ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Աղետալի հրդեհների պատմությունից

16:12 / 22.05.2015

Ստորև ներկայացվող շարքում կանդրադառնանք մարդկանց զանգվածային ներկայությամբ օբյեկտներում (բարձրահարկ բնակելի, մարզամշակութային և վարչահասարակական շենքեր, թատրոններ, հանրախանութներ, հյուրանոցներ, տոնավաճառներ, ակումբ-ռեստորաններ և այլն) տեղի ունեցած մի շարք աղետալի հրդեհների (որոնք պատճառ են դարձել բազմաթիվ զոհերի, խեղանդամությունների և խոշոր նյութական կորուստների)` փորձելով վերլուծել դրանց առաջացման պատճառները և հետևանքները, կանխարգելման համար անհրաժեշտ միջոցներն ու միջոցառումնեը, ինչպես նաև պարզել այդ օբյեկտների հրդեհային անվտանգությունն ուժեղացնելու հնարավոր և անհրաժեշտ ուղիները։ Չէ՞ որ հայտնի ու հազար անգամ ապացուցված ճշմարտություն է` խելոքը սովորում է ուրիշի սխալների վրա։

Հրդեհներ բարձրահարկ շենքերում


1974 թվականին Սան Պաուլու քաղաքի “Ժոելմա” անունը կրող 25 հարկանի շենքում բռնկված աղետալի հրդեհի լուրը բառացիորեն ցնցել էր ամբողջ աշխարհը։ Չկար մի լրատվամիջոց, որ չանդրադառնար 20-րդ դարի ամենասարսափելի հրդեհներից մեկին, իսկ կինոխցիկով նկարահանված վավերագրական կադրերը դիտելիս անգամ շատ բան տեսած մարդիկ սարսռում էին։ Ընդամենը երկու տարի առաջ շահագործման հանձնված շենքը մի քանի ժամվա ընթացքում վերածվեց փլատակների։ Ծխի բնութագրական գույնից կարելի էր ենթադրել, որ այրվում էր առնվազն քիմիական նյութերի պահեստ, այլ ոչ թե վարչական շենք։ Սակայն առաջին տպավորությունը խաբուսիկ էր։ Այրվում էին գրասենյակներ և օֆիսներ, որոնց հարդարման համար շինարարները չէին խնայել ժամանակակից պոլիմերային նյութեր։ Բռնկվել էին հատակի սինթետիկ ծածկույթները և կահույքը` արտազատելով թունավոր ծուխ։
Անկառավարելի հեղեղի նման կրակն անարգել “նվաճում” էր հարկ հարկի հետևից։ Ելքի ուղիները փակված էին կրակով, չէին գործում վերելակները։ Այրող բոցը, բարձր ջերմաստիճանը (իսկ այրման գոտում այն հասնում էր մինչև հազար աստիճանի), խեղդող ծուխը մարդկանց քշում էին դեպի տանիք` ստիպելով փրկություն փնտրել այնպիսի տեղերում, որտեղ նորմալ պայմաններում չէին համարձակվի անգամ կանգնել (փոքրիկ պատշգամբներ, լուսամուտագոգեր, քիվերի նեղ ելուստներ)։ Տասնյակ մարդիկ, չդիմանալով տանջանքներին իրենց ցած էին նետում։ Տանիքում հավաքված մարդկանցից ևս շատ քչերին հաջողվեց փրկվել։
Հարց է ծագում, թե ի՞նչ արեցին հրշեջները, փրկարարները և այլ ծառայություններ` մարդկանց փրկելու համար։ Հրդեհաշիջմանը մասնակցում էին բազմաթիվ տեխնիկական միջոցներ` ավտոբաքեր, ավտոպոմպեր, մեխանիկական սանդուղքներ, ուղղաթիռներ, սակայն հանգցնել հրդեհը և փրկել մարդկանց նրանք անկարող էին։ Մեխանիկական սանդուղքները հասնում էին միայն մինչև 9-10-րդ հարկեր, ներքին սանդղավանդակը փլվել էր հրդեհի սկզբում, շարքից դուրս էին եկել վերելակները։ Հրշեջներն ակրոբատների նման ստիպված էին վեր բարձրանալ ձեռքի թեթև սանդուղքներով` օգտագորգելով պատշգամբներն ու պատուհանների բացվածքները։ Ուղղաթիռները բազմաթիվ փորձեր էին ձեռնարկում մերձենալու շենքի տանիքին ու փրկելու մարդկանց, սակայն օդաչուների ջանքերն ապարդյուն էին անցնում։ Տաքացած օդի կոնվեկցիոն հոսանքներն ուղղաթիռները դես ու դեն էին նետում` ինչպես խաղալիք։ Ուժերի գերլարման շնորհիվ միայն հաջողվում է փրկել մարդկանց մի մասին։
Հրդեհի հետաքննությունը վեր հանեց հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք նպաստել էին հրդեհի ուշ հայտնաբերմանը, արագ տարածմանը և խոչընդոտել հրդեհաշիջման աշխատանքների նորմալ կազմակերպմանը` պատճառ դառնալով խոշոր մարդկային և նյութական կորուստների։ Այսպես, շենքի սեփականատերերը, ցանկանալով խնայել միջոցներ, չէին կատարել մի շարք հակահրդեհային միջոցառումներ։ Մասնավորապես` շենքում սարքավորված չէին հրդեհի ազդարարման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր, առանց որոնց բարձրահարկ շենքերի շահագործումը կապված է մեծ ռիսկի հետ։ Սանդղավանդակը չուներ հակածխային և ծխահեռացման համակարգ։ Երկրորդ տարահանման ելք նախատեսված չի եղել, չկային նաև շենքի արտաքին պատին տեղակայված ուղղահայաց սանդուղքներ (ելարաններ), որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լիներ տեղափոխվել մի հարկից մյուսը։ Տարահանման ուղիների հարդարումը կատարվել էր դյուրավառ սինթետիկ նյութերով։ Շենքը չուներ նաև արտակարգ իրավիճակների դեպքում մարդկանց տարահանելու համար ազդարարման (տեղեկացման) համակարգ։ Իրենց սպառնացող վտանգի մասին մարդիկ իմանում էին պատահականորեն։
Հրդեհի բռնկման պահին շենքում գտնվող 756 մարդուց ամենակուլ կրակի զոհ արձան 179-ը, տարբեր աստիճանի այրվածքներ և վնասվածքներ ստացան 300-ը։ Ամբողջովին այրվեցին շենքի 25 հարկերից 14-ը։
Հրդեհի հետաքննությամբ պարզվեց, որ դրա առաջացման պատճառը շենքի 12-րդ հարկում գտնվող գրասենյակի լուսամուտի կոնդիցիոներում (օդի լավորակիչ) առաջացած էլեկտրական կարճ միացումն էր։ Հրդեհի արագ տարածվելը և մեծաթիվ զոհերը բացատրվում էին այն բանով, որ հիմնականում անտեսված էին հրդեհային անվտանգության կանոնների պահանջները և շենքի կառուցման, և շահագործման ժամանակ, ինչպես նաև վարչակազմի և ծառայողների` արտակարգ իրավիճակներում գործելու անպատրաստվածությամբ և անկարողությամբ։
Նմանօրինակ ողբերգությունները, որքան էլ ցավալի է, այնքան էլ հազվադեպ չեն Սան Պաուլուի համար։ Այսպես, “Ժոելմայի” հրդեհից երկու տարի առաջ ողբերգական իրադարձություններ էին ծավալվել քաղաքի հոյակերտ երկնաքերներից մեկում` քսանյոթ հարկանի “Անդրաուսում”։ Շենքի առաջին հինգ հարկերում տեղակայված էր առևտրի կենտրոն, իսկ մնացած 22 հարկերում` տարբեր խանութներ, գրասենյակներ, օֆիսներ։ 1972 թվականի փետրվարի 24-ին առևտրի կենտրոնի բաժիններից մեկում հրդեհ է բռնկվում։ Ծառայողներից մեկը փորձում է կրակմարիչով հանգցնել այն, սակայն չի հաջողվում, և կրակն ու ծուխը սկսում են արագորեն տարածվել։ Հրդեհի բռնկման պահին շենքում կային մոտ 1400 ծառայող և 2500 հաճախորդ։ Նրանց որոշ մասին հաջողվում է դուրս գալ շենքից, սակայն մեծամասնությունը ստիպված է լինում բարձրանալ վերև։ Դեպքի վայր հասած հրշեջներն արագորեն բացազատվում են և ձեռնամուխ լինում հրդեհաշիջման աշխատանքներին շենքի 8-9 հարկերում, ուր կարելի էր ներթափանցել ավտոսանդուղքների օգնությամբ։ Անհնար էր իրականացնել հրդեհաշիջման աշխատանքներ վերևի հարկերում, ինչպես նաև տանիքում հավաքված մարդկանց փրկել միայն վերգետնյա ուժերով։ Մարդկանց փրկելու միակ ելքն ուղղաթիռներն էին։ Այդ “օդային կամրջի” միջոցով հաջողվեց փրկել 500-ից ավելի մարդ։ Ընդհանրապես, սա հրդեհների դեմ պայքարի պատմության մեջ առաջին դեպքն էր, երբ ուղղաթիռների օգնությամբ հաջողվեց այդքան մարդ փրկել։ Սակայն, չնայած հրշեջների և օդաչուների հերոսական աշխատանքին, մարդկային կորուստներից խուսափել չհաջողվեց։ Հրդեհի զոհ դարձավ 17 մարդ, 376-ը ստացան տարբեր աստիճանի այրվածքներ, թունավորվեցին։
Բերենք ևս երկու օրինակ, երբ հրդեհներն ուղեկցվել են ծանր հետևանքներով։ 1973 թվականի մայիսի 23-ին Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայի 32 հարկանի “Տուր Ավիանկա” շենքում բռնկված հրդեհին զոհ գնաց 6 և վնասվածքներ ստացավ 100-ից ավելի մարդ։ Ամբողջովին այրվեցին 32 հարկից 22-ը։ Նոր Օռլեանի (ԱՄՆ) “Ռոլթ սենթր”17 հարկանի վարչական շենքում տեղի ունեցած հրդեհի ժամանակ զոհվեց 7 մարդ։
Բարձր հարկայնության շենքերի հրդեհավտանգավորությունը բնութագրվում է հրդեհի արագ տարածմամբ և հրդեհաշիջման բարդությամբ։ Պատճառը շենքերի բարձրությունն է, հրդեհաշիջման միջոցները վերին հարկեր հասցնելու և ծխապատման գոտուց մարդկանց տարահանման դժվարությունները։ Այդպիսի շենքերում տեղի ունեցած խոշոր հրդեհների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ծխի տարածման հիմնական ուղիներն են սանդղավանդակները, վերելակների հորանները և հաղորդակցության (կոմունիկացիոն) այլ ուղիները։ Ծխապատման աղբյուր կարող են հանդիսանալ նաև այրվող վերելակների խցիկները։ Բարձր ջերմաստիճանի ազդեցությունից վերելակների կառավարման սարքավորումները շատ արագ շարքից դուրս են գալիս և վերելակների խցիկները բլոկավորվում են հորաններում։ Այդ իսկ պատճառով, վերելակներն ու սովորական սանդղավանդակները չեն կարող ապահովել հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարահանումը։ Դեռ ավելին, միջանցքների և վերելակասրահների հարդարման համար օգտագործվող զանազան դյուրավառ նյութերի առկայությունը նպաստում է հրդեհի արագ տարածմանը և մեծ չափեր ընդունելուն։
Բարձրաբերձ շենքերի հրդեհաշիջման աշխատանքների իրականացման համար պահանջվում է մեծ քանակությամբ ուժերի և հատուկ տեխնիկայի (ավտոսանդուղքներ, գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենաներ, բարձր ճնշման պոմպեր և այլն) ներգրավում։ Բարեբախտաբար մեր հանրապետությունը խուսափել է համանման աղետալի հետևանքներով հրդեհներից (չնայած բարձրաբերձ շենքերում պարբերաբար տեղի ունեցող հրդեհներին), սակայն բարձր հարկայնության շենքերի անմխիթար հակահրդեհային վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Բնակիչների կողմից թույլ տրված ապօրինությունների հետևանքով ծխահեռացման և ինժեներական հաղորդակցման հորանները, վերելակների նախասրահներն ու սանդղավանդակների հարթակները վերածվել են խորդանոցների, փակվել են տարահանման համար նախատեսված և առանձնակի կարևորություն ներկայացնող միջսեկցիոն անցումները։ Նման իրավիճակը զգալիորեն բարդացնում է հրդեհի ժամանակ իրականացվող հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը և կարող է հանգեցնել խուճապի` լուրջ և ծանր հետևանքներով։
Հայտնի է, որ բարձրաբերձ շենքերում հրդեհները ուղեկցվում են այրման պրոցեսի արագ զարգացմամբ, մեծ քանակությամբ ջերմության և այրման արգասիքների գոյացմամբ, ինչն առաջ է բերում սանդղավանդակների, միջանցքների, սենյակների և այլ ծավալային կոմունիկացիաների ծխապատում։ Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ զոհերի գերակշիռ մասը` շուրջ 80%-ը, մահանում են այրման արգասիքներից թունավորվելու և խեղդվելու հետևանքով։ Այդ իսկ պատճառով հակահրդեհային պաշտպանության համակարգում առաջին հերթին պետք է նախատեսվի տարահանման ուղիների հակածխային պաշտպանություն։ Շենքերի հակահրդեհային պաշտպանության համակարգում պետք է ներգրավվեն հրդեհի ահազանգման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերը, օդի դիմհարի և ծխահեռացման ավտոմատացված համակարգերը։ Մեծ նշանակություն է տրվում նաև ներքին հակահրդեհային ջրամատակարարման ցանցի առկայությանը, վթարային լուսավորությանը և տարահանման ուղիների նշմանը։
Հրդեհների ժամանակ հաճախ ի հայտ են գալիս թերություններ և սխալներ, որոնք թույլ են տրվել շենքի նախագծման, շինարարության և շահագործման ընթացքում։ Հակահրդեհային անվտանգության կանոնների պահանջներից նույնիսկ աննշան շեղումը կարող է բերել լուրջ հետևանքների։ Հակահրդեհային պաշտպանության բարձր աստիճանի կարելի է հասնել միայն նախագծային, կոնստրուկտիվ և տեխնիկական լուծումների միաժամանակյա կիրառման շնորհիվ։
Սակայն հարկ է գիտենալ, որ ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե մարդիկ ըմբռնումով չվերաբերվեն հրդեհային անվտանգության հարցերին։ Յուրաքանչյուր ոք, ով բնակվում կամ աշխատում է բարձրաբերձ շենքում, պետք է գիտենա շենքի հակահրդեհային պաշտպանության վերաբերյալ հիմնական տվյալները, հրդեհի մասին տեղեկացման և հրդեհաշիջման գործողությունների կարգը, տարահանման ձևերն ու միջոցները և այլն։ Հրդեհներին ուշացումով ահազանգելը, մարդկանց տարահանելու և հրդեհը սկզբնական փուլում մարելու` վարչակազմի և ծառայողների անկարողությունը, վտանգի մասին ազդարարող համակարգերի բացակայությունը, հրդեհի ահազանգման և հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգերի բացակայությունը, որպես կանոն, բազմահարկ շենքերում հրդեհների տեղիք են տալիս` ուղեկցվելով ողբերգական հետևանքներով։ Հրդեհների փորձը ցույց է տալիս, որ այնտեղ, որտեղ մարդիկ խուճապի չեն մատնվել և նրանց գործողությունները եղել են ակտիվ ու գիտակցված` հրդեհների հետևանքները ծանր չեն եղել, և ընդհակառակը։ Այնպես որ հրդեհներից և դրանց աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն և փորձված միջոցը եղել և մնում է հրդեհային անվտանգության կանոնների պահանջների իմացությունը և անշեղ կատարումը։

 

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին