ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների կանխարգելման առանձնահատկությունները

13:36 / 25.05.2015

Ժողովրդական իմաստությունը դիպուկ է ասում` անտառը բնության ջահելությունն է, կյանքի խորհրդանիշը: Ավելին, այն մարդու անզուգական բարեկամն է, առատ բարիքների և կենարար օդի անսպառ աղբյուր: Անտառն ի սկզբանե ապավեն է եղել մարդուն թե' տնտեսական, թե' պարենային, թե' հանգստի և այլ ոլորտներում: Անտառն է մթնոլորտը թթվածնով հարստացնող հիմնական մատակարարը, բնական միջավայրի կայունարարը, կենդանական աշխարհի պահապանը:

Այժմ ամբողջ աշխարհում նկատվում է մարդու կյանքում անտառի դերի ու նշանակության վերագնահատում: Եթե առաջ անտառը դիտարկվում էր հիմնականում որպես վառելիքի, փայտանյութի աղբյուր, ապա հիմա այն ընկալվում է առաջին հերթին որպես սոցիալ-մշակութային արժեք, մարդկության կայուն զարգացման գրավական` կապված նրա կողմից կատարվող գլոբալ բնապահպանական գործառույթների հետ: Իր բնապահպանական գործառույթների ծավալով ու բազմազանությամբ անտառները շահեկանորեն առանձնանում են բնության մյուս բոլոր բնապահպանական համակարգերից:
Անտառային հրդեհների առաջացման հաճախականության ու մասշտաբների մեջ ահռելի դեր է խաղում անտառօգտագործման կուլտուրան (մշակույթը) և անտառային հրդեհների պրոֆիլակտիկան: Բայց դա մարդու գործունեության շատ սպեցիֆիկ (յուրահատուկ) ու թանկարժեք բնագավառ է և շատ քիչ անտառաշատ երկրներ հաջողություններ ունեն այդ բնագավառում (օրինակ` սկանդինավյան երկրները):
Ներկայումս աշխարհում առաջանում են տարեկան 200 հազարից ավելի անտառային հրդեհներ, ընդ որում այդ թիվը տարեցտարի ավելանում է: Վնասը, որ դրանք պատճառում են մարդկությանը, ահռելի է հատկապես, եթե հաշվի առնվեն ոչ միայն ուղղակի, այլև անուղղակի վնասները: Այդ իսկ պատճառով անտառային հրդեհների դեմ պայքարի պրոբլեմի արդիականությունը տարիների ընթացքում չի նվազում, այլ ավելանում ու սրվում է` կախված երկրագնդի բնակչության թվաքանակի աճից:
Բոլոր անտառները ենթակա են հրդեհներից պահպանման: Անտառների պահպանությունն իրականացվում է հաշվի առնելով դրանց կենսաբանական, տարածքային առանձնահատկությունները և իր մեջ ներառում է կազմակերպչական, իրավական ու այլ միջոցների համալիր:
Անտառային հրդեհները, ընդգրկելով զգալի տարածքներ, ավերիչ ազդեցություն են ունենում անտառային ռեսուրսների վրա, ոչնչացնում են ֆլորան ու ֆաունան, վնասում հողաշերտն ու աղտոտում մթնոլորտը: Դրանց հետևանքով զանգվածային հրդեհներ են առաջանում անտառներին հարակից բնակավայրերում, շարքից դուրս են գալիս կապի ու էլեկտրահաղորդման գծերը, փայտաշեն կամուրջները, գյուղատնտեսական ցանքատարածությունները և այլն:
Անտառային հրդեհը դա բուսականության անվերահսկելի այրումն է, որը տարերայնորեն տարածվում է անտառային տարածքով: Տարածման բնույթից կախված դրանք լինում են գետնատարած (գետնամերձ), վերնատարած և ստորգետնյա:
Գետնատարած հրդեհի դեպքում բոցի բարձրությունը հասնում է 50-150 սմ-ի, իսկ կրակը հարթ տարածքով տարածվում է 0,5-1,5 կմ/ժամ արագությամբ: Վերնատարած հրդեհներն ընդգրկում են անտառի վերնամասը և տարածվում 8-25 կմ/ժամ, իսկ երբեմն` 100 կմ/ժամ արագությամբ: Ստորգետնյա հրդեհներն առաջանում են տորֆահողերում, տարածվում են օրական 2-10 մետր արագությամբ, սակայն շատ վտանգավոր են և բարդ` հրդեհաշիջման համար: Անտառային ու տորֆային հրդեհների ազդող (խոցող) գործոններն են կրակը, բարձր ջերմաստիճանը, ծխապատումը և թթվածնի լիայրումը (այրումը):
Անտառային հրդեհների առաջացման պատճառները լինում են բնական ու անտրոպոգեն: Ամենատարածված բնական պատճառ են հանդիսանում կայծակները, որոնցից առաջացած հրդեհները կազմում են ընդհանուրի մոտ 7-8 տոկոսը, այսինքն անտառային հրդեհների առաջացումը հիմնականում կապված է մարդկային գործոնի հետ: Երբեմն անտառային հրդեհներն արհեստականորեն են առաջացնում, որոնց անվանում են վերահսկելի հրդեհներ: Դրանց նպատակն է հրդեհավտանգ այրվող նյութերի ոչնչացումը, անտառահատումների թափոնների վերացումը, տարածքների նախապատրաստումը տնկիների համար, պայքարը կրծողների ու անտառի հիվանդությունների դեմ և այլն: Իհարկե չպետք է մոռանալ նաև անտառի դիտավորյալ հրկիզումները, որոնք կատարվում են զանազան նպատակներով:
Անտառային ու տորֆային հրդեհները երկրագնդի ամենահնագույն հրդեհներն են, որոնք առաջացել և փոփոխական ինտենսիվությամբ զարգացել են դեռևս մարդու հայտնվելուց միլիոնավոր տարիներ առաջ: Դրանց զարգացման ինտենսիվությունը հիմնականում կախված էր եղանակային պայմաններից և ջերմաստիճանի նվազման ու անձրևների սեզոնի սկսման հետ դրանք մարում էին: Երկրի վրա մարդու հայտնվելուց, իսկ առավել ևս նրա կողմից կրակը նվաճելուց հետո, անտառային հրդեհները սկսեցին առաջանալ հազարավոր անգամ ավելի հաճախակի: Այդպես եղել է, կա ու կլինի դեռ շատ երկար ժամանակ:
Անտառային հրդեհներ առաջանում են աշխարհի բոլոր երկրներում ցավալի հաճախականությամբ ու կանոնավորությամբ, հաջորդաբար այս կամ այն երկրում` կախված կլիմայական և եղանակային պայմաններից: Իսկ դրանց մարման հնարավորությունները աշխարհի բոլոր երկրներում գործնականում չնչին են` հրդեհաշիջման բարդության և հենց մարման միջոցների անարդյունավետության պատճառով:
Առավել զարմանալին ու դժվար բացատրելին այն փաստն է, որ ժամանակ առ ժամանակ խոշոր անտառային հրդեհներ են տեղի ունենում ոչ միայն չոր կլիմայական շրջաններում, այլև (ավելի քիչ հաճախականությամբ) Ամազոնկայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի և մի շարք այլ երկրների խոնավ հասարակածային անտառներում, որտեղ որոշակի անբարենպաստ տարիներին կրակից ոչնչանում է հարյուր հազարավոր հեկտար անտառ:
Բայց անտառային հրդեհների տարերքի դեմ մարդու անօգնականության տեսանկյունից առավել ցայտուն և ուսանելի էին վերջին տարիներին տարբեր աշխարհամասերում մոլեգնած հրդեհները: Դրանք առաջացել էին Ավստրալիայում, Հունաստանում, Պորտուգալիայում, Կենտրոնական Եվրոպայում, Կալիֆոռնիայում, Ռուսաստանում և Իսրայելում, որոնց հետևանքով այրվել էին հազարավոր հեկտար անտառաշերտեր, ոչնչացել բազմաթիվ տներ ու ավաններ: Հրդեհները սպառնում էին շատ բնակավայրերի, հարյուր հազարավոր մարդիկ շտապ տարհանվել էին հրդեհավտանգ գոտիներից:
Բոլոր երկրներում եղան մարդկային զոհեր, տուժածներ, միլիարդավոր դոլարների նյութական վնաս, բայց բոլոր այդ երկրներում միանման էր մի բան` մարդկանց անօգնականությունը անտառային հրդեհների ավերիչ տարերքի դեմ: Ոչ մի տեղ, ոչ մի միջոցներով չէր հաջողվել ժամանակին կանգնեցնել կրակի ճակատը ցանկալի սահմանագծում և, առավել ևս, հանգցնել հրդեհը տարածաշրջանում: Այդ հրդեհները քիչ թե շատ հսկողության տակ էին վերցվում միայն այն ժամանակ, երբ նվազում էր ջերմաստիճանն ու փոքր ինչ բարձրանում էր օդի խոնավությունը, իսկ մարվում էին հիմնականում շոգի թուլացման և գոնե թեթև անձրևի առկայության պայմաններում: Իսկ հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետությունը համարյա նույնն էր և այնտեղ, որտեղ օգտագործվել էին սովորական վերգետնյա հրդեհաշիջման միջոցներ, և այնտեղ, որտեղ կիրառվել էր ավիացիան (ընդ որում` դրա ցանկացած տեսակը):

Քանի որ անտառային հրդեհները (մանավանդ` երկարատև) զգալիորեն փոխում են մթնոլորտի կազմը, ապա անխուսափելիորեն ազդում են մարդկանց առողջության վրա: Իսկ ավելի կոնկրետ` լուրջ վնաս են հասցնում շնչառական օրգաններին ու արյան շրջանառության համակարգին: Այսպես, օրինակ, Ռուսաստանի Դաշնության բժշկական ու բնապահպանական ոլորտի մի շարք գիտահետազոտական ինստիտուտների երկարատև ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինտենսիվ անտառային հրդեհների ժամանակ այդ տարածաշրջաններում 3-4 անգամ ավելացել է բժշկական շտապ օգնությանը դիմողների քանակը, իսկ մահացությունն ավելացել է 10-13 անգամ:
Իսկ ԱՄՆ-ի կարդիոլոգների ամերիկյան ասոցիացիան 2010 թվականին հրապարակեց գիտական հայտարարություն, ըստ որի գոյություն ունի հստակ կապ օդի աղտոտվածության (մասնավորապես` ծխի) և սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների միջև: Այդ հայտարարության եզրակացության մեջ նրանք հաստատում են, որ լուրջ կապ կա ծխի ու վաղաժամ մահվան, սրտի իշեմիկ հիվանդությունների, կաթվածի, առիթմիայի, իշեմիկ ինսուլտի, ինչպես նաև սրտի կանգի և անոթային հիվանդությունների միջև:
Անտառային հրդեհների մարման գլխավոր սպեցիֆիկ պրոբլեմները հանգում են հրդեհաշիջման հետևյալ հիմնական առանձնահատկություններին.
1) Հրդեհի առաջնային օջախի ժամանակին հայտնաբերման պրոբլեմը, հատկապես, երբ անտառաշերտերի մակերեսը չափազանց մեծ է (հարյուր հազարավոր հեկտար).
2) Հրդեհաշիջման ուժերի ու միջոցների արագ մոբիլիզացման և հրդեհի վայր հասցնելու պրոբլեմը (մանավանդ, որ հաճախ հրդեհի օջախը գտնվում է այդ ուժերի ու միջոցների տեղակայման վայրից տասնյակ կիլոմետրերի հեռավորության վրա).
3) Որպես կանոն, հատուկ տեխնիկայի ու հրդեհաշիջման միջոցների (ջրի) անհրաժեշտ քանակության բացակայությունը հրդեհի վայրում.
4) Տարածքների մեծ մասի դժվար հասանելիությունը, ճանապարհների, կապի ու հաղորդակցության այլ միջոցների բացակայությունը և, որպես դրա հետևանք` հրդեհաշիջման լրացուցիչ ուժերի ու միջոցների ժամանակին ներգրավման պրոբլեմը.
5) 1, 2 և 4 կետերում նշված <<ժամանակին>> հասկացողության թվային արժեքը: Այդ ժամանակի պահանջվող թույլատրելի մեծությունը չափվում է րոպեներով` 30-50 րոպե, առավելագույնը` 1 ժամ: Այդ ժամանակի մեծությունը բերում է նրան, որ անտառային հրդեհների մարման տեխնիկատակտիկական առաջադրանքը վերածվում է պրոբլեմի.
6) Հարցն այն է, որ անտառների այրվող նյութը, որպես կանոն, քիչ թե շատ միասեռ է, անտառային զանգվածներում համեմատաբար հավասարաչափ է տեղաբաշխված և հաճախ շատ մեծ տարածքների վրա:

ՀՐԴԵՀԱՅԻՆ ՊՐՈՖԻԼԱԿՏԻԿԱՆ ԱՆՏԱՌՆԵՐՈՒՄ

Չնայած նրան, որ վերջին ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անտառային հրդեհների առաջացման նոր պատճառներ, ինչպես, օրինակ` գլոբալ տաքացումը, ջերմոցային էֆեկտը, այդուհանդերձ հիմնական պատճառը մնում է մարդը: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել հրդեհային պրոֆիլակտիկային, բնակչության շրջանում իրականացվող բացատրական աշխատանքներին:

Հրդեհային պրոֆիլակտիկան անտառներում նախատեսում է այնպիսի համալիր միջոցառումների իրականացում, որոնք ուղղված են անտառային հրդեհների առաջացման նախականխմանը, դրանց տարածման սահմանափակմանը, ինչպես նաև դրանց դեմ արդյունավետ պայքարի համար պայմանների ստեղծմանը: Պետք է նկատի ունենալ, որ հրդեհային պրոֆիլակտիկ միջոցառումներն առավել արդյունավետ կլինեն, եթե իրականացվեն որոշակի սխեմայով, համալիր, նպատակաուղղված և հետևողականորեն` ժամանակի մեջ:
Անտառային հրդեհների առաջացման կանխարգելման և դրանց դեմ պայքարի նպատակով անհրաժեշտ է իրականացնել հետևյալ միջոցառումները.
- կազմակերպությունների, որոնց վրա դրված է անտառների պահպանության ու պաշտպանության խնդիրը, ինչպես նաև անտառօգտագործողների կողմից ամեն տարի մշակել ու իրագործել հրդեհային պրոֆիլակտիկ միջոցառումներ.
- կազմակերպել հակահրդեհային քարոզչության լայնամասշտաբ իրականացումը, մամուլով, ռադիոյով ու հեռուստատեսությամբ անտառների պահպանման, հրդեհային անվտանգության հարցերի պարբերական լուսաբանումները.
- հակահրդեհային նշանակության ճանապարհների, օդանավակայանների և վայրէջքային հրապարակների կառուցումն ու վերանորոգումը, ինչպես նաև հրդեհավտանգ ժամանակաշրջանում համապատասխան քանակությամբ տրանսպորտային միջոցների տրամադրումը.
- ամեն տարի, մինչև հրդեհավտանգ ժամանակաշրջանի սկսվելը, անտառային հրդեհների դեմ պայքարի օպերատիվ պլանի հաստատումը.
- անտառային հրդեհների մարման համար բնակչության, տարբեր կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցների, ինչպես նաև կազմակերպությունների հակահրդեհային տեխնիկայի, տրանսպորտային և այլ միջոցների ներգրավման կարգի հաստատումը.
- անտառներում բարձր հրդեհավտանգավորության ժամանակաշրջանում ներգրավված ուժերից ու միջոցներից անտառահրշեջային կազմավորումների ստեղծումը (նախատեսումը) և անտառային հրդեհների առաջացման դեպքում դրանց անհապաղ դեպքի վայր ներկայանալու պատրաստականությունը.
- անտառային հրդեհների դեմ պայքարի բոլոր միջոցառումների համակարգման ապահովումը հանրապետությունում` անհրաժեշտության դեպքում այդ նպատակով հատուկ հանձնաժողովների ստեղծմամբ:
Անտառներում հրդեհային պրոֆիլակտիկ միջոցառումները ստորաբաժանվում են 3 հիմնական խմբերի`
1. Անտառային հրդեհների առաջացման կանխարգելում.
2. Անտառային հրդեհների տարածման սահմանափակում.
3. Անտառային ֆոնդի կայունությունն ապահովող կազմակերպատեխնիկական և այլ միջոցառումներ:
Անտառային հրդեհների առաջացման կանխարգելումն իրականացվում է հակահրդեհային քարոզչության, ագիտացիայի, բնակչության` անտառ հաճախելիության կարգավորման, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ հսկողության, հրդեհների առաջացման հավանականությունը նվազեցնող կազմակերպատեխնիկական և անտառագիտական միջոցառումների միջոցով:
Անտառային հրդեհների տարածման սահմանափակումն իրականացվում է հետևյալ կերպ`
- տնկարկների հրդեհադիմացկունության բարձրացումը ծառույթների կազմի կարգավորման, դրանք թափոններից ու անտառահատումների մնացորդներից մաքրելու, սանիտարական հատումների միջոցով.
- անտառների հակահրդեհային կահավորմամբ, որն իր մեջ ներառում է հակահրդեհային պատնեշների համակարգի, ճանապարհային ցանցի ու ջրամբարների ստեղծումը, ինչպես նաև անտառային ֆոնդի ծառազուրկ մասերի վերահսկելի այրումը:
Անտառային ֆոնդի կայունությունն ապահովող կազմակերպատեխնիկական և այլ միջոցառումներն իրենց մեջ ներառում են`
- անտառի հատվածամասերի ամրակցումը բնակավայրերին, կազմակերպություններին, հիմնարկ-ձեռնարկություններին.
- տեղի բնակչության նախապատրաստումը, ուսուցանումը անտառային հրդեհների կանխարգելման, հայտնաբերման, մարման աշխատանքներին.
- հակահրդեհային օբյեկտների շինարարությունը և վերանորոգումը.
- իշխանության մարմինների, վարձակալների հետ աշխատանքը, և այլն:
Ըստ իրականացման ժամանակի և օպերատիվության հրդեհային պրոֆիլակտիկ միջոցառումները ստորաբաժանվում են 2 խմբի`
- պլանային, որն իրականացվում է նախօրոք մշակված պլանի համաձայն` անկախ անտառի ընթացիկ հրդեհային վտանգավորության մակարդակից (հակահրդեհային քարոզչություն, անտառային տարածքի բարեկարգում, միներալիզացված շերտերի, հակահրդեհային ճանապարհների ու ջրամբարների սարքավորում).
- անտառի ընթացիկ հրդեհային վտանգավորության մակարդակով կանոնակարգված (հրշեջ խմբերի հերթապահություն, բնակչության անտառ հաճախելիության կարգավորում, պարեկություն և այլն):
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անտառային հրդեհների գերակշիռ մասն առաջանում է մարդկանց կողմից կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով (հանգստի կամ աշխատանքի ժամանակ) անհրաժեշտ է`
- հակահրդեհային քարոզչության լայնամասշտաբ իրականացումը բնակավայրերում` բնակչության շրջանում, հասարակական տրանսպորտում, մարդկանց զանգվածային հանգստի ու աշխատանքների կատարման վայրերում` հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նպատակով.
- անտառային ռեկրեացիայի կազմակերպումը` մարդկանց չկազմակերպված ներհոսքի կրճատման և հանգստավայրերի հրդեհային անվտանգության ապահովման նպատակով.
- անտառներում հրդեհային անվտանգության պահանջների ապահովման նկատմամբ հսկողության իրականացումը, անտառային հրդեհների առաջացման պատճառների պարզումը, անտառային հրդեհների առաջացման մեջ մեղավորների հայտնաբերումը:
Անտառներում հակահրդեհային քարոզչությունը պետք է ապահովի`
- հրդեհային անվտանգության պահանջների կատարումն անտառում.
- անտառի մասին առավել խորը գիտելիքների ձևավորումը բնակչության մոտ.
- մարդու փոխգործակցությունը անտառի հետ.
- անտառի պահպանման ուղղությամբ ակտիվ գործողությունների անհրաժեշտությունը:
Անտառներում հակահրդեհային քարոզչությունը պետք է լինի նպատակաուղղված, օպերատիվ, տարվա ժամանակահատվածին, իրադրությանը և բնակչության կատեգորիային համապատասխան, իր մեջ ներառի կոնկրետ փաստեր, իսկ տպագիր հրապարակումները պետք է լինեն արտահայտիչ, գրավիչ ու պատկերավոր: Անտառներում հակահրդեհային քարոզչությունը պետք է իրականացվի անընդհատ` ողջ տարվա ընթացքում և ուժեղանա հրդեհավտանգ ժամանակաշրջանում: Այդ աշխատանքների իրականացման համար առաջին հերթին անհրաժեշտ է օգտագործել զանգվածային լրատվամիջոցները` մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, կինո և այլն:
Առաջարկվում են հակահրդեհային քարոզչության հետևյալ ձևերը`
- անտառի հետ այս կամ այն կերպ առնչություն ունեցող կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների, անտառօգտագործողների շրջանում հակահրդեհային տարբեր թեմաներով զրույց-զեկուցումների, դասախոսությունների անցկացում, մասնավորապես` անտառի դերի ու նշանակության, կրակի հետ զգույշ վարվելու անհրաժեշտության, հրդեհային անվտանգության այլ պահանջների պահպանման վերաբերյալ: Ընդ որում, հատուկ ուշադրություն պետք է դարձնել անտառային հրդեհների առաջացման պատճառներին, դրանց վերացման ուղիներին, հրդեհների մասին ահազանգմանը, հրդեհաշիջման միջոցներին ու ձևերին: Նմանօրինակ զրույց-զեկուցումներ անհրաժեշտ է իրականացնել նաև տեղական ռադիոյով և հեռուստատեսությամբ.
- վերը նշված թեմաներով զրույցների անցկացում անտառում աշխատող մարդկանց, բնակավայրերի բնակչության, հանգստացողների, էքսկուրսանտների, հովեկների, դպրոցականների հետ.
- կինո, վիդեոֆիլմերի, կինոպլակատների ստեղծում` անտառային հրդեհների պատճառած վնասների, առաջացման պատճառների, դրանց դեմ պայքարի միջոցառումների մասին: Դրանց լայն ցուցադրման կազմակերպում կինոթատրոններում, ակումբներում, մշակույթի տներում, առողջարաններում, հանգստի տներում և դպրոցներում.
- պարբերական մամուլում վերը նշված թեմաներով մասնագետների ելույթների հրապարակում: Պլակատների, թռուցիկների և զանգվածային տպագիր քարոզչական այլ նյութերի` մասսայական տպաքանակով հրատարակում ու տարածում.
- ճանապարհների մոտ, մարդկանց հանգստի վայրերում պարբերաբար թարմացվող պլակատների, հայտարարությունների տեղակայում, որոնք նախազգուշացնում են տվյալ ժամանակաշրջանի հրդեհավտանգավորության, անտառի հանդեպ հոգատար վերաբերմունքի, կրակի հետ զգույշ վարվելու և անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին.
- տեղական ռադիոյով տեղեկությունների պարբերական հաղորդման կազմակերպում ողջ հրդեհավտանգ ժամանակաշրջանում, իսկ առավել հրդեհավտանգ ժամանակաշրջանում` նաև հասարակական տրանսպորտում, կայարաններում, ինչպես նաև բարձրախոսների օգնությամբ` տրանսպորտային միջոցներով.
- համապատասխան տեքստերով և նկարներով զանգվածային օգտագործման ապրանքների, փոստային ծրարների, բացիկների, նամականիշների պատրաստում և տարածում, որոնք կպարունակեն կոչեր անտառների պահպանման ու հրդեհների կանխարգելման մասին.
- հակահրդեհային թեմաներով հեռուստատեսային և խմբագրական հանդիպումների կազմակերպում.
- անտառտնտեսություններում, անտառներում գործունեություն իրականացնող այլ կազմակերպություններում, գյուղական ակումբներում, դպրոցներում և այլն, ինչպես նաև անտառներում բնակչության զանգվածային հանգստավայրերում ցուցադրությունների (ցուցահանդեսների) կազմակերպում և ստենդների կահավորում` անտառների հակահրդեհային պահպանության հարցերի վերաբերյալ:
Դասախոսությունների, զրույց-զեկուցումների համար կարող է առաջարկվել հետևյալ օրինակելի սխեմատիկ պլանը`
- ներածական խոսք` մարդու համար անտառի դերի ու նշանակության, անտառային հրդեհների վտանգավորության ու հետևանքների մասին.
- անտառային հրդեհների պատճառները (կապված տեղական պայմաններից, պարտադիր կոնկրետ փաստերով ու վիճակագրությամբ).
- կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով առաջացած անտառային հրդեհների պատճառած վնասների օրինակներ, դրանց դեմ պայքարի համար կատարվող ծախսերի, հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վնասակարության մասին տվյալներ.
- հրդեհային անվտանգության կանոններն անտառներում: Պաշտոնատար անձանց և քաղաքացիների պարտականությունները դրանց կատարման համար.
- ինչպես վարվել անտառում հրդեհի օջախ հայտնաբերելիս: Հրդեհաշիջման պարզագույն միջոցներն ու ձևերը.
- հրդեհը սկզբնական փուլում հանգցնելու կարևորությունը: Այնպիսի օրինակներ, երբ հրդեհաշիջումը կազմակերպվել է ուշացումով և ինչպիսի հետևանքներ է դա ունեցել.
- հակիրճ տեղեկություններ հրդեհային անվտանգության կանոնները խախտողների և հրդեհների առաջացման ու տարածման մեջ մեղավորների պատասխանատվության վերաբերյալ: Բերել 1-2 օրինակ.
- անտառտնտեսության և իշխանության տեղական մարմինների կողմից անտառների պահպանության համար ձեռնարկվող միջոցները.
- հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիների դերը անտառների պահպանության գործում: Պատմել այդ գործի ակտիվիստների մասին.
- եզրափակիչ կոչ հասարակական ու քաղաքացիական պարտքի մասին` անտառային հարստության պահպանման անհրաժեշտության առումով:
Բնակչության շրջանում հակահրդեհային քարոզչությունը, բացատրական և ուսուցողական աշխատանքները կարող են կատարվել նաև այլ ձևերով, որոնք կապահովեն դրանց մատչելիությունն ու հասանելիությունը քաղաքային ու գյուղական բնակչությանը: Ընդ որում, հատուկ ուշադրություն պետք է դարձնել անտառներին վերաբերվող նորմատիվ-իրավական ակտերի, անտառներում հրդեհային անվտանգության կանոնների, իշխանության մարմինների որոշումների ծանոթացմանն ու բացատրմանը:
Անտառային տնտեսության կառավարման պետական մարմինները պարտավոր են`
- անտառներում տարբեր տեսակի միջոցառումներ իրականացնող կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներից, վարձակալներից պահանջել, որպեսզի նրանք կատարեն իրենց աշխատակիցների հակահրդեհային հրահանգավորում` հրդեհների կանխարգելման և դրանց մարման եղանակների վերաբերյալ.
- պարբերաբար աշխատանքներ տանել հասարակության առավել լայն շերտերի ընդգրկման ուղղությամբ` անտառային հարստության պահպանության, վերականգնման, բազմացման, ինչպես նաև անտառային ուղեկալների, կետերի ու բրիգադների կազմակերպման հարցերում.
- կազմակերպել բնակչության ուսուցանումը անտառային հրդեհների կանխարգելման ու մարման միջոցներին` հրդեհաշիջման ձեռքի միջոցների և անտառտնտեսություններում առկա տեխնիկայի կիրառմամբ:
Տարեցտարի զգալիորեն ավելանում է անտառների օգտագործումը հանգստի, սպորտային միջոցառումների անցկացման, տուրիզմի, էքսկուրսիաների և այլ նպատակներով: Այդ իսկ պատճառով, անտառային հրդեհների կանխարգելման կարևոր խնդիրներից է հանդիսանում այնպիսի միջոցառումների իրականացումը, որոնք կնպաստեն անտառային ֆոնդի նախապատրաստմանը բնակչության զանգվածային հանգստի համար:
Անտառտնտեսությունները պետք է մշտական հսկողություն ապահովեն անտառներում հրդեհային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: Դրա համար անհրաժեշտ է կազմակերպել մշտական հսկողություն անտառում կատարվող աշխատանքների նկատմամբ, ինչպես նաև պարեկություն այն տեղամասերում, որտեղ առավել մեծ է բնակչության ներհոսքը: Պարեկությունը պետք է կատարվի վաղօրոք մշակված պլանի համաձայն` հաշվի առնելով տվյալ ժամանակաշրջանի ու տեղամասի հրդեհավտանգավորությունը, մարդկանց ներհոսքը: Պարեկները պետք է ապահովված լինեն համապատասխան տրանսպորտով (մոտոցիկլ, մոպեդ, ավտոմեքենա, հեծանիվ, նավակ, ձի և այլն), ուսապարկային կրակմարիչներով, հակահրդեհային գույքով և ռադիոկապի միջոցներով:
Հրդեհավտանգ ժամանակահատվածներում անտառային հրդեհների կանխարգելման համար արգելվում է`
- վառել խարույկներ: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով այն 0,5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով.
- նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ.
- որսի համար օգտագործել դյուրավառ և մարմրող նյութերից փամփուշտի խիցեր.
- ավտոմեքենաները լիցքավորել վառելիքով` աշխատող շարժիչների դեպքում.
- շահագործել անսարք սնուցման համակարգով մեքենաներ.
- ծխել և օգտվել բաց կրակից վառելիքով լիցքավորված մեքենաների շրջակայքում.
- կատարել չոր խոտի, խոզանի այրում (բացի վերահսկելի այրումներից, որոնք իրականացվում են սահմանված կարգով, որոշակի ժամանակահատվածներում` տեղական իշխանությունների թույլտվությամբ).
- արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ.
- թողնել (թափել) քսայուղով, բենզինով, կերոսինով և այլ դյուրավառ հեղուկներով ներծծված լաթեր (բացի հատուկ հատկացված տեղերից) և այլն:
Կարևոր է իմանալ նաև անտառային հրդեհների ժամանակ կատարվելիք ճիշտ գործողությունները: Մասնավորապես, եթե հայտնաբերվել է հրդեհի փոքր օջախ, պետք է փորձել հանգցնել այն: Դրա համար անհրաժեշտ է օգտագործել սաղարթավոր ծառերի տեսակների կամ մատղաշ ծառերի ճյուղերի կապուկ, թաց հագուստ, ամուր կտոր: Կրակի եզրաշերտին կողքից` հրդեհի օջախի կողմը սահող հարվածներ հասցնել, ասես ավլելով, սրբելով կրակը: Ճյուղերը, կտորը յուրաքանչյուր հարվածից հետո շրջել, որպեսզի դրանք այդ ձևով սառչեն ու չայրվեն: Ոչ մեծ կրակը կարելի է տրորել ոտքերով, չթողնելով որ այն տարածվի ծառերի բներն ու սաղարթները: Մարելով փոքր հրդեհը կարելի է հեռանալ` միայն համոզվելով, որ կրակը նորից չի բորբոքվի:
Անտառային կամ տորֆային հրդեհի գոտում հայտնվելիս անհրաժեշտ է որոշել քամու ու կրակի տարածման ուղիները, շարժվել կրակի տարածմանը զուգահեռ, դեպի անվտանգ տեղ (գետ, առվակ, այլ ջրամբար): Եթե հնարավոր չէ դուրս գալ հրդեհի գոտուց, պետք է փորձել մտնել մոտակա ջրամբարը, ծածկվել թաց հագուստով, բերանն ու քիթը պաշտպանել թաց դիմակով: Տորֆային հրդեհի դեպքում անհրաժեշտ է շարժվել քամուն հակառակ, ուշադիր զննելով ճանապարհը փայտաձողի օգնությամբ: Դուրս գալով անվտանգ տեղ հրդեհի տեղի ու ժամանակի, ինչպես նաև դրա հնարավոր պատճառների մասին պետք է հայտնել անտառտնտեսությանը կամ հրշեջ պահպանությանը:

Առավել հրդեհավտանգ ժամանակահատվածներում խորհուրդ է տրվում ճանապարհներին (անտառի մուտքի մոտ) ստեղծել հսկիչ կետեր` վարորդներին ու բնակիչներին հրդեհային անվտանգության կանոնների պահպանման մասին նախազգուշացնելու նպատակով: Հրդեհային անվտանգության կանոնների խախտումներ հայտնաբերելու դեպքում անտառտնտեսության աշխատակիցները պետք է միջոցներ ձեռնարկեն խախտումները դադարեցնելու (վերացնելու) և օրենքով սահմանված կարգով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
Մասնավորապես, անտառներում հրդեհային անվտանգության կանոնների խախտման համար տույժեր են սահմանված <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, այն է`
Հոդված 79. Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը:
Հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մատղաշը և մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը, ինչպես նաև անտառներում ծառերի ու թփերի պահպանման և հատման կանոնները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:
Հոդված 791. Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը:
Անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտելը, որի հետևանքով անտառը հրդեհվել է, կամ հրդեհը տարածվել է զգալի մակերեսի վրա` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրապատիկի չափով:
Անտառային հրդեհների տարածումը կանխարգելվում և սահմանափակվում է անտառների հրդեհադիմացկունության բարձրացման միջոցառումների շնորհիվ, այն է`
- անտառակազմի կարգավորումը.
- անտառի սանիտարական հատումներն ու թափոններից մաքրումը.
- անտառային ֆոնդի տարածքում հակահրդեհային պատնեշների համակարգի ստեղծումը, որը սահմանափակում է հնարավոր հրդեհների տարածումը.
- ճանապարհների ու ջրամբարների ցանցի կազմավորումը, ինչը թույլ կտա ավելի արագ ապահովել հրդեհի մեկուսացումը:
Հակահրդեհային պատնեշների համակարգի ստեղծումը նպատակ ունի հրդեհավտանգ անտառային զանգվածները բաժանել իրարից մեկուսացված տարբեր մեծության բլոկների: Որպես հակահրդեհային պատնեշներ առաջին հերթին պետք է օգտագործվեն անտառային ֆոնդի բնական պատնեշները (լճեր, գետեր, հրդեհադիմացկուն ծառատեսակների շերտեր), ինչպես նաև արհեստական պատնեշները (երկաթգիծ, ավտոմոբիլային ճանապարհներ, էլեկտրահաղորդագծեր, խողովակաշարեր և այլն):
Հակահրդեհային պատնեշները արգելք են հանդիսանում գետնատարած և վերնատարած հրդեհների տարածմանը, ինչպես նաև ծառայում են որպես հենարանային գծեր (հենակետեր) առկա հրդեհների մեկուսացման աշխատանքների ժամանակ: Հակահրդեհային պատնեշները պետք է պարբերաբար մաքրվեն տարբեր տեսակի թափոններից, մնացորդներից, իսկ հակահրդեհային պատնեշների սահմաններում գտնվող միներալիզացված շերտերը ամեն տարի թարմացվեն (նորացվեն):
Փշատերև անտառներում գտնվող բնակավայրերի շրջակայքում անհրաժեշտ է ստեղծել 150 մետրից ոչ պակաս լայնությամբ, հրդեհադիմացկուն ծառատեսակներից կազմված անվտանգության շերտեր, որոնց սահմանագծով (և արտաքին, և ներսի կողմերից) պետք է լինեն 2,5 մետրից ոչ պակաս լայնությամբ միներալիզացված շերտեր:
Ըստ նշանակության կառուցվում են անտառտնտեսական և հակահրդեհային ճանապարհներ այնպես, որ դրանք ծառայեն նաև որպես հնարավոր գետնատարած հրդեհների տարածման պատնեշ, ինչպես նաև առկա հրդեհների մեկուսացման հենակետ:
Անտառային հրդեհների դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է օգտագործել ոչ միայն բնական ջրամբարները (լճեր, գետեր և այլն), այլ նաև կառուցել արհեստական ջրամբարներ: Դրանք պետք է ապահովված լինեն նորմալ մոտեցման ճանապարհներով, ջուր վերցնելու համար նախատեսված հարթակներով: Ամենահրդեհավտանգ ժամանակաշրջանում հակահրդեհային ջրամբարի ջրի արդյունավետ պաշարը պետք է լինի 100 խորանարդ մետրից ոչ պակաս:
Անտառներում իրականացվող կազմակերպատեխնիկական միջոցառումները նախատեսում են`
- հրդեհային պրոֆիլակտիկայի, հակահրդեհային կահավորման և կազմակերպությունների, հիմնարկ-ձեռնարկությունների նախապատրաստման միջոցառումների մշակումն ու իշխանության մարմինների հաստատմանը ներկայացնելը.
- անտառային հրդեհների դեմ պայքարի օպերատիվ պլանների մշակումը և իշխանության մարմինների հաստատմանը ներկայացնելը.
- հրդեհավտանգ ժամանակաշրջանից առաջ սեմինարների, խորհրդակցությունների անցկացումը շահագրգիռ կազմակերպությունների հետ.
- անտառների պահպանությունն իրականացնող աշխատակիցների ուսուցանումը անտառային հրդեհների մարման ձևերին ու մեթոդներին, հրդեհային անվտանգության կանոնների պահանջներին.
- ուղղաթիռների համար ժամանակավոր վայրէջքային հրապարակների ստեղծումը, ինչպես նաև եղած բնական հրապարակների հաշվառումը.
- հրշեջ գույքի տեղակայման կետերի կահավորումը: Դրանք ստեղծվում են այն վայրերում, որտեղ կան պահուստային հրշեջ կազմավորումներ կամ հնարավոր է բնակչության ներգրավումը հրդեհաշիջման աշխատանքներում.
- առաջարկությունների ներկայացումը իշխանության մարմիններին հրդեհային անվտանգության կանոններով չնախատեսված լրացուցիչ հակահրդեհային պահանջների վերաբերյալ` ելնելով տեղական պայմաններից և առկա հրդեհային իրավիճակից.
- իշխանության մարմինների հետ վերահսկելի այրումների թույլտվությունների համաձայնեցումը, որի նպատակն անտառային հրդեհների առաջացման ու տարածման կանխարգելումն է.
- անտառային հրդեհների դեմ պայքարում ներգրավված ուժերի ու միջոցների պատրաստվածության ստուգատեսների կազմակերպումը:
Անտառները հանդիսանում են որպես ջրային հոսքերի կարգավորման ու մաքրման գլխավոր մեխանիզմ, հողաշերտի պահպանման, բերրիության բարձրացման և էռոզիայի կանխարգելման արդյունավետ բնական միջոց, գենետիկական բազմազանության առավել ընդգրկուն ռեզերվուար, մթնոլորտը թթվածնով հարստացնելու և օդային ավազանը աղտոտումներից մաքրելու ամենահզոր միջոց, կլիմայի ձևավորման գլոբալ գործոն: Այդ իսկ պատճառով, հրդեհներից անտառների պահպանության խնդիրը դուրս է գալիս մեկ երկրի շրջանակներից և ձեռք է բերում միջազգային նշանակություն:
Նախորդ դարի 90-ական թվականներին, երբ հայտնի պատճառներով մեր հանրապետությունը հայտնվեց վառելիքաէներգետիկ ճգնաժամի մեջ, սկսեցին անտառային զանգվածների անխնա հատումներ, որոնք կազմեցին հազարավոր հեկտարներ: Ուստի անտառի` բնության այդ բացառիկ պարգևի, խնամքի և պահպանության գործը պետք է դառնա յուրաքանչյուրիս հոգածության առարկան:
Սակայն, որքան էլ ցավալի է, դեռևս մեր շրջապատում քիչ չեն մարդիկ, որոնք իրենց անփութությամբ վնաս են պատճառում անտառին: Ամեն տարի ամռանը, հատկապես երաշտի պայմաններում, տարերային գործոնների և բնակչության անզգուշության հետևանքով անտառներում տեղ-տեղ բռնկվում են հրդեհներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում տնտեսությանը, մարդկանց կյանքին ու անվտանգությանը:
Հրշեջներն, իհարկե, հարկ եղած դեպքում պատրաստ են կատարել իրենց վրա դրված ծառայողական պարտականությունները, սակայն պետք է հասկանալ, որ ֆիզիկապես անհնար է անտառն ամբողջությամբ և մշտապես պահել ուշադրության կենտրոնում: Ոչ մի վերահսկողություն և տեխնիկա ցանկալի արդյունք չի տա, եթե հենց իրենք` քաղաքացիները, ըմբռնումով չվերաբերվեն մեր ընդհանուր հարստության պահպանման գործին:
Անհրաժեշտ է բարձրացնել մարդկանց կարգապահությունը հրդեհային անվտանգության հարցերում, յուրաքանչյուրի գիտակցությանը հասցնել այն պարզ ճշմարտությունը, որ հրդեհների դեմ պայքարը սոսկ հրշեջների գործը չէ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ` ծանր հետևանքներից:
Բոլորիս պարտքն է աչքի լույսի պես պահպանել մեր կանաչ բարեկամին` անտառը, նրան զերծ պահել ամենավտանգավոր թշնամուց` կրակից: Չէ՞ որ անտառը համաժողովրդական սեփականություն է, ամենքիս հարստությունը:


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին