ԱԻ հանրագիտարան

Երեխաների համար

Երեխան և հրազենը

10:36 / 18.05.2017

Պատերազմի բովով անցած երկրներում բնակիչներից շատերի տանն անվտանգության նկատառումներից ելնելով զենք-զինամթերք է պահվում կամ հողի մեջ դեռևս մնում են զենքերի մնացորդներ: Հնարավոր է, որ տանը պահվեն նաև ինքնաշեն, ծառայողական կամ որպես պարգև տրված ատրճանակներ ու որսորդական հրացաններ: Այդ զինամթերքը հեշտությամբ կարող է հայտնվել երեխայի ձեռքում` պաշտպանական միջոցից վերածվելով վտանգի:

Հաճախ մեծահասակները զենք են ձեռք բերում հենց երեխաներին պաշտպանելու նպատակով, սակայն իրենց անփութության հետևանքով ստացվում է ճիշտ հակառակը: Իր ուզածը ստանալու համար փոքրիկը պատրաստ է գլխիվայր շրջել ողջ տունը, միայն թե գտնի այն, ինչ իրենից թաքցնում են: Բացատրեք նրան զենքից օգտվելու անվտանգության կանոները և ասացեք, որ հրացանը կամ ատրճանակը խաղալիք չեն, որ դրանց հետ պետք է շատ զգույշ վարվել:

Իհարկե, չի կարելի զենքը պահել որտեղ պատահի, հատկապես երեխային հասանելի վայրերում: Եթե զենքը կախված է պատից, ապա լիցքաթափեք այն և փամփուշտները որքան հնարավոր է ապահով պահեք: Բացատրեք երեխային, որ փամփուշտները պետք է իրենց տրամաչափով համապատասխանեն հրազենի տվյալ տեսակին, չի կարելի օգտագործել պատահական կամ ինքնաշեն լիցքեր: Դա անհրաժեշտ է անել նրա համար, որ ձեր ժառանգը տուն հրավիրելով իր ընկերներին և ցանկանալով պարծենալ` չփորձի առաջին իսկ պատահած փամփուշտով լիցքավորել հրացանը և հրաձգության փոքրիկ մրցույթ կազմակերպել, չէ՞ որ խաղալիք ատրճանակներին սովորած պատանին իսկական զենքին էլ է նման կերպ վերաբերվում: Հիշեք, որ չի կարելի նշան բռնել մարդկանց, կենդանիների կամ թռչունների վրա, եթե նույնիսկ համոզված եք, որ զենքը լիցքավորված չէ: Չի կարելի նաև մարդաշատ վայրերում հրաձգության փորձեր անել, քանի որ պատահաբար կարող եք ուրիշին վնասել:

Գազով ատրճանակը չի կարելի լիցքավորել մարտական փամփուշտներով, նույնիսկ եթե տրամաչափը համապատասխանում է զենքին, քանի որ կրակելիս դրանք կարող են պայթեցնել զենքի փողը, որովհետև գազով հրազենը պատրաստվում է ոչ այնքան ամուր մետաղից: Եթե նույնիսկ երեխան բավականաչափ մեծ է, չարժե նրան զենք վստահել, քանի որ նա կարող է այն ճիշտ չօգտագործել: Հնարավոր է նաև, որ այն երեխայից խլելու համար կարող են հարձակվել նրա վրա:

Հրազենը ձեռքը վերցրած երեխան հաճախ չի կարող իմանալ արդյոք այն լիղցքավորվա՞ծ է, թե՞ ոչ: Ի դեպ, առանց հսկողության թողնված զենքը կարող է ընկնել ոչ միայն երեխաների, այլև ձեր բնակարան մտած կողմնակի մարդկանց ձեռքը, որոնք այն կարող են օգտագործել ձեր դեմ կամ վատ հետևանքներով չար կատակներ խաղալ (օրինակ` ոչ սթափ վիճակում գտնվող հարևանը, բարեկամը կամ մտերիմներից մեկը):

Հնարավոր է, որ ծնողները երեխայի անվտանգությունն ապահովելու համար նրա համար գազով ատրճանակ գնեն` իմանալով, որ նա հաճախ է երեկոյան ուշ վերադառնում: Այստեղ կարող է պատահել ամենասարսափելին: Նա ատրճանակն ընկալում է որպես ապահովության երաշխիք և թուլացնում զգոնությունը: Երեխան կարող է գիշերով անվախ մտնել ծառաշատ զբոսայգի կամ վատ լուսավորված փողոցներ` ցանկանալով կրճատել տան ճանապարհը և կարծելով, թե գազով ատրճանակը կարող է իրեն պաշտպանել: Պետք չէ մոռանալ, որ հարձակումը կարող է լինել թիկունքից և շատ հանկարծակի, չարամիտները կարող են լինել մի քանի հոգով, ու այս դեպքում արդեն ատրճանակը ոչ միայն չի օգնի, այլև կարող է կիրառվել երեխայի դեմ:

Վտանգավոր կարող է լինել նաև գազի փոքրիկ բալոնը, որը նույնպես օգտագործվում է ինքնապաշտպանության նպատակով: Եթե երեխան դեռև փոքր է, չի նշանակում, որ բալոնը պետք է թաքուն բերել տուն և պահել նրանից հեռու: Երեխան կարող է գտնել այն նախքան ծնողները կհասցնեն իրեն բացատրել, թե ինչպես պետք է վարվել դրա հետ: Փոքրիկը կարող է այն շփոթել դեզոդորանտի կամ օդը թարմացնող նյութի հետ և գազը փչել իր վրա: Եթե նույնիսկ նա չկարողանա այն փչել, ապա հնարավոր է, որ խաղալիս գազի բալոնը թողնի կենտրոնական ջեռուցման մարտկոցի, բաց կրակի կամ էլեկտրական տաքացուցիչների կողքին, ինչ հետևանքով կարող է տեղի ունենալ պայթյուն և գազի թունավորում: Բացատրեք, թե ինչ գազով է այն լիցքավորված` արցունքաբե՞ր, թե՞ նյարդակաթվածահար անող, և ինչ ազդեցություն է այն ունենում մարդկանց վրա: Անհրաժեշտ է հիշել նաև, որ քամոտ փողոցում գազն անօգուտ կլինի և վնասակար, քանի որ հանդիպակաց քամին այն կփչի ուղիղ փոքրիկի երեսին` այդպիսով թողնելով սպասվածի հակառակ աազդեցությունը: Գազի բալոնից օգտվելիս այն պետք է ուղղել հարձակվողի դեմքին որքան հնարավոր է մոտ և փչելիս շունչը պահել, որպեսզի կուլ չտաք թունավորված օդը: Օրինակ` փակ տարածքում կամ սենյակում գազի բալոնն օգտագործելիս անհրաժեշտ է հիշել, որ երեխան ինքն էլ ակամայից հայտնվում է դրա ազդեցության գոտում: Նա պետք է պատրաստ լինի դրան և նախքան փչելը որոշի, թե որտեղից է դուրս վազելու:

Ի վերջո, եթե չեն պահպանվում անվտանգության մնացած կանոնները, ապա հրազենը դժվար թե կարողանա ձեզ պաշտպանել: 

← Վերադառնալ ցուցակին