ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Անհատական ավտոտնակների հրդեհային անվտանգությունը

11:05 / 25.05.2015

Մեր հանրապետությունում ամեն տարի տեղի են ունենում բազմաթիվ հրդեհներ անհատական ավտոտնակներում, որոնք խոշոր վնաս են հասցնում մարդկանց ունեցվածքին, երբեմն էլ` վտանգում նրանց կյանքն ու առողջությունը։ Դրանց գերակշիռ մասն առաջանում է հենց իրենց` քաղաքացիների մեղքով, կրակի հետ անզգույշ վարվելուց, առաջացած հրդեհներն սկզբնական շրջանում հանգցնելու ձևերը չիմանալուց, և այլն։ Բավական է նշել, որ միայն վերջին 10 տարիների ընթացքում արձանագրվել է նմանօրինակ 292 հրդեհ, զոհվել է 11 և այրվածքներ ստացել 29 մարդ։ Ամբողջությամբ ոչնչացել է 21 ավտոտնակ և 33 ավտոմեքենա, պատճառվել է շուրջ 320 միլիոն դրամի նյութական վնաս։

Բերենք օրինակներ. Գեղարքունիքի մարզի Լուսակունք գյուղի բնակիչ Թ.Պետրոսյանը, իր ավտոտնակի անմիջական հարևանությամբ այրել է կուտակված աղբը և թողել առանց հսկողության։ Քամու օգնությամբ կրակի կայծերը տարածվել են և առաջացած հրդեհից այրվել-ոչնչացել է ավտոտնակը` ներսում կայանված ավտոմեքենայի հետ միասին։
Գյումրի քաղաքի բնակիչ Հ.Կարապետյանը, ավտոտնակի ջեռուցման նպատակով օգտագործել է փայտով գործող թիթեղյա վառարան` կոպտորեն խախտելով դրա տեղակայման և շահագործման կանոնները։ Արդյունքում, մաշված ծխատար խողովակների բացվածքներից դուրս եկած կրակի կայծերն ընկել են ավտոտնակի փայտե հատակին և այրել այն։ Դեպքի վայր ժամանած հրշեջներին միայն 1.5 ժամ հետո է հաջողվել սանձել մոլեգնած հրդեհը։
Երևանի բնակիչ Դ.Նադարյանը, ավտոտնակում միացրել է ինքնաշեն, բաց գալարագծերով էլեկտրական սալիկը և, թողնելով առանց հսկողության, տևական ժամանակով բացակայել է։ Հսկողությունից դուրս գտնվող ջեռուցման պարագայի ջերմային ազդեցությունից առաջացել է հրդեհ` պատճառելով զգալի նյութական վնաս։
Արարատի մարզի Երասխ գյուղի բնակիչ Ա. Զեյնալյանը հսկողությունից դուրս է թողել իր անչափահաս երեխաներին, որոնք կրակ են վառել ավտոտնակում` հրդեհելով այն։ Արդյունքում այրվել է ավտոտնակում կայանված ավտոմեքենան և տանիքում կուտակված շուրջ 3 տոննա անասնակերը։ Միայն երջանիկ պատահականության շնորհիվ երեխաները չեն տուժել։

Իսկ Արտաշատի բնակիչ Ռ.Մովսիսյանի ավտոտնակում առաջացած հրդեհի պատճառը տարրական անփութությունն ու անզգուշությունն էր։ Նա ավտոտնակում կուտակել էր զանազան տնտեսական իրեր, շինարարական նյութերի մնացորդներ, այլ դյուրավառ նյութեր` ստեղծելով հրդեհավտանգ իրավիճակ և նրա կողմից անզգուշորեն նետված չհանգցրած ծխախոտի մնացորդը բավական էր եղել, որպեսզի հաշված րոպեների ընթացքում շինությունը հրո ճարակ դառնա։
Իրենց վտանգավորությամբ հատկապես առանձնանում են դյուրավառ հեղուկները` բենզին, կերոսին, նավթ և այլն, որոնք ամենափոքր իսկ անզգուշության դեպքում կարող են բռնկվել և հրդեհի առաջացման պատճառ դառնալ։ Ցավոք, այս իրողությունը հաճախ անտեսվում է մարդկանց կողմից` բերելով անուղղելի հետևանքների։ Արտաշատի Երևանյան 5 շենքի բնակիչ, անչափահաս Ա.Սիմոնյանը վառած մոմը ձեռքին մտել է ավտոտնակ` ավտոմեքենայի լցարկման համար բենզին վերցնելու նպատակով։ Այդ գործողությունն իրականացնելու պահին նա անզգուշաբար վայր է գցել մոմը և դյուրավառ հեղուկն ակնթարթորեն բոցավառվել է։ Օպերատիվ կերպով դեպքի վայր ներկայացած հրշեջներին հաջողվել է արագ մարել հրդեհը` կանխելով դրա տարածումը։
Իսկ Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի բնակիչ Ռ.Հարությունյանի ավտոտնակում բենզինի տարողության բռնկման հետևանքով հրո ճարակ դարձան ավտոտնակը և այնտեղ կայանված “ՎԱԶ 2107” մակնիշի ավտոմեքենան։
Կարելի է երկար շարունակել նմանատիպ հրդեհների նկարագրությունը, սակայն բերված օրինակներն էլ բավարար են հասկանալու համար, թե ինչի կարող է հանգեցնել հրդեհային անվտանգության տարրական կանոնների պահանջների անտեսումը։ Անդրադառնանք այն կանխարգելիչ միջոցառումներին, որոնց իրականացումը թույլ կտա խուսափել հավանական հրդեհներից։ Նախ, արգելվում է ավտոմեքենան կայանել ավտոտնակում, եթե նկատվում են կաթոցներ կարբյուրացիոն համակարգից, բաքից կամ բենզինի խողովակներից։ Ավտոտնակում թույլատրվում է պահել 20 լիտրից ոչ ավելի վառելանյութ, 5 լիտր քսայուղ, ընդ որում դյուրավառ հեղուկները պետք է պահվեն մետաղյա հերմետիկ տարաների մեջ։

Ավտոտնակում չի կարելի ծխել և օգտվել բաց կրակից։ Թափված վառելանյութը և յուղը անհրաժեշտ է ավազի օգնությամբ մաքրել և հեռացնել։ Ծագած հրդեհը սկզբնական շրջանում հանգցնելու համար պետք է ունենալ կրակմարիչ, մեկ խորանարդ մետր տարողությամբ` ավազով լցված արկղ, բահ և ասբեստյա ծածկոց։ Ավազի բացակայության դեպքում խորհուրդ է տրվում օգտագործել հող, իսկ ասբեստյա ծածկոցի փոխարեն` բրդյա ծածկոց` նախապես ջրում թրջելով։ Հրդեհ առաջանալու դեպքում առաջին հերթին անհրաժեշտ է անմիջապես այդտեղից դուրս բերել վառելանյութի և քսայուղերի պաշարը, որոնք դեռ բռնկված չեն կրակով, իսկ եթե վերջիններս էլ են այրվում և սպառնում ավտոմեքենային` այն անհապաղ պետք է հեռացնել ավտոտնակից։
Վերը նշված միջոցառումների կատարումը և պատշաճ զգոնությունը թույլ կտան նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի հետևանքներից։


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին