ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Փրկության ազդանշաններն աղետի ժամանակ

14:55 / 22.05.2015

Մարդու կյանքը լի է անկնկալներով, եւ մարդը դրանց գրեթե երբեք նախապատրաստված չի լինում: Մյուս կողմից` արտակարգ իրավիճակում նրան համակած հույզերն իրավիճակի իրատեսական գնահատման հնարավորություն չեն տալիս: Արտակարգ գործոնների ազդեցության հետեւանքով մարդը հաճախ հայտնվում է անելանելի դրության մեջ` չունենալով գոյատեւման տարրական միջոցներ, կենսագործունեության պահպանման կենսափորձ:

Բայց դա այդպես չէ կամ դա թվացյալ ճշմարտություն է: Հնարամիտ մարդը օգտագործում է ձեռքի տակ եղած ամեն ինչ, որպեսզի ոչ միայն գոյատեւի, այլեւ արդյունավետ գործունեություն ծավալի:
Հայտնվելով արտակարգ իրավիճակներում` երբեմն նույնիսկ կենսագործունեության պայմանների ժամանակավոր կամ երկարաժամկետ ապահովման համար նրան անհրաժեշտ են բազմաթիվ կապերի վերահաստատում, անվտանգության ապահովում եւ զգացում, իր վիճակի եւ գտնվելու վայրի մասին անհրաժեշտ տեղեկությունների փոխանցում, վստահության զգացում, որ անհրաժեշտ օգնությունը ժամանակին կհասնի, որ ինքը լքված, մեկուսացված, մոռացված չէ մյուսների կողմից, որ նրան անպայման որոնում են, եւ անվերապահորեն ինքը դուրս կգա այդ վիճակից, կփրկվի:
Իհարկե, փրկարարական ծառայությունները, որոնք պրոֆեսիոնալ են, այդ ուղղությամբ ամեն ինչ անում են: Սակայն, ինչպես ռուսական ասացվածքն է ասում` «խեղդվողի փրկությունը խեղդվողի ձեռքերում է»:
Մարդկության պատմությունը հարուստ է բազմաթիվ փաստերով, երբ դժբախտության մեջ հայտնված, աղետի ենթարկված մարդը, չկարողանալով իր մասին տեղեկություն հաղորդել, հայտնվել է շատ դժվար կացության մեջ կամ զոհվել է:

Ազդանշանների միջազգային կոդերը
I – Անհրաժեշտ է բժիշկ. Մարմնական վնասվածքներ
II – Անհրաժեշտ են դեղամիջոցներ
X – Տեղափոխվել չենք կարող
F – Անհրաժեշտ են սնունդ եւ ջուր
W – Անհրաժեշտ են հրազեն ու փամփուշտներ
I – Անհրաժեշտ են մարտկոցներով ազդանշանային լապտեր եւ ռադիոկայան
I – Նշեք հետեւելու ուղղությունը
K – Հետեւում եմ այդ ուղղությանը
H – Նավը լրջորեն վնասվել է
L – Պահանջվում է վառելիք ու յուղ
LL – Ամեն ինչ կարգին է
N – Ոչ
Y – Այո
Ժամանակակից փրկարարական ջոկատները, հատուկ նշանակության միավորումները, քաղաքացիական պաշտպանության ծառայություններն իրենց զինանոցում ունեն ռադիոսարքավորումներ, լուսային ու ձայնային ազդանշաններ որսալու համակարգեր, որոնք կարճ ժամանակամիջոցում հնարավորություն են տալիս հայտանաբերելու ազդանշանի վայրը, հեռավորությունը, աղետի բնույթը, վնասի չափերը ու այլն:
Հնարամիտ մարդը, նույնիսկ արտակարգ իրավիճակներում պահպանելով սթափ գիտակցությունը, իր տեղն իմաց տալու համար կարող է օգտագործել այրվող ամեն ինչ` երեւացող տեղում կրակով, ծխով եւ այլն: Անտառում գտնվող մարդը կարող է ընտրել հնարավորինս բաց տարածք, բացատ, ամենաերեւացող տեղում (բարձր վայրում) կրակ վառել, ծուխ արձակել, փայտի առկայության դեպքում` գետնի վրա կրակից գրություն գրել, SOS ազդանշան գրել եւ այլն:
Հրազենի առկայության դեպքում, համապատասխան քանակությամբ փամփուշտներ ունենալու դեպքում (լուսարձակող, ծակող, ձայնարձակող եւ այլն) ժամանակ առ ժամանակ օդ կրակելով` հայտնել իր գտնվելու վայրի մասին եւ այլն:
Սակայն թվարկած միջոցները հաճախ իրենց չեն արդարացնում ցերեկվա լույսի, թանձր մառախուղի, անձրեւի, ձյան, մթան պայմաններում: Կարելի է օգտագործել ավելի պարզ եւ մատչելի միջոցներ, ինչպիսիք են հայելին, ապակին, պահածոյի տուփը, սղոցի, դանակի շեղբը, մետաղական ֆոլգայի, թիթեղի կտորները, ցերեկային ժամերին ազդանշաններ արձակող միջոցներ եւ այլն:
Ֆիզիկայի դասագրքերից հայտնի է, որ արեւի` 60 աստիճանի անկյան դիրքի դեպքում հայելու արձակած շողքի ուժգնությունը հավասարազոր է 4 միլիոն մոմերի արձակած լույսի, իսկ 90 աստիճանում այն աճում է մինչեւ 7 միլիոնի: Որպես ազդարարային միջոց`հաջողությամբ կարելի է օգտագործել գրպանի լապտերը: Ուժեղ լապտերի լույսը մինչեւ 4 կմ տարածությունից կարելի է նկատել: Տիրապետելով Մորզեի այբուբենին` կարելի է տեղեկություն հաղորդել, տալ աղետի ազդանշան:
Բաց տեղանքում խարույկներ վառելու դեպքում դրանց հնարավոր հեռավորությունը մեկը մյուսից պետք է լինի 20-30 մ, որպեսզի դրանք ինքնաթիռներից հեշտությամբ նկատվեն: Ցերեկային ժամերին նպատակահարմար է ծխարձակումը: Կարելի է կրակի վրա հող, ավազ, քիչ ջուր լցնել, որպեսզի կրակը մխա:
Ավիաաղետների, տեղանքում մոլորվելու դեպքում կարելի է օգտվել միջազգային կոդային աղյուսակի նշաններից: Այն կարելի է իրագործել նաւե կրակի օգնությամբ` տեղանքի երեւացող թեք լանջերին: Կարելի է օգտագործել ամեն ինչ` քար, փայտ, գունավոր ավազ, քարեր, խոտի կտրած չիմեր եւ այլն: Այդ աշխատանքները նպատակահարմար է իրականացնել առավոտյան եւ երեկոյան ժամերին, քանի որ կեսօրին արեւի ուժեղ լույսը հնարավորություն չի տալիս դրանց լավ երեւալուն:
Հնարավորինս ապահովել գրված գրության, նշանների եւ տեղանքի միջեւ գունային կոնտրաստը, որպեսզի հեռվից, ինքնաթիռից նկատելի լինի: Յուրաքանչյուր նշան, որը վերցված է միջազգային կոդային աղյուսակից, հայտնի է օդաչուներին, փրկարարական խմբերի անդամներին, այդ իսկ պատճառով նոր նշաններ կամ խորհրդանիշներ պետք չէ հնարել: Կարելի է գետնի մակերեւույթին խարույկով կամ նշված միջոցներով գրել SOS ազդանշանը:

«Արտակարգ իրավիճակների
հոգեբանությանկանխարգելման եւ
վերականգնողական հիմնախնդիրները»
Ուսումնական ձեռնարկ

Մելս Մկրտումյան
հոգ. գիտ. դոկտոր

← Վերադառնալ ցուցակին