ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Հրագործական արտադրատեսակներին ներկայացվող հրդեհային անվտանգության պահանջները

14:02 / 25.05.2015

Մարդկանց կյանքն ու առողջությունը հրդեհներից պաշտպանելու նպատակով ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցները հանրապետության ամանորյա հանդիսությունների համար նախատեսված համապատասխան օբյեկտներում (մարզամշակութային, ուսումնական, մանկական, զվարճանքի և մարդկանց զանգվածային ներկայությամբ այլ օբյեկտներ) պարբերաբար իրականացնում են հանրային իրազեկման միջոցառումներ և նպատակային հրդեհատեխնիկական հետազոտություններ: Զանգվածային լրատվամիջոցներով իրականացվում են հակահրդեհային քարոզչական աշխատանքներ` հրդեհային անվտանգության կանոնները պահպանելու, տարատեսակ հրդեհապայթյունավտանգ հրագործական արտադրատեսակների (ՀԱՏ) և ճայթռուկների (հատկապես` չլիցենզավորված և կասկածելի ծագում ունեցող) չօգտագործման վերաբերյալ:

Տեսչության իրականացրած աշխատանքները, ինչպես նաև մեր քաղաքացիների զգոնությունն ու աչալրջությունը, իհարկե, տվել են իրենց դրական արդյունքները: Բարեբախտաբար, վերջին տարիներին նմանօրինակ օբյեկտներում տեղի ունեցած հրդեհների քանակը նվազել է, իսկ մարդկային զոհեր չեն եղել: Հետագայում ևս հրդեհներից ու դրանց աղետալի հետևանքներից խուսափելու համար տեսչությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները, անվերապահորեն կատարել տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումները, չխախտել հակահրդեհային կենսակարգը:
Ուզում ենք հատուկ ուշադրություն հրավիրել մարդկանց զանգվածային ներկայությամբ շենքերում, շինություններում և բաց տարածքներում ամանորյա և այլ տիպի միջոցառումների անցկացման ժամանակ ՀԱՏ-երին և այլ հրդեհապայթյունավտանգ միջոցներին ներկայացվող հրդեհային անվտանգության կանոնների հիմնական պահանջներին: Մասնավորապես, չի թույլատրվում`
- օգտագործել աղեղնավոր լուսարձակներ, լուսավորել մոմերով, վառել հրավառելիք, ստեղծել այլ լուսային հրդեհավտանգ էֆեկտներ, որոնք կարող են հրդեհի պատճառ դառնալ,
- օգտագործել գնդակներ, փուչիկներ, խաղալիքներ և զարդարանքի միջոցներ, որոնք պատրաստված են հրդեհավտանգ նյութերից և պարունակում են հրդեհապայթունավտանգ գազեր, ինչպես նաև ինքնայրման հակում ունեցող կամ միմյանց հետ շփվելիս այրում կամ պայթյուն առաջացնող նյութերից:
ՀԱՏ-երն ըստ նշանակության և օգտագործման պայմանների բաժանվում են երկու խմբի.
1) Բնակչությանն ազատ վաճառվող կենցաղային նշանակության ՀԱՏ-եր, որոնց հետ վարվելը չի պահանջում հատուկ գիտելիքներ ու հմտություն և, ճշտությամբ կատարելով դրանց փաթեթավորման վրայի գրված օգտագործման կարգը, ապահովում է մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունը,
2) Տեխնիկական և հատուկ նշանակության ՀԱՏ-եր, որոնց հետ վարվելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և տեխնիկական սարքավորման համար որոշակի պայմանների ապահովում:
ՀԱՏ-երի շրջանառության ժամանակ հրդեհային անվտանգության հիմնական պահանջներն են՝
- մանրածախ վաճառքի են թույլատրվում միայն կենցաղային նշանակության ՀԱՏ-երը,
- իրացվող բոլոր ՀԱՏ-երը պետք է ունենան սահմանված նմուշի անվտանգության արտոնագիր,
- ՀԱՏ-ի մանրածախ վաճառքը թույլատրվում է միայն մասնագիտացված խանութներում կամ խանութների վերին հարկերում տեղաբաշխված հատուկ բաժիններում,
- ՀԱՏ-ի վաճառքի բաժինները պետք է ապահովված լինեն նորմատիվային քանակով սկզբնական հրդեհաշիջման միջոցներով (ոչ պակաս, քան երկու կրակմարիչներով),
- ՀԱՏ-ի իրացման տեղերում թույլատրվում է պահել մեկ լրակազմ բացված փաթեթավորում (արկղ),
- չի թույլատրվում ՀԱՏ-ի վաճառքի առանձին բաժինները տեղակայել ելքերից, աստիճանավանդակներից 4 մետրից պակաս հեռավորության վրա, ինչպես նաև նախամուտքերում և տարհանման ճանապարհներին:
Յուրաքանչյուր ՀԱՏ-ի համար պետք է ներկայացվի օգտագործման հրահանգ հայերեն լեզվով, որը պետք է լինի ընթեռնելի և պարունակի՝

- օգտագործման և վարվելու սահմանափակումների պայմանները,
- անվտանգ նախապատրաստման, թողարկման և խոտանման (անհրաժեշտության դեպքում) եղանակները,
- պիտանելիության և պահման ժամկետները, ինչպես նաև պատրաստման ամսաթիվը,
- ապրանքի վտանգավորության մասին նախազգուշացում,
- արտադրողի տվյալները,
- այլ տեղեկություններ՝ կապված արտադրատեսակի առանձնահատկությունների հետ:
ՀԱՏ-ի օգտագործումից առաջ հարկավոր է՝
- նախապես որոշել (ընտրել) հրավառություն անցկացնելու վայրը, տարածքի չափերը պետք է համապատասխանեն արտադրատեսակի վրա նշված վտանգավոր տարածքի առավելագույն չափերին, տարածքում չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր և այլ օդային արգելքներ,
- չիրականացնել հրավառություն ուժեղ քամու և անձրևի պայմաններում,
- արտադրատեսակն ամուր ամրացնել թողարկման տեղում՝ համաձայն օգտագործման կանոնների:
ՀԱՏ-ի հետ շփվելիս չի թույլատրվում`
- օգտագործումից առաջ և հետո արտադրատեսակները կազմաքանդել կամ փոխել դրանց կառուցվածքային ձևը,
- 18 տարեկանը չլրացած անձանց կողմից օգտագործելը,
- արտադրատեսակների մոտ ծխելը,
- արտադրատեսակները մեխանիկական ազդեցության ենթարկելը,
- արտադրատեսակները գցելը և նրանցով հարվածելը,
- արտադրատեսակները կրակի մեջ նետելը,
- ՀԱՏ-ը օգտագործել շինություններում (բացառությամբ բենգալյան կրակների և տորթերի համար նախատեսված մոմերի),
- գործարկված ՀԱՏ-ը պահել ձեռքում (բացառությամբ բենգալյան կրակների և տորթերի համար նախատեսված մոմերի):
Հատուկ նշանակության ՀԱՏ-ի օգտագործումը չի թույլատրվում՝
- ցանկացած տիպի շենքերում, շինություններում և կառույցներում,
- պայթյունահրդեհավտանգ օբյեկտների տարածքներում, գազատար և նավթատար խողովակաշարերի, ինչպես նաև բարձր լարման էլեկտրահաղորդալարերի մոտակա տարածքներում,
- տանիքներում, պատշգամբներում, շենքերի ճակատների ելուստային մասերում,
- բեմահարթակներում, մարզադաշտերում և այլ մարզական կառույցներում,
- կամուրջների վրա, ճամփաբաժաններին, տրանսպորտային մայրուղիներում, երկաթգծի հանգույցներում, հակահրդեհային անբավարար վիճակում գտնվող տարածքներում,
- միտինգների, ցույցերի և քայլերթերի ժամանակ:
ՀԱՏ-ի խոտանման ժամանակ պետք է կատարվեն հետևյալ գործողությունները՝

1) Եթե պատրույգը հանգել կամ այրվել է և արտադրատեսակը չի գործարկվել, ապա հարկավոր է սպասել 10 րոպե ու համոզվելով, որ այն այլևս չի գործարկվի՝ նոր մոտենալ սարքին.

2) Պետք է հավաքել և վերացնել չգործարկված ՀԱՏ-երը՝ դրանք 24 ժամ պահելով ջրի մեջ, այնուհետև կարելի է նետել կենցաղային աղբի մեջ.
3) Չի թույլատրվում ՀԱՏ-ի ոչնչացումը խարույկի (կրակի) միջոցով:
ՀԱՏ-երը պետք է պահվեն հատուկ պահոցներում կամ այդ նպատակի համար նախատեսված այլ շինություններում, որոնց պատերը ունեն 2.5 ժամ հրակայունության աստիճան, արկղերում կամ երկաթյա պահարաններում, որոնց պատերի հաստությունը 3մմ-ից պակաս չէ: ՀԱՏ-ի պահոցները պետք է ունենան շանթարգելներ և մեկուսացված լինեն ծառայողական սենյակներից, իսկ մուտքի դուռը պետք է ունենա 45 րոպե հրակայունության աստիճան: Այդ պահոցները չի կարելի տեղակայել նկուղային հարկերում: Չի թույլատվում ՀԱՏ-ը պահել առևտրային սրահներում, տարհանման ճանապարհներին, հադիսարանային դահլիճներում, մարզադաշտերի սենքերում և տրիբունաներում, մշակույթի և հանգստի զբոսայգիներում, մարդկանց մեծ կուտակումներով վայրերում:
Հիշե'ք, որ ՀԱՏ-երի հրդեհային անվտանգության կանոնների պահանջների իմացությունն ու անշեղ կատարումը հնարավորություն կտան նվազեցնել հրդեհների առաջացման հնարավորությունը և խուսափել անցանկալի, իսկ երբեմն էլ՝ ողբերգական հետևանքներից:


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

← Վերադառնալ ցուցակին