ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Աղետալի հրդեհների պատմությունից

10:58 / 25.05.2015

Հրդեհներ բնակելի հատվածում

Բոլոր ժամանակներում մարդու համար մեծագույն չարիքներից մեկը եղել և մնում է հրդեհը: Այսօր առանց կրակի չի կարելի պատկերացնել մարդկանց կյանքն ու կենցաղը: Չկա գործունեության մի բնագավառ, որտեղ կրակի օգտագործման անհրաժեշտությունը չլինի, իսկ նման պայմաններում, կամա թե ակամա, մեծանում է հրդեհի առաջացման հավանականությունը:
Խոստովանենք, որ գրեթե ամեն օր անտեսում ենք հրդեհային անվտանգության կանոնները, գիտակցելով հանդերձ դրա ծանր հետևանքները: Մեր անփութության և անուշադրության պատճառով կորստյան ենք մատնում տարիների վաստակով ստեղծածը, սպառնում մեր և մեր հարազատների ամենաթանկ գանձին` առողջությանը, նաև` կյանքին: Եվ երբ արդեն կատարվել է անսպասելին և բոցերի մեջ է հայտնվել բնակարանը, ընտանիքը, այդ ժամանակ միայն զղջում ենք անվտանգության ամենատարրական կանոններն արհամարհելու համար:
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հրդեհների գերակշիռ մասը տեղի է ունենում բնակելի հատվածում, այն էլ հենց իրենց` բնակիչների մեղքով` կրակի հետ անզգույշ վարվելուց, հրդեհային անվտանգության կանոնները խախտելուց, առաջացած հրդեհները հենց սկզբնական շրջանում հանգցնելու ձևերը չիմանալուց, ինչն, ի վերջո, հանգեցնում է անդառնալի կորուստների՝ և՛ մարդկային և՛ նյութական:
Այսպես, 2010թ. նոյեմբերի 24-ին, ժամը 22 անց 36 րոպեին ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկել Երևանի Կորյունի փողոցի թիվ 23/20 մասնավոր բնակելի տանը: Առաջին հրշեջ ստորաբաժանման դեպքի վայր ներկայանալու պահին կրակով բռնկված է եղել տունն ամբողջությամբ, իսկ կրակն արագորեն տարածվել է դեպի հարևան տները: Ելնելով ստեղծված բարդ իրավիճակից` հրդեհի վայր են կանչվել լրացուցիչ ուժեր: Ընդհանուր առմամբ հրդեհաշիջմանը մասնակցել է 15 մարտական հաշվարկ, որոնց ուժերի գերլարումով հաջողվել է 00 ժամ 23րոպեին մեկուսացնել, իսկ 02ժամ 12 րոպեին՝ մարել հրդեհը:
Հրդեհաշիջման աշխատանքները զգալիորեն դժվարացել են տեղանքի բարդության, հրշեջ ավտոմեքենաների՝ հրդեհի օջախին մոտենալու սահմանափակ հնարավորությունների, տների չափազանց խիտ տեղաբաշխվածության պատճառով: Իսկ կրակի արագ տարածմանը նպաստել է տների մեծ մասում սնամեջ փայտյա կառուցվածքների առկայությունը, որոնցով կրակն աննկատ տարածվել է:
Հրդեհի հետևանքով այրվել են Կորյունի փողոցի թիվ 23/20 տունն ամբողջությամբ, թիվ 23/21, թիվ 23/47, թիվ 23/36, թիվ 23/24, թիվ 23/32, թիվ 23/34, թիվ 23/35, թիվ 23/33, թիվ 23/27, թիվ 23/16, թիվ 23/17 տները՝ մասամբ: Այրվել-ոչնչացել են մեծ քանակությամբ գույք, կենցաղային տեխնիկա և այլ նյութական արժեքներ՝ բնակիչներին պատճառելով շուրջ 27 միլիոն դրամի վնաս:
Հրդեհի առաջացման հանգամանքները պարզելու նպատակով ստեղծված հանձնաժողովը, մանրակրկիտ զննելով դեպքի վայրը, իրեղեն ապացույցները, հետազոտելով կրակի տարածման ուղիները, բացատրություններ վերցնելով ականատեսներից պարզել էր, որ հրդեհի օջախը գտնվել է թիվ 23/20 բնակելի տան հյուրասենյակում, որտեղ տեղադրված է եղել հեղուկ գազի բալոնով գործող տաքացուցիչը: Ջերմահարված-երանգափոխված են եղել հյուրասենյակի մուտքից դեպի աջ՝ պատի տակ տեղադրված տաքացուցիչը և ներսի՝ 10 կգ տարողությամբ գազի բալոնը, դեֆորմացվել է բալոնի վրայի ռեդուկտորը: Ջերմությունից քայքայվել է տաքացուցիչի հետևի պատի գաջի սվաղը և տեղ-տեղ թափվել է հատակին, այրվել և հատակին են թափվել առաստաղի և տանիքի փայտամասերը: Ածխացել են սենյակի գույքը, անկողինը և այլ կենցաղային իրեր: Հյուրասենյակից դեպի տան մյուս հատվածները հեռանալով հրդեհի ազդեցության հետքերն աստիճանաբար նվազել են:

Ամփոփելով կատարված հետազոտության արդյունքները, ելնելով դեպքի վայրի զննման պահին առկա պատկերներից և դրանց բաշխվածությունից, ինչպես նաև հաշվի առնելով գործի նյութերում առկա բացատրությունները, հանձնաժողովն առաջ էր քաշել հրդեհի առաջացման պատճառի հետևյալ վարկածերը.
- հրդեհի առաջացումը էլեկտրատեխնիկական պատճառներից,
- հրդեհի առաջացումը բաց կրակի օգտագործումից,
- հրդեհի առաջացումը նյութերի ինքնայրումից,
- հրդեհի առաջացումը գազով գործող կենցաղային սարքավորման շահագործման կանոնների խախտումից:
Բացառվում էր հրդեհի առաջացումը էլեկտրավթարային ռեժիմի երևույթներից, քանի որ տեղազննությամբ հրդեհի օջախի տեղամասում էլեկտրալարեր չէին գտնվել, իսկ տան մյուս էլեկտրալարերի վրա կարճ միացման հետքեր` գնդիկավոր երեսահալվածքներ չէին հայտնաբերվել: Ըստ բացատրությունների, տանը բաց կրակի հետ կապված աշխատանքներ չեն կատարվել, ինքնայրման հատկություններ ունեցող նյութեր չեն պահվել, տեղազննության ժամանակ էլ դրանց համար նախատեսված տարաներ չեն հայտնաբերվել:
Բացառելով հրդեհի առաջացման առաջին երեք վարկածները, հաշվի առնելով Կորյունի փողոցի թիվ 23/20 տան սեփականատեր Ս.Սաքունցի բացատրությունը, ըստ որի նրա կողմից գազով գործող տաքացուցիչը վառելուց հետո տեղի է ունեցել գազի արտահոսք և բռնկում, հանձնաժողովը եզրակացրեց, որ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել հեղուկացված գազով գործող տաքացուցիչի շահագործման կանոնների խախտումը: Հրդեհի առաջացման ստույգ պատճառը պարզաբանելու համար ՀՀ փորձագիտական կենտրոնում նշանակված հրդեհատեխնիկական փորձաքննությունը հաստատեց հանձնաժողովի եզրակացությունը:
Գեղարքունիքի մարզի Արփունք գյուղի բնակիչ Ա. Պետրոսյանը, գործող վառարանը թողնելով առանց հսկողության՝ գնացել էր քնելու: Լուսադեմին հարևանները հայտնաբերել են առաջացած հրդեհը և ահազանգել Վարդենիսի ՀՓՋ: Դեպքի վայր ներկայացած հրշեջներին մեծ դժվարությամբ հաջողվել է մարել հրդեհը, սակայն հետևանքներն աղետալի էին: Զոհվել էր տանտերը, իսկ տունն ամբողջությամբ այրվել էր:
Հրդեհատեխնիկական հանձնաժողովը պարզեց, որ հրդեհը տարածում է ստացել մեկ ընդգծված օջախից՝ հյուրասենյակի առաստաղից, որտեղից դուրս էր գալիս վառարանի ծխատար խողովակը: Մանրակրկիտ ուսումնասիրելով հրդեհի օջախը, որտեղ երկարատև ու բարձր ջերմային ազդեցությունից լիովին այրվել էին առաստաղը, փայտյա կառուցատարրերը, լսելով ականատեսների և հրդեհաշիջման մասնակիցների բացատրությունները, եզրակացրեց, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի տեղակայման ու շահագործման կանոնների խախտումը:
Երևանի բնակիչ Ս. Թամրազյանը միացրել էր էլեկտրաջեռուցիչ սարքավորումը և տեղադրել տնային գույքից ու իրերից անթույլատրելի հեռավորության վրա: Գնալով քնելու նա մոռացել էր անջատել ջեռուցիչը, որի ջերմային ազդեցությունից հրդեհ էր բռնկել: Հրշեջներին հաջողվել էր մեծ դժվարությամբ մեկուսացնել ու մարել հրդեհը, սակայն անփույթ տանտիրուհին ստացած այրվածքներից զոհվել էր:
Մեծ տոկոս են կազմում նաև երեխաների պատճառով առաջացած հրդեհները: Դա տեղի է ունենում հիմնականում այն պատճառով, որ հաճախ ծնողները երեխաներին թողնում են առանց հսկողության: Այս տեսակի հրդեհներն ավելի վտանգավոր են, քանի որ ոչ միայն նյութական արժեքներ են ոչնչանում, այլև երբեմն երեխաներն են դառնում կրակի զոհ:

Բոլորովին վերջերս Վանաձորի Չերկասի փողոցի թիվ 2 շենքի 13 բնակարանում տեղի ունեցած հրդեհի զոհ դարձան երկամյա Անահիտ և չորսամյա Ալեքս Քարադանյանները: Դա նրանց ծնողների հանցավոր անփութության արդյունքն էր, քանի որ մանկահասակ երեխաները շատ հաճախ էին մնում առանց հսկողության (ինչը իրենց բացատրություններում հաստատում էին նաև հարևանները): Իսկ տանը վտանգները չափազանց շատ էին՝ սկսած ջեռուցման նպատակով օգտագործվող վառարանից մինչև ինքնաշեն էլեկտրաջեռուցիչն ու զանազան էլեկտրական սարքերը: Հետաքննությունն իհարկե կպարզի հրդեհի առաջացման հանգամանքներն ու ստույգ պատճառը, նյութական կորուստները կվերականգնվեն, սակայն մարդկային կորուստները կմնան անդառնալի:
Իսկ ստորև ներկայացվող դեպքում միայն երջանիկ պատահականության շնորհիվ էր հաջողվել խուսափել ծանրագույն հետևանքներից: Երևանի Բաբաջանյան փողոցին հարող խաղողի այգում տեղակայված բնակելի վագոն-տնակի տեր Հ.Կարապետյանը, առանց հսկողության թողնելով իր երեք անչափահաս երեխաներին` տևական ժամանակով բացակայել էր: Որոշ ժամանակ անց հարևան տնակների բնակիչները նկատել էին, որ այրվում է տնակի տանիքը: Նրանք անմիջապես ահազանգել էին հրշեջ պահպանությանը և մեծ ջանքերի գնով կարողացել էին երեխաներին դուրս հանել այրվող տնակից: Դեպքի վայր ներկայացած հրշեջներից շուրջ 2 ժամ էր պահանջվել մոլեգնած հրդեհը մեկուսացնելու և մարելու համար:
Հրդեհի հետևանքով այրվել էին վագոն-տնակի փայտե կառուցատարրերը և տնակում գտնվող գույքը (մահճակալներ, բազմոց, բազկաթոռներ, պահարան, հեռուստացույց և այլն)` տիրոջը պատճառելով կես միլիոն դրամից ավելի նյութական վնաս: Դեպքի վայրի զննությամբ պարզվել էր, որ հրդեհի օջախը գտնվում է տնակի միջնամասի արևմտյան պատի մոտ` առաստաղի հատվածում, որտեղ փայտե կառուցատարրերը և գույքն ամբողջությամբ այրվել ու ածխացել էին: Նկարագրված տեղամասից տեղաշարժվելով դեպի այլ հատվածներ` ջերմային ազդեցության հետքերն աստիճանաբար նվազել էին: Հրդեհի օջախում չէին հայտնաբերվել էլեկտրական տաքացման պարագաներ, էլեկտրական վթարային ռեժիմին բնորոշ հետքերով հաղորդալարեր: Ջեռուցման նպատակով օգտագործվել էր փայտով գործող թիթեղյա վառարան, որի ծխահեռացման թիթեղյա խողովակներն անցկացվել էին փայտյա տարրերի միջով` հրդեհային անվտանգության կանոնների կոպիտ խախտումներով:
Ուսումնասիրելով դեպքի վայրը, իրեղեն ապացույցները, կրակի տարածման ուղիները, համադրելով փաստական հանգամանքները և հաշվի առնելով ականատեսների բացատրությունները հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել վառարանի թիթեղյա խողովակի ջերմային ազդեցությունը տնակի տանիքի փայտե կառուցատարրերի վրա:
Վերջին շրջանում հաճախակի են դարձել նաև բազմահարկ բնակելի շենքերի նկուղային հարկերում և աղբահեռացման, աղբահավաքման խցիկներում առաջացած հրդեհները: Դրանք առաջանում են բնակիչների կողմից կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով, հաճախ էլ դիտավորությամբ վառում են` աղբատար խողովակների խցանումները բացելու համար: Ոմանք էլ այդ եղանակով պայքար են մղում առնետների դեմ` վտանգի տակ դնելով շենքի բնակիչների կյանքը:
Հրդեհային պրոֆիլակտիկ աշխատանքներն անընդհատ կատարելագործվում են` փորձելով հակազդել արագորեն փոփոխվող մարտահրավերներին: Տեսչությունը (շահագրգիռ այլ պետական կառույցների ու կազմակերպությունների հետ համագործակցելով) նպատակասլաց կերպով փնտրում է կազմակերպչական և տեխնիկական այն լուծումները, որոնք թույլ կտան կանխարգելել մարդկային զոհերը, նվազեցնել բնակելի հատվածի հրդեհային վտանգավորությունը, այսինքն հիմնական խնդիրը կայանում է նրանում, որպեսզի ստեղծվեն այնպիսի պայմաններ, որոնց առկայության դեպքում հրդեհը չվտանգի մարդկանց առողջությանը, առավել ևս կյանքին:
Տեսչության գործունեության ընթացքում ձևավորվել և հաջողությամբ կիրառվում է բնակելի հատվածում պրոֆիլակտիկ աշխատանքների ձևերի ու մեթոդների մի ամբողջ համալիր: Թվարկենք դրանցից հիմնականները.
1.Հրդեհավտանգավորության առավել բարձր աստիճան ունեցող բնակելի շենքերի (այդ թվում` բարձրահարկ) պլանային հրդեհատեխնիկական հետազոտությունների իրականացում.
2.Բնակելի ֆոնդի հակահրդեհային վիճակի պարբերական ստուգումների իրականացում.
3.Բնակիչներին` հրդեհային անվտանգության կանոնների ուսուցանում (հակահրդեհային հրահանգավորում).
4.Հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ բրոշյուրների, թռուցիկների, հիշեցումների, բուկլետների հրատարակում և տարածում.
5.Զրույց-զեկուցումների, այլ քարոզչական աշխատանքների իրականացում բնակիչների շրջանում` կենցաղում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման և հրդեհի դեպքում գործելու կարգի վերաբերյալ (այդ թվում` հեռուստատեսության, ռադիոյի, թերթերի միջոցով).
6. Տեսչության ստորաբաժանումներում բնակելի հատվածի հակահրդեհային վիճակի վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների (լսումների) կազմակերպում.
7.Պրակտիկ համաժողովների անցկացում` բնակելի հատվածի հրդեհային անվտանգության ապահովման և հրդեհների կանխարգելման նպատակով և այլն:
Տեսչության աշխատակիցները հրդեհատեխնիկական հետազոտություններ իրականացնելիս պետք է հասնեն նրան, որ առավելագույնս ապահովվի մարդկանց անվտանգությունը, ամբողջովին բացառվի նրանց` հրդեհից զոհվելու հնարավորությունը:
Պետք է միշտ հիշել, որ հրդեհային անվտանգության կանոնների պահանջների կատարումն ու պատշաճ զգոնությունը թույլ կտան խուսափել հավանական հրդեհներից ու դրանց ծանրագույն հետևանքներից:

Հրդեհներ ժամանցի վայրերում

Մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհից պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հանրապետության հանգստի ու ժամանցի վայրերում (դիսկոտեկ, բար-ռեստորան, գիշերային ակումբ և այլն) պարբերաբար իրականացնում են նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ: Հետազոտության ենթարկված բոլոր օբյեկտների ղեկավարներին հանձնվում են կարգադրագրեր, իսկ նրանցից վերցվում են պարտավորագրեր` հրդեհային անվտանգության կանոնների պահպանման, ինչպես նաև տոնական միջոցառումների ժամանակ զանազան հրավառությունների չիրականացման վերաբերյալ: Զանգվածային լրատվամիջոցներով, ինչպես նաև ուսումնասիրված բոլոր օբյեկտներում իրականացվում են հակահրդեհային քարոզչական աշխատանքներ` հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և հրավառություններ չօգտագործելու վերաբերյալ:
Տեսչության իրականացրած լայնամասշտաբ ու արդյունավետ աշխատանքները, ինչպես նաև մեր քաղաքացիների զգոնությունն ու աչալրջությունը, իհարկե, տալիս են իրենց դրական արդյունքները: Բարեբախտաբար, վերջին տարիներին նմանօրինակ օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների քանակը նվազել է, իսկ մարդկային զոհեր չեն եղել:
Սակայն պետք չէ մտածել, որ մեր հասարակական վայրերում վիճակը շատ բարվոք է և հնարավոր չեն հրդեհային անվտանգության կանոնների տարատեսակ խախտումներ: Ավելի շուտ հակված ենք ենթադրելու հակառակը: Այստեղ է, որ պետք է հիշենք 1987թ. Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղի դիսկոտեկում տեղի ունեցած հրդեհը, որտեղ տարահանման 2-րդ ելքը փակ է եղել, պատուհաններն էլ` ճաղապատ, իսկ հրդեհն առաջացել է հենց ելքի դռան մոտ: Ցավոք սրտի, եղել են զոհեր, իսկ տասնյակ մարդիկ` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Վերջին 20 տարիների ընթացքում հանրապետության բար-սրճարաններում, ակումբներում և զվարճանքի ու հանգստի այլ վայրերում 300-ից ավելի հրդեհ է արձանագրվել: Դրանց մեծ մասի առաջացման պատճառը հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսումն է, ինչպես նաև անհետևողականությունը, էլեկտրական սարքավորումների և վառարանների շահագործման տեխնիկական կանոնների խախտումը, կրակի հետ անզգույշ վարվելը: Այդ հրդեհների պատճառած նյութական վնասի գումարը գերազանցել է 500 միլիոն դրամը: Անդրադառնանք հանգստի և զվարճանքների վայրերում համեմատաբար վերջերս տեղի ունեցած մի քանի հրդեհների, որոնք աչքի են ընկել զգալի նյութական կորուստներով:
2010 թվականի օգոստոսի 26-ի առավոտյան ՙՀոլդինգ Հին Էրիվան՚ ՍՊԸ ռեստորանի անվտանգության աշխատակիցներից մեկը հայտնաբերել էր բռնկած հրդեհը և ահազանգել հրշեջ պահպանությանը: Դեպքի վայր էին ուղարկվել երկու հրշեջ մարտական ջոկ, որոնց ներկայանալու պահին այրվում էր 2-րդ հարկի սրահն ու կրակն արագորեն տարածվում էր դեպի հարակից տարածքները: Չնայած ստեղծված բարդ իրավիճակին, հրշեջ ստորաբաժանումների գրագետ մարտական գործողությունների արդյունքում հաջողվել է նախ մեկուսացնել, ապա լիովին մարել հրդեհը:
Հրդեհի հետևանքով ամբողջովին այրվել էր 2-րդ հարկի սրահն ու նրանում եղած տարատեսակ գույքը (կահույք, երաժշտական գործիքներ, սրահը վերահսկող տեսախցիկներ, պատուհաններ, նկարներ, սպասք և այլն):
Հրդեհի առաջացման ստույգ պատճառը, ինչպես նաև պատճառված նյութական վնասի չափը պարզաբանելու համար ՀՀ փորձագիտական կենտրոնում նշանակվել էին հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, էլեկտրատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություններ, որոնց արդյունքում պարզվել էր հետևյալը: Բաց կրակի ու բարձր ջերմության հետևանքով առաջացած հետքերն առավել արտահայտված էին սրահի առաստաղին և մուտքի դիմացի պատին, որն իրենից ներկայացնում էր մետաղապլաստե պրոֆիլներից պատրաստված ապակեպատ պատուհանաշար: Դրա տակ, սրահի հատակին առկա էր պոլիմերային նյութերի հալույթներից, էլեկտրական հաղորդալարերի մակահալված կտորներից և գործվածքի կիսաայրված լաթերից բաղկացած կույտ: Հաղորդալարերի մեկուսիչները ենթարկված էին ջերմային ազդեցության, գտնվում էին հալված, տեղ-տեղ ածխացած վիճակում և դրանց վրա կարճ միացման հետքեր չկային:
Սրահի գետնին առկա հալույթների կույտն առաջացել էր պատուհանաշարերի միջև գտնվող պատի վրա տեղադրված սրահի օդորակիչի իրանի ու օդորակիչը սնող հաղորդալարերի այրման ու մակահալման հետևանքով: Սրահի պատերի, հատակի և առաստաղի վրա հրդեհի հետևանքով առաջացած հետքերն ու վնասվածքները օդորակիչի տեղակայման հատվածից՝ բոլոր ուղղություններով աստիճանաբար նվազում էին:
Ամփոփելով հետազոտությունների արդյունքում ստացված տվյալները, հրդեհի հետևանքով առաջացած հետքերի ու վնասվածքների բնույթն ու դրանց տեղակայումը, դիտարկելով դրանք հրդեհի առաջացման հանգամանքների և փորձաքննությանը տրամադրված ելակետային տվյալների համակցությունում, փորձագետը նշել էր, որ հրդեհի օջախը գտնվել է 2-րդ հարկի սրահում տեղակայված օդորակիչի շրջակայքում, իսկ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել սրահի էլեկտրական սնուցման համակարգում ստեղծված վթարային իրավիճակը: Հրդեհից պատճառված նյութական վնասը գերազանցել էր 13 միլիոն դրամը:

2011 թվականի ապրիլի 7-ին հրդեհ էր առաջացել Երևանի Հրազդանի կիրճում գտնվող ,,Փարվանա,, ռեստորանում: Այն ժամը 18-ին հայտնաբերել էին ռեստորանի աշխատակիցները և հեռախոսով հայտնել ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն: Հրդեհի վայր էին մեկնել թվով 5 մարտական հաշվարկ, որոնց հաջողվել էր ժամը 19.33-ին մեկուսացնել, իսկ ժամը 19.58-ին՝ մարել հրդեհը:
Հրդեհի հետևանքով այրվել էին ռեստորանի տանիքի ներսի ջերմամեկուսիչ փրփրապլաստե հատվածները, երկաթյա կառուցատարրերի վրա ամրացված փայտամասերը, սրահի առաստաղին ամրացված կտորից հատվածները՝ տեղ-տեղ, ջերմային ազդեցությունից մասամբ հալվել էին տանիքի կողային երեսապատման մետաղյա թիթեղները: Տեղազննությամբ պարզվել էր, որ հրդեհի օջախը գտնվել է տանիքի այն հատվածում, որտեղից դուրս է գալիս ծխատարը: Այդ տեղամասում հալված-դեֆորմացված էին տանիքի մետաղյա ծածկաթիթեղները: Այդ տեղամասից հեռանալով հրդեհի առաջացրած հետքերն աստիճանաբար նվազում էին:
Հրդեհի առաջացման հանգամանքները պարզելու նպատակով ստեղծված հանձնաժողովը, մանրակրկիտ զննելով դեպքի վայրը, իրեղեն ապացույցները, հետազոտելով կրակի տարածման ուղիները, բացատրություններ վերցնելով ականատեսներից, հրդեհի առաջացման պատճառը որոշելու համար առաջ էր քաշել և քննարկել հետևյալ վարկածները.
- հրդեհի առաջացումը էլեկտրատեխնիկական պատճառներից,
- հրդեհի առաջացումը վառարանի (մանղալի) կառուցվածքային թերություններից,
- հրդեհի առաջացումը էլեկտրաեռակցման աշխատանքների հրդեհային անվտանգության կանոնների խախտումից:
Տանիքում էլեկտրական հաղորդագծեր մոնտածված չէին, իսկ մանղալի ծխատար խողովակը բարձրացված էր տանիքից 1.5 մետր բարձրության վրա և դրա վրա անցքեր, վնասվածքներ չկային: Հաշվի առնելով վերոգրյալը, բացառվել էին հրդեհի առաջացման առաջին երկու վարկածները: Ամփոփելով կատարված հետազոտության արդյունքները, ելնելով դեպքի վայրի զննման պահին առկա պատկերներից և դրանց բաշխվածությունից, ինչպես նաև հաշվի առնելով գործի նյութերում առկա բացատրությունները, համաձայն որոնց դեպքից քիչ առաջ ծխատար խողովակի վրա իրականացվել էին էլեկտրաեռակցման աշխատանքներ, հանձնաժողովը եկել էր այն եզրակացության, որ հրդեհի առաջացման հավանական պատճառ է հանդիսացել էլեկտրաեռակցման աշխատանքների հրդեհային անվտանգության կանոնների խախտումը:
Օրինակներ էլի կարելի է բերել, սակայն եթե ուզում ենք, որ հերթական աղետալի հրդեհը մեր հանրապետությունում չգրանցվի, պետք է հասարակական, ժամանցային (նմանապես` ցանկացած այլ բնույթի) յուրաքանչյուր օբյեկտի ղեկավար նախ ինքը գիտակցի հրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը և ձեռնարկի համապատասխան միջոցներ: Այլապես, ստիպված ենք լինելու մեղավորներ փնտրել` այն էլ հետին թվով:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին