֆետներ, շոկոլադ և այլն): Մեղուները նույնպես քաղցրի սիրահար են: Սա հատկապես վտանգավոր է, եթե քաղցրավենիքի մնացորդները կուտակվեն երեխայի դեմքին կամ շրթունքների վրա: Մեղուն կարող է մտնել նրա բերանը, խայթել շրթունքները:
  • Ծաղկային ուժեղ բույր ունեցող օծանելիքը կամ օճառը նույնպես գրավում են մեղուների ուշադրությունը:
  •  Չի կարելի շրջել գազավորված քաղցր հյութով լի շիշը ձեռքին, քանի որ մեղուներն այդ շշերի մեջ ևս իրենց շատ հարմարավետ են զգում: Հյութի անթափանց մետաղյա տուփի մեջ փոքրիկը կարող է չնկատել մեղվին, և խմելիս միջատը կարող է խայթել նրա շրթունքը, լեզուն կամ այտը:

← Վերադառնալ ցուցակին