ԱԻ հանրագիտարան

Մասնագետի անկյուն

Աղետալի հրդեհների պատմությունից

10:20 / 25.05.2015

Աղետալի հրդեհների պատմությունից. հրդեհներ հանրախանութներում և առևտրի կենտրոններում

20-րդ դարի երկրորդ կեսից ամբողջ աշխարհում մեծ տարածում ստացավ խոշոր հանրախանութների և առևտրի կենտրոնների կառուցումը: Իհարկե, այդ օբյեկտները շատ հարմար են բազմաբնույթ առևտրային ծառայություններ մատուցելու համար, սակայն նաև շատ մեծ վտանգ են պարունակում հրդեհային անվտանգության տեսակետից: Դրանց հրդեհավտանգավորությունը կայանում է նրանում, որ այստեղ վաճառվում են տարբեր տեսակի դյուրավառ, պայթունակ, հեշտ բռնկվող ապրանքներ, որոնք ոչ միայն հրաշալի այրվում են, այլև այրվելիս արձակում են թունավոր, խեղդող ծուխ: Իսկ եթե հաշվի առնենք, որ այդ օբյեկտներում մարդկանց թիվը հասնում է հարյուրների, իսկ երբեմն էլ` հազարների, ապա պարզ է դառնում , թե ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ նման տեղերում ծագած հրդեհը:
Որպես ասվածի ապացույց հիշենք առավել ծանր հետևանքներով աչքի ընկած մի քանի հրդեհ: Այդ <<սև>> ցուցակի առաջին տեղում Բրյուսելի <<Ինովասյոն>> հանրախանութն է: Մոտ մեկ հեկտար տարածք զբաղեցնող վեցհարկանի շենքում 1967 թվականի մայիսի 22-ին բռնկված հրդեհի զոհ դարձավ 350-ից ավելի մարդ, շատերը ստացան այրվածքներ և թունավորումներ: 1972 թվականին Ճապոնիայի Օսակա քաղաքի հանրախանութի հրդեհի ժամանակ զոհվեց 119 մարդ: 1974 թվականին Ճապոնիայի Կումամոտո քաղաքի հանրախանութի հրդեհի ժամանակ առաջացած խուճապի և հրմշտոցի պատճառով զոհվեց 99 մարդ, իսկ 100-ից ավելին ստացան այրվածքներ: 2004 թվականին Պերուի մայրաքաղաքի կենտրոնական հանրախանութի հրդեհի ժամանակ զոհվեց 300-ից ավելի մարդ: Նույն տարվա փետրվարի 15-ին Չինաստանի Ցզիլին քաղաքի առևտրային կենտրոնում բռնկված հրդեհի ժամանակ զոհվեց 90 մարդ: Իսկ օգոստոսի 1-ին Պարագվայի մայրաքաղաք Ասունսյոնի առևտրային կենտրոնում բռնկված հրդեհի ժամանակ ողջակիզվեց 464 մարդ:

Ցավոք, նորանկախ Հայաստանը ևս չի խուսափել առևտրի խոշոր օբյեկտներում տեղի ունեցած հրդեհներից: Բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չեն եղել, սակայն պատճառվել է ահռելի նյութական վնաս:
1995 թվականի փետրվարի 2-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում, ՙՈւնիվերսալ սերվիս՚ կոոպերատիվ հանրախանութի (նախկին ՙՄանկական աշխարհ՚) պահակը և հերթապահ ոստիկանը հերթական շրջայցի ժամանակ հայտնաբերում են, որ Արամի փողոցի կողմից, գլխավոր շքամուտքին հարակից 3-րդ հարկի աջ անկյունի լուսամուտները ներսից անսովոր լուսավորված են: Համոզվելով, որ հրդեհ է բռնկվել, նրանք փորձում են հեռախոսով ահազանգել հրշեջ կապի կենտրոնական կայան, սակայն չեն կարողանում: Այդ ժամանակ հերթապահ ոստիկանը ոտքով գնում է Կենտրոնի հրշեջ մաս, որը գտնվում է Սախարովի հրապարակում, և հայտնում հրդեհի մասին: Առաջին հրշեջ ստորաբաժանման դեպքի վայր ներկայանալու պահին կրակով բռնկված են եղել շենքի վերը նշված հարկաբաժնի 5 պատուհաններն ու տանիքածածկը: Ելնելով ստեղծված բարդ իրավիճակից` հրդեհի վայր են կանչվել լրացուցիչ ուժեր:
Հրդեհաշիջման սկզբնական փուլում քաղաքային ջրացանցում ջրի անհրաժեշտ ճնշում չի եղել, ինչի հետևանքով հրշեջ ավտոմեքենաները, բաքի ջուրը սպառվելուց հետո, ստիպված լիցքավորման են գնացել քաղաքի տարբեր տեղամասեր: Դա զգալիորեն բարդացրել է հրդեհաշիջման աշխատանքները, քանի որ հրշեջները հիմնականում օգտվել են հանրախանութի բակում գտնվող ջրավազանից: Հրդեհաշիջմանը ներգրավվել է յոթ հիմնական և երեք հատուկ հրշեջ ավտոմեքենա: Հրդեհաշիջման աշխատանքները երկարաձգվել են (տևել են 12 ժամից ավելի) քաղաքային ջրացանցում ջրի աշխատանքային ճնշման հաճախակի անկումների, ինչպես նաև սնամեջ փայտյա կառուցվածքների առկայության պատճառով, որոնցով կրակն աննկատ տարածվել է:

Դեռևս 1993 թվականին պետական հրդեհային հսկողության մարմինները հանրախանութի տնօրինությանն էին հանձնել կարգադրագիր, որով առաջարկվել էր 16 հակահրդեհային միջոցառում, սակայն դրանցից կատարվել էին ընդամենը երեքը: Հանրախանութում սարքավորված չեն եղել հրդեհաշիջման ու հրդեհի ազդարարման ինքնաշխատ համակարգեր, հրշեջ ծորակները կահավորված չէին համապատասխան հրշեջ գույքով, չկային բավարար քանակությամբ կրակմարիչներ և այլն:
Հրդեհի հետևանքով այրվել, փլուզվել է երրորդ հարկի ծածկի և տանիքածածկի զգալի մասը, մոտ 1500 քառակուսի մետր մակերեսի վրա այրվել են հարկաբաժնի ապրանքանյութական արժեքները, գույքը: Միայն հրշեջների անձնուրաց և գրագետ աշխատանքի շնորհիվ հրդեհը չի տարածվել հանրախանութի 2-րդ և 1-ին հարկեր:
Մանրակրկիտ ուսումնասիրելով հրդեհի օջախը, որտեղ երկարատև ու բարձր ջերմային ազդեցությունից գրեթե լիովին այրվել էին փայտյա կառուցատարրերը, պատուհանները, մանրահատակը, ապրանքանյութական արժեքները, գույքը, էլեկտրական հաղորդալարերը, լսելով ականատեսների և հրդեհաշիջման մասնակիցների բացատրությունները` հրդեհատեխնիկական հանձնաժողովն առաջ քաշեց և վերլուծեց հրդեհի առաջացման պատճառների հետևյալ հավանական վարկածները` անզգուշություն ծխելուց, նյութերի ինքնայրում, բաց կրակ և էլեկտրատեխնիկական:
Ըստ մասնագիտական գրականության` չմարած ծխախոտն այրունակ նյութերի վրա ընկնելիս, շրջակա միջավայրի օդի որոշակի ջերմաստիճանի և հոսքի պայմաններում կարող է հրդեհ առաջացնել մինչև 180 րոպեի սահմաններում, մինչդեռ հանրախանութը փակվել է ժամը 17-ին, իսկ հրդեհը հայտնաբերվել է դրանից 11 ժամ անց: Ժամանակի գործոնը հաշվի առնելով` բացառվեց հրդեհի առաջացումը չմարած ծխախոտից:

Հրդեհի օջախի տեղամասում չեն հայտնաբերվել և ըստ բացատրությունների չեն վաճառվել կամ պահվել ինքնայրման հատկություն ունեցող նյութեր, ուստի այս վարկածը ևս բացառվեց:
Հանրախանութը փակելուց և դռները կնքելուց առաջ հարկաբաժինները ստուգվել են: Օբյեկտում մոնտաժված պահակային ինքնաշխատ ազդանշանային սարքից պահակակետում գտնվող ընդունման վահանակում ահազանգ չի ստացվել: Բացի դրանից, փակվելուց հետո խանութի ներսում շներ են բաց թողնվում, ինչը նույնպես բացառում է օտար մարդկանց ներսում մնալը կամ մուտքը: Դեպքի վայրում և շրջակայքում իրեր, առարկաներ, որոնք կարող էին հրկիզման միջոց հանդիսանալ, չեն հայտնաբերվել: Հրդեհը տարածում է ստացել մեկ ընդգծված օջախից: Վերը նշվածը հիմք տվեց ենթադրելու, որ հրդեհի առաջացումը բաց կրակի աղբյուրից (լուցկի, ջահ, այրվող մոմ և այլն)` հաշվի առնելով նաև դրա միտումնավոր օգտագործումը, նվազ հավանական է:
Հրդեհի օջախի տեղամասի ստատիկ և դինամիկ տեղազննության ընթացքում հայտնաբերվել են 4 հատ ինքնաշեն էլեկտրասալիկ և դրանք սնուցող պղնձե հաղորդալարերի կտորներ, որոնցից մեկի վրա առկա էր մետաղե հալվածքի գնդիկավոր հետք: Օջախի տեղամասի վերևում` երկաթբետոնյա հեծանի անկյունից կախված վիճակում գտնվել է էլեկտրական հաղորդալարերի փունջ, ծայրին` վթարային ռեժիմի հետքերով: Էլեկտրական հաղորդալարերի վրա եղած միացման գնդիկավոր հետքերն անառարկելիորեն հաստատում էին այն վարկածը, որ այդ հաղորդալարերը գտնվել են լարման տակ, հակառակ դեպքում կարճ միացման երևույթ չէր կարող տեղի ունենալ:
Այդ իսկ պատճառով հրդեհի առաջացման առավել հավանական պատճառ համարվեց էլեկտրական սալիկներում կամ էլեկտրական հաղորդալարերում առաջացած էլեկտրական վթարային ռեժիմի երևույթը, որի ջերմային ազդեցության հետևանքով բռնկվել են այրունակ կառուցատարրերը, ապրանքանյութական արժեքները, և կրակը տարածում է ստացել:
2010 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 00.35-ի սահմաններում, Երևանի Քաջազնունի 20/1 հասցեում գտնվող ՙՍԱՍ՚ սուպերմարկետի աշխատակիցները նկատել են, որ նկուղից ծուխ է դուրս գալիս և ահազանգել են ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն: Դեպքի վայր են ներկայացել թվով 7 հրշեջ մարտական հաշվարկ և 1 գազածխապաշտպան օղակ: Արագ բացազատվելով, հրշեջներին հաջողվել է մեծ ջանքերի գնով մեկուսացնել և մարել հրդեհը` կանխելով կրակի տարածումը:
Հրդեհի հետևանքով այրվել էր մեծ քանակությամբ սննդամթերք, տնտեսական և այլ ապրանքներ, կրակից ու ծխից մրոտվել-վնասվել են վաճառասրահի պատերն ու առաստաղը, իսկ պատճառված նյութական վնասն ահռելի էր՝ շուրջ 57 միլիոն դրամ:
Հրդեհի առաջացման հանգամանքները պարզելու նպատակով ՀՀ փորձագիտական կենտրոնում նշանակվել էր հրդեհատեխնիկական փորձաքննություն: Փորձագետը, մանրակրկիտ զննելով դեպքի վայրը, իրեղեն ապացույցները, հետազոտելով կրակի տարածման ուղիները պարզել էր հետևյալը. Բաց կրակի ու բարձր ջերմային ազդեցության հետևանքով առաջացած պատկերներն արտահայտված էին միայն սուպերմարկետի նկուղային հարկում, որտեղ գտնվում էին բեռնաթափման տեղամասը, վարչական աշխատասենյակներն ու նյութական պահեստը:

Հրդեհի ազդեցության հետքերն առավել ընդգծված էին վերելակի դիմացի սենյակում, վերելակի դռան երեսապատվածքներն ամբողջությամբ այրված էին, մետաղական մակերևույթներին առկա էին երանգավորման հետքեր, իսկ դիմացի սենյակի պատերը, առաստաղները, մետաղական դարակաշարերը գտնվում էին ուժեղ ջերմահարված վիճակում: Միջանցքի երկարությամբ՝ մինչև բեռնաթափման տեղամասի ուղղությամբ հրդեհի հետևանքով առաջացած հետքերն աստիճանաբար նվազում էին: Միջանցքի վերջում տեղակայված էին սուպերմարկետի էլեկտրական սնուցման համակարգի վահանակները, որոնց հետազոտությամբ վթարային ռեժիմի հետքեր չէին հայտնաբերվել:
Ամփոփելով կատարված հետազոտության արդյունքները, ելնելով դեպքի վայրի զննման պահին առկա պատկերներից և դրանց բաշխվածությունից, ինչպես նաև հաշվի առնելով գործի նյութերում առկա բացատրությունները, փորձագետը եկել էր այն եզրակացության, որ հրդեհի օջախը գտնվում է նկուղային հարկում՝ վերելակի դիմացի աջ հատվածում, իսկ հրդեհի առաջացման պատճառ է հանդիսացել բաց կրակի աղբյուրը (այրվող լուցկի, կրակայրիչ և այլն):
Իսկ 2010 թվականի դեկտեմբերի 10-ին, հրդեհ էր բռնկվել Երևանի Նոր Նորքի 3-րդ զանգվածում գտնվող ՙԵրկիր և Երկինք՚ ՍՊԸ առևտրի կենտրոնում: Կենտրոնի պահակակետում գործել էր հրդեհի ազդանշանային ինքնաշխատ համակարգը և գիշերային պահակն անմիջապես ահազանգել էր ՀՀ ԱԻՆ ՀՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոն: Դեպքի վայր ներկայացած հրշեջ-փրկարարների օպերատիվ ու գրագետ գործողությունների շնորհիվ հաջողվել է կարճ ժամանակահատվածում նախ մեկուսացնել, իսկ այնուհետև՝ մարել հրդեհը:
Հրդեհի առաջացման հանգամանքները պարզելու նպատակով ստեղծված հանձնաժողովը, մանրակրկիտ զննելով դեպքի վայրը, իրեղեն ապացույցները, հետազոտելով կրակի տարածման ուղիները, բացատրություններ վերցնելով ականատեսներից պարզել էր հետևյալը. Հրդեհի ազդեցության հետևանքով առաջացած հետքերը առևտրի կենտրոնի տարածքում բաշխված էին անհավասարաչափ, իսկ առավել վառ դրանք արտահայտված էին կենտրոնական դռան դիմացից դեպի աջ՝ հետևի պատի որմնախորշում: Այդ տեղամասում դարակաշարերի փայտե և փայտատաշեղային դետալները գրեթե ամբողջովին այրված էին, իսկ մետաղական դետալները գտնվում էին ուժեղ ջերմահարված ու դեֆորմացված վիճակում:
Որմնախորշի հետևի պատին զուգահեռ տեղակայված էին տարբեր երկարության սառնարան-ցուցափեղկեր, որոնց հետնամասերը խիստ ջերմահարված էին, իսկ էլեկտրական սնուցման հաղորդալարերի մեկուսիչ շերտերն ամբողջությամբ այրված: Որմնախորշի տեղակայման աջ և ձախ կողմերի տարածքներում հրդեհի հետևանքով առաջացած հետքերը կտրուկ նվազում էին, իսկ էլեկտրական սնուցման ավտոմատ անջատիչներում և վարդակներում վթարային ռեժիմի հետքեր չկային:
Հաշվի առնելով հրդեհի հետևանքով առաջացած հետքերի բաշխվածությունը և տեղակայումները, սառնարանների վրա առկա վնասվածքները, ինչպես նաև հրդեհի դինամիկ փուլերի ընթացքում բաց կրակի (բոցի), ջերմա և գազափոխանակման պրոցեսների ժամանակ զարգացման ընդհանուր օրինաչափությունները, ՀՀ փորձագիտական կենտրոնի փորձագետը եզրակացրել էր, որ հրդեհն ունի երկու օջախ: Հրդեհի առաջացման պատճառը որոշելու համար առաջ էին քաշվել և քննարկվել հետևյալ վարկածները.

- հրդեհի առաջացումը կրակի քիչ կալորիականության աղբյուրներից,
- հրդեհի առաջացումը բաց կրակի աղբյուրներից,
- հրդեհի առաջացումը նյութերի ինքնաբռնկումից,
- հրդեհի առաջացումը էլեկտրատեխնիկական պատճառներից:
Առևտրի կենտրոնը փակվել էր ժամը 22-ի սահմաններում, իսկ հրդեհն առաջացել էր շուրջ 8 ժամ հետո: Հատուկ մասնագիտական գրականության մեջ առկա տվյալների համաձայն չմարված ծխախոտի գլանակը՝ որպես հրդեհի առաջացման աղբյուր, կարող է վտանգավոր լինել մինչև 3 ժամ: Հրդեհի օջախների տեղակայման շրջակայքում որևէ ինքնաբռնկվող նյութ չի պահվել: Կենտրոնն ուներ հրդեհի ազդանշանային ինքնաշխատ համակարգ, իսկ գիշերը գտնվում էր պահակային հսկողության տակ: Հաշվի առնելով վերոգրյալը, բացառվել էին հրդեհի առաջացման առաջին երեք վարկածները:
Ըստ գործի նյութերում առկա տվյալների էլեկտրական ցանցին միացված են եղել միայն սառնարաններ: Վերլուծելով փաստերը և հաշվի առնելով հրդեհի օջախներում սառնարանների շարժիչային հատվածների վնասման պատկերները փորձագետը նշել էր, որ հրդեհի առաջացման պատճառը էլեկտրատեխնիկական է, ամենայն հավանականությամբ՝ սառնարաններում ստեղծված վթարային իրավիճակը:
Վերջին 20 տարիների ընթացքում մեր հանրապետության տոնավաճառներում, առևտրի կենտրոններում և խոշոր սուպերմարկետներում 150-ից ավելի հրդեհ է արձանագրվել, որոնց պատճառած նյութական վնասի գումարը գերազանցել է 600 միլիոն դրամը: Դրանց մեծ մասի առաջացման պատճառը հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսումն է, կրակի հետ անզգույշ վարվելը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների շահագործման տեխնիկական կանոնների խախտումը:

Ամենախոշոր հրդեհներից կարելի է հիշել նաև ՙՌաֆայել-Տաթև՚ առևտրի կենտրոնի, ՙԱյրարատ՚ կինոթատրոնի հարևանությամբ գտնվող ՙՆարեկ՚ ՍՊԸ և ՙՀրազդան՚ մարզադաշտի տոնավաճառների, ՙԵրևան սիթի՚ սուպերմարկետի հրդեհները: Բարեբախտաբար վնասները եղել են միայն նյութական: Սակայն եթե ուզում ենք, որ հերթական աղետալի հրդեհը մեր հանրապետությունում չգրանցվի, պետք է յուրաքանչյուր օբյեկտի ղեկավար գիտակցի հրդեհային անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտությունը, ճիշտ կազմակերպի հրշեջ-նախապահպանական աշխատանքները, խստորեն կատարի Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կարգադրագրերով առաջարկված հակահրդեհային միջոցառումները, բարձրացնի աշխատակիցների կարգապահության մակարդակը հրդեհային անվտանգության հարցերում: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի խուսափել հրդեհներից ու դրանց ծանրագույն հետևանքներից:


ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱՏ ՀՀՎՀՔ բաժնի պետ
Սերգեյ Հայրապետյան

(շարունակելի)

← Վերադառնալ ցուցակին