ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Կայծակ

11:15 / 16.05.2017

Դարեր ի վեր լեռներն ահ ու սարսափ են տածել մարդկանց վրա իրենց հզորությամբ, անառիկ լանջերով, սառցադաշտերի սառը շնչառությամբ, կիրճերի և անձավների խորհրդավոր խավարով, որոնք մարդկային երևակայությունը բնակեցրել է ահարկու հրեշներով, թզուկներով ու չար ոգիներով։

Լեռերը պահպանեցին իրենց խորհրդավորությունը նույնիսկ 1741 թվականից հետո, երբ երեք ձեռներեց որոշեցին անգլիացի ազնվականներին հրամցնել մի նոր զբաղմունք՝ ճանապարհորդություն դեպի լեռներ. և հայտնաբերվեց լեռնային տուրիզմը։ Ձեռներեցներն իրենց հաշվարկներում չսխալվեցին՝ ցանկացողների թիվը գերազանցեց սպասելիքները: Եվ այնուամենայնիվ, ի՞նչն է այդպես հզոր մագնիսական ուժով ձգում մարդկանց դեպի լեռներ՝ դրանց բնապատկերների գեղեցկությու՞նը, աշխարհին վերից նայելու հնարավորությու՞նը, խստաշունչ ցուրտն ու մշտական վտա՞նգը, թե՞ նյարդերը խուտուտ տվող ռիսկը, անհաղթահարելին հաղթահարելու ցանկությունը։

Ինչպես փորձված լեռնագնացներն են նշում՝ լեռներում պայքարելով և հաղթելով՝ մարդն ինքնահաստատվում է, կյանքի և մահվան սահմանագծում նա հայտնաբերում է այնպիսի ներքին հնարավորություններ, որոնց մասին նույնիսկ պատկերացում չուներ:

Այսօր լեռնային տուրիզմն ավելի ու ավելի մեծ տարածում է ստանում: Սա, իհարկե լավ է, եթե հաշվի չառնենք, թե ինչ վտանգի է իրեն ենթարկում լեռներում հայտնված, բայց լեռնային օրենքներին անտեղյակ մարդը։ Ահավասիկ՝ վիճակագրական երկու տվյալ. միայն ավստրիական Ալպեր տարեկան այցելում է 20 մլն տուրիստ, որոնք իրենցից հետո թողնում են մոտ 67 հազար տոննա աղբ։ Սակայն գլխավորն աղտոտումը չէ, այլ մարդկանց անվտանգությունը, քանի որ լեռնային պայմաններում մարդուն սպառնում են բազում վտանգներ՝ ձնահոսք, փլվածք, քարաթափում, ճեղքվածք, ցուրտ, կայծակ և այլն։

Ցավոք, միշտ չէ, որ լեռնային բնության սիրահարները բարեհաջող վերադառնում են տուն։ Հինգ տարվա ընթացքում շվեյցարական Ալպերում զոհվել է 1000 տուրիստ, իսկ տասնյակ հազարավորներ՝ ստացել են տարբեր վնասվածքներ։

Ամառային տուրիստական շրջանում բազմաթիվ լեռնային տուրիստների և ժայռամագլցողների խմբեր իրենց արշավները կազմակերպում են դեպի Հայաստանի գեղեցիկ լեռներ։

Մարդիկ, գտնվելով լեռներում՝ ինքնավար գոյատևման պայմաններում, ոչ միշտ են ընդունակ հաղթահարելու առաջացող դժվարությունները։

Այս հոդվածը ձեզ կծանոթացնի կայծակի հետ. ինչպես գործել ամպրոպի ժամանակ և ինչպես պատսպարվել կայծակից։ Կծանոթացնի նաև կայծակնահարության ժամանակ տուժածին ցույց տրվող առաջին նախաբժշկական օգնությանը և ամպրոպների վերաբերյալ այլ հետաքրքիր փաստերի։

Ի՞նչ է կայծակը

Կայծակը (շանթ) բնական էլեկտրական երևույթ է, որն առաջանում է ամպրոպային ամպերում։ Այն ուղեկցվում է կուրացուցիչ փայլատակումով և ուժեղ ձայնով՝ որոտով։ Որոտն առաջանում է, երբ օդն ակնթարթորեն ընդարձակվում է և սառչելով՝ սեղմվում։ Չէ՞ որ կայծակի ժամանակ ջերմաստիճանը հասնում է 25-30 հազար օC։

Կայծակն ու որոտը միասին կոչվում են ամպրոպ։ Ամպրոպին բնորոշ են նաև ուժեղ քամին, հորդառատ անձրևը, երբեմն էլ՝ կարկուտը։ Ամպրոպը շատ գեղեցիկ բնական երևույթ է։ Որպես կանոն, ամպրոպից հետո եղանակը լավանում է, օդը դառնում ավելի թափանցիկ, թարմ ու մաքուր։ Սակայն չպետք է մոռանալ, որ ամպրոպը նաև մեծ վտանգ է մարդկանց համար։ Ուստի պետք է իմանալ և՛ ամպրոպի առաջացման, և՛ ամպրոպի ժամանակ գործելու ու կայծակից պաշտպանվելու մասին։

Հին ժամանակներում, չհասկանալով ամպրոպի ծագումը, տեսնելով, թե ինչպես է կայծակը սփռում հրդեհ ու մահ, այն կապում էին աստվածների զայրույթի և իրենց կատարած մեղքերի համար Աստծո պատժի հետ: Սակայն հիմա էլ, երբ պատճառները հայտնի են, ուժեղ ամպրոպների ժամանակ մարդկանց էլի պատում է ինչ-որ անհասկանալի տագնապ։

Ամպրոպներն առաջանում են կույտավոր-անձրևաբեր ամպերում։ Այդ ամպերն առաջանում են այսպես, լեռներում եղանակը կտրուկ փոփոխվում է, գոլորշիներով հարուստ տաք օդը վեր բարձրանալով խառնվում է վերին սառը շերտերին, սառչում և սեղմվում։ Առաջանում են ամպրոպային (կույտավոր-անձրևաբեր) ամպեր, որոնց մեջ կան մեծ քանակությամբ ջրի կաթիլներ ու սառցե բյուրեղներ։ Սրանք միմյանց շփվելով էլեկտրականանում են, և զարգանում է կայծակ։

Կայծակը կարող է առաջանալ ինչպես ամպրոպային ամպերի, այնպես էլ այդ ամպերի և երկրի մակերևույթի միջև։ Ընդ որում՝ երկու ամպերի միջև կայծակի երկարությունը կարող է հասնել մինչև 50 կմ, իսկ կայծակի երկարությունը ամպերի և երկրի միջև հազվադեպ է գերազանցում 2-3 կմ։ Կայծակի լայնությունը չի գերազանցում 60 սմ։

Չափումները ցույց են տվել, որ կայծակների տևողությունը կազմում է վայրկյանի հազարերորդական մասը, հիմնականում՝ 0,03-0,05 վայրկյան։

Կայծակի հոսանքի լարվածությունը հասնում է մինչև 50 միլիոն վոլտի, իսկ հոսանքի ուժը՝ 200 հազար ամպերի։ Համեմատելու համար իմացեք, որ տանն օգտագործվող հոսանքի լարվածությունը 220 վոլտ է, իսկ հոսանքի ուժը՝ 6 ամպեր։

Հետաքրքիր է իմանալ

  •  Մեր մոլորակի տարբեր վայրերում տարվա ընթացքում ամպրոպային օրերի քանակը տարբեր է։
  • Ամենից շատ՝ տարեկան 220 օր, ամպրոպ է լինում Ճավա կղզում։ Կենտրոնական Աֆրիկայում՝ 150, Մեքսիկայում՝ 140, Մոսկվայում՝ 20 օր։ Երևանում տարվա ընթացքում ամրոպային օրերի թիվը կազմում է մոտ 40 օր։
  • Տարեկան երկրի վրա տեղի է ունենում 16 միլիոն ամպրոպ, ընդ որում՝ մեկ ամպրոպի ժամանակ կարող է տեղի ունենալ 600-ից ավելի կայծակ։
  • Աշխարհի տարբեր ծայրերում միաժամանակ տեղի է ունենում վայրկյանում 100 կայծակ։
  •  Ամպրոպների հաճախականությամբ ու ուժգնությամբ Կովկասի տարածքում և նույնիսկ ԱՊՀ երկրներում Հայաստանը գրավում է առաջին տեղը։
  • Հայաստանում ամպրոպները սկսվում են ապրիլ ամսից և մայիս-հունիս ամիսներին հասնում առավելագույնի։
  • Արագած լեռան արևմտյան գագաթն օժտված է մագնիսանալու հատկությամբ։ Ամպրոպի ժամանակ այն էլեկտրականանում է և իրեն ձգում ամպրոպային ամպերը։ Ահեղ կայծակներից ցնցվում է ոչ միայն ողջ լեռը, այլև ստացված ջերմությունից հալվում են քարերը։
  • Հալված ժայռաբեկորները, որոնք ապակենման են և ունեն մինչև 10-15 սմ տրամագիծ, ռումբերի պես թռչում են չորս կողմ։

 Ինչպե՞ս գործել ամպրոպի ժամանակ և ինչպե՞ս պաշտպանվել կայծակից

Հանգստյան օրերին, եթե ցանկանում եք հանգստանալ բնության գրկում կամ արշավի գնալ, ապա անպայման պետք է հետևել եղանակի կանխատեսումներին։ Եթե սպասվում է ամպրոպ, ապա պետք է հետաձգել արշավը։

Իսկ ի՞նչ անել, եթե ամպրոպը վրա է հասել արդեն արշավի պահին։

Ամպրոպների ժամանակ մենք հաճախակի ենք տեսնում կայծակի փայլը, սակայն որոտը լսում ենք քիչ ուշացումով։ Ի՞նչն է պատճառը։

Պատճառն այն է, որ լույսի արագությունը շատ մեծ է՝ 300 հազար կմ/վրկ, ուստի մենք կայծակի լույսը տեսնում ենք ակնթարթորեն։ Իսկ ձայնի արագությունը փոքր է՝ 340 մ/վրկ և մենք որոտը լսում ենք ավելի ուշ։ Որոտի ձայնը մինչև մեզ հասնելը որոշ ճանապարհ է անցնում։

Որքան ուշ լսենք որոտը, ուրեմն կայծակն այնքան հեռու է մեզանից։

Օրինակ՝ եթե կայծակի լույսը տեսնելուց 5 վայրկյան հետո լսում ենք որոտի ձայնը, ապա ըստ Տ=V.T բանաձևի, մինչև կայծակն ընկած տարածությունը (վտանգավոր ամպերը)՝
Տ=340 մ/վրկX5 վրկ=1 700 մետր

Այսինքն, եթե պարբերաբար չափենք այդ վայրկյանները, կպարզենք՝ կայծակները (ամպերը) մոտենու՛մ են մեզ, թե՞ հեռանում։ Եթե այդ վայրկյանները փոքրանում են, ուրեմն ամպրոպը մոտենում Է, եթե մեծանում են, ուրեմն ամպրոպը հեռանում Է։ Ամենավտանգավորն այն Է, երբ տեսնում ենք կայծակի լույսը և անմիջապես լսում որոտը։ Նշանակում է այդ վտանգավոր ամպերը գտնվում են մեր գլխավերևում, և պետք է շտապ պաշտպանվել: (Որպեսզի մոտավոր հաշվեք, կարող եք հիշել՝ ձայնը 3 վայրկյանում անցնում է 1 կմ):

Բացի վերը նշվածից՝ փորձառու լեռնագնացները մոտալուտ ամպրոպն ու կայծակը կարողանում են կանխագուշակել նաև հետևյալ նշաններից՝

- ամպրոպից առաջ լինում է ճնշող օդ և քամու բացակայություն,
- գլուխն ուժեղ քոր է գալիս,
- մազերը շարժվում են ու ցցվում,
- մութ ժամանակ մետաղյա իրերի սուր ծայրերին առաջանում են կայծեր,
- մութ ժամանակ ծառերի կատարներին, ժայռերի սուր ծայրերին, երբեմն նույնիսկ մարդկանց գլուխներին կամ վեր պարզած ձեռքի ծայրին դիտվում է տարօրինակ լուսարձակում (այն անվանում են «Սուրբ Էլմայի կրակներ», երևույթ, որը հնում նկատում էին նավաստիներն՝ իրենց առագաստանավերի կայմերի ծայրին):

Հիշե՛ք, կայծակը նախ և առաջ հարվածում է տվյալ տեղանքի ամենաբարձր կետին։

Եթե ամպրոպի ժամանակ գտնվում եք բաց ու հարթ տեղանքում (օրինակ՝ դաշտում), կանգնած վիճակում դուք կլինեք այդ տեղանքի ամենաբարձր կետը: Ուրեմն պետք է անմիջապես պառկել կամ նստել ամենամոտ փոսի մեջ և ձեռքերով գրկել ոտքերը:

Շատ կարևոր է հողի բնույթը, քանի որ կայծակն ավելի հաճախ հարվածում է խոնավ ու կավային հողերին, և ավելի քիչ՝ քարքարոտ կամ խճաքարային տեղանքին։

Եթե անտառում եք՝ թաքնվեք ցածր ծառերի տակ։ Չի կարելի կանգնել բարձր ծառի տակ, քանի որ կայծակը հարվածելով ծառին՝ կփոխանցվի նաև ձեզ։ Բացի այդ, կարող եք վնասվել կոտրատվող ճյուղերից։ Կայծակի հարվածից ծառերը միանգամից ճեղքվում են։ Պատճառն այն է, որ փայտի ողջ խոնավությունն ակնթարթորեն գոլորշիանում է և ընդարձակվում, առաջ է գալիս հսկայական ճնշում, որը և պատռում է ծառի փայտանյութը։

Հատկապես վտանգավոր են մենավոր ծառերը, քանի որ հիմնականում դրանք են կայծակնահարվում։

Իմիջիայլոց, անտառում կայծակը ևս հարվածում է ընտրողաբար։ Ավելի հաճախ կայծակնահարվում են կաղնին, բարդին, ուռին, հացենին, քանի որ սրանք պարունակում են մեծ քանակությամբ օսլա։ Ավելի քիչ՝ ընկուզենին, լորենին, հաճարենին, կեչին, թխկին, փշատերևները՝ եղևնին ու սոճին, քանի որ սրանք պարունակում են մեծ քանակությամբ յուղեր ու խեժ։

Եթե շրջապատում կան ճեղքված և ածխացած ծառեր (նախկինում կայծակնահարված), ապա շտապ հեռացեք անտառի այդ հատվածից։ Այդտեղ հողն ունի բարձր էլեկտրահաղորդականություն և շատ հավանական է, որ կայծակը նորից այդտեղ կհարվածի:

Կայծակի հարվածից ծառերը ոչ միայն ճեղքվում են, այլև կարող են այրվել, որի հետևանքով էլ առաջանում են անտառային հրդեհներ։

Հիշե՛ք, կայծակահարվելուն կարող են նպաստել թաց մարմինն ու խոնավ հագուստը։

Եթե ամպրոպը վրա է հասնում լեռնային արշավների ժամանակ՝ պետք է խուսափել լեռան կատարներից, տարածքի բարձրադիր կետերից։

Պետք է արագ տեղադրել վրան, մտնել ներս և հագնելով չոր հագուստ՝ պառկել։ Բոլոր մետաղյա իրերը (հեծանիվ, կացին, դանակ, կաթսաներ) հեռացրեք ձեզանից մինչև 20-30 մետր։

Կայծակի ժամանակ, եթե դրսում եք, խորհուրդ չի տրվում մոտ գտնվել մետաղյա ցանկապատերին ու խողովակներին, շրջել ձիով, հեծանիվով կամ բաց մեքենայով։ Իսկ եթե գտնվում եք մետաղապատյանի մեջ, օրինակ՝ մետաղյա ավտոտնակի, փակ թափքով մեքենայի մեջ, տրամվայում, տրոլեյբուսում կամ գնացքի վագոնում՝ կայծակը ձեզ չի հարվածի, քանի դեռ դուրս չեք եկել կամ չեք բացել պատուհանը։ Իսկ մեքենայի ռադիոընդունիչի անտենան պետք է անպայման իջեցնել։ Կայծակն անցնելով մետաղապատյանի վրայով, կորչում Է հողի մեջ։ Ինքնաթիռը ևս ամբողջապես մետաղապատ Է, ուստի, երբ կայծակը հարվածում Է ինքնաթիռին, ուղևորները չեն տուժում, իսկ ինքնաթիռը շարունակում Է անվթար թռիչքը։ Համենայն դեպս, օդանավակայանները ձգտում են նման եղանակի ինքնաթիռ օդ չբարձրացնել։

Կայծակի ժամանակ չի կարելի գտնվել ջրի մակերևույթին (նավակի մեջ), լողալ, գտնվել բաց լողափին և ձուկ որսալ։ Որքան հնարավոր է հեռացեք ջրի ափից։

Չի թույլատրվում գտնվել բաց մարզահրապարակներում, կամ դրսում զբաղվել սպորտով։ Սպորտով զբաղվելիս քրտնում եք, իսկ քրտինքն ու արագ շարժումները «գրավում են» կայծակին։

Չի կարելի կայծակից թաքնվել փոքրիկ ցախանոցում կամ խոտի դեզի մեջ։ Կայծակից կարելի է թաքնվել մոտակա քարանձավում, բայց քարանձավի մուտքի մոտ պետք չէ կանգնել։

Ամպրոպի և կայծակի ժամանակ խորհուրդ չի տրվում մեքենա վարել, քանի որ հորդառատ անձրևը, կայծակի փայլատակումներն ու որոտը կարող են դժվարացնել վարելը և պատճառ դառնալ վթարի։

Եթե կայծակի ժամանակ գտնվում եք հարթ, բաց տարածքում, ապա չի կարելի գլխին հովանոց պահել, գլխից վեր պահել ձուկ բռնելու կարթաձողը կամ որևէ այլ փայտ։

Եթե սեփական տանն եք (գյուղական վայրում), փակեք բոլոր պատուհանները, դռները, օդափոխության անցքերը։

Չի կարելի վառարան վառել, քանի որ տաք ծուխը դուրս գալով ծխնելույզից, կարծես «գրավում է» կայծակին (տաք օդի էլեկտրահաղորդականությունը մեծ է)։ Արգելվում է մոտենալ պատուհաններին, չի կարելի բարձրանալ ձեղնահարկ։ Առանց ծայրահեղ անհրաժեշտության չի կարելի դուրս գալ տնից։

Տանը պետք է միջանցիկ քամի չլինի, այլապես ձեզ կարող է այցելել գնդաձև կայծակը։

Չի կարելի խոսել հեռախոսով, քանի որ կայծակը հաճախ է հարվածում հեռախոսասյուների միջով ձգված լարերին։ Դուք կարող եք էլեկտրահարվել։

Նույն պատճառով չի թույլատրվում միացնել ռադիոն, հեռուստացույցը և այլ էլեկտրասարքավորումներ։ Ճիշտ կլինի դրանց խրոցները հանել վարդակներից:

Չի կարելի դիպչել այն ամենին, ինչը կապված է դրսի հետ՝ ջրի ծորակին, հեռուստացույցի անտենային, ջեռուցման մարտկոցներին և խողովակներին, կարող եք էլեկտրահարվել։

Ի՞նչ է շանթարգելը

Որպեսզի տները, շենքերն ու շինությունները պաշտպանվեն կայծակի հարվածներից, դրանց ամենաբարձր կետում տեղադրում են մետաղյա հատուկ ձող, որը կոչվում Է շանթարգել, և այն հատուկ հաղորդիչներով (հաղորդալարերով) հողակցում են։

Սա կայծակից պաշտպանվելու ամենահուսալի միջոցն է, քանի որ կայծակը «սիրում է» հարվածել այն ամենին, ինչն ամենաբարձրն է և լավ հաղորդակցված։ Այսինքն՝ շանթարգելն իր վրա է վերցնում կայծակի հիմնական հարվածները։ Դեռևս հին հույները, հազարավոր տարիներ առաջ որպես շանթարգել օգտագործում էին ոսկեզօծ սյուներ, որոնք ոսկեզօծ ձողերով հողակցում էին:

Տեղադրված շանթարգելի շրջապատում ստեղծվում է պաշտպանական տարածք։ Դա կոնաձև մի տարածություն է, որի սահմաններում ապահովվում է շինությունների և մարդկանց պաշտպանությունը կայծակից։

Շանթարգել տեղադրում են այն տների ու շինությունների վրա, որոնք գտնվում են բարձրադիր կամ խոնավ տեղանքներում։

Ցանկալի է, որ վառարանների մետաղյա ծխնելույզը, հեռուստացույցի անտենան, անձրևաջրերի ջրհորդան խողովակներն ու տանիք տանող մետաղյա աստիճանները ևս հողակցվեն։

Ամպրոպի ժամանակ քաղաքում գտնվելն ավելի անվտանգ Է, քանի որ բարձր շենքերը և մետաղյա կաոուցվածքները շանթարգելի դեր են կատարում։

Կայծակնահարում

Երկրագնդի վրա տարեկան 3000 մարդ Է զոհվում կայծակից, սակայն պետք Է գիտենալ, որ դա ընդհանուր կայծակնահարվածների միայն 20 տոկոսն Է։ Մնացած 80 տոկոսը կենդանի է մնում, որովհետև հոսանքն անցնում Է մարդու մարմնի մակերևույթով, և քանի որ շատ կարճ է տևում, չի հասցնում ազդել ներքին օրգանների վրա։

Կայծակի հարվածի ուժն այնքան մեծ Է, որ կարող Է պատառոտել հագուստն ու կոշիկները, դրանք ցրելով չորս կողմ։ Լինում են դեպքեր, երբ վերնահագուստը մնում է անվնաս, իսկ ներքնահագուստը պատառոտվում է։

Նույնիսկ եթե կայծակը ձեր կողքին է հարվածում, ապա հարվածային ալիքից դուք կարող եք կոտրվածքներ ու հոդախախտումներ ստանալ, կամ նետվել մեծ հեռավորության վրա: Լինում են դեպքեր, երբ կայծակի հարվածից հետո առաջ է գալիս խլություն կամ խուլհամրություն։

Կայծակնահարման ժամանակ մաշկի վրա առաջանում են տարածուն, երբեմն նաև ծանր այրվածքներ (ածխացում)։ Երբեմն մաշկի վրա նկատվում է կայծակի պատկերը՝ մուգ կարմիր գույնի, ծառի ճյուղեր հիշեցնող գծերի ձևով, որի մասին ընդունված է ասել «կայծակը թողել է իր ստորագրությունը»։ Իրականում դա ենթամաշկային կաթվածահար անոթների հետքերն են, որոնք 1-2 օրից անցնում են։

Բացի այդ, հոսանքի մուտքի և ելքի շրջաններում նկատվում են սպիտակագորշավուն կլոր կամ ձվաձև մաշկային փոփոխություններ, որոնք կոչվում են կայծակի նիշեր։

Կայծակնահարությանը շատ բնորոշ է նաև այն, որ հագուստի վրա, գրպաններում կամ ձեռքին գտնվող մետաղյա իրերը (մետաղյա կոճակներ, ժամացույց, զարդեր, բանալիներ) հալվում են՝ առաջացնելով խոր այրվածքներ։
Չնայած կայծակի ազդեցությունը շատ կարճատև է՝ տուժածի վիճակը սովորաբար ծանր է լինում։ Առաջ Է գալիս բոլոր մկանների կծկում (այդ թվում սրտամկանի ու շնչառական մկանների), և շնչառության ու սրտի կանգ։

Առաջին նախաբժշկական օգնությունը կայծակից տուժածներին (կայծակնահարվածներին)

Կայծակից տուժածը շատ նման Է մահացած մարդու։ Նա գունատ Է, քիչ կապտավուն, բբերը լայնացած են, շնչառությունը և անոթազարկը (պուլսը) բացակայում են։ Եթե շատ արագ նրան ցույց տրվի առաջին նախաբժշկական օգնություն, մասնավորապես՝ արհեստական շնչառություն և սրտի անուղղակի մերսում (մասաժ), ապա նրա կյանքը հնարավոր կլինի փրկել։

Արհեստական շնչառության ու սրտի անուղղակի մերսման տեխնիկան ուսումնասիրվում է բարձր դասարաններում:

ժողովրդի մեջ տարածված է այն սխալ կարծիքը, թե կայծակնահարին որոշ ժամանակ պետք է թաղել հողում։ Սա շատ վնասակար է, քանի որ ոչ միայն կեղտոտում է այրվածքները, այլև լրացուցիչ ծանրաբեռնվածություն է առաջացնում սրտի, թոքերի վրա։ Եվ ի վերջո, սա նաև փրկության համար այնքան թանկ ժամանակի անտեղի կորուստ է։

Կայծակնահարության ժամանակ գիտակցության կորուստը կարող է տևել մի քանի րոպեից մի քանի օր։

Եթե տուժածը գիտակցությունը կորցրել է մինչև բժիշկ կանչելը կամ պատգարակով հիվանդանոց տեղափոխելը, նրան պետք է բերել կողքային անվտանգ դիրքի, անպայման բացելով շնչուղիները, ցուցամատին փաթաթած թաշկինակով կամ բինտով պարբերաբար բերանը մաքրել թքից, արյունից և փսխման զանգվածներից։

Պետք չէ մոռանալ նաև արնահոսությունը դադարեցնելու, այրվածքներին վարակազերծ (ստերիլ) վիրակապ դնելու և կոտրվածքներն անշարժեցնելու մասին։

Պետք է հիշել, որ գիտակցությունը վերականգնվելուց հետո մարդիկ անհանգիստ են, գրգռված, գանգատվում են ուժեղ ցավերից։ Նրանց պետք է տալ մեծ քանակությամբ տաք թեյ, այլ հեղուկներ։ Չի կարելի սուրճ տալ։

Արհեստական կայծակ

Ներկայումս գիտնականները լաբորատոր պայմաններում կարողացել են ստեղծել արհեստական կայծակներ, որոնց երկարությունը հասնում Է 15 մետրի (իսկ հոսանքի լարումը՝ 10 միլիոն վոլտ)։

Գնդաձև կայծակ

Գնդաձև կայծակը շատ հազվադեպ է հանդիպում՝ այն էլ ամպրոպի վերջում։

Այն կարող է լինել գնդաձև, տանձաձև, ձվաձև, սկավառակաձև, կամ Էլ նույնիսկ գնդերով շղթայաձև, իսկ գույնով՝ կարմիր, դեղին կամ նարնջագույն, երբեմն սպիտակ։

Սրանք կուրացուցիչ, կայծկլտուն հրե գնդեր են, որոնց առաջացման պատճառն առայսօր պարզված չէ։

Բացակայում են նաև այս տիպի կայծակից մարդկանց պաշտպանելու մեթոդներն ու կանոնները։ Պատճառն այն է, որ գնդաձև կայծակի վարքն անկանխատեսելի է։ Այն անսպասելի կարող է հայտնվել ամեն տեղ, նույնիսկ փակ շինություններում։

Նկատվել են դեպքեր, երբ գնդաձև կայծակը հայտնվել է հեռախոսի լսափողից, լույսի անջատիչից, վարդակից: Ավելի հաճախ այն տուն է մտնում վառարանի խողովակից, բաց դռներից ու պատուհաններից։ Եղել են դեպքեր, երբ մտել է բանալու անցքից։

Գնդաձև կայծակի չափերը կարող են տատանվել մի քանի սանտիմետրից մինչև մի քանի մետր:

Այն սովորաբար լողում է օդում կամ գլորվում գետնին, երբեմն էլ ցատկոտում բոլոր ուղղություններով։ Արձագանքում է քամուն, միջանցիկ քամիներին, օդի այլ հոսանքներին:

Գնդաձև կայծակները տևում են մի վայրկյանից մինչև մի քանի րոպե, այնուհետև կամ կարող են դուրս գալ տնից ու անհետանալ, կամ պայթել։ Ընդ որում՝ պայթյունը կարող է շենքին հսկայական վնաս պատճստել։

Գտնում են, որ գնդաձև կայծակն ունի մոտ 5 հազար օC ջերմություն։ Սրա հետ ցանկացած հանդիպում բերում է ծանր վնասվածքների և այրվածքների, որոնց մեծ մասն ավարտվում է մահով։

Կայծակի լույսով

Կայծակի ժամանակ, երբ այդ կարճատև լույսով դիտում եք շրջապատը, ամեն ինչ կարծես «քարացած», անշարժացած լինի։ Մարդիկ կարծես կանգ են առել լարված դիրքերով՝ ոտքը, ձեռքը օդում պահած, փողոցի մեքենաները, ամեն ինչ անշարժ է։

Այդ թվացող անշարժության պատճառը կայծակի աննշան տևողությունն է։ Այդքան փոքր ժամանակամիջոցում քիչ բան է հասցնում տեղաշարժվել աչքի համար նկատելի չափով։ Նույնիսկ մեքենայի անվադողը հասցնում է պտտվել միլիմետրի չնչին մասի չափով միայն։ Աչքի համար դա նույն անշարժությունն է:

Կես կատակ, կես լուրջ 

Ի՞նչ արժե կայծակը

Ինչպես գիտեք, կայծակը էլեկտրական էներգիա է, իսկ մեր ժամանակներում էլեկտրական էներգիան չափվող ու գնահատվող ապրանք է (ինչպես մյուս բոլոր ապրանքները)։

Եթե հաշվենք միջին չափի կայծակի հզորությունը՝ կստանանք 5 միլիարդ կիլովատտ։ Սակայն սա ազդում է վայրկյանի մոտավորապես հազարերորդական մասի ընթացքում, և եթե այն վերածենք կիլովատտ/ժամերի, ապա կստանանք 1 կիլովատտ/ժամ:

Ըստ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող էլեկտրաէներգիայի սակագնի՝ մեկ կիլովատտ/ժամի համար մենք վճարում ենք 25 դրամ։ Առայժմ...

Այստեղից դժվար չէ կայծակի դրամային արժեքը հաշվել.
1 400 X 25 դրամ = 35 000 դրամ (մոտ 63 $)

Արդյունքն ապշեցուցիչ է, այդքան հզոր կայծակն արժե ընդամենը 35 000 դրամ: 

← Վերադառնալ ցուցակին