ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Ցանկացած աղետի պատրաստ լինելու համար Ամերիկյան արտակարգ ծառայությունների հրահանգները

16:11 / 21.05.2015

Դրանք մի քանի պարզ սկզբունքներ են, որոնք կարող են օգնել ձեզ նախապատրաստվելու գրեթե ցանկացած աղետի պատշաճ արձագանքելուն:

Ի՞նչ պետք է անել առաջին հերթին ԱԻ ժամանակ
1. Պահպանեք հանգստություն: Ցանկացած ԱԻ-ում առաջնակարգ նշանականություն ունի ոչ թե այն, ինչ պետք է անել, այլ այն, ինչ չպետք է անել: Ձեզ համար գլխավոր վտանգը թաքնված է հենց ձեր հապճեպ, չմտածված գործողությունների մեջ:
Ուստի, ամենից առաջ, պահպանե´ք հանգստություն: Ի դեպ, հանգստությունն էլ կյանքի եւ մահվան միջեւ սահմանն է: Ուզածդ արտակարգ իրավիճակի ժամանակ սահմանը, որից այն կողմ սկսվում է մահը, այն եզրն է, որից հետո մարդը կորցնում է հոգեկան հավասարակշռությունը եւ սկսում իրեն կործանման հանգեցնող չմտածված արարքներ կատարել:
Հաջորդը. կշռադատեք ձեր գործողությունները եւ չմտածված քայլեր մի´ ձեռնարկեք:
Ավելի լավ է մի փոքր հապաղել եւ հավաքել մտքերը` խորհելով սեփական հետագա քայլերի մասին, քան անսպասելի ընկնել գերեզմանատուն:
Իսկ եթե մտորումը ձգձգվո՞ւմ է: Արդյո ք հապաղումն այդ դեպքում կործանարար չի լինի: Դա տեղի չի ունենա, եթե դուք վաղօրոք ծանոթացել եւ մտապահել եք այս կամ այն արտակարգ իրավիճակում գործելու ընդհանուր կանոնները: Այդպիսի դեպքում ձեզ մնում է միայն ընդհանուր կանոնները հարմարեցնել կոնկրետ իրադրությանը եւ կազմել ԱԻ արձագանքելու ձեր անհատական պլանը:

2. Կազմեք արձագանքելու անհատական պլան: Ավելի լավ կլինի այդպիսի պլան կազմել վաղօրոք, չսպասելով, որ արտակարգ իրավիճակն իրականում տեղի ունենա: Ծանոթացեք ձեր մնալու շրջանին, պարզեք, թե ինչ աղետներ, վթարներ են այստեղ կանոնավորապես պատահում, եւ ամենաընդհանուր գծերով կազմեք արտակարգ իրավիճակների պլան: Այդ դեպքում, իրական արտակարգ իրավիճակի ժամանակ, ձեզ մնում է միայն պլանի մեջ շտկումներ կատարել` տվյալ պահի անհրաժեշտությունից ելնելով:

3. Օգտագործեք արտակարգ ծառայությունների հրահանգները: Արտակարգ իրավիճակներին արձագանքելու ձեր անհատական պլանի հիմք պետք է լինի ոչ միայն ձեր անձնական փորձը (ոմանք կարող է ընդհանրապես չունենան), այլեւ փորձառու մարդկանց խորհուրդները, ովքեր բազմիցս ընդհարվել են տարբեր դժբախտությունների հետ, պայքարել դրանց դեմ: Որպես կանոն, դրանք արտակարգ ծառայությունների աշխատակիցներն են, որոնք մարդկանց մեջ պլակատների եւ պատկերազարդ բրոշյուրների տեսքով տարածում են հրահանգներ, հաճախ էլ ռադիոյով ու հեռուստատեսությամբ հաղորդումներ վարում:
ԱՄՆ-ում տարբեր աղետների դեպքում բնակչության համար հրահանգներ կազմում են FEMA-ն (արտակարգ իրավիճակների դաշնային գործակալություն) եւ առանձին նահանգների համապատասխան գործակալությունները: Ռուսաստանում դրանով զբաղվում են Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը, տեղական ՔՊ եւ ԱԻ, արտակարգ իրավիճակների ռուսաստանյան համակարգի մյուս ստորաբաժանումները: Հայաստանում բնակչության շրջանում այդ խնդիրն իրականացնում են ՀՀ ԱԻՆ-ը, ճգնաժամային կառավարման ինստիտուտը, ԱԻՎ մարզային ստորաբաժանումները: Մյուս երկրներում, որտեղ դուք, հնարավոր է, մի օր լինեք, նույնպես կան նման գործակալություններ: Աղետներին արձագանքելու ընդհանուր սկզբունքները միասնական են, բայց ամեն մի տարածաշրջան ունի իր առանձնահատկությունը, որը տեղական արտակարգ ծառայություններն ավելի լավ գիտեն:
Ունկնդրե´ք նրանց: Աշխատեք նրանցից ստանալ պետքական բուկլետներ եւ ցանկացած այլ ձեռնարկներ: Եթե հիշում եք նրանց հրահանգները` ձեր պլանը կկազմվի բնական կերպով, այնպես, ասես միշտ եղել է ձեր գլխում, իսկ վտանգավոր իրավիճակում արագորեն կընդունեք ճիշտ որոշումներ: Չհիշելով` կշփոթվեք, դանդաղ կմտածեք, իսկ կգործեք` հիմարաբար:

Ի՞նչ պետք է ամփոփի արձագանքման պլանը: Նախ եւ առաջ` ինչ չպետք է այն ընդգրկի:
4. Խուսափեք «դոմինոյի» սկզբունքից: Խոսելով պլանի մասին` նկատի չունենք բարդ ուրվագծերով ինչ-որ մանրամասն մշակումներ (թեպետ որոշ բաներ ձեզ համար, անկասկած, օգտակար կլինի գրել առանձին թերթիկի վրա): Մանրամասներով հագեցվածությունը հենց այն է, ինչն ունակ է ցանկացած պլանը դարձնելու անիրականանալի: Այսպիսի իրավիճակ նկարագրված է կատակերգական շատ մարտաֆիլմերում. հերոսը կազմել է մանրամասն լավ մշակված պլան, բայց իրադարձությունների զարգացումը շատ մանրամասներ դարձնում է անիրական:
Օրինակ, ինչ-որ պետքական առարկա ջարդվել է, իսկ բազմաթիվ պլանային միջոցառումներ հենց դրանից էին կախված: Այս ֆենոմենը հանրահայտ է եւ անվանվում է «դոմինոյի սկզբունք». մեկ ընկած խաղաքարին հաջորդում է բոլոր մյուսների` մեկը մյուսի հետեւից քանդվել-թափվելը:
Արտակարգ իրավիճակի ժամանակ չիրականացված պլանների անխուսափելի հետեւանքներն են` չհասկանալը, հետո ինչ անել, եւ, որպես վերջնական արդյունք` կործանարար շփոթվածությունը: Ուստի մի´ ջանացեք ամեն ինչ դասավորել ըստ դարակների եւ գրանցել մանրամասներով:

Ձեր պլանում պետք է ամփոփված լինեն ամենաընդհանուր բաները:

- Որտե՞ղ եք պատսպարվելու վտանգի դեպքում:
- Ի՞նչ ուղիով եք տարահանվելու, եթե տեղում մնալ չի կարելի:
- Հետ քաշվելու լրացուցիչ ի՞նչ ուղիներ կան, եթե առաջին ճանապարհը շրջափակված լինի:
- Ինչպե՞ս եք տարահանվելու` մեքենայով, հետիոտն, թե այլ կերպ: Ինչպե՞ս կվարվեք, եթե մեքենան անպատեհ պահին փչանա:
- Ի՞նչ իրեր պետք է ունենաք ձեռքի տակ, եթե հարկ լինի պատսպարվելու տանը կամ այլ ապաստարանում:
- Ի՞նչ իրեր կվերցնեք ձեզ հետ տարահանվելիս:

Այս վեց կետերը, որպես կանոն, բավական են անհրաժեշտ գործողությունների մասին պատկերացում ունենալու եւ անհրաժեշտ իրերի լրակազմ (կոմպլեկտ) պատրաստելու համար:

5. Նախապատրաստեք առաջին անհրաժեշտության լրակազմ (ավելի լավ է` երկու լրակազմ):
Ցանկացած արտակարգ իրավիճակի համար պետք է կազմել եւ առանձին անջրանցիկ պայուսակում, մատչելի տեղում պահել առաջին անհրաժեշտության լրակազմ (կոմպլեկտ):

Այն պարունակում է հետեւյալ իրերը.
- առաջին օգնության դեղարկղիկ,
- պահածոյացված մթերք բանկաներում եւ խմելու ջուր պլաստիկ շշերի մեջ (կարելի է նաեւ մեկական փաթեթ սուրճ, թեյ, աղ),
- տրանզիստորային ռադիոընդունիչ եւ էլեկտրական լապտերիկ,
- պահեստային մարտկոցներ ռադիոընդունիչի եւ լապտերիկի համար,
- հերմետիկ տուփի մեջ լուցկի, գազայրիչ, թուղթ` խարույկ վառելու համար,
- գործիքներ եւ ճաշի պիտույքներ` ծալովի դանակ, գդալներ, պատառաքաղներ, երկու-երեք խոր ափսե եւ գավաթներ, պահածոների բացիչ, տուրիստական թեթեւ կացին,
- ընտանիքի անդամների կողմից բժշկական ցուցումներով կանոնավորապես օգտագործվող դեղեր (եթե հրահանգը չի պահանջում դրանք սառնարանում պահել):

Եվս մեկ պայուսակ այդպիսի լրակազմով վատ չի լինի պահել ավտոմեքենայի բեռնախցիկում:
Ընտանեկան փաստաթղթերն ու փողը չպետք է դնել որտեղ պատահի, այլ հարկավոր է պահել որոշակի, ձեզ համար դյուրամատչելի տեղում: Այդ դեպքում անհրաժեշտ պահին դրանք արագ կզետեղեք առաջին անհրաժեշտության ձեր լրակազմի մեջ:
Նույնը վերաբերում է այն դեղերին, որոնք ընտանիքի որոշ անդամներ ստիպված են ընդունելու կանոնավորապես, բայց դրանք պետք է սառնարանում պահել: Սառնարանում դեղերը պիտի դրվեն առանձին տուփի մեջ, որպեսզի կարողանաք անմիջապես այն վերցնել եւ դնել առաջին անհրաժեշտության ձեր լրակազմի մեջ:
Այս լրակազմին կարելի է ավելացնել երթային փոքրիկ կաթսա, նավթավառ կամ սպիրտայրոց` դաշտային պայմաններում ուտելիքը տաքացնելու համար, նաեւ թերմոս: Բայց ավելի լավ է դրանք պահել այլ, առանձին պայուսակում:

Այլ առարկաներ
- Որոշեք, թե արտակարգ իրավիճակի դեպքում ինչ հագուստ կարող է ձեզ պետք գալ եւ նախապատրաստեք հագուստի ու կոշիկի լրակազմ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար. անջրանցիկ հագուստ եւ ամառային ու ձմեռային կոշիկներ: Հետեւեք, որ կոշիկը փափուկ ներբաններով չլինի, հնարավոր է ստիպված լինեք ոտքով երկար քայլելու, իսկ փափուկ ներբաններով կոշիկներով շատ ճանապարհ չեք անցնի` առանց ոտքերն արյունլվա անելու:
- Վատ չէ ունենալ վրան եւ քնապարկեր: Ավելի լավ է դրանք այնպես փաթեթավորել, որ միշտ պատրաստ լինեն տեղափոխելու:
- Եթե տեղական արտակարգ ծառայությունների հրահանգներում կան առաջարկություններ առանձնահատուկ արտակարգ իրավիճակների դեպքում լրացուցիչ ինչ-որ առարկաներ ունենալու մասին, ապա հետեւեք այդ հանձնարարականներին:

6. Ոչ մի ավելորդ բան մի´ վերցրեք: Տարահանվելիս ինչպիսի իրեր էլ պլանավորեք ձեզ հետ վերցնել, կհամոզվեք, որ դրանք ճիշտ այնքան են, որքան կկարողանաք տանել ձեր մեջքի վրա, եւ դրանից ոչ ավելի: Նույնիսկ, եթե պլանավորել եք ավտոմեքենայով մեկնել, ապա չի բացառվում ճանապարհին նրա խափանվելը, եւ այդ դեպքում ստիպված կլինեք ճանապարհը շարունակել ոտքով:
Առաջին անհրաժեշտության լրակազմի մեջ մտնող իրերը պետք է անպայման ձեզ հետ վերցնեք: Այդ լրակազմը պետք է լինի առանձին անջրանցիկ պայուսակի մեջ, ընդ որում` արտաքնապես տարբերվի մյուսներից, իսկ ավելի լավ է` վրան որեւէ հատուկ վառ նշան լինի ամրացված: Իսկ նրա մեջ չմտնող իրերը տեղավորեք ուրիշ պայուսակներում: Չէ՞ որ կարող է ճանապարհին ուղեբեռի մի մասը, իսկ միգուցե եւ ավելորդ համարված ամբողջբեռը նետելու ցավալի անհրաժեշտություն ծագի, այն էլ` առանց ավելորդ մտորումների ու նոր լուծումներ որոնելու: Նախօրոք որոշեք, թե առաջին անհրաժեշտության լրակազմի մեջ չմտնող իրերից որոնք հարկ կլինի թողնել բեռնախցիկում, եթե ավտոմեքենան խափանվի ճանապարհին, եւ որոնք` հնարավոր է, ստիպված կլինեք գցել հետո` իրադարձությունների խիստ անբարենպաստ զարգացման դեպքում:
Այդուհանդերձ հիշեք. ավելի լավ է ձեզ հետ վերցնեք շատ ուտելիք, ջուր եւ դեղամիջոցներ, առաջին անհրաժեշտության երկու-երեք լրակազմ, քան քարշ տաք անպետք բաներ, որոնց կարիքը չեք զգալու արտակարգ պայմաններում:

7. Վաղօրոք պատրաստեք տեղ այն թանկարժեք իրերն ու նվիրական մասունքներն արագ հավաքելու եւ պահելու համար, որոնք տարահանվելու դեպքում թողնում եք տանը: Ասենք, տանն այնպիսի իրեր կան, որոնք տիրոջ համար մեծ արժեք են, օրինակ, ընտանեկան մասունքները, սակայն տարահանվելիս դրանցով ծանրաբեռնվելն անմտություն կլինի: Ինչպե՞ս վարվել:
Հարկավոր է ձեռք բերել հերմետիկ տարա (արկղ, պարկ, փաթեթ), որպեսզի հնարավորություն ունենալ այդպիսի առարկաները թողնել դրա մեջ, իսկ հետո հուսալ, որ ձեր բացակայության ժամանակ այդ իրերը կդիմանան աղետին: Սակայն արտակարգ իրավիճակներում մարդկանց հաշմվելու եւ զոհվելու անմիջական պատճառ են լինում գերազանցապես գույքի հետ քաշքշուկները, այն դեպքում, երբ իրադրությունը պահանջում է շուտափույթ տարահանում: Ամենաողջամիտ որոշումն է` վերցնել միայն առաջին անհրաժեշտության առարկաները, իսկ մնացածի մասին մոռանալ:
Շատ ընտանիքներում պահվում են այնպիսի առարկաներ, որոնք հիրավի մասունքներ են եւ դրանց ոչնչանալն ընտանիքի համար աղետ կլինի: Բայց, որպես կանոն, այդ իրերը պահվում են պահարաններում եւ այդտեղից հանվում են հազվադեպ` հիանալու համար: Եթե լրջորեն վախենում եք որեւէ աղետից դրանց ոչնչանալու համար, ապա ավելի լավ է այդ իրերը պահարանում պահելու փոխարեն դնել հերմետիկ մետաղյա արկղի մեջ: Եթե գյուղական վայրում եք ապրում, ապա խորհուրդ է տրվում արկղը դնել նկուղում. արտակարգ իրավիճակների ժամանակ դա նրա պաշտպանված լինելու ամենահուսալի տեղն է:

← Վերադառնալ ցուցակին