ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

ՈՒսումնական հաստատությունների հրդեհային անվտանգությունը

15:14 / 22.05.2015

Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները պարբերաբար նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացնում հանրապետության ուսումնական հաստատություններում (դպրոցներ, գիշերօթիկներ, ԲՈՒՀ-եր, ուսումնարաններ և այլն)։ Հարցը հատկապես հրատապ է այն պարզ պատճառով, որ դրանցում առաջացած հրդեհները, որպես կանոն, ուղեկցվում են զգալի կորուստներով` և' մարդկային, և' նյութական։ Ստուգման արդյունքները վկայում են, որ շենքերի և շինությունների գերակշիռ մասը շահագործվում է հրդեհային անվտանգության կանոնների բազմաբնույթ խախտումներով։ Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կարգադրագրերով առաջարկված միջոցառումների անբավարար կատարման կամ չկատարման համար մի շարք օբյեկտների ղեկավարներ և պաշտոնատար այլ անձինք ենթարկվել են վարչական պատասխանատվության, սակայն իրավիճակը դեռևս շատ հեռու է բավարար լինելուց։

Մեր հանրապետությունում նմանօրինակ օբյեկտներում հիմնականում լուծված չեն հակահրդեհային ջրամատակարարման, հրդեհաշիջման և հրդեհի ահազանգման ինքնաշխատ համակարգերի վերանորոգման և գործարկման, դրանց տեխնիկական սպասարկման, տարահանման ճանապարհների և ելքերի պատշաճ վիճակում պահելու, էլեկտրատնտեսությունում տեղ գտած թերությունների վերացման, հրդեհաշիջման սկզբնական միջոցներով ապահովելու և այլ հարցեր։ Առավել անհանգստացնողն այն փաստն է, որ այդ օբյեկտների աշխատակիցների գերակշիռ մասը պարզապես անտեղյակ է հրդեհի առաջացման դեպքում իրենց կողմից կատարվող գործողություններից։ Մոռացության է մատնված հակահրդեհային հրահանգավորման անցկացումը, սովորական երևույթ է դարձել հակահրդեհային կենսակարգի խախտումը։ Տարիներ շարունակ չեն կատարվում տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումները։
Չնայած հրդեհների նախականխման ուղղությամբ տեսչության կողմից իրականացվող զգալի աշխատանքներին, դեռևս անհնար է լիովին խուսափել հրդեհներից։ Դրանց պատճառահետևանքային կապերի վերլուծությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեցող իրավիճակը պայմանավորված է համապատասխան պաշտոնատար անձանց կողմից խնդրի նկատմամբ դրսևորած անտարբեր մոտեցմամբ։ Նման իրավիճակում առաջացած յուրաքանչյուր հրդեհ կարող է խուճապ առաջացնել` լուրջ և ծանր հետևանքներով։
Մենք բազմիցս անդրադարձել ենք նմանատիպ օբյեկտներում տեղի ունեցած աղետալի հրդեհներին` վերլուծելով դրանց առաջացման պատճառներն ու հետևանքները։ Այժմ անդրադառնանք այն միջոցներին և միջոցառումներին, որոնք անհրաժեշտ են հրդեհների կանխարգելման համար։
Հատկապես կարևոր է օբյեկտների աշխատակիցների և վարչակազմի, ինչպես նաև աշակերտների, ուսանողների` հրդեհային անվտանգության կանոնների իմացությունը։ Հրդեհների կանխարգելման համար վարչակազմի և պետական հրդեհային հսկողության աշխատակիցների ջանքերը պետք է ուղղված լինեն հետևյալ խնդիրների լուծմանը`
-հրդեհի բռնկման հնարավոր աղբյուրների բացառում,
-հնարավոր հրդեհների տարածման պայմանների բացառում,
-հրդեհի դեպքում մարդկանց անվտանգ տարահանումն ապահովող պայմանների ստեղծում,
-հնարավոր հրդեհների շիջման համար նպաստավոր պայմանների ստեղծում,
-բոլոր աշխատակիցների, աշակերտների, ուսանողների` հրդեհային անվտանգության կանոնների ուսուցանում։
Հնարավոր հրդեհների տարածումը բացառելու համար անհրաժեշտ է իրականացնել մի շարք միջոցառումներ, մասնավորապես, արգելել սանդղավանդակներում պահեստային և օժանդակ շինությունների տեղակայումը, դյուրավառ նյութերի պահումը, բաց կրակով աշխատանքներ կատարելը։ Հակահրդեհային պատերի և ծածկերի որմնաբացվածքները պետք է կահավորվեն կրակի և այրման արգասիքների տարածումը կանխող պաշտպանիչ միջոցներով (հակահրդեհային դռներ, վարագույրներ և այլն), իսկ հակահրդեհային պատերի բացակները փակվեն չայրվող նյութերով։ Հրշեջ ավտոմատիկայի և հրդեհաշիջման համակարգերն անհրաժեշտ է պահել աշխատունակ վիճակում, իսկ օբյեկտի տարածքն ու սենյակները պարբերաբար մաքրել այրունակ աղբից, թափոններից։
Մարդկանց և նյութական արժեքների անվտանգ տարահանումն ապահովելու համար անհրաժեշտ է մշտապես ազատ վիճակում պահել բոլոր անցումները, ելքերը, միջանցքները, անցախցերը և աստիճանավանդակները։ Աշխատակիցները պետք է ուսուցանվեն տարահանման ձևերին և մեթոդներին։ Արգելվում է տարահանման ուղիների պատերի, հատակների, առաստաղների հարդարումը զանազան դյուրավառ նյութերով։
Հնարավոր հրդեհների հաջող մարման համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան հակահրդեհային ջրացանց։ Բայց միայն ջրի առկայությունը բավարար չէ։ Պետք է մշտական տեխնիկական հսկողություն իրականացնել հրշեջ ջրավազանների, հիդրանտների, ջրագծերի, պոմպային համակարգերի նկատմամբ։ Հրշեջ ջրավազանների և հիդրանտների տեղակայման վայրերը պետք է նշվեն լուսային ցուցանակներով, իսկ մոտեցման ճանապարհները մշտապես ազատ լինեն։ Բոլորիս հայտնի են հրդեհաշիջման սկզբնական միջոցները` կրակմարիչներ, ներքին հրշեջ ծորակներ, ավազ և այլն։ Պրակտիկան ցույց է տալիս, որ այդ “փոքր” հրշեջ տեխնիկան հաճախ շատ մեծ ծառայություն է մատուցում հրդեհների մարման ժամանակ։ Հրդեհաշիջման աշխատանքների լիարժեք իրականացման համար շատ կարևոր է նաև, որ օբյեկտներին մոտենալու ճանապարհները հնարավորություն ընձեռեն հրշեջ ավտոմեքենաների` ցանկացած շենքի, ցանկացած կողմից և տարվա բոլոր եղանակներին (հատկապես` ձմռանը) մոտեցման համար։
Շատ կարևոր են հրդեհի առաջացման դեպքում օբյեկտի վարչակազմի և աշխատակիցների ճշգրիտ գործողությունները։ Դրանք առաջին հերթին պետք է ուղղված լինեն մարդկանց անվտանգ տարահանմանը։ Յուրաքանչյուր աշխատակից, հրդեհ հայտնաբերելու դեպքում պարտավոր է`
և անհապաղ ահազանգել հրշեջ պահպանությանը` տեղեկություններ հայտնելով հրդեհի ճշգրիտ տեղի և շենքում մարդկանց գտնվելու վերաբերյալ,
և մինչև հրշեջների տեղ հասնելը միջոցներ ձեռնարկել մարդկանց տարահանման համար, և առկա հրդեհաշիջման միջոցներով (կրակմարիչներ, ներքին հրշեջ ծորակներ և այլն) ձեռնամուխ լինել հրդեհաշիջման աշխատանքներին։
Օբյեկտի ղեկավարները հրդեհ առաջանալու դեպքում պարտավոր են`
- ստուգել, ահազանգե՞լ են արդյոք հրշեջ պահպանությանը, թե՞ ոչ,
- համաձայն տարահանման մշակված պլանի միջոցներ ձեռնարկել մարդկանց տարահանման, ինչպես նաև խուճապը կանխելու ուղղությամբ,
- ղեկավարել հրդեհաշիջման աշխատանքները` մինչև հրշեջների տեղ հասնելը։
Հրդեհի ժամանակ չպետք է բացել դռները, պատուհանները, ինչպես նաև կոտրել ապակիները։ Լքելով սենյակը կամ շենքը, անհրաժեշտ է փակել բոլոր դռներն ու պատուհանները, քանի որ օդի ներհոսքը նպաստում է կրակի արագ տարածմանը։
Ուսումնական հաստատություններում ճիշտ կազմակերպված հրշեջևնախապահպանական աշխատանքները, ինչպես նաև տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումների կատարումը թույլ կտան բացառել հրդեհի առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից։

 

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին