ԱԻ հանրագիտարան
Երեխաների համար
Հարցեր, որոնք կարող է և պետք է հուզեն ծնողներին
10:28 / 18.05.2017

Ի՞նչ վնասվածքներ կարող է ստանալ երեխան կյանքի առաջին տարում
Մանկաբույժների վկայությամբ՝ դրանք, որպես կանոն, կապված են փոքրիկին լողացնելու հետ: Շատ ընտանիքներում դա համատեղ ջանքերով կատարվող աշխատանք է. մեկը ջուրն է տաքացնում, մյուսը լոգարանն է պատրաստում, երրորդը զբաղված է երեխայով: Եթե հանկարծ որևէ մեկը մոռանա ստուգել ջրի ջերմաստիճանը, ապա փոքրիկը կարող է այրվածքներ ստանալ: Ջերմաստիճանը պետք է ստուգել ջերմաչափով կամ արմունկով: Տաք կամ սառը մատները կարող են ջերմության խաբուսիկ տպավորություն ստեղծել, իսկ արմունկը ցույց է տալիս ջրի իրական ջերմաստիճանն այնպես, ինչպես զգում է երեխան: Խորհուրդ չի տրվում փոքրիկին լողացնել հոսող ջրի տակ, քանի որ ջրատաքացուցիչի «քմահաճույքներից» կախված՝ այն կարող է միանգամից տաքանալ, սառչել կամ կարող է հանկարծակի դադարեցնեն ջրամատակարարումը:
Ի՞նչ վնասվածքներ կարող է ստանալ 2-3 տարեկան երեխան
Այս տարիքում առավել հաճախ են հանդիպում այրվածքները՝ տաք սուրճով, թեյով, ապուրով և այլն: Առավել վտանգավոր են թանձր խտություն ունեցող հեղուկները, օրինակ՝ շփոթը (կիսել), որոնք դանդաղորեն տարածվելով ու ավելի մեծ ջերմություն անջատելով կարող են ավելի շատ վնաս պատճառել փոքրիկին: Չի կարելի սփռոցով ծածկված սեղանի վրա տաք ճաշատեսակներով կամ ըմպելիքներով լի սպասք դնել, քանի որ երեխան կարող է քաշել սփռոցի ծայրից և այդ ամենը թափել իր վրա: Սովորեցրեք փոքրիկին, որ սեղանի մոտով պետք է հանգիստ անցնել, առանց վազելու կամ ձեռքերը թափահարելու: Դա ոչ միայն տգեղ է, այլև՝ վտանգավոր: Պետք չէ թեյը կամ սուրճը բաժակների մեջ լցնել այն ժամանակ, երբ երեխան ձեր կողքին կամ խաղում է մոտակայքում: Բացի նրանից, որ փոքրիկը կարող է դիպչել ձեր թևին, չափազանց բարձր ջերմությունից կարող է պոկվել թեյնիկի բռնակը:
Եթե ճաշում կամ երեխային կերակրում եք ձեր գիրկը նստած, ապա տաք ապուրով ափսեն կամ բաժակներն աշխատեք նրանից որքան հնարավոր է հեռու դնել:
Վտանգավոր են նաև գետնին դրված մեծ, տաք կաթսաներն ու դույլերը: Խոսքը խաշի, խաշլամայի, տարողունակ կաթսա պահանջող այլ կերակուրների և ջրատաքացուցիչ սարքերի (ՍՌտÿՑՌսՖվՌՍ) մասին է: Փոքրիկը կարող է պատահաբար դիպչել դրանց կամ ընկնել մեջը՝ ստանալով լուրջ այրվածքներ:
Այրվածքների պատճառ կարող են դառնալ նաև թթվային և հիմնային նյութերը (օրինակ՝ քացախի էսենցիան, անուշադրի սպրիտը, ծծմբական թթուն և այլն): Դրանք խմելու դեպքում փոքրիկը կարող է վնասել ոչ միայն բերանի խոռոչն ու կերակրափողը, այլև՝ ստամոքսը: Նման նյութերը պետք է պահել երեխայի համար անհասանելի՝ բարձր ամրացված կամ ամուր փակվող պահարաններում:
Ի՞նչ վնասվածքներ կարող է ստանալ երեխան փողոցում
Փողոցում երեխայի համար մեծ վտանգ են ներկայացնում կենդանիները՝ շներն ու կատուները: Ընդ որում` ոչ միայն թափառական, այլև տնային: Փոքրիկների համար առավել վտանգավոր են ռոտվեյլերը, պիտբուլը, ստաֆֆորդշիրյան տերյերը և պահապան ցեղատեսակների այլ շներ: Ռոտվեյլերը կարող է շատ վտանգավոր վնասվածքներ հասցնել` պատառոտված, ջախջախված, ընդհուպ մինչև ոսկորների կոտրվածքներ:
Այս պարագայում շատ բան կախված է շների տերերից, որոնք պետք է լավ վարժեցնեն իրենց չորքոտանի բարեկամներին և նրանց զբոսանքի տանեն միայն հատուկ դնչկալով: Ցավոք, ոչ բոլոր շնասերներն են դա գիտակցում, իսկ հայկական ասացվածքն ասում է. «Շունը տիրոջն է քաշել»:
Երեխաներին նույնպես անհրաժեշտ է սովորեցնել, թե ինչպես պետք է վարվել կենդանիների հետ: Եթե տանը շուն եք պահում, ապա փոքրիկին բացատրեք, որ չի կարելի քաշքշել նրա պոչից, ականջներից, ձիու պես հեծնել կամ ուտելու ժամանակ ձեռք տալ նրա կերամանին:
Այսպիսով, եթե երեխան սովորի ճիշտ վարվել կենդանիների հետ, ապա կարելի է խուսափել հետագա բարդություններից:
Կատուների պատճառած հիմնական վնասվածքը քերծվածքներն են: Դրանց հետևանքով ավշային հանգույցների մեջ կարող է վարակ անցնել, որից հետո ուռչում են արմունկը և թևատակի հատվածը: Առաջանում է ուժեղ ցավ և կարմրություն: Սովորաբար, տուժածները բուժվում են տնային պայմաններում` յոդի և «զելյոնկայի» օգնությամբ, սակայն հնարավոր է այդ ամենը միայն կարմրությամբ չվերջանա, և կարող են առաջանալ այլ հիվանդություններ: Դրա համար նման դեպքերում անհրաժեշտ է դիմել բժշկի:
Իհարկե, վնասվածքների պատճառները միայն այսքանով չեն սահմանափակվում: Ցավոք, երեխաները չեն կարող ճիշտ գնահատել իրենց արարքների վտանգավորությունը: Այդ պատճառով ծնողները պետք է փորձեն կանխատեսել հնարավոր վնասվածքները, ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ և նույնը սովորեցնեն իրենց երեխաներին: