ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Անվտանգությունն Ամանորին

13:55 / 25.05.2015

Շուտով պատմության գիրկը կանցնի 2014 թվականը: Գալիք տարվա հետ կնորոգվեն մեր անձնական և համազգային հույսերն ու երազանքները, և ամանորյա բարձր տրամադրության խորհրդանիշը` տոնածառը, կրկին ուրախություն ու հրճվանք կպատճառի ձեզ ու ձեր փոքրիկներին: Ու որպեսզի այդ ուրախությունը ոչնչով չխաթարվի, անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն հրդեհային անվտանգության կանոնները:

Զանգվածային միջոցառումներ անցկացնող օբյեկտները և անձինք (պատասխանատուները) միջոցառումներ անցկացնելուց առաջ պետք է ապահովեն հրդեհային անվտանգության սահմանված պահանջները: Մարդկանց զանգվածային ներկայությամբ շենքերում, շինություններում և բաց տարածքներում ամանորյա և այլ տիպի միջոցառումների անցկացման ժամանակ անհրաժեշտ է`
- տոնածառը տեղադրել առաջին (ծայրահեղ դեպքում` երկրորդ) հարկում, ընդարձակ սենյակում (որն ունենա մեկից ավելի տարհանման ելք), կայուն հենամասի վրա այնպես, որպեսզի ճյուղերը չքսվեն պատերին և առաստաղին.
- ապահովել առնվազն մեկ մետր միջտարածություն տոնածառի ու դյուրավառ իրերի, առարկաների միջև.
- տոնահանդեսի անցկացման վայրում էլեկտրական լուսավորության բացակայության դեպքում միջոցառումներն անցկացնել ցերեկային ժամերին.
- տոնածառի վրա օգտագործել լամպերի շղթաներ մինչև 12Վտ հզորությամբ լամպերի հաջորդական միացմամբ՝ առանց ցածրացնող տրանսֆորմատորի.
- լուսավորության անսարքություններ հայտնաբերելու դեպքում (լարերի տաքացում, լամպերի թարթում, կայծարձակում և այլն) սարքն անմիջապես հոսանքազրկել.
- տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ և չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը: Եթե եղևնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկել ինչպես ջահը.
- բեմում և դահլիճում կազմակերպել հրշեջ հերթապահություն` կազմակերպիչների ուժերով:
Չի թույլատրվում`
- օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
- օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից և պարունակում են հրդեհապայթյունավտանգ գազեր.
- տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև.
- տոնածառը զարդարել հրապաշտպան բաղադրություններով չտոգորված ցելուլոիդե խաղալիքներով, թանզիֆով, բամբակով: Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան ,,անձրևները,, (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից:

Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից:
- միջոցառումների անցկացման տեղերը մթնեցնելու համար պատուհանները փակել ծածկոցափեղկերով.

- փոքրացնել կարգերի միջև եղած հեռավորությունները, ինչպես նաև անցումներում լրացուցիչ բազկաթոռներ տեղադրել.
- միջոցառումների ժամանակ դահլիճում լույսը մարել.
- ելքի նախամուտքերում, տարհանման ուղիներում պահել որևէ տեսակի գույք և նյութեր, խցանել տարհանման ելքերը.
- տարհանման ճանապարհներին ստեղծել մարդկանց ազատ տարհանմանը խոչընդոտող հարմարանքներ.
- օգտագործել սարքեր և սարքավորումներ, երբ շահագործման պայմանները չեն համապատասխանում արտադրող կազմակերպությունների երաշխիքներին, ինչպես նաև անսարքությունների դեպքում, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ.
- շահագործել վնասված մեկուսացումով (մեկուսիչ հատկությունները կորցրած) մալուխներ և էլեկտրալարեր.
- օգտվել անսարք վարդակներից, անջատիչներից և այլ տիպի էլեկտրական հարմարանքներից և սարքերից.
- էլեկտրալամպերը կամ ջահերը փաթաթել թղթով կամ այլ այրվող նյութերով.
- բեմի վրա ծխել, օգտագործել բաց կրակ, աղեղային լուսարձակներ և կրակային այլ էֆեկտներ.
- երեխաներին առանց հսկողության թողնել տոնածառների մոտ:
Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ և այլն: Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք: Բեմադրությունների ձևավորման ժամանակ, դեկորացիաների շուրջը պետք է լինի մեկ մետր լայնությամբ անցում: Ներկայացման ավարտից հետո, բոլոր դեկորացիաները, ինչպես նաև բուտաֆորիան պետք է քանդվեն և բեմից տեղափոխվեն հատուկ պահեստներ:
Բաց հրապարակներում հատուկ էֆեկտների կիրառման անհրաժեշտության դեպքում, հրդեհները կանխելու նպատակով, պատասխանատու բեմադրիչի (գլխավոր ռեժիսորի, գեղարվեստական ղեկավարի) կողմից պետք է ձեռնարկվեն համապատասխան հակահրդեհային միջոցառումներ: Զանգվածային միջոցառումների ժամանակ հնարավոր հրդեհներ, բարձր ջերմաստիճանային բոցավառումներ, պայթյուններ առաջացնող հրագործական արտադրատեսակներ օգտագործելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել դրանց վտանգավորության աստիճանը, որոշել անվտանգության գոտիները, նախատեսել հրդեհաշիջման միջոցները: Հրթիռներից կրակելու ուղղությունը պետք է ընտրել այնպես, որպեսզի չայրված աստղիկները գետնին ընկնելու դեպքում բացառվի հրդեհի բռնկումը:

Իսկ եթե այնուամենայնիվ հրդեհ է առաջացել, անհրաժեշտ է իրականացնել հետևյալ գործողությունները.
• Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով.
• Ահազանգեք հրշեջներին և երեխաներին դուրս բերեք սենյակից.
• Տոնածառը շրջեք հատակի վրա, որպեսզի կրակը չտարածվի վերև (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղևնի է).
• Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում (ցրվածք): Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց և ավազ լցրեք.
• Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը.
• Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը և դրսի կողմից ջուր ցանեք վրան.
• Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Ամանորյա տոների ընթացքում բնակչության անվտանգության ապահովման նպատակով ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը մշտապես իրականացնում է նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ համապատասխան օբյեկտներում (մարզամշակութային, մանկական, ուսումնական, հանգստի, ժամանցի և մարդկանց զանգվածային ներկայությամբ այլ օբյեկտներ): Զանգվածային լրատվամիջոցներով, ինչպես նաև ուսումնասիրված բոլոր օբյեկտներում իրականացվում են հակահրդեհային քարոզչական աշխատանքներ` հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու և տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրավառություններ, ճայթռուկներ չօգտագործելու վերաբերյալ:

Իրականացված աշխատանքները, ինչպես նաև մեր քաղաքացիների զգոնությունն ու աչալրջությունը, իհարկե, տալիս են իրենց դրական արդյունքները: Բարեբախտաբար, վերջին տարիներին նմանօրինակ օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների քանակը նվազել է, իսկ մարդկային զոհեր չեն եղել: Սակայն պետք չէ մտածել, որ վիճակը շատ բարվոք է և հնարավոր չեն հրդեհային անվտանգության կանոնների տարատեսակ խախտումներ: Հետագայում ևս հրդեհներից ու դրանց աղետալի հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարել տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումները, չխախտել հակահրդեհային կենսակարգը:
Կարևոր է հասկանալ, որ անվտանգության կանոնների պահպանումը մեծ ջանքեր չի պահանջի, փոխարենը կապահովի անվտանգությունն ու բարձր տրամադրությունը ամանորյա հանդիսությունների ժամանակ:

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին