ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Բնական գազի անվտանգ օգտագործման կանոններ

14:59 / 22.05.2015

Հրդեհավտանգության տեսակետից գազը բոլոր վառելանյութերից ամենավտանգավորն է: Այն օդի հետ խառնվելով ստեղծում է պայթունավտանգ խառնուրդ, որը նպաստավոր պայմանների առկայության դեպքում պայթում է եւ հրդեհի ու ավերածությունների պատճառ դառնում:

Գազի վտանգավորությունը մեծանում է նրանով (խոսքը կենցաղում օգտագործվող գազի մասին է), որ այն օդից ծանր է: Այդ պատճառով շուտ չի հեռանում սենյակից, ստեղծում է հրդեհի եւ պայթյունի առաջացման իրական պայմաններ: Բացի դրանից, գազն ընդունակ է թափանցել ամենանեղ անցքերի մեջ եւ տեղափոխվել: Եղել են դեպքեր, երբ գազը ջեռուցման համակարգի, ջրամատակարարման խողովակաշարի անցքերով տեղափոխվել է հարյուրավոր մետրեր, լցվել այլ շենքերի նկուղներ: Արձանագրված են նաեւ այնպիսի դեպքեր, երբ գազը հողաշերտի միջով անցել եւ կուտակվել է մոտակա տների հատակների տակ, լուցկի վառելիս պայթել եւ դարձել դժբախտ դեպքերի պատճառ:

Անհրաժեշտ է իմանալ, որ կենցաղում օգտագործվող գազը թունավոր է, եւ օդի մեջ դրա փոքր քանակությունը կարող է մարդու համար մահացու լինել:

Գազով գործող պարագաների հետ անզգույշ վարվելը կարող է դժբախտ դեպքերի եւ նյութական մեծ կորուստների պատճառ դառնալ: Գազային պարագաներ օգտագործելու ժամանակ պետք է միշտ հիշել եւ խստորեն կատարել հրդեհային անվտանգության կանոնների պահանջները:

Արգելվում է ինքնաշեն գազօջախների, սյունակաթսաների (կոլոնկա), բալոնների ձեռք բերումը եւ դրանց տեղադրումը համապատասխան մասնագիտություն չունեցող մարդկանց կողմից: Գազային պարագաների մոնտաժումը, տեղադրումը եւ վերանորոգումը պետք է կատարեն միայն գազի շահագործման գրասենյակների մասնագետները:

Սենյակում գազի հոտ զգալիս չպետք է վառել լուցկի, ծխել, քանի որ դա կառաջացնի պայթյուն: Այդ դեպքում անհրաժեշտ է նախօրոք օդափոխել սենյակը, ստուգել ծխնելույզի եւ օդափոխության անցքի քարշը` անցքերին բարակ թուղթ մոտեցնելով, որից հետո միայն օգտագործել գազի պարագաները:

Գազօջախը, սյունակաթսան վառելիս նախ վառած լուցկին մոտեցնել այրիչին, հետո դանդաղ բացել փականը: Եթե այրումը կատարվում է անկանոն, պետք է անմիջապես փակել փականը եւ այդ մասին հայտնել գազի շահագործման գրասենյակ:

Չի կարելի գազի պարագաները թողնել գործող վիճակում գիշերը կամ տնից հեռանալիս, դրանց գործարկումը հանձնարարել երեխաներին կամ այնպիսի մարդկանց, որոնք ծանոթ չեն գազի պարագաների օգտագործման անվտանգության պահանջներին:

Գազի այրումը դադարեցնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է փակել խողովակաշարի փականը եւ ապա` պարագայի փականը:

Խստիվ արգելվում է սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան, պահել դյուրավառ հեղուկներ:

Չի կարելի գազի խողովակաշարից կախել ծանր իրեր, կապել լվացքի պարան եւ այլն:

Երկու ամիսը մեկ անգամ գազի ծխնելույզը պետք է մաքրել մրից: Այդ աշխատանքները կատարում են կամավոր հրշեջ ընկերության մասնագետները:

Արգելվում է քնել այն սենյակում, որտեղ տեղադրված է գազի պարագան:

Գազից հրդեհ է ծագում այն դեպքում, երբ գազի խողովակաշարում, գազօջախի կամ սյունակաթսայի որեւէ հանգույցում առաջանում է անհերմետիկություն, որտեղից գազը հոսելով հասնում է բաց կրակին եւ բռնկվում:

Գազի խողովակաշարի եւ պարագաների անսարքություններից առաջացած հրդեհը հանգցնելիս ամենից առաջ անհրաժեշտ է փակել խողովակաշարի վրա տեղադրված ընդհանուր փականը, դադարեցնել գազի հոսքը: Երբ բռնկվում են բնակարանի իրերն ու առարկաները, հրդեհը պետք է հանգցնել սովորական միջոցներով եւ եղանակներով:

Հրդեհի ժամանակ մեծ հրդեհավտանգություն է ներկայացնում գազի բալոնը: Տաքանալիս այն կարող է պայթել` առաջացնելով ծանր հետեւանքներ: Եթե հրդեհի ժամանակ կրակը տարածվում է դեպի հեղուկ գազի բալոնը, այն պետք է անմիջապես անջատել գազօջախից եւ հեռացնել բնակարանից, տանել անվտանգ տեղ, հետո ձեռնամուխ լինել հրդեհի վերացմանը:

Ամեն դեպքում հրդեհների ժամանակ հարկավոր է չկորցնել զգոնությունը, որը շատ բանով կնպաստի ծայրահեղ բարդ պայմաններում ժամանակին կողմնորոշվելուն:

Ավելորդ չենք համարում մեկ անգամ եւս հիշեցնել, որ հրդեհ առաջանալու դեպքում անհրաժեշտ է անմիջապես զանգահարել 1-01 հեռախոսահամարով:

← Վերադառնալ ցուցակին