ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Աղետալի հրդեհների պատմությունից

09:22 / 25.05.2015

Հրդեհներ թատրոններում

Հնուց ի վեր հրդեհները չարիք են դարձել թատրոնների համար։ Մատների վրա կարելի է հաշվել այն բեմերը, որոնց խնայել է կրակի ավերիչ ուժը։ Թերևս միայն անտիկ ժամանակաշրջանի թատրոնին` իր բաց ամֆիթատրոնով և լայնարձակ բեմահարթակով, առանց կուլիսների և վարագույրների, հաջողվել է խուսափել այդ փորձանքից։
Թատրոններում տեղի ունեցած խոշոր հրդեհների առաջին հիշատակությունները թվագրվում են 1668 թվականով, երբ Դանիայի թագավորության մայրաքաղաք Կոպենհագենի թատրոնի հրդեհի ժամանակ առաջացած խուճապի և հրմշտոցի պատճառով զոհվեց 290 մարդ։ Դրանից հետո աշխարհի 1500-ից ավելի թատրոններ տուժեցին հրդեհից, ընդ որում կեսից ավելին հիմնահատակ կործանվեցին։ Ոչ լիարժեք վիճակագրական տվյալների համաձայն, 18-20-րդ դարերում թատրոններում, կրկեսներում և այլ մշակութային օբյեկտներում տեղի ունեցած հրդեհները խլել են 12,5 հազարից ավելի մարդու կյանք։ Անդրադառնանք տխուր վիճակագրության չոր թվերին. Ամստերդամի թատրոն, 1772 թվական` 16 զոհ, 1778 թվական, Սարագոսայի “Կոլիզեյ” թատրոն` 77 զոհ, 1794 թվական, Կապոդի-Իստրայի թատրոն` 1000 զոհ, 1836 թվական, Պետերբուրգ, Լեմանի շրջիկ թատրոն` 126 զոհ, 1845 թվական, Կանտոնի թատրոն` 1670 զոհ, 1846 թվական, Քվեբեկի թատրոն` 200 զոհ, 1876 թվական, Նյու Յորքի Կոնվեյ թատրոն` 300 զոհ, 1881 թվական, Վիեննայի թատրոն` 600-ից ավելի զոհ, 1883 թվական, Բերդիչովի կրկես` 300 զոհ, 1887 թվական, Փարիզի կոմիկական թատրոն` 200 զոհ։
Մի փոքր ավելի մանրամասն անդրադառնանք 20-րդ դարի թատերական աղետալի հրդեհներին։ Այս ցուցակում առաջինը Չիկագոյի “Իրոկեզ” թատրոնում 1903 թվականի դեկտեմբերի 30-ին բռնկված հրդեհն է, որտեղ զոհերի թիվը հսկայական է` 600 մարդ։ Հրդեհն առաջացել էր լուսային էֆեկտ ստանալու համար օգտագործվող ացետիլենային լամպի կայծից։ Թատրոնի աշխատակիցները ջանում են մարել կրակը, սակայն չի հաջողվում։ Փորձելով կանխել կրակի ներթափանցումը բեմից հանդիսասրահ` թատրոնի տնօրենը հրամայում է իջեցնել բեմի հակահրդեհային վարագույրը, սակայն կես ճանապարհին մեխանիզմը խափանվում է և ամենակուլ բոցը տարածվում է հանդիսականներով լեցուն դահլիճ։ Սրանով թատրոնի ղեկավարության և աշխատակազմի քիչ թե շատ գրագետ գործողություններն ավարտվում են։ Հետագայում նրանք մտածում էին միայն իրենց փրկության մասին` հանդիսականներին թողնելով բախտի քմահաճույքին։ Նույնիսկ փորձ չարվեց ահազանգել քաղաքի հրշեջ ծառայություն։ Հանդիսականների մեծ մասը կանայք ու երեխաներ էին, որոնք առաջացած խուճապի և հրմշտոցի պայմաններում ընկնում էին ոտքերի տակ և ճզմվում։ Մի քանի րոպե անց տարահանման ելքերի մոտ գոյացել էին մարդկային մարմիններից կազմված բլրակներ, որոնց բարձրությունը գերազանցում էր 3 մետրը։ Ներկայացմանը ներկա 900-ից ավելի հանդիսականների գերակշիռ մասը զոհվեց սարսափելի մահով։
“Իրոկեզ” թատրոնում տեղի ունեցած հրդեհի լուրը տարածվեց աշխարհով մեկ, սակայն շատ քչերն անհրաժեշտ հետևություններ արեցին` շարունակելով երկրորդական դեր հատկացնել հրդեհային անվտանգության հարցերին։ Եվ կրակե արհավիրքը շարունակում էր պատժել մարդկանց` իրենց անհոգության և անտարբերության համար։
1908 թվականին “Ռոուդ օպերա հաուզը” հյուրախաղերի է մեկնում ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Բոյերթաուն քաղաք։ Հերթական ներկայացման ժամանակ բռնկված հրդեհին զոհ է գնում 150 մարդ։ 1909 թվականի փետրվարի 15-ին Ակապուլկոյում հրդեհը ճարակում է “Ֆլորես” թատրոնը և 250 հանդիսական, չկարողանալով դուրս գալ շենքից, ողջակեզ են լինում։ 1928 թվականի սեպտեմբերի 22-ին Մադրիդի “Նովեդադես” թատրոնի հրդեհը 80-ից ավելի կյանք է խլում։ 1960 թվականին բրազիլական Նիտերոյ քաղաքի կրկեսում ծագած հրդեհի պատճառով զոհվեց 350 և ծանր այրվածքներ ու թունավորումներ ստացավ 325 մարդ։ Այս “սև” ցուցակը կարելի է երկար շարունակել, սակայն կարծում ենք, սա էլ բավարար է հասկանալու համար, թե որքան խոցելի և անպաշտպան են թատրոններն ամենազոր կրակի առջև։
Թատրոնում ամեն ինչ դյուրավառ է` կտորե կուլիսներ, փայտե բեմ, դեկորացիաներ, զգեստապահարան, ներկ ու գրիմ։ Սրանք գումարվում են բոլոր շենք-շինություններին հատուկ հրդեհավտանգ տարրերին և հանգույցներին։ Հրշեջ-մասնագետներն ամբողջ աշխարհում, հաշվի առնելով դառը փորձը, հանգել են մի եզրակացության` թատրոնների հրդեհները գործնականում անհնար է մարել, և հրդեհաշիջում կազմակերպելիս հիմնական շեշտը դրվում է մարդկանց փրկության վրա։ Սակայն այդ էլ հաճախ չի հաջողվում, վկան` վերը նշված տխուր վիճակագրությունը։
Ցավոք, մեր հանրապետությունը ևս չի խուսափել նմանատիպ հրդեհներից, որոնց արդյունքում զոհվել են մարդիկ, պատճառվել է զգալի նյութական վնաս։ Բավական է հիշել մարզահամերգային համալիրի ամենակուլ հրդեհը, կամ օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի 2 հրդեհները։
Աշխարհում ոչ մի թատրոն երաշխավորված չէ հրդեհներից և հատկապես դրանց ծանր հետևանքներից։ Այսօր դեռևս չի հորինվել թատրոնների հրդեհների դեմ պայքարի նոր արդյունավետ միջոց։ Միակը եղել ու մնում է հրդեհային անվտանգության կանոնների անշեղ պահպանումը և հակահրդեհային ժամանակակից համակարգի ստեղծումը։ Իսկ դրան հասնելու ուղիներն առաջին հերթին կոնստրուկտիվ-նախագծային ճիշտ որոշումներն են, տարահանման ելքերով ապահովումը, հրդեհաշիջման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգերի լայն կիրառությունը, տարահանման ուղիների և բեմահարթակի` դյուրավառ զանազան նյութերով հարդարման անթույլատրելիությունը, հրդեհային անվտանգության վիճակի, և հետևաբար, մարդկանց կյանքի ու առողջության պահպանման հարցերում վարչակազմի պատասխանատվության բարձրացումը։

Հրդեհներ հանգստի և զվարճանքների վայրերում

Այժմ անդրադառնանք հանգստի և զվարճանքների վայրերում (դիսկոտեկ, բար-ռեստորան, գիշերային ակումբներ և այլն) տեղի ունեցած հրդեհներին, որոնք աչքի են ընկել մեծաթիվ մարդկային զոհերով և նյութական կորուստներով։

Այս ցուցակում առաջին տեղում Ֆրանսիայի Սեն Լորան Դյուպոն ավանի դիսկոտեկում տեղի ունեցած հրդեհն է, որը խլեց 146 պատանու և աղջկա կյանք։ 1970 թվականի նոյեմբերի 1-ի երեկոյան բազմաթիվ երիտասարդներ էին հավաքվել դիսկոտեկում պարելու և զվարճանալու` չկասկածելով, որ գտնվում են այն հրեշավոր “խարույկի” կենտրոնում, որը շուտով բռնկվելու էր։ Ինչպես հետո պարզվեց, հրդեհն առաջացել էր մի պատանու անզգուշությունից, որը այրվող գլանակը նետել էր աթոռին։ Աթոռը բոցավառվել էր, և կրակը տարածվել պատերի վրա, որոնք հարդարված էին դյուրավառ պլաստիկներով։ Դրանք բռնկվում էին վառոդի նման և այրվելիս արտազատում թունավոր, խեղդող ծուխ։ Դահլիճը խուճապի մեջ էր, տասնյակ մարդիկ փորձում էին դուրս փախչել այն ելքից, որտեղից ներս էին մտել, սակայն դեմ էին առնում երկաթե պտուտադռնակին (տուրնիկետ)։ Շատերը նետվում էին դեպի պահեստային ելքերը` հուսալով այնտեղ գտնել իրենց փրկության ուղին, սակայն դրանք ևս փակված էին երկաթյա դռներով։
Հուսահատված մարդիկ նետվում էին այդ անհաղթահարելի պատնեշների վրա, օգնության ճիչեր արձակում, սակայն նրանց ոչ ոք չէր լսում։ Թունավոր ծուխը խեղդում էր նրանց, իսկ հալված պլաստիկի կաթիլները` խոր այրվածքներ պատճառում։ Օդի ջերմաստիճանը վայրկյան առ վայրկյան բարձրանում էր։ Մինչև ականատեսներից մեկը մեքենայով գնացել էր հրշեջներ կանչելու (դիսկոտեկում նույնիսկ հեռախոսակապ չկար), անցել էր 12-15 րոպե։ Այդ ընթացքում դիսկոտեկի դրաման մոտեցել էր իր կիզակետին։ Երբ հրշեջները մոտեցան շենքին և կոտրելով դռները ներս մտան, նրանց աչքերի առջև սահմռկեցնող տեսարան բացվեց։ Ամենուրեք այրված կամ կիսայրված մարմինների կույտեր էին։
Հետաքննությունը պարզեց, որ շենքի կառուցման և շահագործման ընթացքում կոպտորեն խախտվել էին հրդեհային անվտանգության կանոնները, մասնավորապես` նախագծով նախատեսված պահեստային երեք ելքերից միայն երկուսն էին կառուցվել, այն էլ` սահմանված չափից երկու անգամ նեղ։ Հիմնական և պահեստային ելքերը հրդեհի ժամանակ փակված էին։ Շենքն ապահովված չէր հակահրդեհային ավտոմատիկայով, չկային հեռախոսակապ և ծխելն արգելող ցուցանակներ։ Շենքի պատերի հարդարման համար օգտագործվել էին դյուրավառ սինթետիկ պլաստիկներ և այլն։
Երբ դիսկոտեկի տնօրենին հարցեր ուղղեցին կատարվածի վերաբերյալ, նրա պատասխանները ավելի քան ցինիկ էին։ Նրան հարցրին.
-Ինչու՞ էիք փակել պահեստային ելքերի դռները։
-Ի՞նչ է, դուք չգիտե՞ք մեր երիտասարդությանը, - պատասխանեց տնօրենը, - նրանք ներս էին խցկվում առանց տոմսերի։ Դուք հասկանու՞մ եք, թե ինչ ֆինանսական կորուստներ մենք կունենայինք։
-Բայց օրենքով պահեստային դռների մոտ պետք է հերթապահ աշխատակիցներ լինեն։
-Այո, բայց չէ՞ որ նրանց պետք էր վճարել։
Փող, օգուտ, շահույթ։ Ահա այն 146 անմեղ երիտասարդների ողբերգական մահվան իրական պատճառները։
Շարունակենք տխուր վիճակագրությունը։ 1973 թվականի օգոստոսի 2-ին Մեծ Բրիտանիայի Մեն կղզում գտնվող հանգստի և զվարճանքների Սեմերլենդյան կենտրոնում բռնկված հրդեհի հետևանքով զոհվում է 51 մարդ, մի քանի հարյուրը` ստանում ծանր վնասվածքներ և թունավորում։
1977 թվականի հունիսին ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում Բևեռլի Հիլսի գիշերային ակումբի հրդեհի ժամանակ առաջացած խուճապի պատճառով զոհվում է 161 մարդ։
1981 թվականի Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինի “Սթարդասթ” հյուրանոցի պարասրահում մոլեգնած տարերքը 48 մարդու կյանք է խլում։
Մի փոքր ավելի մանրամասն կանգ առնենք այն հրդեհի նկարագրության վրա, որը տեղի է համեմատաբար վերջերս` 2001 թվականի Ամանորին, Հոլանդիայի Վոլենդամ քաղաքի “Դրախտ” ռեստորանում։ Այն տևել է ընդամենը 3 րոպե, բայց խլել 14 մարդու կյանք, շատերը ստացել են լուրջ վնասվածքներ ու ծանր այրվածքներ։ Այս կորուստները, որքան էլ տարօրինակ թվա եվրոպական զարգացած երկրի պարագայում, հետևանք են հակահրդեհային կանոնների կոպիտ խախտման, անվտանգության նորմերի անտեսման։
Երկհարկանի շենքի 2-րդ հարկում գտնվող ռեստորանը նախատեսված էր 72 այցելուի համար, սակայն այդ օրն այստեղ հավաքվել էր 4 անգամ ավելի երիտասարդ։ Դահլիճը զարդարված էր ծաղկաշարերով (գիրլյանդ), որոնց մի մասը շատ ցածր էր կախված։ Այցելուներից մեկը վառել էր միանգամից 3 բենգալյան կրակ, որոնք վառ բռնկել էին։ Երիտասարդը, հանկարծակիի գալով, ձեռքը բարձրացրել էր, հասցրել ծաղկաշարին...
Դահլիճն արագ հայտնվել էր կրակի մեջ։ Ջերմաստիճանը հասել էր 400 աստիճանի, թթվածնի պարունակությունը օդում նվազել էր և հասել 2 տոկոսի (սովորական պայմաններում այն կազմում է 20 տոկոս)։ Հրդեհը մարվել էր բռնկվելուց 3 րոպե հետո, քանի որ թթվածնի քանակն օդում արագ պակասել էր, սակայն հասցրել էր կատարել իր “սև” գործը։

Նշենք հակահրդեհային կանոնների և անվտանգության նորմերի այն խախտումները, որոնք ծանր հետևանքների պատճառ դարձան։ Շատ այցելուներ փորձել էին փախչել առաջին հարկի շքամուտքով։ Սակայն դուռը դեպի ներս էր բացվում, և դուրս վազող պատանիներն իրենց մարմիններով ակամա զմռսել էին փրկության ելքը։ Որոշ մարդիկ փորձել էին լուսամուտներից թռչել, սակայն դրանք ճաղապատված էին։ Իհարկե, կար և պահեստային ելք, սակայն ռեստորանի տերը որոշել էր “անվտանգության նկատառումներով” փակել այդ դուռը։ Մի քանիսին, այնուամենայնիվ, հաջողվել էր կողպեքը կոտրել և փրկվել։ Չարաբաստիկ զարդաշարերը երկար կախված մնալով չորացել էին և դարձել շուտ բռնկվող։

Ռեստորանում հավաքվել էր նախատեսվածից 4 անգամ ավելի մարդ։ Շենքում եղել է ընդամենը 2 կրակմարիչ, որոնցից մեկն էր միայն պիտանի։ Բռնկումից հետո աշխատել էր հակահրդեհային ազդանշանային համակարգը, սակայն հրդեհը տարածվել էր այնքան արագ, որ եթե նույնիսկ ձեռքի տակ լինեին կրակմարիչ բոլոր հարմարանքն, ապա դա էլ չէր օգնի։ Համապատասխան մարմինները ռեստորանի տնօրինությանը բազմիցս նախազգուշացրել էին` վերացնել խախտումները, սակայն այդ նախազգուշացումները ևս անտեսվել էին։
Իսկ 2009թ. դեկտեմբերի 5-ին հրդեհ էր բռնկվել Պերմ քաղաքի “Կաղ նժույգ” ակումբում, որը վերջին 50 տարվա մեջ ամենախոշորն էր Ռուսաստանի Դաշնությունում։ Միայն այդ օրը զոհերի թիվն անցավ հարյուրից, ևս հիսունը հետագայում մահացան հիվանդանոցներում։ Պատճառը մարդկային հանցավոր անփութությունն ու հրդեհային անվտանգության կանոնների տարրական պահանջների անտեսումն էր։
Սակայն դժվար է մտածել, որ, եթե զարգացած երկրներում հնարավոր են հրդեհային անվտանգության կանոնների նման խախտումներ, մեր հասարակական վայրերում վիճակն ավելի բարվոք է։ Ավելի շուտ հակված ենք ենթադրելու հակառակը։ Այստեղ է, որ պետք է հիշենք 1987թ. Էջմիածնի շրջանի Ջրառատ գյուղի դիսկոտեկում տեղի ունեցած հրդեհը, որտեղ տարահանման 2-րդ ելքը փակ է եղել, պատուհաններն էլ` ճաղապատ, իսկ հրդեհն առաջացել է հենց ելքի դռան մոտ։ Ցավոք սրտի, եղել են զոհեր, իսկ տասնյակ մարդիկ` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Վերջին տարիների ամենախոշոր հրդեհներից կարելի է նշել նախկին Երիտասարդության պալատում գտնվող “Մերիլին” ակումբի, Երևանի Ալեք Մանուկյան 5ա հասցեում գտնվող “Պիկուբո” սրճարանի և Եղվարդի խճուղում գտնվող “10-ից 10” հրաձգարանի հրդեհները։ Բարեբախտաբար զոհեր չեն եղել։
Սակայն եթե ուզում ենք, որ հերթական աղետալի հրդեհը մեր հանրապետությունում չգրանցվի, պետք է հասարակական, ժամանցային (նմանապես` ցանկացած այլ բնույթի) յուրաքանչյուր օբյեկտի ղեկավար նախ ինքը գիտակցի հրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը և ձեռնարկի համապատասխան միջոցներ։ Այլապես, ստիպված ենք լինելու մենք էլ մեղավորներ փնտրել` հետին թվով։

ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին