ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Փոքրիկը գնում է դպրոց

11:20 / 10.05.2017

Մանկապարտեզում ձեր երեխան ամենաընդունակն էր ու դաստիարակների սիրելին: Ահա նա պետք է գնա դպրոց, և ծնողները կարծում են, որ այնտեղ նա ևս պետք է շարունակի լինել ամենալավը: Սակայն շուտով սեպտեմբերիմեկյան հաճելի հոգսերը մնում են հետևում, իսկ երեխայի տնային աշխատանքները կատարելու գործընթացը վերածվում է անտանելի մղձավանջի: Եթե սկզբում փոքրիկը հաճույքով էր պատրաստում դասերը, ապա այժմ ծնողները համարյա թե ստիպված են նրան «պարանով կապել» գրասեղանի մոտ: Ի՞նչ է պատահել և ու՞ր է կորել երեխայի որևէ նոր բան սովորելու ցանկությունը:

Մանկավարժ-հոգեբանները սրա վերաբերյալ հստակ տեսակետ ունեն: Եթե առաջինդասարանցին չի ցանկանում դաս անել, ապա դա միայն մի բան կարող է նշանակել. նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում: Այս պարագայում ծնողների հիմնական խնդիրն է օգնել երեխային:

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի: Եթե փոքրիկը նախքան դպրոց գնալը մանկապարտեզ է հաճախել, ապա այնտեղ նրանից չէին պահանջում ամեն օր ինչ-որ հանձնարարություն կատարել: Նա այնտեղ խաղում էր, ուտում, քնում, որևէ նոր բան սովորում և գալիս տուն: Երեխան ուղղակի սովոր չէ ամեն օր ինչ-որ հանձնարարություն կատարել, այն էլ պարտադիր ձևով:

Բացի այդ, հիշողության կամ ուշադրության ակամա ձևը, երբ փոքրիկն ինքն էլ չզգալով, առանց որևէ դժվարության կարողանում է հիշել ամբողջ գրքի բովանդակությունը, վեց-յոթ տարեկաից սկսում է աստիճանաբար վերանալ: Իսկ գիտակցաբար, կամքի ուժով ինքն իրեն ստիպելու միջոցով որևէ բան հիշելու կամ անելու կարողությունը նոր-նոր է ձևավորվում: Այնպես որ, սա երեխայի համար մի փոքր բարդ շրջան է, և տնային աշխատանքները չկատարելու պատճառը բոլորովին էլ ծուլությունը չէ: Լավ կլինի, որ այս ընթացքում ծնողները երեխայի համար հատուկ օրակարգ սահմանեն և դասերը պատրաստելու համար առանձին ժամանակ հատկացնեն, որը, կախված փոքրիկի ծանրաբեռնվածությունից, տարբեր օրերի կարող է տարբեր ժամերի լինել:

Դպրոցից տուն գալուց հետո երեխան պետք է ոչ միայն ճաշի, այլև՝ մի փոքր հանգստանա: Եթե որևէ այլ հարգալից պատճառ չկա, ապա սահմանված գրաֆիկը չի կարելի խախտել, այլապես փոքրիկը պետք է տույժի ենթարկվի, որի մասին կարող եք նրա հետ նախապես պայմանավորվել: Ամենից հաճախ պատիժը լինում է որևէ հաճելի զբաղմունքից զրկվելը (խաղը բակում, հեռուստացույց դիտելը, համակարգչային խաղերը և այլն): Հոգեբանները խորհուրդ չեն տալիս արգելել երեխային հաճախել մարզական պարապմունքների, քանի որ դրանք օգտակար են նրա համար:

Պատրաստում ենք դասերը

Երբ ձեր փոքրիկը դպրոցից տուն է գալիս, օգնեք նրան պայուսակից հանել տետրերն ու գրքերը: Դրանք կարող եք դասավորել գրասեղանի ձախ անկյունում, իսկ դասերը պատրաստելուց հետա տեղափոխել աջ կողմը, որպեսզի երեխան տեսնի, թե հանձնարարությունների որ մասն է արել և ինչքանն է մնացել ավարտելու համար: Հիշեք, որ յուրաքանչյուր աշխատանք շարունակելն ավելի հեշտ է, քան սկսելը:

Խնդրեք երեխային հիշել և թվարկել, թե որ առարկայից ինչ տնային աշխատանք են հանձնարարել: Նա պետք է այդ ամենն իմանա և հիշի նույնիսկ այն դեպքում, երբ մայրիկը նրան դպրոցից տուն բերելիս ուսուցչուհուց դրանք հարցնում և նշում է իր մոտ: Գովեք ձեր փոքրիկին ուշադիր ու պատասխանատու լինելու համար:

Եթե երեխան դժվարանում է գրել տառերը կամ թվերը, ապա կարելի է դիմել մի պարզ հնարքի: Առաջարկեք միասին դպրոց-դպրոց խաղալ, որտեղ դուք կլինեք աշակերտը, իսկ նա՝ ձեր ուսուցիչը, որը պետք է ձեր գրել սովորեցնի: Փոքրիկը պետք է փորձի օդում մատը շարժելով և բարձրաձայն իր գործողությունները բացատրելով (օրինակ՝ տողի վրա նկարում ենք շրջանակ, հետո կողքից մի գիծ ենք տանում և նույն տեղից՝ մի պոչիկ. ստացվում է «գ» տառը) ձեզ ցույց տա այս կամ այն տառը, այնուհետև գրի այն տետրի մեջ: Հետաքրքիր է, որ գրելու ժամանակ փոքրիկները պահում են շունչը և չեն կարողանում խոսել:

Օգտակար է նաև պլաստիլինից տառեր ու թվեր ծեփելը կամ ավազով լի սկուտեղի վրա մատիկով գրելը:

Երբ երեխան հոգնում է, անհրաժեշտ է փոքրիկ (մոտ 10-15 րոպեի չափ) ընդմիջում անել և հանձնարարել նրան, օրինակ, տասն անգամ թռչկոտել մեկ ոտքի վրա կամ վազել սեղանի շուրջը: Ընդ որում, նման վարժությունների քանակը պետք է խստորեն սահմանափակել (7-10 անգամ), այլապես հետո փոքրիկին գրասեղանի մոտ վերադարձնելը շատ դժվար կլինի:

Եթե երեխան դժվարանում է կարդալ, ապա կարելի է նրա սենյակի պատերին գունավոր թղթերից պատրաստված կամ նկարած տառեր, վանկեր ու կարճ բառեր փակցնել, ընդ որում՝ դրանց մի մասը կարելի է գլխիվայր ամրացնել, որպեսզի նա կարողանա ճանաչել տառերը ցանկացած դիրքում:

Եթե այս ամենից հետո փոքրիկն այնուամենայնիվ շարունակում է կամակորություն անել և պնդել, որ չի ուզում դասերը պատրաստել, ապա դիմեք մի փոքր խորամանկության: Օրինակ՝ կարող եք ասել, որ ձեր աչքերը ցավում են, որ լավ չեք տեսնում և խնդրեք, որ կարդա, թե ինչ է գրքում գրված կամ կարելի է ասել, որ ձեր ձեռագիրը տգեղացել է (կամ, իբր, մոռացել եք) ու խնդրել, որ փոքրիկը ցույց տա, թե ինչպես է գրվում այս կամ այն տառը: Այս դեպքում ոչ մի երեխա չի զլանա կատարել ձեր խնդրանքը և ցույց տալ, որ ինքն ավելին գիտե:

Եվ ամենակարևորը՝ չմոռանաք շռայլորեն խրախուսել նրա յուրաքանչյուր, նույնիսկ, ամենաչնչին հաջողությունը, և շատ շուտով նա կսկսի ինքնուրույն պատրաստել տնային աշխատանքները՝ ազատելով ձեզ ժամերով գրասեղանի կողքը նստելու տանջալի պարտականությունից: 

← Վերադառնալ ցուցակին