ԱԻ հանրագիտարան
Երեխաների համար
Սև նախշերի վտանգը
10:05 / 18.05.2017

Մեզանից գրեթե յուրաքանչյուրի հետ կյանքում գոնե մեկ անգամ պատահել է, որ, ասենք, հեռուստացույցը միացնելիս վարդակից (розетка) կայծեր դուրս թռչեն: Շատերի տանն էլ վարդակները տառացիորեն մի մազից են կախված կամ դրանց շուրջը կրակի փոքր բոցերի մրից սև «նախշեր» են առաջացել: Որքան էլ հրշեջները նախազգուշացնեն վնասված կամ ոչ ճիշտ շահագործված վարդակների պատճառով առաջացած հրդեհների կամ հոսանքահարվելու վտանգի մասին, առայժմ հաղթում են հարմարավետության նկատմամբ ունեցած հակումն ու անզգուշությունը, և մարդիկ շարունակում են ծանրաբեռնել էլեկտրական վարդակները:
Ահա մի քանի տարրական կանոններ, որոնք անհրաժեշտ է պահպանել հանուն զգուշության և հարմարավետության:
Որքան էլ տարօրինակ հնչի, առաջին հերթին բնակարանի բոլոր սենյակներում տեղադրված վարդակները պետք է ՍԱՐՔԻՆ լինեն: Դրանք պետք է անշարժ ամրացված լինեն պատին, իսկ էլեկտրական լարերը մարմնին դիպչելու համար բաց հատվածներ չունենան:
Վարդակից օգտվելիս ոչ մի դեպքում չպետք է ճրթճրթոցի նման ձայներ գան կամ կայծեր դուրս թռչեն: Այդպիսիք լսելու կամ տեսնելու դեպքում նշանակում է, որ ներսում գտնվող էլեկտրական լարերի միացումները կարգին չեն կամ կարճ միացման վտանգ կա, և վարդակը պետք է որքան հնարավոր է արագ նորոգել:
Վարդակները չի կարելի թրջել:
Էլեկտրականության հետ կապված նորոգման և այլ տիպի մնացած բոլոր աշխատանքները պետք է իրականացնի մասնագետ-էլեկտրիկը, այլ ոչ թե ձեր երրորդ հարկի հարևան քեռին:
Եթե նույնիսկ ծնողները երբեմն անփույթ և անզգույշ են լինում, ապա, սիրելի երեխաներ, հիշեք, որ վնասված վարդակներից չի կարելի օգտվել:
Վարդակների շահագործման հիմնական կանոնը դրանց խելամիտ ծանրաբեռնումն է: Անպայման անհրաժեշտ է հաշվի առնել կենցաղային էլեկտրատեխնիկայի տարբեր սարքերի հզորությունները և մեկ վարդակից մի քանի սարք չմիացնել: Այժմ ձմեռ է, և շատերը ստիպված են լինում տանը միաժամանակ միացնել և՛ ջեռուցիչը, և՛ ջրատաքացուցիչը, և՛ էլեկտրական թեյնիկը, և՛ հեռուստացույցը, և՛ լվացքի մեքենան, և՛ միկրոալիքային վառարանը, և՛ էլի բազմաթիվ տարբեր սարքեր (նայած՝ ով ինչ ունի) և հաճախ այդ բոլորը մեկ վարդակից:
Իսկ հիմա մի փոքր թվաբանություն ծնողների համար: Մեկ վարդակը միջինում նախատեսված է 1000-2000 վատտ հզորության համար: Ահա ամենատարածված կենցաղային էլեկտրական սարքերի էլեկտրաէներգիայի սպառման ցուցանիշները.
- լամպեր՝ 40-100 վատտ.
- հեռուստացույց՝ 80 վատտ.
- միկրոալիքային վառարան, սառնարան, համակարգիչ՝ 300-400 վատտ.
- արդուկ, փոշեկուլ, վարսահարդարիչ, ջրատաքացուցիչ (кипятильник)՝ 1000-1500 վատտ.
- էլեկտրական սալիկներով գազօջախ, լվացքի մեքենա, յուղով աշխատող ջեռուցիչ՝ 2000 վատտ:
Այս տեղեկությունները սովորաբար նշված են լինում անմիջապես սարքի կամ դրա տուփի վրա կամ էլ անձնագրի մեջ: Այսպիսով, իրար գումարելով տարբեր սարքերի հզորությունները, կարող ենք եզրակացնել, որ երկարացման լարի կամ եռաբաշխիչի (тройник) միջոցով միաժամանակ կարելի է միացնել, օրինակ, խոհանոցում դրված սառնարանն ու հեռուստացույցը: Իսկ ցուցակի վերջում նշված սարքերը, բնականաբար, պետք է միացնել առանձին և ավելի հզոր սնուցում ունեցող վարդակներից: