ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Ի՞նչ է կլիմայի համամոլորակային փոփոխությունը

15:04 / 22.05.2015

Մարդու գործունեության հետեւանքով առաջացող ջերմոցային գազերն արտանետվում են մթնոլորտ: Ածխածնի երկօքսիդն (CO2) առաջանում է հանածո վառելիքից էներգիա ստանալու ընթացքում եւ անտառների հատման ու այրման հետեւանքով: Մեթանը եւ ազոտի ենթօքսիդն արտանետվում են գյուղատնտեսական գործունեության, հողօգտագործման մեջ փոփոխությունների հետեւանքով եւ այլ աղբյուրներից: Հալոիդածխաջրածիններ (CFC, HFC, PFC) կոչվող արհեստական միացությունները եւ այլ երկարակյաց գազեր, ինչպիսին, օրինակ« ծծմբի հեքսաֆտորիդն է (SF6), ստացվում են արդյունաբերական եղանակով: Մթնոլորտի ցածր շերտերում օզոնն առաջանում է անուղղակի ճանապարհով` ավտոմեքենաներից եւ այլ աղբյուրներից արտանետված աղտոտող նյութերի փոխակերպումների արդյունքում:

Ջերմոցային գազերի արտանետումների աճող մակարդակն արդեն հանգեցնում է կլիմայի փոփոխության: Կլանելով ինֆրակարմիր ճառագայթները` ջերմոցային գազերը կլիմայական համակարգում ազդում են էներգետիկ հոսքերի բնական շրջանառության վրա: Դիտարկումները ցույց են տալիս, որ 20-րդ դարի ընթացքում գլոբալ ջերմաստիճանը բարձրացել է մոտ 0,6 OC: Առկա են նոր եւ առավել համոզիչ փաստեր, որոնք վկայում են, որ վերջին 50 տարվա ընթացքում դիտարկվող տաքացումը մարդու գործունեության արդյունք է:

Ըստ կլիմայական մոդելների կանխատեսվում է, որ 2100 թ. գլոբալ ջերմաստիճանը կբարձրանա 1,4-5,8 OC: Այս փոփոխությունը մեր մոլորակի վրա կլինի, գոնե վերջին 10 հազար տարվա ընթացքում, դիտարկված կլիմայի փոփոխություններից ամենաընդգրկունը: Կլիմայական մոդելների օգնությամբ կատարած այս կանխատեսումը հիմնվում է արտանետումների հետագա աճի հիմնական շարժիչ ուժերի (բնակչության աճ եւ տեխնոլոգիական փոփոխություններ) մասին եղած մի շարք ենթադրությունների վրա, սակայն այն հաշվի չի առնում արտանետումների կրճատմանն ուղղված ջանքերը, որոնք ձեռնարկվում են որպես արձագանք կլիմայի փոփոխության հիմնահարցի: Կլիմայի փոփոխության մասշտաբները եւ ազդեցության չափերը, մասնավորապես տարածաշրջանային մակարդակով, խիստ անորոշ են: Օվկիանոսների կասեցնող (դանդաղեցնող) հատկության շնորհիվ ջերմոցային գազերի արտանետումներից օվկիանոսների վերին շերտի ջերմաստիճանն անմիջապես չի փոփոխվի, այդ պատճառով մթնոլորտում ջերմոցային գազերի խտությունը կայունանալուց հետո` դեռեւս մի քանի տասնամյակ, կլիման կշարունակի փոփոխվել:

Միջազգային հանրությունը փորձում է լուծել այս հիմնախնդիրը Կլիմայի փոփոխության կոնվենցիայի իրականացման միջոցով£ Այն բոլոր երկրներին միավորում է իրենց արտանետումների սահմանափակման, համապատասխան տեղեկատվության հավաքագրման, կլիմայի փոփոխության հարմարվողականության ռազմավարության մշակման, ուսումնասիրությունների եւ տեխնոլոգիաների բնագավառում համագործակցելու պարտավորություններով: Զարգացած երկրներին այն պարտավորեցնում է ձեռնարկել միջոցներ, որոնք թույլ կտան իրենց արտանետումները հասցնել 1990 թ. արտանետումների մակարդակին:

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան այն հիմքն է, որի վրա կառուցվում են գլոբալ տաքացման դեմ մղվող պայքարի աշխատանքները: Բաց լինելով ստորագրման համար 1992 թվականից` Ռիոյի համաշխարհային վեհաժողովում, նրա վերջնական նպատակն է. ՙջերմոցային գազերի խտությունը մթնոլորտում կայունացնել այնպիսի մակարդակով, որը կբացառի կլիմայական համակարգի վրա մարդու ներգործությունը: Այս մակարդակին պետք է հասնել այնպիսի ժամանակահատվածում, որպեսզի հնարավոր լինի, որ էկոհամակարգերը բնական ճանապարհով հարմարվեն կլիմայի փոփոխությանը, հուսալով, որ պարենի արտադրությունը չի վտանգվի, եւ տնտեսական զարգացումը կշարունակվի կայուն ձեւով՚:

Ամենախոցելին Էկոլոգիական եւ սոցիալ-տնտեսական այն համակարգերն են, որոնք կլիմայի փոփոխության նկատմամբ առավել զգայուն են եւ քիչ հարմարվող: Զգայունությունն` այն աստիճանն է, որով համակարգը կարող է արձագանքել կլիմայի տվյալ փոփոխությանը. այն չափվում է, օրինակ, նրանով, թե էկոհամակարգի բաղադրիչները, կառուցվածքը եւ գործունեությունը ինչպես կարձագանքեն ջերմաստիճանի տվյալ չափի բարձրացմանը: Հարմարվողականությունն այն աստիճանն է, որով համակարգերը կարող են փոփոխվել` ի պատասխան արդեն փոփոխված կամ սպասվող պայմանների:

Խոցելիությունը բնորոշում է այն աստիճանը, որով կլիմայի փոփոխությունը կարող է խաթարել կամ վնասել համակարգին: Այն կախված է ոչ միայն համակարգի զգայունությունից, այլեւ նրա հարմարվելու ունակությունից:

Կլիմայի փոփոխությանը հարմարվելու համար ներկայումս հնարավոր են վեց հիմնական ռազմավարական մոտեցումներ: Կարող են ձեռնարկվել կորուստները կանխելու միջոցներ. օրինակ, ծովի մակարդակի բարձրացման դեմ պատնեշներ կառուցելով կամ անտառապատելով հողմնահարված լեռնալանջերը: Հնարավոր է կորուստը կրճատել` այն հասցնելով ընդունելի մակարդակի. այդ նպատակով կարելի է նաեւ փոփոխել գյուղատնտեսական մշակաբույսերի կազմը, որպեսզի երաշխավորվի նվազագույն բերք` նույնիսկ ամենավատ պայմաններում: Կլիմայի փոփոխության անմիջական ազդեցությունը կարելի է թուլացնել կորուստը տարածելու կամ բաշխելու միջոցով, գուցե նաեւ` կառավարության կողմից արտակարգ իրավիճակների դեպքում ցուցաբերած աջակցության միջոցով: Հասարակությունը կարող է փոփոխել նաեւ օգտագործման կամ գործունեության այն եղանակը, որն այլեւս կենսունակ չէ, կամ փոխել գործունեության վայրը. օրինակ, հիդրոէլեկտրակայանը տեղադրել այնտեղ, որտեղ շատ են ջրային ռեսուրսները, կամ մեծ թեքության լանջերի վրա դադարեցնել գյուղատնտեսական գործունեությունը: Երբեմն ավելի լավ է վերականգնել այս կամ այն շինությունը, օրինակ, որպես պատմական հուշարձան, որը կարող է տուժել ջրհեղեղից:

Գագիկ Սուրենյան

← Վերադառնալ ցուցակին