ԱԻ հանրագիտարան
Երեխաների համար
Եթե երեխան կորել է
10:48 / 18.05.2017

Երբևէ մտածել եք, թե ինչ է զգում երեխան, երբ նկատում է, որ անծանոթ վայրում միայնակ է մնացել: Նա, իհարկե, վախենում է, ինչը կաշկանդում է նրա գործողությունները և թույլ չի տալիս ստեղծված իրադրությունից գտնել ճիշտ ելքը: Շփոթմունքից նա կարող է նույնիսկ մոռանալ, թե ինչ էին իրեն նման դեպքերի համար սովորեցրել ծնողները: Այդ պատճառով ծնողներն իրենք պետք է նրան նախապատրաստեն բոլոր հնարավոր արտակարգ իրավիճակներում հայտնվելուն, որպեսզի հարկ եղած դեպքում փոքրիկը կարողանա ճիշտ կողմնորոշվել:
Երբ երեխան գիտակցում է, որ ինքը կորել է, նրան վախեցնող առաջին հանգամանքը ծնողների զայրույթն է և հնարավոր պատիժը, իսկ երկրորդն այն, որ նա չգիտե ինչ անել և ինչպես գտնել ծնողներին:
Փոքրիկին ձեր տեսադաշտից կարող եք կորցնել գրեթե բոլոր մարդաշատ վայրերում` փողոցում, կայարանում, խանութում, թատրոնում և այլն: Տհաճ միջադեպերից խուսափելու համար նախապես պայմանավորվեք նրա հետ, թե ինչ պետք է անեք նման դեպքերում:
Եթե երեխան կորել է մետրոյի մեջ, ապա նախնական պայմանավորվածության համաձայն, նա պետք է իջնի գնացքի հաջորդ կայարանում և սպասի մինչև ծնողները գնան նրա հետևից: Այն դեպքում, երբ ծնողները մեկնել են գնացքով, իսկ երեխան մնացել է կայարանում, նա պետք է տեղում սպասի մինչև ծնողները վերադառնան նրա հետևից: Փոքրիկը կարող է նաև մոտենալ խանութի վաճառողուհուն կամ կայարանի տոմսավաճառին և օգնություն խնդրել: Նման պարագաներում երեխան պետք է հստակ իմանա իր անուն-ազգանունը, տան հասցեն և հեռախոսահամարը: Եթե նրան մոտենան անծանոթ մարդիկ և առաջարկեն տուն տանել կամ միասին փնտրել ծնողներին, ապա երեխան պետք է հրաժարվի` պնդելով, որ ծնողներին այդտեղ է սպասելու: Փոքրիկի անօգնական վիճակից կցանկանան օգտվել նաև զանազան ինքնակոչ «կամեցողներ», որոնք կարող են նրան առաջարկել քաղցրավենիք, խաղալիքներ կամ իրենց երեխաների ընկերությունը` օգտագործելով նրանց իբրև խայծ: Հնարավոր է նրանք երեխային ասեն, թե գիտեն ինքը որտեղ է ապրում, որ ճանաչում են նրան, որ տեսել են նրան բակում խաղալիս և առաջարկեն տուն տանել: Բնականաբար, այս բոլոր առաջարկություններին նա պետք է պատասխանի. «Ոչ՛»: Եթե փորձեն նրան բռնի ուժով տանել, ապա նա պետք է բարձրաձայն բղավի, որ իրեն գողանում են, որ ինքն այդ մարդկանց չի ճանաչում և խնդրի, որ ոստիկանություն կանչեն: Եթե նույնիսկ ոչ ոք չարձագանքի նրա օգնության կանչին, ապա նման ձևով փոքրիկն ուշադրություն կգրավի, և հետագայում վկաները կարող են ոստիկանությանն արժեքավոր տեղեկություններ հաղորդել առևանգիչների արտաքինի և նրանց ավտոմեքենայի վերաբերյալ:
Երեխան կարող է կորել ոչ միայն մարդաշատ վայրում, այլև անծանոթ թաղամասում, որտեղ բոլոր շենքերը նման են մեկը մյուսին, և փոքրիկը կարող է խճճվել դրանց քարե լաբիրինթոսում: Այդ դեպքում նա պետք է մտնի առաջին պատահած խանութը, դեղատունը, թատրոնը, կինոն կամ ոստիկանության բաժանմունքը և խնդրի զանգահարել իր ծնողներին: Չի կարելի մտնել անծանոթ շենքերի բնակարաններ և այնտեղից զանգահարելու թույլատվություն խնդրել` նշելով որ ինքը կորել է: Այդպիսով երեխան կարող է մարդկանց ակամա հրահրել հանցագործության, քանի որ հանցագործը հասկանում է, որ նրա գտնվելու վայրի մասին ոչ ոք ոչինչ չգիտե: Եթե երեխան դեռ կարդալ չգիտե և չի կարող կարդալ ցուցանակները, ապա բացատրեք նրան, թե ինչ նշաններով կարող է առաջնորդվել (օրինակ` կարմիր խաչը կամ գավաթին փաթաթված օձը ցույց են տալիս դեղատունը, ցուցափեղկին պատկերված ուտելիքի նկարները նշանակում են, որ այնտեղ մթերային խանութ է, սանրն ու մկրատը` վարսավիրանոց և այլն): Չի կարելի կոմնորոշվել շենքերի մուտքերի դռներին փակցված խաբուսիկ հայտարարություններով, պաստառներով կամ այնտեղից ելումուտ անող մարդկանցով: Օրինակ, եթե նկուղային պահեստից կահույք են տեղափոխում, ապա երեխան կարող է այն շփոթել խանութի հետ և, մտնելով պահեստ, հայտնվել վտանգավոր իրավիճակում:
Երեխան կարող է նաև անհարկի ինքնուրույնություն ցուցաբերել` հիշելով ձեր վարքագիծը, երբ օրինակ, դուք կորցրել էիք ճանապարհը և, կանգնեցնելով առաջին պատահած ավտոմեքենան (տաքսին), խնդրեցիք ձեզ տեղ հասցնել: Նա, կրկնօրինակելով ծնողին և առանց հնարավոր հետևանքների մասին մտածելու, կնստի մեքենա և կհայտնի իր հասցեն` մտածելով, որ ծնողները տեղ հասնելուն պես կվճարեն վարորդին: Այս դեպքում հնարավոր է նաև, որ վարորդները չկանգնեն` տեսնելով միայնակ երեխայի, քանի որ դա կարող է հանցագործների կողմից դրված թակարդ լինել: Մյուս կողմից եթե կանգնեն էլ, փոքրիկի տուն դարձը բոլորովին էլ երաշխավորված չէ: Այդ պատճառով երեխան պետք է ձգտի հնարավորինս հեռու մնալ երթևեկելի ճանապարհներից, փորձի գտնել հեռախոսով ապահովված որևէ հաստատություն և կապվել ծնողների հետ:
Երբ դուք իմանաք, թե որտեղ է երեխան ոչ մի դեպքում մի նախատեք նրան, առանց այն էլ նա լուրջ հոգեբանական վնասվածք է ստացել և վախենում է ծնողների զայրույթից: Ավելի լավ է նրան տուն բերելուց հետո բացատրեք, թե ինչու էր նա հայտնվել նման իրավիճակում, հանգիստ զրուցեք նրա հետ և անպայման գովեք ճիշտ որոշում ընդունելու համար: Դրանից հետո երեխան ավելի ուշադիր կլինի և կաշխատի խուսափել նման պատմություններից, իսկ նորից կրկնվելու դեպքում նա բավականաչափ փորձ կունենա ճիշտ որոշում ընդունելու համար:
Ոստիկանական բաժանմունքում հայտնված կորած երեխաների մեծ մասը չգիտեն, թե որ քաղաքում կամ գյուղում են ապրում, իրենց տան հասցեն, ծնողների ազգանունը, իսկ կորելու պատճառները հիմնականում կապված են ցուցափեղկում որևէ գեղեցիկ խաղալիք տեսնել-հմայվելու կամ մայրիկին (հայրիկին) վախեցնելու «անմեղ» ցանկության հետ: Եվս մեկ նախազգուշացում. եթե ոգելից խմիչներ եք ընդունել, ավելի լավ է երեխային ձեզ հետ վերցնեք, որովհետև գտնվելով ոչ սթափ վիճակում, դուք կարող եք ներքաշվել կռվի մեջ` այդպիսով վտանգի ենթարկելով նաև փոքրիկին:
Հուսանք, որ այս խորհուրդները ձեզ անհրաժեշտ կլինեն զուտ որպես տեսություն, սակայն հիշեք, որ տեսությունն իմանալը պարտադիր է: