ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Կայծակ

15:03 / 22.05.2015

Երկնային հրից լուսավորչի կանթեղի վառվելու պատմությունը բնավ էլ առասպել չի թվա, եթե այն բացատրենք սովորական կայծակի միջոցով:

Որոշ աթեիստներ հենց այդպես էլ վարվում են: Նման վարկածին դեմ չեն նաեւ որոշ թեիստներ, այն վերապահումով միայն, որ հրաշագործ կայծակը Բարձրյալի ուղարկած նշանն է:

Կայծակի հարվածից մարդու վրա առաջանում է կապույտ գույնի ծառի նման մի պատկեր: Եվ ինչքան էլ դա բացատրվի ենթամաշկային անոթների կաթվածով, միեւնույն է, շատ գայթակղիչ է սա՜ էլ դիտել որպես ի վերուստ հղում:

Մինչ կայծակին գիտական բացատրություն գտնելն, իհարկե, դժվար էր այն չվերագրել գերբնական ուժերին: Եվ ինչպես մյուս աղետ-արհավիրքները` կայծակն էլ է ընկալվել որպես Աստծո պատիժ կամ, առնվազն, նախազգուշացում, ու միայն չնչին բացառություններով, ինչպես Լուսավորչի կանթեղի դեպքում, որպես երկնային պարգեւ:
Իսկ մենք փորձենք կայծակին մոտենալ գիտական տեսանկյունից:

Կայծակը էլեկտրական լիցքերի պարպումն է, որը տեղի է ունենում տարանշան լիցքով ամպերի, կամ ամպի եւ երկրի մակերեւույթի միջեւ: Բնության մեջ առանձնանում է կայծակի երեք տիպ` գծային, ոչ գծային եւ գնդաձեւ:

Ամենատարածվածը գծայինն է, որն ուղղված է լինում ամպերից դեպի երկիր կամ հակառակը: Ի դեպ, ավելի վտանգավոր են երկրի մակերեսից դեպի երկինք ուղղված կայծակները, որոնք դիտվում են լեռնագագաթներին:

Խիստ վտանգավոր է հատկապես գնդաձեւ կայծակը: Այն իրենից ներկայացնում է գնդի կամ տանձի նման մի զանգված, որի տրամագիծը կարող է հասնել մի քանի մետրի: Հանդիպում է լեռնային բարձրադիր վայրերում` գծային կայծակից հետո: Ի տարբերություն մյուսների, որ տեւում են կես վայրկյանից էլ կարճ, գնդաձեւ կայծակները երկար կյանք ունեն` մեկ վայրկյանից մինչեւ մի քանի րոպե, բացի այս` սրանք տարածության մեջ շարժվում են բոլոր ուղղություններով:

Կայծակի վտանգավորությունը հասկանալու համար բերենք միայն մեկ բնութագրող մեծություն: Չափումները ցույց են տվել, որ կայծակի հոսանքի ուժը տատանվում է 20 հազարից մինչեւ 200 հազար ամպերի միջեւ, իսկ լարվածությունը բարձր է 50 միլիոն վոլտից:

Աշխարհում մեկ վայրկյանում տեղի է ունենում կածակի 100 պարպում: Մեկ ամպրոպի ժամանակ կարող է տեղի ունենալ 600-ից ավելի կայծակ:
Հայաստանում ամպրոպային երեւույթները թափ են առնում ապրիլին, երբ ամպրոպային օրերի թիվը կազմում է 3-6 օր: Մայիս-հունիս ամիսներին այն դառնում է 7-18, հետո` սկսում է նվազել, եւ հոկտեմբերին հասնում 1-3 օրվա:

Կայծակները հիմնական պատճառն են անտառային հրդեհների, նաեւ վտանգավոր են մարդկանց համար` հատկապես լեռնային եւ ջրային տարածքներում:
Աշխարհում տարեկան կայծակին զոհ է գնում 20 մարդ:

Ինչպես վարվել կայծակի ժամանակ

Եթե գտնվում եք բաց տարածքում` հարկավոր է շտապ գտնել հողակցված ապաստան: Այդպիսին կարող է ծառայել քարանձավը, սակայն չի կարելի կանգնել մուտքի մոտ: Անտառը նույնպես ապահով ծածկ է, սակայն չի օգնում մենավոր ծառը: Իսկ եթե պատսպարվելու ոչ մի հնար չկա` հարկավոր է նստել տեղանքի ամենացածր կետում: Հարկավոր է հեռու մնալ գետերից ու լճերից, չի կարելի լողալ կամ մնալ նավակում: Չի կարելի պատսպարվել խոտի դեզի մեջ:

Տանը եղած ժամանակ հարկավոր է փակել դռներն ու լուսամուտները, անջատել էլեկտրասարքավորումները, չօգտվել ջրի ծորակներից:

Կայծակներից պաշտպանվելու լավագույն միջոցը շանթարգելն է, որ տեղադրվում է շենքերի տանիքներից բարձր: Այն իր վրա է վերցնում կայծակի հիմնական հարվածը: Շանթարգելները հողակցված են լինում եւ ունենում են 10 օհմ սեփական դիմադրություն: Անտենաները նույնպես հարկավոր է անպայման հողակցել:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կայծակնահար մարդու մեջ տեղի է ունենում մկանների կծկում, մասնավորապես` ստոծանու եւ սրտամկանի, ինչն էլ հարուցում է շնչառության եւ սրտամկանի կանգ: Ուղեղի վրա էլեկտրական հոսանքի ազդեցությունն արտահայտվում է գիտակցության կորստով:

Կայծակի հպման տեղում մարմնի վրա առաջանում է երրորդ կարգի այրվածք: Էլեկտրական հոսանքի ազդեցությունը ուժեղանում է թաց կոշիկների եւ շորերի պատճառով, որոնք էլեկտրականության բարձր հաղորդիչ են: Կայծակի հարվածից մարդը հաճախ հայտնվում է կլինիկական մահվան վիճակում, ուստի անհրաժեշտ է անհապաղ սկսել տուժածի վերակենդանացումը: Եթե արհեստական շնչառությունը ուշքի է բերում նրան, հարկավոր է խմեցնել մեծ քանակությամբ հեղուկ (ալկոհոլը եւ սուրճն արգելվում է): Այրվածքները պետք է մշակել ինչպես սովորական ջերմային այրվածքների դեպքում: Շանթահարին անհրաժեշտ է մերկացնել, գլուխը ողողել սառը ջրով, մարմինը փաթաթել թաց եւ սառը սավանով, անհրաժեշտության դեպքում կիրառել արհեստական շնչառություն, հնարավորության դեպքում` արագ բժիշկ կանչել:

Ինչ վերաբերում է տուժածին հողով ծածկելու հին հեքիմական մեթոդին, այն անիմաստ է եւ վնասակար` ժամանակի ավելորդ կորստի պատճառով:

← Վերադառնալ ցուցակին