ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Անվտանգության դպրոց, կամ ինչպես գործել էքստրեմալ իրավիճակներում

09:43 / 25.05.2015

Իրադրություն. Մարդ է այրվում:

Առավել հաճախ դա տեղի է ունենում խոհանոցում՝ կրակի հետ անզգույշ վարվելու հետևանքով և ավտովթարների ժամանակ, բայց կարող է տեղի ունենալ ցանկացած այլ ամենաանսպասելի իրավիճակներում: Հիշեք, որ չի կարելի խոհանոցում գտնվել սինթետիկ նյութերից (նեյլոն, կապրոն և այլն) պատրաստված հագուստով:
Ձեր գործողությունները.
• Երբ այրվում է մարդու վրայի հագուստը, պետք է հնարավորինս արագ հանգցնել կրակը: Սակայն դա անելը շատ դժվար է, քանի որ ցավից մարդը կորցնում է ինքնատիրապետումը և սկսում է վազել այս ու այն կողմ՝ ավելի բորբոքելով կրակը.
• Առաջին հերթին ցանկացած միջոցով անհրաժեշտ է կանգնեցնել այրվող մարդուն: Որոշ մարդկանց վրա ազդում է ,,կանգնի՛ր,, բղավոցը, մյուսներին՝ ձեռքից կտրուկ քաշելը, ոմանց էլ հարկ է լինում տապալել գետնին.
• Բռնկված հագուստը հանեք կամ հանգցրեք ջրով (ձմռանը նաև ձյունով): Ջրի բացակայության դեպքում տուժողի վրա գցեք ցանկացած հագուստ կամ խիտ կտոր՝ չփակելով նրա գլուխը, որպեսզի նա չստանա շնչուղիների այրվածք և չթունավորվի այրման արգասիքներով:
• Սակայն հաշվի առեք, որ բարձր ջերմաստիճանն ազդում է մաշկի վրա այնքան խորը, որքան ավելի երկար ժամանակ ու կիպ է կպած մնում մարդու վրայի մարմրող հագուստը: Եթե ձեռքի տակ ոչ մի հարմար բան չկա, ապա այրվող մարդուն գլորեք գետնի վրայով, որպեսզի մարեք կրակը.
• Հանգցնելով կրակը տուժածին դուրս բերեք մաքուր օդ, պատռեք մարմրող հագուստը և հանեք այն՝ հնարավորինս չվնասելով մարմնի այրված մակերևույթը.
• Ախտահարված մասերի վրա բինտից կամ մաքուր կտորից վիրակապ դրեք: Մեծածավալ այրվածքների դեպքում տուժողին փաթաթեք մաքուր սավանով, անհապաղ ,,շտապ օգնություն,, կանչեք կամ պատգարակով տեղափոխեք մոտակա բուժհաստատություն.
• Եթե տուժողը չի փսխում, խմեցրեք մեծ քանակությամբ հեղուկ: Ցավը թուլացնելու համար նրան տվեք ասպիրինի, անալգինի կամ բարալգինի դեղահաբ.
Հարկավոր է միշտ հիշել, որ տուժածի հետագա առողջական վիճակը (նույնիսկ՝ կյանքը) մեծապես կախված է ժամանակին ցուցաբերած առաջին (նախաբժշկական) օգնությունից ու դրա որակից: Առաջին օգնությունը հանդիսանում է վնասվածքների բուժման սկիզբ, քանի որ կանխարգելում է հետագա այնպիսի բարդացումներ, ինչպիսիք են շոկը, արնահոսությունը, ինֆեկցիայի զարգացումը, ինչպես նաև արյունատար անոթների, ներվային ու ոսկրային համակարգերի վնասվածքները: Առաջին օգնությունը շատ կարևոր է, սակայն երբեք չի փոխարինի որակյալ (մասնագիտացված) բժշկական օգնությանը: Մի փորձեք բուժել տուժածին՝ դա բժիշկների գործն է:
Շատ վտանգավոր են թերմիկ այրվածքները, որոնք կարող են առաջանալ կրակի արձակած ճառագայթային հոսքերից, բոցից, եռացող ջրից, գոլորշուց, տաքացած օդից, էլեկտրական հոսանքից: Կախված այրվածքների խորությունից՝ դրանք ստորաբաժանվում են 4 աստիճանի՝
- I աստիճանի այրվածքները բնութագրվում են մաշկի հիպերեմիայով, այտուցով և ուղեկցվում են այրող ցավով.
- II աստիճան՝ առաջանում են դեղնավուն գույնի թափանցիկ հեղուկով լցված պարկեր (բշտիկներ).
- IIIա աստիճան՝ նեկրոզը տարածվում է վերնամաշկի վրա.
- IIIբ աստիճան՝ մաշկի բոլոր շերտերի նեկրոզ.
- IV աստիճան՝ ոչ միայն մաշկի, այլ նաև խորքային հյուսվածքների մեռուկացում (մահացում):
Չնայած այրվածքների բուժման բնագավառում բժշկության մեծ ձեռքբերումներին, մարմնի 30%-ի երկրորդ աստիճանի այրվածքներ ստացած մարդը, օրինակ, շատ քիչ հնարավորություն ունի կենդանի մնալու: Իսկ երկրորդ աստիճանի այրվածքներ ստանալու ժամանակը մեծ չէ: Այն կազմում է 26 վրկ` շրջակա միջավայրի 710C-ի, 15 վրկ` 1000C-ի և 7 վրկ` 1760C-ի դեպքում:
Հիշե՛ք. Առաջին աստիճանի այրվածքների դեպքում (երբ մաշկը միայն կարմրած է) ցավի նվազեցման և հյուսվածքների այտուցի կանխարգելման համար մոտավորապես 10 րոպե օգտագործեք սառը ջուր, սառույց, ձյուն: Այնուհետև ախտահարված հատվածին քսեք օղի կամ օդեկոլոն, սակայն վիրակապ մի դրեք, օրը մի քանի անգամ մշակեք հակաայրվածքային աերոզոլներով կամ բարակ շերտով քսեք սինտոմիցինի քսուք:
Երկրորդ աստիճանի այրվածքների դեպքում (երբ առաջացել են բշտիկներ (պարկեր) և դրանցից մի քանիսն էլ արդեն պայթել են) ախտահարված հատվածը պետք չէ մշակել օղիով կամ օդեկոլոնով, քանի որ դա կառաջացնի ուժեղ ցավ և մրմռոց: Ախտահարված մասերի վրա բինտից կամ արդուկված կտորից մանրէազերծված (ստերիլ) վիրակապ դրեք:
Այրված մաշկին չի կարելի քսել ձեթ, յուղ, ճարպ, պերմանգանատ և այլն, քանի որ դա չի թեթևացնում տուժողի վիճակը, այլ միայն դժվարացնում է բժշկի գործը՝ հյուսվածքների ախտահարման աստիճանը որոշելիս: Լավ օգնում է հին և փորձված ժողովրդական միջոցը՝ մեզի թրջոցը:

Իրադրություն. Բռնկել է ամանորյա տոնածառը:

Ամանորյա տոները ուրախ, բարձր տրամադրությամբ և առանց պատահարների անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խստագույնս պահպանվեն ամանորի խորհրդանիշը հանդիսացող տոնածառի հրդեհային անվտանգության կանոնները: Մասնավորապես.
• Տոնածառը տեղադրեք ամուր հիմքի վրա այնպես, որ ճյուղերը չդիպչեն պատերին, առաստաղին և գտնվեն էլեկտրասարքերից ու կենցաղային վառարաններից անվտանգ հեռավորության վրա.
• Տոնածառը թույլատրվում է տեղադրել 1-ին (ծայրահեղ դեպքում` 2-րդ) հարկում, ընդարձակ սենյակում, որն ունենա մեկից ավելի տարհանման ելք.
• Չի թույլատրվում տոնածառը տեղադրել անցումների վրա, միջանցքներում, դռան առջև.
• Տոնածառի բունը դրեք թաց ավազով լցված դույլի (տարայի) մեջ և չորանալուն զուգընթաց՝ թրջեք ավազը.
• Եթե եղևնին չորացել է՝ դեն նետեք, քանի որ այն կարող է բռնկել ինչպես ջահը.
• Լուսավորության համար պետք է օգտագործել 12 վտ-ից ոչ ավելի հզորության էլեկտրալամպեր, իսկ դրանց ու լարերի միացման տեղերն անպայման զոդել և հուսալիորեն մեկուսացնել.
• Տոնածառի վրա կամ դրա անմիջական հարևանությամբ մի վառեք մոմեր, բենգալյան կրակներ, ճայթռուկներ, ինչպես նաև ինքնաշեն էլեկտրական զարդաշարաններ.
• Ամանորյա հանդիսությունների համար նախատեսված տեղերում անհրաժեշտ է մշտապես ունենալ հրդեհաշիջման սկզբնական միջոցներ` կրակմարիչ, ջուր, ավազ, ծածկոց և այլն, ինչպես նաև էլեկտրական լապտեր.
• Տոնածառների հսկողությունը պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:
Հիշե՛ք. Հատկապես վտանգավոր են արծաթափայլ, ոսկեգույն զանազան ,,անձրևները,, (նույնիսկ՝ գործարանային արտադրության), որոնք պատրաստված են ալյումինե նրբաթիթեղից: Դրանք կարող են միակցել էլեկտրական զարդաշարանները, եթե լամպի կոթառը դուրս է ընկել բնիկից:
Մի՛ մոռացեք. Չի կարելի երեխաներին թողնել տոնածառների մոտ առանց հսկողության, դա կարող է դժբախտ պատահարների պատճառ դառնալ:
Ձեր գործողությունները.
• Երբ այրվում է էլեկտրական զարդաշարանը՝ անմիջապես անջատեք այն էլեկտրական շղթայից կամ հոսանքազրկեք տեղամասը ընդհանուր էլեկտրական վահանակի անջատիչներով.
• Ահազանգեք հրշեջներին և երեխաներին դուրս բերեք սենյակից.
• Տոնածառը շրջեք հատակի վրա, որպեսզի կրակը չտարածվի վերև (կարող են բռնկվել պաստառներն ու վարագույրները), ծածկեք ծածկոցով, կրակի վրա ավազ ցանեք կամ ջուր լցրեք (եթե դա բնական եղևնի է).
• Սինթետիկ (արհեստական) տոնածառը շատ արագ է այրվում, ընդ որում այն հալվում ու հոսում է՝ այրման ժամանակ արտազատելով թունավոր նյութեր (ածխածնի օքսիդ, սինիլաթթու, ֆոսգեն): Այրվող պոլիմերները ջրով հանգցնելը վտանգավոր է, քանի որ հնարավոր է կայծերի ու հալված զանգվածի ցրում (ցրվածք): Անպաշտպան ձեռքերով մի դիպչեք այրվող տոնածառին, վրան գցեք խիտ գործվածքից ծածկոց և ավազ լցրեք.
• Մի՛ բացեք դռներն ու պատուհանները, քանի որ միջանցիկ քամին էլ ավելի կբորբոքի կրակը.
• Եթե հրդեհը մարելն անհնար է, ապա պինդ փակեք այրվող սենյակի դուռը և դրսի կողմից ջուր ցանեք վրան.
• Զանգվածային միջոցառումների ժամանակ, երբ առկա է երեխաների մեծ կուտակում, տարհանման ժամանակ հրմշտոցի հետևանքով հնարավոր ծանր հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է նախատեսել խուճապը կանխելու գործողությունների ծրագիր: Այդ իսկ պատճառով նմանօրինակ միջոցառումների ժամանակ տոնածառների հսկողությունը պարտադիր պետք է իրականացնեն նախօրոք հրահանգավորում անցած անձինք:

Իրադրություն. Այրվում է ավտոմեքենան:

Հիմնական պատճառները.
• Ուղևորասրահում անզգույշ ծխելը՝ հատկապես ընթացքի ժամանակ.
• Էլեկտրական համակարգում առաջացած կարճ միացումը.
• Վառելանյութի (յուղի) հոսակորուստը և տաքացած շարժիչի վրա լցվելը.
• Կրակի հետ անզգույշ վարվելը էլեկտրագազաեռակցման աշխատանքների ժամանակ.
• Բեռնախցիկում պլաստիկե տարայով բենզին պահելը, ինչը հանգեցնում է ստատիկ էլեկտրականության կուտակման, կայծարձակման ու պայթյունի.
• Վթարի արդյունքում ավտոմեքենայի շրջվելը կամ ուժեղ ձևախախտվելը (դեֆորմացվելը):
Եղե՛ք ուշադիր. Բենզինի կամ այրված ռեզինի հոտը, շարժիչի ծածկոցի տակից դուրս եկող ծուխը հրդեհին նախորդող գործոններ են:
Ձեր գործողությունները.
• Անհապաղ ահազանգեք հրշեջներին կամ խնդրեք դա անել անցորդներին և անցնող մեքենաների վարորդներին: Նրանց հետ միասին փորձեք հանգցնել կրակը.
• Ավտոմեքենայի տակ թափված այրվող վառելանյութը հանգցնելու համար օգտագործեք կրակմարիչ՝ փրփուրն ու փոշին տալով կրակի օջախի կողքից դեպի կենտրոն ուղղությամբ.

• Շարժիչի ծածկոցի տակի հրդեհը հանգցնելիս աստիճանաբար և զգուշությամբ բացեք այն, ցանկալի է կողքից՝ փայտի կամ երկաթե ձողի օգնությամբ, քանի որ հնարավոր է բոցի դուրս նետում.
• Կրակմարիչն ուղղեք դեպի առավել ինտենսիվ այրման օջախ կամ կրակը ծածկեք բրեզենտով, ավազ, հող, ձյուն ցանեք, ջուր լցրեք.
• Հրդեհաշիջում մի կատարեք, եթե ձեր հագուստը յուղոտված է կամ ձեռքերին բենզին է քսվել՝ դա խիստ վտանգավոր է.
• Եթե հնարավոր չէ արագ մարել կրակը՝ մեքենայից հեռացեք անվտանգ հեռավորության վրա, քանի որ կարող է պայթել վառելիքի բաքը.
• Ոչ մի դեպքում մի՛ նստեք այրվող մեքենան և մի՛ փորձեք գործարկել այն: Վտանգավոր գոտու շառավղում (ոչ պակաս, քան 10 մետր) մարդիկ չպետք է գտնվեն.
• Ջուր ցանեք հարակից կանգնած մեքենաների վրա, որպեսզի կրակը չտարածվի դրանց վրա: Վարորդների կամ անցորդների օգնությամբ (ձեռքով կամ քարշակով) դրանք հեռացրեք անվտանգ հեռավորության վրա.
• Եթե այրվող ավտոմեքենայում մարդ կա և մեքենայի դռները լռվել են, ապա կոտրեք դրանք կամ ապակիները (երկաթե ձողով, քարով և այլն): Տուժածին դուրս բերեք, կանչեք ,,շտապ օգնություն,, և ցուցաբերեք առաջին բուժօգնություն կամ առաջին իսկ կանգնեցրած մեքենայով ուղարկեք բուժհաստատություն՝ նախապես գրանցելով (կամ հիշելով) դրա պետհամարանիշը:

Իրադրություն. Հրդեհ ավտոտնակում:

Հիմնական պատճառները.
• Կրակի հետ անզգույշ վարվելը.
• Անզգույշ ծխելը.
• Ավտոտնակի անմիջական հարևանությամբ աղբի ոչնչացման համար խարույկներ վառելը.
• Վառելիքաքսուքային նյութերի սխալ պահումն ու օգտագործումը.
• Ավտոտնակի կամ այնտեղ գտնվող ավտոմեքենայի էլեկտրական համակարգի անսարքությունը.
• Էլեկտրագազաեռակցման սարքավորումների սխալ շահագործումը.
• Ջրի կամ վառելանյութի լցվելը էլեկտրական հաղորդալարերի վրա՝ ինչը հանգեցնում է կարճ միացման կամ շարժիչի գերտաքացման.
• Դիտավորյալ հրկիզումը.
Ձեր գործողությունները.
• Անհապաղ ահազանգեք հրշեջներին և օգնության կանչեք հարևաններին: Նրանց հետ միասին փորձեք ավտոմեքենան դուրս հանել ավտոտնակից: Եթե ավտոտնակում ուրիշ մարդիկ էլ կան՝ օգնեք նրանց դուրս գալ.
• Թույլ մի տվեք կրակի տարածումը դեպի հարակից ավտոտնակներ, ինչպես նաև վառելանյութով լցված տարաներ, գազի բալոններ, քանի որ դրանք կարող են պայթել.
• Հրդեհաշիջման համար օգտագործեք կրակմարիչներ, ավազ, ձյուն, ջուր և ձեռքի տակ եղած այլ միջոցներ.
• Եթե կան տուժածներ՝ ցույց տվեք առաջին օգնություն, կանչեք ,,շտապ օգնություն,, և տեղեկացրեք ոստիկանությանը:


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին