ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Անվտանգության դպրոց, կամ ինչպես գործել էքստրեմալ իրավիճակներում

09:30 / 25.05.2015

Իրադրություն. Հրդեհ շենքի մուտքում:

Չի՛ կարելի.
• Գերագնահատել սեփական ուժերն ու հնարավորությունները.
• Ինքնուրույն պայքարել հրդեհի դեմ՝ առանց հրշեջներին նախօրոք ահազանգելու.
• Գույքը փրկելու համար կյանքը վտանգի ենթարկել.
• Փորձել դուրս գալ դեպի ծխապատված երկար միջանցք կամ սանդղաբազուկներ (ծուխը շատ թունավոր է, իսկ գերտաքացած օդը (գազերը) կարող է այրել թոքերը).
• Իջնել տանիքի ջրահոսային խողովակներով կամ պատուհաններից՝ սավանների ու պարանների օգնությամբ (ընկնելը համարյա միշտ անխուսափելի է).
• Դուրս թռչել պատուհաններից (սկսած 4-րդ հարկից, ամեն երկրորդ թռիչքը մահացու ելք է ունենում).
• Տարհանման ելքերը, դռները, պատշգամբների ելանցքերը, ինչպես նաև դեպի հարակից հատվածամասեր և հրշեջ սանդուղքներ տանող անցումները ծանրաբեռնել զանազան կահույքով, տնային այլ գույքով.
• Լարվածության տակ գտնվող էլեկտրասարքավորումների մարումը ջրով.
• Թաքնվել պահարաններում, պահեստանոցներում, անկյուններում և այլն.
• Մոռանալ, որ ձեր առաջին թշնամին ոչ թե կրակն է, այլ ծուխը, որը կուրացնում ու խեղդում է.
• Մատնվել խուճապի:
Ձեր գործողությունները.
• Անհապաղ զանգահարեք 1-01, տեղյակ պահեք հարևաններին ու նրանց հետ միասին դուրս եկեք աստիճանահարթակ՝ նախապես վերցնելով դույլերով ջուր, խիտ գործվածք, կրակմարիչներ.
• Եթե հնարավոր է՝ պարզեք այրման տեղը (բնակարան, վերելակ, աղբախցիկ և այլն) և թե ինչ է այրվում (էլեկտրական հաղորդագծեր, աղբ, թուղթ, դյուրավառ հեղուկներ և այլն).
• Կիպ փակեք դռները՝ ծխի տարածումը դեպի բնակարաններ կանխելու նպատակով:
Հիշե՛ք, որ կրակն ու ծուխը աստիճանավանդակով տարածվում են միայն ներքևից դեպի վերև.
• Փորձեք հարևանների հետ տեղայնացնել հրդեհի օջախը՝ օգտագործելով ներքին հրշեջ ջրածորակները կամ ձեռքի տակ եղած միջոցները, սակայն չմոռանալով մարդկանց անվտանգության մասին.
• Եթե հրդեհը հնարավոր չէ հանգցնել, ապա առանց խուճապ առաջացնելու շենքից դուրս բերեք մարդկանց, առաջին հերթին՝ երեխաներին ու ծերերին: Դրա համար օգտագործեք սանդղաբազուկները կամ պատշգամբների հրշեջ սանդուղքները.
• Անցնելով ծխապատված տեղամասերով փորձեք պահել շնչառությունը կամ քիթն ու բերանը ծածկել թաց սրբիչով, թաշկինակով.
Հիշե՛ք. Մարդկանց տարհանման համար վերելակների օգտագործումը խիստ վտանգավոր է:
• Եթե հնարավոր չէ շենքից դուրս գալ աստիճանավանդակով (թանձր ծխի ու ուժեղ կրակի պատճառով), ապա մնացեք բնակարանում: Պինդ փակված ու լավ քփեցված դուռը որոշ ժամանակ ձեզ կպաշտպանի բարձր ջերմաստիճանից ու ծխից.
• Այրման արգասիքներից չթունավորվելու համար կիպ փակեք դռների ճեղքերն ու օդափոխման բացվածքները թաց ծածկոցներով, սրբիչներով և այլն.
• Եթե ծուխն արդեն լցվել է բնակարան՝ մնացեք հատակին մոտ, քանի որ այնտեղ մաքուր օդն ավելի շատ է.
• Երբ ժամանեն հրշեջները՝ գրավեք նրանց ուշադրությունը: Բացեք պատուհաններն ու օգնություն կանչեք.
• Հրդեհից կարելի է պաշտպանվել նաև պատշգամբում (պատշգամբի դուռը պինդ փակելով) կամ լոգարանում՝ ներսից պարբերաբար դռան վրա ջուր լցնելով:
Հիշե՛ք. Ծխապատված սենյակում ոչ մի դեպքում մի օգտվեք սովորական հակագազից, քանի որ այն չի պաշտպանում ծխից:

Իրադրություն. Հրդեհ վերելակում:

Հիմնական պատճառները.
• Վերելակախցիկի հատակին կամ վերելակային հորան նետված լուցկու, չմարված ծխախոտի մնացորդները.
• Էլեկտրական հաղորդալարերի կարճ միացումը.
• Երեխաների խաղալը կրակի հետ:
Ձեր գործողությունները.
• Բռնկման առաջին իսկ հատկանիշների հայտնաբերման դեպքում անմիջապես հայտնեք վերելակի շահագործման համար պատասխանատու հերթապահին՝ սեղմելով խցիկում գտնվող ,,Կանչ,, կոճակը.
• Եթե վերելակը շարժման մեջ է՝ ինքներդ մի կանգնեցրեք այն, այլ սպասեք կանգառի.
• Դուրս գալով խցիկից, ձեռքի տակ եղած առարկայով բլոկավորեք դռները, որպեսզի ոչ ոք չկարողանա կանչել վերելակը և հայտնվել ծուղակում.
• Խնդրեք հարևաններին ահազանգել հրշեջներին և օգնել ձեզ մարելու այրման օջախը (եթե դա հնարավոր է).
• Կրակը մարելիս մի մտեք վերելակախցիկ, քանի որ այն կարող է ինքնակամայականորեն շարժվել՝ այրվող հաղորդալարերի կարճ միացման հետևանքով.
• Վերելակախցիկը գտնվում է լարման տակ, այդ իսկ պատճառով այրման օջախը մարելու համար ջրի օգտագործումը վտանգավոր է: Այդ նպատակով պետք է օգտագործել չոր, խիտ գործվածք, ածխաթթվային կամ փոշե կրակմարիչ (մինչև օգտագործելը կարդացեք կրակմարիչի վրայի հրահանգը), չոր ավազ.
• Եթե հաղորդալարերի կարճ միացման հետևանքով վերելակը կանգ է առել հարկերի արանքում, իսկ բռնկման օջախը գտնվում է վերելակախցիկից դուրս և այն հանգցնելն անհնար է, ապա աղաղակեք, հարվածեք խցիկի պատերին, օգնություն կանչեք.
• Փորձեք հովանոցով, բանալիներով կամ այլ առարկաներով բացել վերելակի դռները և դուրս գալ՝ օգնության կանչելով հարևաններին.
• Վերելակից ինքնուրույն դուրս գալու անհնարինության դեպքում, մինչև օգնության տեղ հասնելը, փակեք քիթն ու բերանը թաշկինակով, հագուստի թևքով՝ նախօրոք դրանք թրջելով ջրով, կաթով, նույնիսկ մեզով.
• Խուճապի չմատնվեք, պահպանեք հանգստություն և մի կորցրեք ինքնատիրապետումը:

Իրադրություն. Հրդեհ ձեղնահարկում, պահեստանոցում, նկուղում:

Հիմնական պատճառները.
• Երեխաների խաղալը կրակի հետ.
• Անզգույշ ծխելը.
• Էլեկտրական հաղորդալարերի թրջվելուց (տանիքների կաթալու կամ նկուղների ջրալցման հետևանքով) առաջացող կարճ միացումը.
• Բնակիչների կողմից ձեղնահարկերի, պահեստանոցների, նկուղների ուսումնասիրման (դիտարկման) համար բաց կրակի (լուցկի, մոմ, ջահ և այլն) օգտագործումը.
• Դյուրավառ հեղուկների, աերոզոլային փաթեթների սխալ պահպանումն ու դրանց հետ անզգույշ վարվելը.
• Ձեղնահարկերի, պահեստանոցների, նկուղների ծանրաբեռնումը զանազան անպետք իրերով, առարկաներով, մակուլատուրայով.
• Սառած խողովակների տաքացնելը բաց կրակի (ջահ, զոդման լամպեր և այլն) միջոցով.
• Եռակցման աշխատանքների կատարումն առանց անհրաժեշտ անվտանգության միջոցառումների իրականացման.
• Օժանդակ շինություններում մշտական բնակության վայր չունեցող անձանց բնակվելը (հատկապես գիշերային ժամերին):

Ձեր գործողությունները.

• Անմիջապես ահազանգեք հրշեջներին, հրդեհի մասին տեղեկացրեք հարևաններին, նրանց հետ միասին փորձեք խոչընդոտել կրակի տարածմանը՝ օգտագործելով ներքին հրշեջ ջրածորակները և ձեռքի տակ եղած միջոցները.
• Հրդեհներից տուժածների 80%-ը խեղդվում են ծխից կամ այրման ժամանակ առաջացող թունավոր նյութերից, այդ իսկ պատճառով պահեստանոցների, նկուղների հրդեհների ժամանակ մի փորձեք դուրս փախչել ծխապատված աստիճանավանդակներով.
• Եթե դուք զբաղված չեք հրդեհաշիջման աշխատանքներով, ապա մնացեք բնակարանում մինչև հրշեջների ժամանելը: Աղաղակներով և այլ կերպ պատուհանից կամ պատշգամբից փորձեք հրավիրել անցորդների ուշադրությունը.
• Եթե ձեղնահարկի, նկուղի դռները փակ են, ապա հեռախոսով կամ վերելակի շահագործման համար պատասխանատու հերթապահի միջոցով կանչեք շենքի տեխնիկին (ում մոտ գտնվում են բանալիները): Դրա անհնարինության դեպքում ինքներդ փորձեք կոտրել դուռը.
• Միացրեք շենքի մուտքի ծխահեռացման համակարգը, որպեսզի ստեղծեք օդի դիմհար, ինչը կխոչընդոտի կրակի տարածմանը հարկերով.
• Մի՛ կոտրեք աստիճանահարթակների պատուհանները, որպեսզի միջանցիկ քամին չբորբոքի կրակը:
Հիշե՛ք, դա շատ կարևոր է.
Այրման ժամանակ առաջանում են նաև այլ թունավոր գազեր, ինչպես, օրինակ՝ սինիլաթթու, ֆոսգեն և այլն, իսկ օդում թթվածնի պարունակությունը նվազում է: Ահա թե ինչու առավել վտանգավոր է ոչ այնքան կրակը, որքան ծուխն ու դրա այրուքը:
Բացի այդ անհրաժեշտ է հաշվի առնել մարդու օրգանիզմի հնարավոր ռեակցիաները (հակազդեցությունը) այրման արգասիքների խտության ավելացման դեպքում, մասնավորապես՝
- Շմոլ գազ (ածխածնի օքսիդ). 0,01%՝ թույլ գլխացավ, 0,05%՝ գլխապտույտ, 0,1%՝ ուշագնացություն (ուշաթափություն), 0,2%՝ կոմա, 0,5%՝ վայրկենական մահ.
- Ածխաթթու գազ. Մինչև 0,5%՝ չի ներգործում, 0,5%-ից մինչև 7%՝ սրտային ռիթմի հաճախացում, շնչառական կենտրոնների կաթվածի (պարալիչ) սկիզբ, 10%-ից ավելի՝ շնչառական կենտրոնների կաթված և մահ:
Ժամանակակից շենքերում, որտեղ լայնորեն կիրառվում են տարբեր տեսակի պոլիմերային և սինթետիկ նյութեր, հրդեհի ժամանակ մարդկանց վրա մեծ ազդեցություն են գործում այրման թունավոր արգասիքները: Չնայած այրվող նյութերում պարունակվում են թունավոր ազդեցություն ունեցող 50-100 տեսակի քիմիական միացություններ, սակայն տարբեր երկրների գիտնականների մեծամասնության կարծիքով հրդեհի ժամանակ մարդկանց զոհվելու հիմնական պատճառը ածխածնի օքսիդով թունավորվելն է:
Ածխածնի օքսիդը վտանգավոր է նրանով, որ այն 200-300 անգամ ավելի լավ է ռեակցիայի մեջ մտնում (փոխազդում) արյան հեմոգլոբինի հետ, քան թթվածինը, ինչի հետևանքով արյան կարմիր մասնիկները կորցնում են օրգանիզմը թթվածնով մատակարարելու իրենց ընդունակությունը: Առաջանում է թթվածնային քաղց, հյուսվածքների հիպոքսիա (թթվածնաքաղց), մարդը կորցնում է մտածելու կարողությունը, դառնում է անտարբեր և անուշադիր, չի փորձում փրկվել վտանգից: Այնուհետև վրա է հասնում փայտացումը, դեպրեսիան, շարժման համակարգվածության խանգարումը, իսկ շնչառության կանգնելու դեպքում` մահը:
Ածխածնի օքսիդի վտանգավորությունը բացատրվում է ոչ միայն թունավորությամբ, այլ նաև այրման արգասիքներում դրա համեմատաբար մեծ պարունակությամբ: Հրդեհի ժամանակ ածխածնի օքսիդ գոյանում է 10-40 անգամ ավելի շատ, քան առավել թունավոր ցիանական ջրածին: 50-70% դեպքերում մարդիկ զոհվում են ածխածնի օքսիդով թունավորվելու և թթվածնի անբավարարության պատճառով:

Իրադրություն. Հրդեհ հարևան շենքում:

Ձեր գործողությունները.
• Ահազանգեք հրշեջ պահպանությանն ու ոստիկանությանը, հրդեհի մասին տեղեկացրեք հարևաններին, նրանց հետ միասին գնացեք դեպքի վայր՝ վերցնելով դեղատուփիկն ու ձեռքի տակ եղած միջոցները (կրակմարիչ, բահ, դույլ և այլն), ծածկոց կամ բրեզենտ.
• Ժամանակ մի կորցրեք հրդեհի օջախը հայտնաբերելու ու մարելու վրա: Հիշե՛ք, որ առաջին հերթին պետք է փրկել մարդկանց.
• Օգնեք բնակիչներին դուրս գալ այրվող շենքից, տուժածներին ցուցաբերեք առաջին օգնություն, կանչեք ,,շտապ օգնություն,,.
• Հորդորեք մարդկանց ինքնուրույն չիջնել բարձր հարկերի պատշգամբներից ու պատուհաններից՝ դա վտանգավոր է.
• Պատուհաններից նետվող մարդկանց փրկելու ժամանակ հավաքեք 6-8 մարդ (ցանկալի է տղամարդ), բացեք մեծ, պինդ կտորից ծածկոցը՝ ամուր բռնելով դրա կողերից և մոտեցեք շենքի պատին: Ձեր հրահանգով տուժողը պետք է ցատկի ներքև: Այս միջոցը կիրառեք միայն մինչև 6-րդ հարկի բնակիչների փրկության համար, այլապես մարդիկ լրջորեն կվնասվեն.
• Բնակարաններից օգնության կանչեր լսելիս կոտրեք դռները, դուրս բերեք մարդկանց, փորձեք կանխել կրակի տարածումը.
• Հրշեջներին տեղեկացրեք վերին հարկերի՝ կրակով շրջափակված բնակարաններում մարդկանց հնարավոր առկայության մասին.
• Կազմակերպեք հսկողություն այրվող շենքի պատշգամբների և պատուհանների նկատմամբ: Մարդկանց նկատելու դեպքում անմիջապես հայտնեք հրշեջներին, իսկ հրդեհը մարելուց հետո, անհրաժեշտության դեպքում, տուժածներին ցուցաբերեք օգնություն՝ ձեր հնարավորությունների սահմաններում:

Իրադրություն. Հրդեհ բակում (տնամերձ տարածքում):

Հիմնական պատճառները.
• Երեխաների խաղալը կրակի հետ.
• Կրակի հետ անզգույշ վարվելը.
• Աղբի, տարատեսակ անպետք իրերի, թափված տերևների ոչնչացումը կրակի միջոցով (հատկապես քամու առկայության պայմաններում):
Հիշե՛ք. Վերը նշված գործողությունն իրականացնելու համար բակում հատուկ բաց տեղ առանձնացրեք՝ նախօրոք մաքրելով այն խոտից, ինչպես նաև նախապատրաստելով կրակմարիչ, ավազ, ոռոգիչ ճկափողեր:
Ձեր գործողությունները.
• Ահազանգեք հրշեջ պահպանությանն ու ոստիկանությանը, հարևանների օգնությամբ փորձեք տեղայնացնել հրդեհի օջախը՝ հնարավորություն չտալով կրակին տարածվելու հարակից փայտաշեն շինությունների ու ավտոմեքենաների վրա.
• Մեքենայատերերի բացակայության դեպքում, եթե հնարավոր է, ավտոմեքենաները տեղափոխեք անվտանգ հեռավորության վրա և ջուր ցանելով հովացրեք՝ վառելիքի բաքի պայթյունից խուսափելու համար.
• Հրդեհաշիջման համար օգտագործեք ոռոգիչ ճկափողեր, դույլերով ջուր, ավազ, կրակմարիչներ, սակայն հիշեք, որ այրվող ածուխն ու դյուրավառ հեղուկները ջրով հանգցնելն անարդյունավետ է.
• Զգույշ եղեք, քանի որ խարույկի մեջ կամ դրան մոտ կարող են լինել այրվող, պայթյունավտանգ նյութեր ու առարկաներ (ներկ, աերոզոլ, աերոզոլային բալոններ, բենզին, պայթուցիկ նյութեր և այլն).
• Կասկածելի առարկաներ (որոնք կարող են պայթել) հայտնաբերելու դեպքում մարդկանց հեռացրեք անվտանգ հեռավորության վրա և ոչ ոքի մի թողեք մոտենա խարույկին: Ձեր կասկածների մասին հայտնեք հրշեջներին ու ոստիկաններին:
• Երեխաներին հեռացրեք կրակի մոտակայքից, մի մոռացեք նաև ձեր անվտանգության մասին.
• Ազատեք ներբակային ճանապարհները հրշեջ ավտոմեքենաների մոտեցման համար.
• Մի ենթարկվեք խուճապի, բնակիչներին խնդրեք փակել դռները, պատուհանները, լուսամուտների օդանցքները, հավաքել պատշգամբներում փռված լվացքը.
• Հրդեհաշիջումից հետո հարևանների օգնությամբ մաքրեք ու կարգի բերեք տարածքը:


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

(շարունակելի)

 

← Վերադառնալ ցուցակին